Dec 24, 2014

Կյանքիս վերջին մոդուլը



Բուհ ընդունվելու երազանքի իրականացումից անցել է վեց տարի...
Հիմա արդեն առավել հասուն ու կայացած մարդու աշխարհայացքով ետ եմ նայում, հիշում ուսանողական օրերիս բոլոր դեպքերն ու իրադարձությունները, դասերն ու դասամիջոցները, տնային աշխատանքներն ու մոդուլային շաբաթները... 6` կյանքի հասկացողության, լեզվամտածողության զարգացման, հոգեկերտվածքի կատարելագործման, բազում դժվարին խոչընդոտների հաղթահարման ու սեփական ես-ի հաստատման, անսահման ուժեղ ու համարձակ, կյանքի բոլոր իրավիճակներում անվախ գործելու ունակության ձևավորման և ինքս ինձ գտնելու ճանապարհի որոնման երկարուձիգ տարիներ...
Այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը... Բրյուսովի համալսարանում քննություններ, ստուգարքներ, միջանկյալ գրավորներ չկան, կան միայն մոդուլներ:
Օտար լեզուների ֆակուլտետ, բաժինս` Լեզվաբանություն, անգլերեն լեզու: Առաջին մոդուլային շաբաթը հիշեցի. հեռավոր 2009 թվական, հոկտեմբեր: Ես` տասնյոթ տարեկան միամիտ, մանկամիտ, մոլորված, անտեղյակ մի էակ, որը դիմորդ լինելու ժամանակ այնքան շատ էր պարապել, որ սթրեսի մեջ էր ընկել առաջին մոդուլների պատճառով: Ես շատ հոգնած էի, չափից շատ: Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ, ու ես, հունի մեջ ընկնելով, սկսեցի սովորել այնպես, ինչպես երբևէ չէի սովորել: Ես սովորում էի վերջին շունչս դասիս մեջ դնելով, ես ապրում էի իմ դասերով, ես սիրահարված էի իմ դասերին: Լեզվաբանության մոդուլը հիշեցի. դասախոսություններն այնքան լավ էի հիշում, որ քնից էլ արթնացնեին, անգիր կպատմեի: Մոդուլից հետո այլ խմբերի համակուրսեցիներից ինչ-որ խոսակցություններ էի լսում, ասում էին, որ հոսքում միայն մի աղջիկ է 100 ստացել: Ես ոչինչ չէի ասում, մտքովս էլ չէր անցնում, թե ով պիտի լիներ: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը ես էի:
Մոդուլներ` կիսամյակը 3 անգամ, յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ էր կոչվում, որի ընթացքում դասեր չէինք ունենում, միայն մոդուլներն էինք հանձնում): Հետո, երբ արդեն 4-րդ կուրսում էի սովորում, մոդուլները դարձան կիսամյակը 2 անգամ` 2 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ չկար): 
Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբ մոդուլային շաբաթը շատ-շատերի մոտ մտահոգություն և անհանգստություն էր առաջացնում, ես գրեթե միշտ կատարյալ հանգիստ էի: Մոդուլի ժամանակ պիտի գրավոր կամ բանավոր ներկայացնես այն, ինչ սովորել ես մոդուլից առաջ` մեկ կամ երկու ամսվա ընթացքում: Իսկ ես այնքան լավ հիշողություն ունեմ, որ գրեթե առանց կրկնելու էի հանձնում մոդուլներս: Կարճ ասած` բակալավրում ես միայն սովորել եմ ու սովորել եմ գերազանց:
Կային, իհարկե, առարկաներ, որոնք ինձ հունից հանում էին: Ուղղակի զարմանում էի, թե ես ինչու պիտի այդ առարկան անցնեմ, կամ էլ դասախոսն ինձ դուր չէր գալիս, նրա դասավանդման եղանակը, առարկայի ծրագիրը: Մի խոսքով` արտագրում էի: Գոթերեն, Ռոմանագերմանական բանահյուսության ներածություն, Տրամաբանություն: Որքան հիշում եմ այսքանն էին:
Սիրում էի անգլերենի ընթերցանության, ոճաբանության, քերականության, գրավոր խոսքի, Մեծ Բրիտանիայի քաղաքակրթության, տեսական քերականության, հայոց լեզվի մոդուլները: Սիրում էի գրել էսսե, թեստային աշխատանք, բանավոր հարցումներն այնքան էլ չէի սիրում: Սիրում էի ավարտել աշխատանքս ու օգնել համակուրսեցիներիս: 
Այդ 4 տարիներն ինձ շատ արժեքավոր բաներ տվեցին հետագա ողջ կյանքիս համար...

Մագիստրատուրա... Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ...
Բակալավրի թեժ և բուռն օրերից ու ապրումներից, ստացած խորը և հիմնավոր կրթությունից հետո անկումն ուժգին էր: Չգիտեմ` ինչու այդպես ստացվեց, բայց ես կորցրի ինձ: Իմ մեջ մի ինչ-որ կարևոր բան փոխվեց, ներսումս մի բան աղմուկով փշրվեց, ու ես սկսեցի օրերը հաշվել, թե երբ պիտի այդ երկու տարիներն անցնեն... 
Իսկ այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը...
Իմաստաբանություն, Քանակական լեզվաբանություն, Նշանագիտություն, Կինոյի նշանագիտություն, WEB ծրագրավորում, ՏՏ և համակարգեր, Էլեկտրոնային բառարանագրություն, Կորպուսային լեզվաբանություն, Ռելացիոն բազաներ, Մեքենական թարգմանություն, HTML, CSS, Java, PHP, Բազմությունների տեսություն... Հետաքրքիր ու անհրաժեշտ առարկաներ, խելացի դասախոսներ, բայց հիասթափված ու թևաթափ եղած ուսանողներ, որոնք ոչ թե հոգնել էին սովորելուց, այլ... Չգիտեմ...
Շարունակում էի սովորել գերազանց, ուղղակի` միայն մոդուլային շաբաթների ընթացքում, ամեն օր հաճախում էի, ֆիզիկապես ներկայանում, բայց մտովի շատ-շատ հեռու էի լսարանից ու այն իրականությունից, որն իմ շուրջն էր... Ես սավառնում էի օդերում ու երազում վայրկյան առաջ ազատվել ուսանող լինելու կարգավիճակից... Բակալավրում գտել էի ինձ, հետո կորցրի, ու այսպես շարունակ, ու այսպես անընդհատ, ու այսպես միշտ... Ես մահու չափ հոգնել էի, մեծացել, հասունացել, հոգեպես դուրս եկել իմ տարիքային շրջանակից ու սահմաններից, կյանքում տեսել ու հաղթահարել շատ փորձություններ, լաց եղել, լիաթոք ծիծաղել, տխրել ու ուրախացել...
Բազմությունների տեսություն... Առարկա, որն ատել եմ, ատում եմ ու ընդմիշտ ատելու եմ մինչև հոգուս ամենախորքը: Մոդուլին արտագրել եմ:
Մի քանի ամիս, ու ես կավարտեմ բուհս, կստանամ դիպլոմս ու կուղևորվեմ նոր կյանք, նոր հետաքրքրություններով ու փոփոխություններով արբած` ես կփորձեմ կառուցել կյանքս, նոր հիմքից նորովի կժպտամ ու կասեմ, որ եթե չլինեին այս 6 տանջալից տարիները, ես կյանքում շատ բաներ չէի հասկանա... Ես ուրախ եմ, որ անցել եմ այս ճանապարհը, ես վերջնագծին եմ հասել ու կարևորն այն է, որ հոգիս հանգիստ է... Ես նորից գտել եմ ինձ ու նոր էջից պիտի սկսեմ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ես` իմ չփոխվող տեսակով, իմ աշխարհի յուրահատկություններով, իմ հավատով ու հույսով...
Այսօր բուհից դուրս գալիս անհասկանալի մի զգացում ունեցա... Ես հասկացա, որ կյանքս շուտով կփոխվի ու որ այն երբեք այլևս առաջվանը չի լինի, որ շատ մարդիկ, որոնք պիտի չլինեին իմ կյանքում, չեղան, իսկ շատ մարդիկ, որոնք սիրում էին ինձ, մնացին... Ես տուն շտապեցի, որ գրեմ այս տողերը, գրեմ ու ապրածս հիշողություն դարձնեմ` թղթին հանձնած թանկ ու հարազատ մի հիշողություն, որ պիտի չհիշեմ հաճախ, բայց որն հավերժ պիտի ինձ հետ լինի...

Dec 14, 2014

Ու թե մի օր հիշես ինձ...


Ու թե մի օր հիշես ինձ, բռնիր փոքրիկիդ ձեռքը, միասին եկեք ինձ հյուր, իսկ մենք նրա մոտ կձևացնենք, թե հին ընկերներ ենք, ընկերներ, որոնք շարունակում են սիրել մեկը մյուսին, բայց ոչ երբեք իրար... Իսկ մենք նրա մոտ երկա՜ր-երկա՜ր կլռենք, չենք փորփրի անցյալի օրերն ու չենք ասի ամենակարևորը, որովհետև դա վաղուց արդեն կարևոր չէ ու չպիտի լինի... Իսկ մենք նրա մոտ թաքուն կնայենք իրար, մտովի կփարվենք մեկմեկու ու կաշխատենք լաց չլինել... Մենք կձևացնենք, թե վաղեմի ընկերներ ենք, ընկերներ, որոնք խելագարի նման պաշտել են մեկը մյուսին, բայց կորցրել են իրար... Որովհետև ժամանակին ևս ձևացրել են, չեն պայքարել մինչև վերջին շունչն ու համակարպվել սերը մոռանալու, սպանելու ու այն շատ խորը թաղելու մտքի հետ...
Արի ինձ հյուր, կնստենք միասին, սուրճ կխմենք, դու կպատմես, թե ինչպես է դասավորվել կյանքդ առանց ինձ, իսկ ես լուռ կժպտամ ու կձևացնեմ, թե այդպես էլ պիտի լիներ, թե այդպես ճիշտ էր, թե ես հաշտվել եմ, ուրախ ու երջանիկ եմ քեզ համար: Ես լաց չեմ լինի ու չեմ ասի, որ աշխարհն էլ շուռ կտայի, որ այսպես չստացվեր: Չեմ ասի, որովհետև դու էլ չես ասի: Որովհետև այդ խոսքերն այլևս ոչինչ չեն փոխի, որովհետև այդ խոսքերն ամեն ինչ կփչացնեն միայն, որովհետև երջանկության համար ևս ժամանակ կա, որովհետև այն ճիշտ պահին պիտի կառուցես: Արի ինձ հյուր, որ նայենք իրար: Ես կտեսնեմ, թե ժամանակն ինչպես է փոխել քեզ, դարձրել ավելի հասուն ու գրավիչ: Ես կտեսնեմ, որ աչքերդ կորցրել են նախկին սիրո փայլն ու այլևս չեն ժպտում: Ես կնայեմ փոքրիկիդ, նրա լուսե դեմքին ու մի պահ կփորձեմ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր փոքրիկը, ինչպիսի դիմագծեր կունենար ու ինչպես ինձ մայրիկ կասեր: Ես կհամբուրեմ քո անմեղ փոքրիկին, բայց չեմ ների քեզ, որ նա իմը չէ: Մենք կձևացնենք, թե մեր միջև ամեն բան պարզ է, բայց մեր միջև երբեք էլ ոչինչ չպարզվեց, մենք հիմարաբար կորցրինք իրար ու դա բարդեցինք ճակատագրի վրա: Սուտ էր, սիրելիս: Պայքարեինք պիտի: Ու հաղթեինք պիտի: Որովհետև կյանքում կիսաերջանիկ մարդիկ չպիտի լինեն: Իսկ դու մի ամբողջ հավերժություն պիտի նայես քո ուրիշին ու մտքումդ մեղադրես նրան այն բանի համար, որ ես չեմ քո առջև կանգնած...
Ու թե մի օր հիշես ինձ, իմացիր, որ ես երբեք, լսո՞ւմ ես, երբեք ոչ մի վայրկյան չեմ մոռացել քեզ: Իմացիր, որ այսպես սխալ էր: Կյանքում միայն մեկ անգամ են սիրուց խելագարվում, ու երանի այն մարդկանց, որոնք այդ սերը ճակատագիր են դարձնում: Որովհետև կյանքում ամեն այլ բան սուտ է ու կեղծ, որովհետև եթե գտել ես քո կեսին, պիտի ամուր բռնես նրան ու բաց չթողնես, թուլակամ ու անզոր չգտնվես: Այդպես են կառուցում երջանկություն կոչվածը: Իսկ մենք ստիպված ենք լինելու մի ամբողջ կյանք ձևացնել... 
Ու թե մի օր հիշես ինձ, թե պատկերս համառորեն չհեռանա աչքիդ առջևից, թե սերս նորից զարկի ու տակնուվրա անի հոգիդ, իմացիր, որ ամուսնության վկայականները չեն, որ ընտանիք են հիմնում: Իմացիր, որ ես միշտ քո ներսում եմ լինելու: Իմացիր, որ միշտ էլ պիտի հիշես ինձ, որովհետև ես էլ քեզ եմ հիշելու, որովհետև կյանքը կարող է բաժանել, բայց չի կարող ստիպել, որ մոռանանք իրար...
Ու թե հիշես ինձ, ժպտա, բայց լաց չլինես: Զանգիր, գրիր, հյուր եկ: Չէ՞ որ մենք հին ընկերներ ենք, ընկերներ, որոնք միշտ սիրելու են մեկը մյուսին, բայց ոչ երբեք իրար... Ընկերներ, որոնք քնելու և արթնանալու են մեկը մյուսի մասին մտածելով, բայց ոչ երբեք իրար հետ... Ընկերներ, որոնք միշտ իրար են երազելու, բայց մեկը մյուսին հիշելու իրավունք են ունենալու միայն...

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Անի Ղուլիջանյանին:

Dec 3, 2014

Վարագույր


Մոռացիր ինձ: Մոռացիր: Գիտե՞ս, թե այդ բառն ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ պիտի դառնաս այնպիսին, ինչպիսին նախքան իմ հայտնվելն ես եղել: Դա նշանակում է, որ պիտի պառկես քնելու առանց իմ մասին մտածելու ու երազելու, որ պիտի նայես այլ աչքերի մեջ ու աշխատես չփնտրել իմը, դա նշանակում է, որ ընդմիշտ պիտի կորցնես ինձ: Ընդմիշտ: Ետդարձ չի լինելու:
Երջանիկ եղիր: Բայց աշխատիր երջանկությունդ դեմքովս չշպրտել, աշխատիր այլևս երբեք չսողոսկել իմ կյանք ու չաղաչել ինձ, չպաղատել, որ հավատամ երջանկությանդ: Ես դրան չեմ հավատալու, կուզես խեղդիր ինձ, կուզես գոռա ու վանկարկիր, երեսիս նետիր դիմակդ ու դերասանի պես թատրոն սարքիր, թե իբր երջանկությունից կորցնում ես գլուխդ: Ես դրան չեմ հավատալու, կուզես մեղադրիր ու ատիր ինձ: Ես չեմ հավատալու, որ սիրում ես նրան, որովհետև չես սիրում: Ես չեմ հավատալու, թե ուզում ես կյանքդ նրա կյանքի հետ կապել, որովհետև չես ուզում: Գրողը քեզ տանի, դու դա չես ուզում, կուզես դատի տուր ինձ:
Մոռացիր ինձ: Մոռացիր: Մոռացիր, գրողը քեզ տանի: Ի՞նչ ես ուզում ապացուցել ինձ, ինչո՞ւ ես ուզում ապացուցել, դա ի՞նչ պիտի փոխի: Ես հոգնել եմ քո թատերական ներկայացումներից, սիրտս արդեն խառնում է քո կեղծությունից, վե՛ր կանգնիր, ահա աղերսս: Վե՛ր ելիր, լսո՞ւմ ես: Սա կյանքիդ վերջին հնարավորությունն է: Ավարտիր ամենը, բաց արա վարագույրը:
Երջանիկ եղիր: Բայց աշխատիր չգալ ու ծնկաչոք չաղաչել, որ հավատամ քո երջանկությանը: Ես դրան չեմ հավատալու, կուզես հենց հիմա սպանիր ինձ: Կուզես լաց եղիր, ա՜խ, երանի մի պահ լաց լինես ու հասկանաս, որ եկել էի, որ փրկեի, ոչ թե պատիժդ դառնայի: Վեր ելիր, ահա ամբողջը: Ահա թե ինչու էի եկել, եկել էի, որ ասեի` վերև նայիր ու Աստծուն լսիր, վեր ելիր այս աղբից, վեր կանգնիր, մաքրիր քեզ: Ու չասես, որ զառանցում եմ: Չասես, որ երջանիկ ես: Գրողը քեզ տանի, դու երջանիկ չես: Կուզես սպանիր երկուսիս, դու երջանիկ չես: 
Ես չեմ մահանա: Ուղղակի կհեռանամ, իսկ դու... Ծածկվիր երջանկության դիմակի տակ մի ամբողջ կյանք, մտովի ինձ հետ եղիր ու անիծիր քեզ, որ թուլամորթ ես: Որովհետև դու թուլամորթ ես: Ու չասես, որ զառանցում եմ: Ու չասես, որ քիչ է մնում մեռնես երջանկությունից: Ես դրան չեմ հավատալու, լսո՞ւմ ես, չեմ հավատալու: Կուզես խարույկի վրա այրիր ինձ, ես եկել եմ, որ օգնեմ քեզ: Ու չասես, որ երջանիկ ես: Ինձ քո դիմակներով չես խաբի:
Տղամարդկություն ունեցիր ու վարվիր այնպես, ինչպես դու ես ուզում, չէ՞ որ դու քեզ հենց այդպիսին էիր ներկայացնում. ամեն ինչ քո ասածի և ուզածի պես պիտի լինի: Ու չասես, որ սա էր քո ուզածը: Ու չասես, որ խելագար եմ: Ու չասես, որ զառանցում եմ: Ու չասես, որ ինքդ ես ընտրել ու երջանկությունից սավառնում ես վարդագույն ամպիկներում: Ես դրան չեմ հավատալու: Գրողը քեզ տանի, չեմ հավատալու:

Nov 28, 2014

Մեղքերիդ համար չեմ աղոթելու...


Խոնարհվիր: Սեփական կեղծության, ցածրության ու փոքրոգության ծանրության տակ կախիր գլուխդ, վար իջեցրու աչքերդ, դրանք հիմա լիքն են ամոթանքի ու անպատվության զգացումով: Թող աչքերդ չհանդիպեն քեզ դատապարտող իմ խիստ ու անգութ աչքերին, թող հայացքդ փախչի քեզ նսեմացնող իմ դաժան ու անողոք հայացքից: Ամաչիր չմտածված քայլերիդ հետևանքներից, քո ստորությունից, նենգությունից, հոգեկան ճղճիմությունից:
Ես քեզ վեր եմ կարծել ու երազել: Հիմա տեսնում եմ, որ քո ներսում առաքինի և ոչ մի հատկանիշ չկա, դու բարոյազուրկ ոչնչություն ես, փառքի տենչող անկուշտ խրտվիլակ: Ասում են` պաշտոնը մարդուն ավելի բարձր մարդ է դարձնում, իսկ ոչնչությանը` ավելի խորը ոչնչություն: Ես դա գիտեի, բայց չգիտեի, որ այս աստիճան կծախվես, որովհետև չնչին մի շնորհի դիմաց դու քեզ իսկապես ծախել ես մեծամեծերի փառասիրության տոնավաճառում...
Թող հոգիդ արտասվի կյանքում ինձ կորցնելու, չգնահատելու, կյանքում շնորհիվ ինձ լավը ու հոգով վեհ չդառնալու համար, այդպիսին դառնալ չձգտելու համար, թող հոգիդ արտասվի մեր բաց թողած երազանքների համար... Թող գժվես սեփական նվաստությունից ու հասկանաս, որ քեզ համար ոչ մի ներում գոյություն չունի, որ դու շատ խորը թաղվել ես մեղքերի մեջ, իսկ ես քեզ փրկել արդեն չեմ էլ ուզում, դու միշտ ցածր ես լինելու, իսկ այդ գիտակցումով ես դեմքիդ նայել իսկ անկարող եմ դառնալու... 
Ասում էի` իմ սերն ավելի հզոր է, քան ցանկացած տղամարդու խոսք: Տեսա՞ր, որ ճիշտ էի, տեսա՞ր, որ սպասում էի ու հավատում ստերիդ, տեսա՞ր, որ ամեն բան պարզվեց, որքան էլ չուզեիր, որքան էլ թաքնվեիր քո դիմակների ներքո, որքան էլ ջանայիր ամուր բռնվել ինձնից...
Ես մեղքերդ չեմ խնկարկելու, մեղքերիդ համար չեմ աղոթելու, հոգուդ համար փրկություն չեմ աղերսելու, ես քեզ մեն-մենակ եմ թողնելու, որ կյանքում ավելի ներքև իջնես ու ցած գլորվես, որ սուզվես քո ճահճում... Դու դրան ես արժանի...
Պարտվել ես: Իսկ հիմա գլխահակ կանգնիր ու իմացիր, որ հոգով ինձնից մի ամբողջ աշխարհ ցածր ես, իմացիր, որ ատում եմ էությունդ, աննկարագրելի նողկանք զգում քո հանդեպ, իմացիր, որ քո անհանգիստ ու անկայուն էությամբ թույլ ու անզոր ես իմ վեհության, բարձրության, անմեղության ու մաքրության առջև, իմացիր որ կյանքում ինձ պարտք ես մնացել, որ խիղճդ ծախել ու վաճառվել ես...

Nov 26, 2014

Նախկինը



Գնա: Ուղղակի գնա: Չշրջվես նույնիսկ: Չնայես վրաս: Անգամ թե վիրավորեմ քեզ, բղավեմ, որ վախկոտ ես, անգամ թե քարեր շպրտեմ քո ետևից, կամ թե աղաչեմ, որ հետ գաս: Չգաս, չլսես ինձ, կգնաս: 
Հեռացիր: Անգամ թե մի օր գժվեմ կարոտից, գամ կանգնեմ անդունդի եզրին ու ձեռքս քեզ մեկնեմ, չկառչես ինձնից: Հեռացիր, որ մաքրեմ հիշողություններս քեզնից ու նոր կյանք սկսեմ:
Չհիշես ինձ: Անգամ թե ինքս հիշեցնեմ քեզ իմ մասին, ներխուժեմ հոգիդ ու այն տակնուվրա անեմ: Ես դա կանեմ, բայց դու չհիշես ինձ: Ես կշարունակեմ գողանալ քեզ քեզնից, բայց դու չպիտի լսես ինձ, կարդաս կամ զգաս:
Գնա: Սիրտդ ինձ մոտ թող ու գնա: Իսկ դու դադարիր շնչել, շնչակտուր եղիր, բայց գնա, կործանվիր, բախվիր քո կառուցած ժայռաբեկորներին ու մնա դրանց ծանրության տակ: 
Տանջվիր, բայց գնա: Սիրիր, բայց գնա: Իմ մասին մտածիր, բայց հասկացիր, որ մտապատկեր էլ մնալու եմ, թաղվելու եմ անցյալիդ անդառնալի սխալների մեջ ու մի ամբողջ կյանք հոգեպես ու բարոյապես խեղդելու եմ քեզ ներսից: Գնա, բայց իմացիր, որ միշտ էլ ուզելու ես հետ գալ: Իմացիր, որ միշտ լինելու եմ` ոչ քեզ համար, այլ հանուն մեկ ուրիշի...
Կարծում ես` ցա՞վ եմ զգում: Չէ, հարգելի՛ս, ես մի անգամ արդեն եղել եմ դժոխքում, մահացել ու հոգի եմ համբարձել:
Ինչո՞ւ է այդպես: Քեզնից էի հիասթափվում, բայց քո տված ցավն այնքա՜ն աննշան էր, որ նորից նախորդի ցավն էր զարթնում: Նախորդի պատկերն էր խառնվում առօրյա օդին, նախորդի շունչն էր սավառնում ամենուրեք, նախորդի խոսքերն էին սկսում հնչել գլխումս, ես նախորդով էի ծածկում բոլորին... 
Երևի որովհետև կյանքում միայն մեկ անգամ են սիրում` ահա ամբողջը: Որովհետև այն մեկից հետո ամեն բան կեղծ է, ինքնախաբեություն, որովհետև ինձ նման աղջիկն իրոք լոկ մեկին կարող էր կյանքը նվիրել ու այն ետ ստանալ` մահանալ ու նորից ծնվել...
Դու սերդ ուրիշին տվեցիր, իսկ ես իմ նախկինին հիշեցի...
Նրանից ոչնչով առավել չես, բայց պարզվեց, որ անգամ պակաս էլ ես...

Nov 11, 2014

100 տարի անց (Մաս 1)



Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ

Իմ պատուհանից բացվող ու նահանջի ճամփան երբեք չբռնող Մասիսի սպիտակափառ գագաթն է, որն իր խորհրդավոր փայլով դարերի ու հազարամյակների պատմություն է ամփոփում:
Ես հայ եմ` արմատներով սասունցի: Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Սասուն աշխարհի զավակ լինելով ու իմ մեջ նախնիներիս շունչը կրելով` դեռ մանկուց բազում պատմություններ էի լսել Էրգրի կարոտի, Սասունից բռնագաղթված ու հայրենի եզերքը հեռվում թողած հորս պապի` Խաբլջոզի Մանուկի և շատ ուրիշների մասին: Ճակատագրի հարկադրանքով խաթարված կյանք, ավերված գյուղեր, բնաջնջված հայեր…
Արևելյան Հայաստանում ապաստան գտած շատ-շատերը դեռ չխամրող հույս ունեին. վերադառնալ: Հայի անկախ, ինքնիշխան ու երբեք չընկճվող ոգին անկոտրում էր ամենադաժան արհավիրքներից հետո անգամ…
Սակայն… «Արևմտյան Հայաստան» երազանքը սահմանից անդին է դեռ

***
2014 թվական: Երևան: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Սեպտեմբեր: Մագիստրատուրա 2-րդ կուրս: Համընդհանուր ժխոր, 80 րոպե տևող բուռն քննարկումներ: Դասախոսը մեջբերում է անում հայտնի հոդվածից.
- Թուրքիայի նախկին վարչապետ (ներկայիս նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014 թ.-ի ապրիլի 24-ի նախօրեին պատմության մեջ առաջին անգամ իր պետության անունից ցավակցել է 20-րդ դարասկզբին իրենց կյանքը կորցրած հայերի թոռներին:
- Հայերը ոչ թե պարզապես «կորցրել են իրենց կյանքը», այլ դաժանորեն ցեղասպանվել հենց թուրքերի կողմից,- ասում եմ ես:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի Հանրապետությունը 1915-ի դեպքերը գիտականորեն հետազոտելու համար կոչ է արել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Թուրք, հայ և օտարերկրյա պատմաբանների աշխատանքը 1915-ի դեպքերի վրա լույս սփռելու և պատմությունը ճիշտ հասկանալու գործում կարևոր դեր կխաղա:
- Ցինիկ հնարք, հերթական ժխտողական քաղաքականություն: Չի՛ կարելի խեղաթյուրել բոլորին հայտնի պատմական իրողությունը,- շարունակում եմ ես:
- Լուսինե՛, իսկ ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է: Գուցե չի եղել: Ես այնքան էլ հավատ չեմ ընծայում մեր պատմաբաններին, հակառակ կողմին էլ կարելի է լսել, թե չէ մենք մերն ենք ասում, նրանք` իրենցը, լավ կանեինք մոռանայինք այս հարցի մասին,- ասում է համակուրսեցիներիցս մեկը:
- Ինչպե՞ս թե «ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է»: Դու Արևմտյան Հայաստանից գաղթած ազգականներ, ծանոթներ ունեցե՞լ ես: Որևէ վկայություն կարդացե՞լ ես: Երբևէ տեսե՞լ ես, թե ինչ ցավով, մրմուռով են խոսում ու վերապրում 100 տարվա վաղեմության ոճիրը: Ավելի քան 1.500000 հայեր տեղահանվել են, գազանորեն սպանվել, գլխատվել: Երիտթուրքական կառավարության նպատակը հայերին ոչնչացնելն է եղել, արևելյան Անատոլիան հայերից դատարկելը: Թալեաթ փաշան Աբդուլ Համիդի սկսած զանգվածային ջարդերի շարունակողն է եղել, իսկ այդ եղեռնագործ սատանայի ահեղ դատաստանը հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանն է կայացրել, մի մարդ, որն իր աչքերով է տեսել այդ անհավատալի արհավիրքն ու սարսափը: Իսկ դու ու, ցավոք, քեզ պես շատ ուրիշներ դեռ կասկածում ու թուրքական քարոզչամեքենայի զոհն են դառնում: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե թուրք պատմաբաններն ինչ ստեր են ասում ու գրում: Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր Թուրքիայի կողմից, չէին լինի Բաքվի և Սումգայիթի ջարդերը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Գուրգեն Մարգարյանի բարբարոսական կացնահարումը, Հրանտ Դինքի սպանությունը, հայկական եկեղեցու պայթեցումն ու քեսաբահայության տարհանումը: Թուրքը մնում է թուրք` քանի հազար տարի էլ անցնի:
Բոլորը միանգամից լռեցին: Դասախոսը նույնպես ոչինչ չասաց: Չդիմացա: Ընդհանրապես ես անարդարություն չհանդուրժող եմ, համարձակ: Ասացի ու հետո ամբողջ դասի ընթաքցում այլևս չխոսեցի: Սուս-փուս նստել էի, մտովի մեր գյուղն էի հիշել, հորս հայրական տունը: Զգացի, որ կարոտել եմ տատիկիս: Պապիկիս չեմ տեսել, իմ ծնվելուց շատ տարիներ առաջ է մահացել:

***

Խաբլջոզի Մանուկը զվարճախոս կենսափիլիսոփա է եղել: Խորախորհուրդ խոսքն ու զրույցը, հրաշալի պատմություններն ու զվարճապատումներն անպակաս են եղել նրանից:
Նվիրական Էրգիրը կարոտով ու մորմոքով էր թողել... Կնոջը` գեղեցկուհի Մարիամին այրել էին: Գաղթի դժվարին ճանապարհին դստերը` փոքրիկ Իզմիրին հանձնել էր մի քրդի: Ետ դառնալու հույս էր ունեցել, սակայն...
Թալինի շրջանի Աշնակ գյուղում պատսպարված ու նոր կյանք սկսած, նոր տուն-տեղ դրած` նա շարունակել էր պահպանել հայրենասիրական շունչն ու կորովը, հետևել նահապետական վեհ ու առաքինի պատգամներին:
Երեք որդի ունեցավ` Պերճ, Աշոտ և Թովմաս: Աշոտ Թովմասյանը պապիկս է եղել: Տարիներ անց Իզմիրի և Մանուկի որդիների միջև նամակագրական գաղտնի կապ է հաստատվել: Թուրքերեն իմացող մեկի միջոցով հայերեն գրվածի թուրքերեն թարգմանում և հակառակը, վախ, սպասումներ, թաքուն ընթերցումներ, խոսակցություններ: Մի քանի լուսանկարներ ու նամակներ` պապիկիս դարակում խնամքով պահված, որոնք վկայում են անցյալի չմոռացվող էջերի ու ապրած տանջալից տարիների մասին: Նրա մահից հետո, ցավոք, կապը գրեթե խզվել է… 

***
2014 թվական: Երևան: Նոյեմբեր:
Գրասեղանիս կույտերով գրքեր են դրված: Դրանք այն գրքերն են, որոնք հերթով պիտի կարդամ: Հայրս շատ հաճախ գրքերի մի կապոց ձեռքում բռնած տուն է գալիս, մտնում իմ սենյակ ու ծանոթացնում ինձ հին կամ նոր, մոռացված կամ թե երբեք չհնացող էջերի անվերջությանը, որոնք տարբեր երկրների ու թագավորությունների, ազգերի ու ժողովուրդների, աստվածների ու հավատալիքների, Ռոմեոների ու Ջուլիետների պատմություններ են ամփոփում... Այնպես որ իմ կույտը պարբերաբար թարմացվում է. պակասում, ապա համալրվում նոր գրքերով:
Ու մի օր աչքովս մի գիրք է ընկնում. Ֆեթհիյե Չեթին - «Մեծ մայրս»: Հետաքրքրությամբ վերցնում եմ ու սկսում թերթել: Որքան ժամանակ է այս գիրքը դրված է իմ առջև, իսկ ես նոր եմ միայն նկատում այն:
Սկսում եմ ընթերցել: Սկզբնական «միայն մի քանի էջ թերթելը» վերածվում է ինքնամոռացության ու ինքս էլ չեմ նկատում, թե ինչպես եմ խորասուզվում ու խորտակվում հեղինակի հուշագրական վիպակի մեջ: Պատմում է իր տատի կյանքը, որը խոստովանել է հեղինակին իր հայ և մինչև 1915 թվականը քրիստոնյա լինելը: Ուշագրավ տողեր տեղահանման, կոտորածի ու աքսորի վերաբերյալ, որոնք բորբոքում են սեփական հուշերս…
Հորս հորեղբոր` Պերճ Թովմասյանի թողած գրական հարուստ ժառանգության մեջ ևս պատկերվում են Սասուն-Մուշ աշխարհը, գաղթյալ ժողովրդի զավակները` Խաբլջոզի Մանուկը, Համզե Բջուկը, Դավոն, դարբին Գրիգորը, Խուկեն, Ջուլհակ Կարապետը, Սրնգահար Արեն, Խոթա Միրոն, Բջե Ավեն, Տալվորիկցի Գաբրիելը, Փոփե պապը և շատ ուրիշներ...
Մի կողմ եմ դնում գիրքն ու սկսում մտածել… Իսկ որքա՜ն շատ հայեր են մնացել Թուրքիայում, դարձել մուսուլման, թրքացվել: Ինքս էլ այնտեղ վաղուց կորած ու մոռացված ազգականներ ունեմ: Երբ փոքր էի, Թուքիայից մի մարդ էր եկել գյուղ: Ասում էին` Իզմիրի բարեկամներից է: Մահմուդ էր անունը:
Տեսնես նա կա՞ Ֆեյսբուքում: Այ թե միտք ծնվեց գլխումս: Ֆանտաստիկ կլիներ, եթե կարողանայի գտնել նրան, իսկ նրա միջոցով` Իզմիրի թոռներին կամ ծոռներին: Վստահ եմ, որ նրանցից գոնե մեկը գրանցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցում: Ի՜նչ լավ կլիներ, եթե այն ժամանակներում համացանցը գոյություն ունենար: Կապը չէր կորի: Թեկուզ հեռու և օտար` նրանք միշտ աչքիդ առաջ կլինեին, կտեսնեիր, թե ինչպես են ապրում, ինչով են զբաղվում: Հա՞յ են, թե…
Սեդա տատիկս պատմում է, որ Իզմիրը խութեցի հայի հետ է ամուսնացել, սակայն ապրել են որպես ծպտյալ հայեր, դարձել մուսուլման: Հինգ երեխա են ունեցել` երկու տղա, երեք աղջիկ. նրանց երակներում հայի արյուն է հոսում:
Հիշում եմ, որ տարիներ առաջ գյուղում տատիկս ինձ մի լուսանկար ցույց տվեց: Իզմիրի քսանմեկ թոռնիկներից մեկին` տասներեքամյա Հերիքնազին ինձ էր նմանեցրել: Լուսանկարի աղջնակն իսկապես նման էր ինձ` սևագանգուր մազերով, սևաչյա փոքրիկ գեղեցկուհի էր:
Իզմիրի թոռները հիմա արդեն բավականին մեծ են, իրենց երեխաներն ունեն: Գուցե թուրքի հետ են ամուսնացել: Հայի արյանը թուրքի արյուն է միախառնվել: Տեսնես այդ արյուններն ինչպե՞ս են միաժամանակ հոսում երակներով, չե՞ն բախվում իրար, մերժում, դատապարտում: Ներքին խռովք ու ընդվզում չե՞ն փոթորկվում ու դուրս գալիս ափերից: Ինչպե՞ս են իրենց ներսում կրում հային ու թուրքին: Պատերա՞զմ են մղում սեփական եսի դեմ, թե՞ վաղուց հաշտության պայմանագիր են կնքել: Հաշտությո՞ւն: Ի՞նչ հաշտություն կարող է լինել հայի և թուրքի միջև:
Ուզում եմ գտնել նրանց: Շատ եմ ուզում: Բնավորությամբ զգացմունքային եմ, համառ, ուժեղ և հաստատակամ, ասածս անող, խոսքս ու ցանկությունս պնդող, ուզածիս հասնող: Չէ՛, պիտի կարողանամ կապող մի թել գտնել: Եթե ե՛ս դա հիմա չանեմ, ինձնից հետո ոչ մեկ չի անի:
Իսկ եթե իրոք գտա՞: Ի՞նչ պիտի անեմ: Նամա՞կ գրեմ: Բարև, մենք ազգականներ ենք: Ուղղակի ես հայկական ազգանուն ունեմ, իսկ դու թուրքական: Ուղղակի 100 տարի առաջ ցեղասպանություն է տեղի ունեցել, ու հիմա մենք տարբեր աշխարհներում ենք ապրում: Ուղղակի ես քրիստոնյա եմ, իսկ դու` մուսուլման: Ուղղակի ես հայ եմ, իսկ դու…
Ի՞նչ կզգամ այդ պահին, երբ գտնեմ ու սկսեմ զննել նրանց: Տեսնես անուններն ի՞նչ են, ի՞նչ տեսք ունեն, ինչպիսի՞ն են: Գիտե՞ն, որ իրենց ներսում, ենթագիտակցության ակունքներում խորը թաղված հայ կա: Գիտե՞ն ու ճանաչո՞ւմ են, թե՞ ստիպված են եղել խեղդել իրենց մեջ ալիքվող հայի ոգին:
Չնայած… Հնարավոր է, որ հայն իրենց հոգում շատ ավելի վառ է, քան այժմ Հայաստանում ապրող շատ-շատերի մեջ, որոնք մոռացել են իրենց պատմությունն ու անցյալի դասերը: Հնարավոր է, որ հայն իրենց մեջ ապրում ու զարկում է ուժգնորեն, խելահեղ ու կատաղի, ով գիտի…

***
- Արմինե հորաքույր, բարև: Ինչպե՞ս ես: Նոր մտքովս տարիներ առաջ Թուրքիայից եկած Մահմուդ անունով մեր ազգականն անցավ: Որևէ տեղեկություն ունե՞ս նրանից: Կապ կա՞: Ուզում եմ գտնել նրան Ֆեյսբուքում ու Իզմիրի երեխաներից, թոռներից կամ ծոռներից հարցուփորձ անել:
- Մհեր հորեղբայրն է Մահմուդի հետ կապ պահում: Հիշո՞ւմ ես` Մայիսի 27-ին Աշնակում տեսանք նրան երկու տղամարդկանց հետ: Այդ մարդիկ Մահմուդի բարեկամներն են, նրանցից մեկը կա ֆեյսբուքյան ընկերներիս ցուցակում:
- Հա, լավ եմ հիշում: Շնորհակալ եմ հորաքույր, հիմա կգտնեմ այդ մարդուն ու նամակ կգրեմ: Երբ նորություն ունենամ, կասեմ:
Աստվա՜ծ իմ: Իսկապես: Մայիսի 27-ին` հայտնի հայդուկապես Գևորգ Չաուշի մահվան օրը, որն այժմ նշվում է որպես ֆիդայատոն, գյուղում` հորս հայրական տանը Մհեր հորեղբոր և նրա երկու հյուրերի համար սուրճ պատրաստեցի: Նաև հիշում եմ, որ սուրճը մատուցելիս նրանցից մեկը շնորհակալություն հայտնեց` ասելով «şükür»: Երբ այդ բառը լսեցի, մի պահ սառեցի, ապա արագ հեռացա: Հասկացա, որ ասվածը թուրքերեն էր:
Ինչևէ, կգտնեմ այդ մարդուն ու նամակ կգրեմ, հայերեն դժվար թե հասկանա, այնպես որ անգլերեն կգրեմ:
Ահա նա` թուրքին բնորոշ դիմագծերով ու արտաքինով: Մեր գյուղում արված լուսանկարներ էլ ունի` Վրեժ Իսրայելյանի` «Առանց սասունցու աշխարհը տխուր կլինի» հայտնի ու սիրված խոսքերի առջև: Ի՞նչ անեմ: Նախ հայրիկին ասե՞մ, հետո՞ գրեմ նրան: Չէ՛, թող հայրիկը դեռ չիմանա…
Ուղարկեցի: Ակնթարթային արագությամբ նամակս կհասնի նրան, իսկ նախկինում որքա՜ն ջանք են թափել իրար հետ հաղորդակցվել կարողանալու համար:
Ժամեր են անցել: Նա կարդացել է նամակս, բայց չի պատասխանել: Ինչո՞ւ: Հնարավոր է, որ անգլերեն չի հասկանում: Բայց ես հանձնվողը չեմ, թուրքերեն կգրեմ: Ի՞նչ է, մի թարգմանիչ չե՞մ կարող գտնել:
Գրառում հրապարակեցի Ֆեյսբուքում: Մի քանի աղջիկներ միանգամից արձագանքեցին, ու հաշված րոպեների ընթացքում անգլերեն գրված նամակս դարձավ… թուրքերեն…
Գիտե՞ք, թե ինչ զգացի, ես նայեցի թուրքերեն գրված տողերին, երբ լեզվաբանի աչքերով տնտղեցի թարգմանվածն ու փորձեցի հասկանալ բովանդակությունը: Ես նողկանք զգացի, լցվեցի ատելությամբ ու թշնամությամբ, ինքս ինձ հետ կռիվ տալով` դա Մահմուդի ազգականին ուղարկեցի ու սկսեցի սպասել…
Պատասխանեց: Գրել էր, որ հորեղբայրներս նույնպես հարցրել են իրեն Իզմիրի մասին, ու ասաց, որ կփորձի մի բան իմանալ ու կտեղեկացնի ինձ:
Ուրախացա, հոգեպես հուզվեցի ու ինքս իմ մեջ հստակ որոշեցի, որ այնքան ժամանակ կանհանգստացնեմ այս մարդուն, մինչև նա իրոք որևէ բան իմանա ու ասի ինձ: Անգամ եթե սպասումներս դրական լուծում չստանան ու պարզվի, որ Իզմիրի սերունդներն այլևս թուրք են ու չգիտեն նույնիսկ, որ իրենց նախնիները հայ են եղել: Անգամ եթե նամակիս չպատասխանեն, կամ ասեն, որ մեզ հետ ոչ մի կապ չեն ուզում ունենալ…
Ես ուղղակի ուզում եմ իմանալ, որ փորձել եմ…

***
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից անցել է ուղիղ 100 տարի…
Նախախնամությո՞ւն էր, արյան կա՞նչ, թե՞ հոգու պարտք, որ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի հենց նախաշեմին հանկարծ պիտի որոշեի գտնել իրենց ակունքներից զրկված ազգականներիս, ազգականներ, որոնք երբեք էլ հարազատներ չեն դառնա` որքան էլ ուզենք: Ինչո՞ւ հենց հիմա հիշեցի նրանց, չէ որ գրքի ընթերցումն այն կայծը չէր, որ պիտի իմ ներսում մղում շնչավորեր:
Ուզում եմ հավատալ, որ մի գեղեցիկ օր նամակ կստանամ, որով ինձ կտեղեկացնեն, որ այն մարդիկ, որոնց փնտրում եմ, գտնվել են: Ուզում եմ հավատալ, որ հոգումս ծնունդ առած ճիչն իր դրական արձագանքը կստանա...
Երբ աշխարհասփյուռ հայությունը ոտքի կանգնի ու միահամուռ ուժերով լծվի Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման գործին, այլևս ոչ մի թուրք չի համարձակվի ձեռք բարձրացնել հայի վրա: Պահանջատեր լինենք ու կրենք մեր ժողովրդի պատվի դրոշը, ճանաչենք մեր պատմությունն ու անցյալը, համախմբվենք ու միասնական լինենք... Այդժամ միայն կհաղթանակենք...
Ու ես վստահ եմ, որ մի օր մեր պապերի երազանքի Էրգիրը մեր է լինելու: Մի օր գնալու ենք այնտեղ ոչ իբրև զբոսաշրջիկ, այլ իբրև տեր` ի վերուստ մեզ վիճակված հողի վրա սասունական խենթ սիրով ու ջերմաշունչ կարոտով կառուցելու, շենացնելու ենք գյուղեր ու քրիստոնեական սրբանվեր եկեղեցիներ...

***
Իմ պատուհանից բացվող ու նահանջի ճամփան երբեք չբռնող բիբլիական Մասիսի ձյունաճերմակ գագաթն է, որն իր հերոսական լույսն է տարածում ողջ Հայաստան աշխարհով մեկ

Nov 3, 2014

Այլևս ինձ չես զանգում...


Այլևս չունեմ քեզ: Էլ իմը չես: Այլևս չեմ շնչում ու արտաշնչում անունդ մտքումս հազար անգամ կրկնելով ու այդ անվամբ հիանալով: Այլևս մեռել ենք իրար համար: Ատո՞ւմ ես ինձ:
Այլևս չունեմ քեզ: Էլ իմը չես: Չես էլ եղել: Ո՛չ նախորդ կյանքում, ո՛չ անցյալ տարի: Երբեք էլ ինձ չես պատկանել, երբեք չեմ զգացել վերնաշապիկիդ բույրն ու չեմ գժվել այդ բույրից, երբեք չեմ դիպչել իմ երազած մատներին ու չեմ հալվել քեզ գրկելուց: Երբեք: Այլևս թշնամիներ ենք` իրարից մի ձմեռ հեռու, իրարից նեղացած ու այդպես էլ իրար չներած: 
Այլևս ինձ չես զանգում... Այլևս չեմ լսում կարոտից խեղդվող շնչառությունդ, չեմ լսում կատարյալ լռության մեջ չարտասանած բառերդ, բառեր, որոնք գուցե փոխեին ամեն ինչ... Այլևս չես զանգում, մեռել ենք իրար համար, ես քեզ վաղուց, շատ վաղուց եմ թաղել: Ինձ խեղդե՞լ ես քո մեջ, ստացվե՞լ է:
Չկանք: Մենք երբեք ֆիզիկապես կողք-կողքի չենք եղել, բայց քարկապել ենք մեր հոգիներն իրար ու հույսով սպասել` Աստված գիտի, թե ինչին: Չկանք էլ իրար համար, հիմա ներսումս ուրիշ անուն եմ դրոշմել, քեզ պատռել եմ իմ սրտից, հանել ու դուրս շպրտել: Մենք աշխարհի ամենաօտար մարդիկ ենք` իրարից մի աշուն ուշացած, իրար չհասած, իրար չմոռացած... Ես դեռ լսում եմ այն մեղեդին, գիտե՞ս: Ես դեռ փորփրում եմ անցյալի թղթերս, գտնում քեզ ու...
Չկաս: Էլ ինձ համար չկաս: Այլևս չես կառավարում մտքերս, այլևս փոշի ես, իսկ քամին քեզ վաղուց է քշել ու տարել:
Ես չներեցի քեզ: Գրողը տանի, չկարողացա: Չուզեցի: Չստացվեց: Դու հավետ թշնամի դարձար, որին մի ժամանակ կյանքիցս շատ եմ սիրել, կյանքիցս վեր եմ դասել, Աստված եմ կարգել երկրիս երեսին... Չներեցի, ես այդքան ուժ չունեցա, որ քեզ ներեմ: Դու շրջվեցիր ու ուրիշներին լսեցիր: Ահա թե ինչը չներեցի, չներեցի, որ ինձ համար նախատեսված սերն ուրիշին նվիրեցիր, որ ուրիշը շնչեց վերնաշապիկիդ բույրն ու գժվեց: Իսկ ես քեզ ազատ արձակեցի․․․
Թող նա շնչի քեզ: Թող սիրի, թող վայելի քեզ: Խնդրեմ: Այդ պահին փակիր աչքերդ ու պատկերացրու, որ ինձ էլ են սիրում: Ու ոռնա քո հիմարությունից ու անզորությունից, տառապիր ու լցրու աչքերդ իմ անցյալի սիրո արցունքներով, գոռա, ողբա ու հասկացիր, որ երբեք, այլևս երբեք ձայնս չես լսելու գիշերային մթության մեջ, որ այլևս մեռել ենք իրար համար, թաղել իրար ու հոգեհանգիստ կազմակերպել: Ատո՞ւմ ես ինձ: Ես քեզ ավելի շատ...

Oct 4, 2014

Նամակ ինքս ինձ` 20 տարի անց


Չգիտեմ էլ` ինչպես կարելի է սկսել մի նամակ, որն հասցեագրված է ինքս ինձ... Բարև, Լուսինե... 
Դու դեռ նո՞ւյնն ես: Դե՛, նկատի ունեմ դու նույն Լուսինե՞ն ես` հենց այն նո՞ւյնը, քո մեջ ոչինչ չի՞ փոխվել... Երանի այս տողերը կարդալիս չհուզվես, այլ լուռ ժպտաս ու մտքումդ ասես, որ կյանքը չկարողացավ հաղթել քեզ...
Դեռ գրո՞ւմ ես: Գրքե՞ր: Ա՜խ, երանի շուտ մեծանամ ու հասնեմ քո տարիքին: Իսկ եթե չես գրում, ես կնախընտրեմ բնավ չզգալ, թե ինչ է նշանակում ապրել առանց հույզերն ու ապրումները թղթին հանձնելու: Ընթերցողներ շա՞տ ունես: Քեզ սիրո՞ւմ են...
Իսկ վարսերդ ներկե՞լ ես, թե՞ դեռ նույն սևագանգուրներն են: Իսկ դու քանի՞ կիլոգրամ ես, դե ես հույս ունեմ, որ շատ չես գիրացել: Հիմա ես երազում եմ չաղ ու բախտավոր լինելու մասին, դու բախտավո՞ր ես: 
Հույս ունեմ, որ կամային հատկանիշներդ, կյանքի հանդեպ տենչն ու ձգտումը չեն կոտրվել: Ես հույս ունեմ, որ դու նույն ուժեղ, համարձակ և ուրախ աղջիկն ես: Բայց նաև ես կյանքի չափ ուզում եմ հավատալ, որ հոգիդ այժմ ուրախ է, ուզում եմ հավատալ, որ ներսիցդ բաց ես թողել բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ ցավ են պատճառել քեզ: Ներե՞լ ես նրանց: Ես չեմ կարողանում:
Ասա, որ երջանիկ ես: Եթե երջանիկ չես, ես չեմ ապրի այդքան: Հիշո՞ւմ ես` երդվել եմ կյանքի գնով էլ լինի գտնել իմ երջանկությունը, միայն թե չասես, որ հիմարի պես հանձնվել ես: Ես քեզ դա երբե՛ք չեմ ների: Լավ հիշիր քեզ քսան տարի առաջ, հիշի՛ր, թե որքան էիր ուզում ապրել ու արարել, կանգ չես առել, չէ՞:
Ո՞ւմ հետ ես ամուսնացել: Նրա, որին դո՞ւ էիր սիրում, թե՞ նրա, որը քեզ էր սիրում: Թե՞ լրիվ անծանոթ մեկի հետ: Ամեն դեպքում դու պարտավոր ես երջանիկ լինել, լսո՞ւմ ես, անգամ եթե կյանքը չի դասավորվել այնպես, ինչպես ես եմ երազում ու ցանկանում: Թքա՜ծ: Ընդունի՛ր կյանքի մարտահրավերը, գլուխդ վերև բարձրացրու ու ասա աշխարհին, որ կհաղթես ցանկացած փորձություն, որովհետև դու` այսինքս ես, շատ եմ տանջվել, կյանքից մի կյանք հիասթափվել, դարձել եսասեր ու անտարբեր բոլորի ու ամեն ինչի հանդեպ: Ասա, որ երջանիկ ես, ուղղակի ջերմորեն ժպտա երեխայիս նամակին, համբուրիր ճմրթված թուղթն ու գրկիր տարիներդ:
Դու հիմա գեղեցիկ, հասուն ու կայացած կին ես: Այդտեղ` ապագայում, ամեն բան լա՞վ է: Հարազատներդ կողքի՞դ են: Լսիր, դու ընդհանրապես Հայաստանո՞ւմ ես:
ԱՄՆ-ում եղե՞լ ես: Եթե ոչ, ապա շտապիր հասնել երազանքիս ետևից, կյանքը կարճ է, խնդրում եմ չմերժես ինձ: Տա՛ր ինձ ԱՄՆ, ցույց տուր երազանքներիս երկիրն ու լուսանկարվիր: Շա՛տ լուսանկարվիր:
Ազգանունդ չես փոխել, չէ՞: Թովմասյա՜ն: Պաշտո՜ւմ եմ այս ազգանունը: Հայրիկը երբեք ինձ չի ների, եթե պարզվի, որ դու հետո այն փոխել ես: 
Անհամեստ մի հարց` արդուկել սովորեցի՞ր, թե՞ դեռ այրում ես մատներդ: Ի դեպ, տնային գործերի՞ց ինչպես ես:
Իմ աղջիկն ո՞ւմ է նման: Իմ Լաուրան գեղեցիկ, շնորհալի ու առանձնահատուկ աղջիկ է, այնպես չէ՞: Թող նա ինձ պես երազկոտ ու ռոմանտիկ չլինի, թող աշխարհներ գրավի, մեծ բարձունքների հասնի: Նա դափնեկիր է` լաուրեատ: Աղջիկս պետք է աշխարհում լավագույնը լինի: Իմ պատկերացումներում նա այդպիսին է...
Ամուսինդ սիրում է քեզ, ուզում եմ հավատալ: Դե՛, սիրում է ոչ այնպես, ինչպես մնացած բոլոր ամուսիններն են սիրում իրենց կանանց: Նա քեզ անսահման շատ պիտի սիրի, խենթանա, նա պիտի ապրի քեզնով ու քո պաշտպանը լինի: Հավետ: Պիտի ամո՜ւր-ամո՜ւր բռնի ձեռքդ, բաց չթողնի ու թույլ չտա, որ դո՛ւ բաց թողնես: Եթե նա քեզ չի սիրում այսպես, ապա պետք չէր ամուսնանալ:
Քսան տարի անց... Ոչ ոք չի կարող ասել, թե կյանքն ինչպես կդասավորվի, բայց ես ուզում եմ իմանաս, որ ես միշտ սիրելու եմ քեզ` այսինքն ինձ, ուզում եմ իմանաս, որ ինչ էլ պատահի, ես քեզ երբեք-երբեք չեմ մեղադրի, հավատա՛, ես գիտեմ, որ քո ցանկացած ընտրություն Աստծո կամքն է եղել, ես գիտեմ, որ խղճիդ առաջ մաքուր ես, գիտեմ, որ նույն բարին ես, նույն լույսը: Լաց չլինես, եթե քո կյանքում որևէ բան դեռ այնպես չէ, եթե դեռ չես գտել ինքդ քեզ, ապա գրիր, ինչպես հիմա ես եմ գրում, գրիր, անպայման գրիր, երբեք չդադարես... 
Սիրում եմ, գրկում և համբուրում: Ես միշտ կողքիդ եմ լինելու...

Oct 3, 2014

Ամենաբարի մարդը


Բարև, սիրելի՛ ընթերցող: Եթե բլոգիս նոր տեսքը զարմացնի քեզ, ապա պատմությունը, որն այժմ կպատմեմ, կհուզի և անհավատալի կթվա...
Հրաշքներ չե՞ն լինում: Լինում են... Հրաշքները հետապնդում են լավ մարդկանց, ակնթարթորեն ներխուժում նրանց կյանք ու ստիպում հավատալ, որ անհնարին ոչինչ չկա...
Պատմությունս ինձ երբևէ հանդիպած ամենաբարի մարդու մասին է: Նա Կարեն Հովսեփյանն է, քսան տարեկան, մասնագիտությամբ վեբ դիզայներ, ծրագրավորող, լրագրող: Նա անսահման բարի, խելացի ու բարեկիրթ, անշահախնդիր ու պատրաստակամ, պատասխանատու և պարտաճանաչ երիտասարդ է, որն անվարձահատույց կերպով գիշերը լուսացրեց բլոգս ձևափոխելով, մինչ ես քնած էի: Նա օգնության ձեռք մեկնեց, բարեգործի նման կատարեց բոլոր բծախնդիր ցանկություններս ու խնդրանքներս, նա արեց ինձ համար այն, ինչը շատ հաճախ անգամ մեր ընկերները, մոտ բարեկամներն ու հարազատները չէին անի, նա արեց դա մի աղջկա համար, որի հետ ժամեր առաջ էր ծանոթացել, այն էլ` Ֆեյսբուքով...
«Օգնություն բոլոր բլոգգերներին» ֆեյսբուքյան խմբում օգնություն էի խնդրել, ու Կարենը միակն էր, որ արձագանքեց: Մեր պատահական ծանոթությունից ժամեր անց բլոգս նոր կյանք ու շունչ ստացավ: «Ի՞նչ մեծ բան է որ»` կմտածես դու, սակայն ես ուզում եմ, որ բոլոր-բոլոր ընթերցողներս իմանան, որ իմ բլոգն իմ ուրիշ աշխարհն է, իմ միտքն ու գոյությունը, իմ սիրտն ու հոգին, այն միջավայրը, որտեղ ես ապրում և երազում եմ...
Երբ Կարենին կատակով հարցրի, թե վերջում ի՞նչ մաղարիչ պիտի անեմ, նա ասաց.
- Ի՞նձ: Ես պետք է մաղարիչ անեմ, որ վերջապես հին մասնագիտությունս այսօր ահագին վերհիշեցի: Երկար ժամանակ էր, ինչ նման աշխատանք չէի արել բլոգգերում: Սա ինձ համար գործերից կտրվել է:
Ապա բլոգում որոշ փոփոխություններ անելուց հետո, երբ հասկացա, որ աշխատանքը ծավալուն է ու բարդ և շատ ջանքեր կպահանջի, ես խնդրեցի նրան դադարեցնել աշխատանքը, իսկ նա հետևյալն ասաց.
- Ոչինչ: Ես շա՜տ եմ ուզում, որ բլոգը լավ սարքենք: Լավ մարդկանց օգնելը շա՜տ, շա՜տ լավ է: Մանավանդ, որ լավ մարդիկ քիչ են: Կարող ես հանգիստ ասել առանց քաշվելու, ես ասել եմ չէ՞, երբ իմ օգնության կարիքը ունենաս, դիմիր: Միշտ պատրաստ եմ քեզ օգնել, դա հաճույք է: Մանավանդ այդ վերջին շնորհակալություն բառը, դա ամենալավն է` անկեղծ շնորհակալությունը: 
Ահա և վերջ: Կարենը դարձավ բլոգիս վեբ դիզայները: Մի քանի օր շարունակ էկրանից-էկրան ես ասում էի նրան, թե բլոգի որ հատվածն ինչպիսին եմ ուզում, որ լինի, ու նա համբերատար կերպով կատարում էր բոլոր ցանկություններս: Ես նրան խոստացա, որ երբ հարստանամ, հենց իրեն կդիմեմ կայք ստեղծելու համար: Վստահ եմ` Կարենը լավագույն մասնագետներից է, իր գործի վարպետն ու սիրահարը և դիմացինի ցանկացած խնդրանք կկատարի մեծ սիրով ու նվիրվածությամբ:
Հարգելի՛ Կարեն, ես մաղթում եմ քեզ կափ-կանաչ ճանապարհներ, մեծ բարձունքներ, թող որ կյանքի կոչես բոլոր երազանքներդ ու դափնիներ վաստակես... Դու արժանի ես լավագույնին, իմ լավ ու ամենաբարի ընկեր...

Հ.Գ. Բլոգի HTML կոդն է: Կարենն է գրել, պատահաբար տեսա...

Sep 27, 2014

Ահա այսպես ստացվեց


Դու կարծես բարձրագույն մաթեմատիկայի դասագրքի ամենաբարդ խնդիրը լինեիր, իսկ ես դեռ մանկուց պարզագույն թվաբանություն չէի սիրում... Դու նման էիր խրթին գլուխկոտրուկի, որի շուրջ մարդիկ տարիներով մտատանջվում են, մեկ էլ հանկարծ... Հայտնվում է բանից անտեղյակ մի մարդ, նայում-նայում է հանելուկին ու առաջին հայացքից պարզամիտ թվացող պատասխան առաջարկում: Սկզբում բոլորը ծիծաղում են, ապա ընկնում մտքերի մեջ ու հասկանում, որ շատ հաճախ կյանքն իր սեփական հանելուկներն ունի...
Այսպես ես գտա քեզ... Մինչ բոլորը գլուխ էին ջարդում, ես, որ մաթեմատիկա կոչվող գիտությունից միայն թվերը գիտեմ, գումարել, հանել, մի փոքր էլ բաժանել ու բազմապատկել, սիրահարվեցի աշխարհի բարդագույն խնդրին: Ահա այսպես ստացվեց:
Հիշում եմ, որ փոքր տարիքում խելոք խաղում էի խաղալիքներիս հետ ու երբեք չէի վնասում, չէի կոտրում դրանք: Մինչ մյուս երեխաները մասնատում էին իրենց խաղալիքները, փորձում հասկանալ դրանց իմաստը, էությունն ու աշխատելու մեխանիզմը, ես ուղղակի խաղում էի: Ինձ այնքան էլ չէր հետաքրքրում, թե ինչ կա նրանց ներսում...
Հետո մեծացա, բազում տղաների հանդիպեցի, որոնցից քչերն էին գրավում ուշադրությունս: Ես անտարբեր մարդ եմ, մարդկանց ուսումնասիրելու ժամանակ չունեմ, ես չափազանց տարված եմ սիրելիներիս սիրելով...
Դու խնդիր էիր` ծանր, դժվարին, խճճված: Քեզ լուծել էր պետք. ես դա զգացի, հենց քեզ տեսա, առաջին իսկ ակնթարթից: Թող մյուսները գլուխ ջարդեին, բայց էությունդ, տեսակդ, մեխանիզմդ, մտքերդ, հոգիդ ու կյանքդ հասկացողը ե՛ս պիտի լինեի...
Ծանր էր, իսկապես շատ ծանր: Ես անգամ թվերից գլուխ չեմ հանում, էլ ուր մնաց բանաձևերից, լոգարիթմներից, սինուս, կոսինուսից: Աստվա՜ծ իմ, միայն թե դու կարողանայիր պատկերացնել, թե ինչպիսի ցավ եմ զգում այս բառերը գրելիս: Բայց դա քեզ հետ ոչ մի կապ չուներ... Դու այն խնդիրն էիր, որն ինձ երջանկություն էր բերելու... Դու այն տղան էիր, որի սիրտը պիտի շահեի, երբ ամեն ինչ ավարտվեր...
Շատերն ասում էին, որ քեզ գրավելուց հետո զգացմունքներս կփոխվեն, մարդիկ կարծում էին, թե դու ուղղակի սկզբունքի հարց ես ինձ համար: Հիմարնե՜ր: Մարդիկ որքա՜ն են սիրում անտեղի ու սխալ ենթադրություններ անել: Թող խոսեին, ես թքած ունեի, կարևորն այն էր, ինչ ես էի զգում ամբողջ սրտով...
Բայց... Ես չկարողացա գտնել գլխավոր դուռը բացող բանալին, վերջին պահին ես սխալ թիվ գումարեցի, սխալ բանաձև օգտագործեցի, ես արթնացրի քեզ խորը քնից, ես քեզ ապագայի վառ հույսեր տվեցի, բայց ի վիճակի չեղա ամեն ինչ իր ավարտին հասցնել...
Փակեցի գիրքը, նետեցի մի կողմ, արկղեցի, սոսնձեցի, որ մոռանամ, չհիշեմ գոյությանդ մասին, ես ջնջեցի քեզ հետ կապված ամեն-ամեն ինչ, ես պատռեցի բոլոր թղթերն ու խորը շունչ քաշեցի, բայց հենց այդ պահին ինձ սկսեց թվալ, թե ուր որ է կխեղդվեմ...
Չգիտեմ, թե ով երբևէ կլուծի այնքան գեղեցիկ քեզ` այնքան բարդ, այնքան անհասկանալի ու չափազանց զգայուն քեզ... Կամ կլուծի՞ երբևէ... Ես չգիտեմ էլ` հիշո՞ւմ ես ինձ, հիշո՞ւմ ես, թե ինչպես էի ամիսներ շարունակ աշխատում ու փորձում ելքեր գտնել... 
Ես փակել եմ գիրքը, որ ոչ մի թիվ կամ բանաձև նորից շունչ չառնի, չմտնի իմ կյանք... Ես ուղղակի սպասում եմ, մինչ մի գեղեցիկ օր գիրքն ինքն իրեն բացվի, հանելուկն ինքն իրեն լուծվի, որ նայեմ քեզ, ժպտամ ու հասկանամ, որ դու բնավ էլ այդքան բարդ չէիր... Համենայն դեպս` ինձ համար...

Sep 26, 2014

Հուշերի կապոց


Ձեղնահարկի ամենամութ անկյուններից մեկում ամուր արկղված հուշերի կապոց կա` բոլորի կողմից վաղուց մոռացված մանկական խաղալիքներ, մի քանի գրքեր, տետրեր, լուսանկարներ, ձայնասկավառակներ, պատանեկության տարիներին գրված սիրային նամակներ...
Հերթական անգամ բաց եմ անում հուշերիս կապոցն ու մտովի տեղափոխվում անցյալ: Կյանքն ի՜նչ արագ է սահում, անցնում: Այսօրը շուտով երեկ է դառնում, այդ երեկները գումարվում են իրար ու անցյալի էջեր ստեղծում: Ամեն ինչ փոխվում է մեր կամքից անկախ, իսկ մեղավորնե՞ր... Չկան...
Ձեռքս եմ առնում դպրոցական լուսանկարների ալբոմը, թերթում, ժպտում կարոտով ու զգում, որ սիրում եմ լուսանկարում պատկերված ամեն-ամեն ինչ, դպրոցիս գունազրկված պատերն անգամ: Համադասարանցիներս հիմա բոլորովին այլ տեսք ունեն, մեծացել են, հասունացել, բայց իմ հիշողության մեջ նրանք հավետ մնալու են այնպիսին, ինչպիսին այս տարիների լուսանկարներում են: Կյանքի այս փուլում ապրած պահերն ամենաթանկն են, վստահ եմ:
Ձայնասկավառակներ... Հին երգեր, որոնց մեջ այնքան չհնացող խոսքեր ու իմաստներ կան, երգիչներ, որոնք հիմա այլևս չեն երգում, հնչյուններ, որոնք սրտումս քաղցր հուշեր են արթնացնում... Հին ու բարի երգեր, որոնք հիմա արդեն ոչ մեկ չի լսում, որոնց գոյության մասին շատ-շատերը մոռացել են, իսկ նրանք հավերժ ապրելու են իմ ձեղնահարկի արկղված տուփերում...
Խնամքով պահված նամակներ, որոնք կարդալու իրավունք, թերևս, արդեն չունեմ... Այս` այնքան գեղեցիկ ձեռագրով շարադրված տողերի մեջ մեծ սեր կա, քնքշություն, ջերմություն... Բայց այս տողերի հեղինակը ցավոք այլևս չի զգում այն, ինչի մասին գրելու քաջություն է ունեցել երբևէ... Հիմա նա ուրիշին է սիրում... Ձեռագիրն էլ է փոխվել երևի...
Ի՜նչ տարօրինակ է... Որևէ մեկը կարող է կարդալ ու շփոթության մեջ ընկնել... Չէ որ այս տողերը լցված են ամենամաքուր ու գեղեցիկ զգացմունքներով, ես եմ միայն, որ գիտեմ, որ այս զգացմունքներից հիմա ոչինչ այլևս չի մնացել: Այդ որևէ մեկի մտքով չի էլ անցնի, որ կյանքը կարող էր բաժանել իրար այսչափ հավատարիմ սրտեր... Կյանքը փոփոխություններ է սիրում, ուղղակի մի բացթողում, թերություն կա... Հին օրերը, հիշողությունները, ապրած ակնթարթները փոխել չի լինի... Կյանքում մենք միասին չենք, իսկ լուսանկարում մենք հավերժ միասին ենք լինելու, գրված նամակները միշտ նույն զգացմունքն են ամփոփելու, այստեղ երբեք ոչինչ չի փոխվի, ոչ ոք երբևէ չի կարողանա հեռացնել մեզ իրարից...
Ձեղնահարկի ամենամութ անկյուններից մեկում ամուր արկղված հուշերի կապոցը իմ ապրած կյանքի փաստացի ապացույցն է, կյանք, որն հիմա բոլորովին այլ տեսք ունի...

Aug 21, 2014

Ես սիրում եմ քեզ, որովհետև ըղձականը ներկա դարձրիր ու խոստացար մեծ ապառնի...


Լուսաշող մի օր կանգնել ես ճամփիս, ստիպել խոնարհվել սեր խոսքի մասի առջև... Ստորադասվել է ամեն ինչ. դու դարձել ես գերադաս օրերիս շունչն ու հոգին: Դու դարձել ես ամրոց, հանգրվան ես տվել ինձ, օդ ես բովանդակել, անթև պատրանք հորինել... 
Չափ ու քանակի մակբայներն անկարող են նկարագրել սիրուդ մեծությունը. բառերը սկսել են քիչ թվալ, նույնական ու այնքա՜ն պարզ. մեր սիրո համար մի նոր լեզու է հարկավոր...
Շփոթվե՜լ եմ... Հետադաս ու նախադաս ապրումների տարափի մեջ կորցրել եմ գլուխս, հոլովվել քեզ, ձուլվել, հեքիաթի պես ինչ-որ հույսով քեզնով մեկտեղվել ու ամբողջացել... Ա՜խ, ների՛ր, ախր ես անկանոն բայ եմ եղել, ես ազատ եմ եղել, անհնազանդ ու փոթորկուն... Ես օրենքներ չեմ ճանաչել, չեմ սիրել: Հոգիս չեզոք է եղել, հիմա հանկարծ կրավորական է դարձել ու սիրվելու պաշտոնն ինձ շղթայել...
Պատկանելությունս քոնն է, հատկացուցի՛չ իմ սիրելի: Ես անզոր եմ: Քո պարզ ընդարձակ սիրո դեմ ես անուժ եմ, այն այնքա՜ն բարդ է ինձ համար, իսկ ես սիրաշարահյուսական վերլուծություններին սովոր չեմ...
Սիրում եմ քեզ: Սկզբում մի քիչ հրամայական, ապա արդեն հարկադրական, հետո թեպետ պայմանական, սակայն շուտով շատ ըղձական ու վերջապես սահմանական... Ես սիրում եմ քեզ, որովհետև ըղձականը ներկա դարձրիր ու խոստացար մեծ ապառնի... Դու անցյալի փոշին տարար, ներկաս լցրիր վառ գույներով ու լույս գարուն ավետեցիր...
Սիրում եմ քեզ: Սկզբում մի քիչ անիրական, ապա անչափ երազական, շատ խենթաբար, շատ հուզաբար... Դու դրախտի դուռն ես բացել, ներկան կանաչ ես ներկել ու ապառնի որոշել... Ասում եմ. այո...
Սիրում ես ինձ: Գուցե մի քիչ տիրաբար, ապա արդեն հանդարտաբար, պատրանքային, երազային, տենչագին ու բաղձագին...
Տեղի ու ժամանակի մակբայները կանգ են առել, անշնչացել, արձանացել... Տեղն իմ սիրտն է, իսկ ապառնին հավերժական սեր է օրհնում...
Դու երազանքս իրական դարձրիր, մտար իմ կյանք ու մնացիր...

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Անի Հակոբյանին:

Jul 20, 2014

Ես ապրում եմ Կենտրոնում



Ես ապրում եմ Կենտրոն վարչական շրջանում և.
  1. Գրեթե ամեն տեղ ոտքով եմ գնում:
  2. Համերգներն ու հրավառությունները պատուհանից եմ դիտում:
  3. Երբեմն ալարում եմ անգամ պատուհանից դիտել:
  4. Կենտրոնի գրեթե բոլոր բնակիչները տառապում են մի հիվանդությամբ. նրանք չեն կարող և չեն ուզում Կենտրոնից հեռու ապրել:
  5. Կենտրոնի բնակիչներին զարմացնում է «քաղաք իջնել» արտահայտությունը:
  6. Կենտրոնի գրեթե բոլոր խանութներում գները համեմատաբար ավելի բարձր են:
  7. Չգիտես ինչու բոլորին թվում է, որ եթե Կենտրոնում ես բնակվում, ապա ամբողջ օրը պիտի զբոսնես Օպերայի տարածքում կամ Հանրապետության հրապարակում:
  8. Կենտրոնում կյանքը չի քնում... Աշխուժություն, եռուզեռ, երթևեկություն, աղմուկ, լուսավորություն` օրվա բոլոր ժամերին:
  9. Ամռանը Կենտրոնում անտանելի շոգ է:
  10. Կենտրոնի բնակիչները հարուստ, գոռոզ ու մեծամիտ չեն և առանձնապես մեծ արտոնություն չեն համարում Կենտրոնում բնակվելը:
  11. Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման կետում մի մարդ միշտ կարծում է, թե դու պատրաստվում ես Էջմիածին գնալ:
  12. Կենտրոնը բուհերի օրրանն է, երիտասարդության զարկերակը:
  13. Կենտրոնն ամենագեղեցիկ ու ամենաբարեկարգ վարչական շրջանն է:
  14. Կենտրոնը քաղաքամայր Երևանի սիրտն է:

Jul 17, 2014

Նա սիրում էր...



Նա սիրում էր սևագանգուր մազերս ու այն, երբ բողոքում էի, թե ինչու ուղիղ մազեր չունեմ: Նա սիրում էր փոփոխական տրամադրությունս, բորբոքուն հույզերս, զարմանալի համարձակությունս, մտախոհ հարցերս, կտրուկ որոշումներս:
Նա սիրում էր սև աչքերս, թուխ մաշկս, մանկական դիմագծերս: Նա ուղղակի սիրում էր ինձ հենց այնպիսին, ինչպիսին ես կայի` չշպարված, կիսահարդարված, ջինսե տաբատով ու առօրյա թեթև բլուզով: Նա ասում էր, որ ես գեղեցիկ եմ, ես էլ լռում էի...
Նա սիրում էր հոտառություն չունենալս, բարձր ու զրնգուն ծիծաղս, անհեթեթ թվացող մանրուքներով ուրախանալս, մանկական պարզամտությամբ հրաշքների հավատալս, անեկդոտներ պատմել ստիպելս, մելոդրամաներից հուզվելս, գերազանց սովորելս ու ինձ հետ կապված ամեն-ամեն ինչ...
Նա սիրում էր այն, որ ես արդեն որոշել էի, թե հարսանյաց ինչ զգեստ եմ կրելու հարսանիքիս, որ եկեղեցում եմ պսակադրվելու և երեխաներիս անուններն ինչ եմ դնելու... Նա սիրում էր այդ անուններն ու հոգու խորքում թաքուն հույս փայփայում, թե այդ երեխաների հայրն ինքն է լինելու... Նա սիրում էր ինձ այնպես, ինչպես երազել անգամ չէի կարողանա...
Նա սիրում էր սիրո մասին պատկերացումներս, անմնացորդ նվիրվելս ու անկեղծությունս: Նա սիրում էր ջուր խմել չսիրելս, սիրային գրքեր կարդալս, բարդույթներ չունենալս, բարի ու ներողամիտ, բոլորի հանդեպ կամեցող ու սրտաբաց լինելս... 
Նա սիրում էր հոգիս իր ողջ խորությամբ... Նա այն միակն էր, որին այնքան շատ էի ինձ մոտ թողել...
Նա գիտեր, որ ես այն աղջիկներից չեմ, որոնք հենց այնպես ծանոթանում են, հենց այնպես շփվում, հենց այնպես ընկերություն անում: Նա գիտեր, որ ես ժամ առաջ երազում եմ գտնել այն միակին, որին մի ամբողջ կյանք պիտի սիրեմ, ու նա թաքուն երազում էր այդ միակը լինելու մասին...
Նա չէր սիրում, երբ ես ուրիշ տղաների մասին էի խոսում, դա նրան ուղղակի հունից հանում էր... Այդպիսի պահերին երևի ինձ վանդակի մեջ դնելու անզուսպ ցանկություն էր ունենում:
Նա սիրում էր օգնել ինձ, խորհուրդներ տալ, լուծել խնդիրներս ու միշտ ասել, որ ինձ նման երկրորդը չկա: Նրան դուր էր գալիս ռոմանտիկ լինելս, կարմիր ակնոցով աշխարհին նայելս ու երաժշտությամբ ապրելս:
Նա սիրում էր այն, որ առավոտյան ինձ ժամեր էին պետք լինում արթնանալու համար, սիրում էր ինձ` բարկացած, հուզված, ոգևորված, նա ինձ ամեն կերպ էր սիրում...
Նա սիրում էր ինձ այնպես, ինչպես տղան կարող է սիրել այն աղջկան, որի հետ ուզում է ընտանիք կազմել...
Բայց ես նրան չէի սիրում...

Jul 15, 2014

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՎԱՀԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...



Վահան Արկադիի Հովհանիիսյան (Հունիսի 7, 1980 - Հուլիսի 25, 2013)

Ասում են` մարդը շարունակում է ապրել այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են... Իսկ քեզ մենք ոչ մի վայրկյան չենք մոռացել...
Դու հիմա այնտեղ ես` Աստծո մոտ, երկնային արքայությունում: Նա տարավ քեզ ֆիզիկապես, գողացավ ու ընդմիշտ խլեց քեզ մեզնից: 
Ես ամբողջ աշխարհն էլ կտայի քեզ գեթ մի պահ կրկին տեսնելու համար, ներկայությունդ կողքիս զգալու, ամուր գրկելու և ասելու, թե որքան շատ եմ կարոտել, որ առանց քեզ կյանքն այլևս առաջվանը չէ, որ առանց քեզ ոչ ոք ու ոչինչ այլևս առաջվանը չեն... Աշխարհը փոխվել է, դատարկվել, մի տեսակ ամայացել, խամրել... Դու չկաս, էլ չես լինի...  
Անողոք պատահականության զոհը դարձար, որը մարդկային կյանք խաթարեց, փոխեց մի ողջ ընտանիքի ճակատագիր, պատահակություն, որն այդպես էլ անպատիժ մնաց... Երկնակամարից մի վառ աստղ պակասեց, ընկավ, անհետացավ: Աստված քեզ իր մոտ տարավ, տարավ վաղաժամ, անվերադարձ, արցունք ու լաց բերեց... Ասում են` կյանքը շարունակվում է... Այն շարունակվում է հանուն մեր երկու փոքրիկների, որոնց ինձ նվեր թողեցիր:
Մեծ սիրտդ` ողջ էությամբ նվիրվող, հայրենասեր, շատ ընկերասեր, խելացի, կարդացած, առատաձեռն, աշխատասեր, նրբանկատ, շատ նեղացկոտ ու զգայուն... Չի բաբախում, չի զարկում, չի ապրում... Դու այլևս մեր կողքին չես...
Ոչինչ չէիր խնայում մեզ համար, անում էիր ամեն ինչ լավ ու ապահով կյանք ստեղծելու համար: Դու մեր միակ հույսն էիր, մեր լույսը, մեր միակ հանգրվանը... Մեր դստրիկների կողքին դու ամենաբարի մարդն էիր, իդեալական հայր: Խելագարի նման սիրում էիր մեզ: Որոշել էիր միշտ պաշտպանել նրանց, աջակցել, լինել նրանց ուղեկիցն ու խորհրդատուն...
Երազանքներդ ցավոք ընդմիշտ անկատար մնացին... Դու այնքան տխուր ու հիասթափված հեռացար...
Մենք առանց քեզ կիսատ մնացինք... Այն կեսը, որի հետ պիտի մեծանայի, ընդամենը 33 տարի ապրեց... Ես ուզում եմ իմանաս, որ ես միշտ սիրելու եմ քեզ, կարոտելու և սպասելու եմ` նույնիսկ երկնքում...
Անցել է 1 տարի... Ամեն օր թվում էր` շուտով վերադառնալու ես... Իսկ մենք դեռ մի ամբողջ կյանք առանց քեզ պիտի փորձենք ապրել... Դու մեզ հետ չես, վաղն էլ չես լինի, բայց դու միշտ մեր սրտերում կմնաս, մեր հիշողության մեջ... Քո հիշատակը մենք վառ կպահենք...
Հիմա դու երկնքում ես` այնտեղ, որտեղից տեսնում ես մեզ, մեղմ ժպտում ու պահպանում... Կյանքն ընդամենը սկիզբն է...

Նյութը գրվել է բլոգի ընթերցող Հասմիկ Սաֆարյանի խնդրանքով:

Jul 3, 2014

Ես սովորում եմ Բրյուսովում



Ես սովորում եմ Բրյուսովում ու.
  1. Ես պարտավոր չեմ ճանաչել 3-րդ կուրսեցի Աննային:
  2. Ես էլ ունեմ Բրյուսովի արձանի մոտ արված ավանդական լուսանկարից:
  3. Որքան ուզում են փոխեն այդ ֆակուլտետի անունը` ՄՀՖ, ԹՄՀՖ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԼՄՀ Է:
  4. Մենք ատում ենք մաթեմատիկան:
  5. Մենք չունենք ստուգարքներ, քննություններ: Մենք ունենք միայն մոդուլներ:
  6. Մեր բուֆետում խստիվ արգելվում է դաս անելը:
  7. Բրյուսովում սովորող գրեթե բոլոր տղաներն ազդում են մեր նյարդերի վրա:
  8. Մեր բուհը թեթևաբարո աղջիկների հավաքատեղի չէ: 
  9. Բրյուսովի մուտքերի մոտ կանգնող գրեթե բոլոր տղաներն էլ են ազդում մեր նյարդերի վրա:
  10. Լսարանում աղջիկներով կարող ենք խոսել բացառապես ամեն ինչի մասին:
  11. Բողոքել ենք, բողոքում ենք և դեռ շարունակելու ենք բողոքել բացթողումների և թերությունների շտկման համար:
  12. Մենք բուհ ենք մտնում սելեկտիվ քարտերով:
  13. Սելեկտիվ քարտը պայուսակից հանելու պահին մեր բուհի անվտանգության աշխատակիցներն այնպես են մեզ նայում, կարծես մենք տեռորիստ ենք ու զենք ենք հանելու պայուսակից:
  14. Մենք բոլորս ճանաչում ենք ժաննային և Արշակին:
  15. Բրյուսովը ՀՀ ամենաարդար բուհն է:
  16. Մեր դասախոսների մեծ մասը շատ լավն են: 
  17. Մեր բուհում ավանդական զանգի փոխարեն ռոմանտիկ երաժշտություն է հնչում: Երբեմն այն այնքան էլ ռոմանտիկ չէ, բայց...
  18. Եթե մենք ամուսնանում ենք, ապա պարտավոր ենք մեր հարսանիքին հրավիրել Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ առարկայի դասախոս պարոն Սահակյանին: Չէ՞ որ ստուգարքը նշանակելիս նա հենց այդ պայմանն է դրել մեր առջև:
  19. Բրյուսովի գրադարանից որևէ գիրք վերցնելու համար այն հարկավոր է պատվիրել: Նախապես: Մի քանի շաբաթ առաջ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերցնել գիրքը: Գուցե:
  20. Բոլորը ունեն լուսանկար` արված Բրյուսովի բակի պատի մոտ, որտեղ գրված է YSLU: Նոր հիշեցի, որ ես չունեմ:
  21. Բոլորս էլ թեկուզ մեկ անգամ եղել ենք մեր բուհի դիմացի մայթին գտնվող «Ջազվե» սրճարանում:
  22. Մեր բուհը ամենապայծառ, ամենալուսավոր ու ամենագեղեցիկ բուհն է:
  23. Մենք բոլորս անչափ սիրում ենք մեր Բրյուսովը:

Jun 22, 2014

ԻՄ ՍԵԴԱ ՏԱՏԻԿԻՆ



5 երեխա, 12 թոռ, 8 ծոռ... Ու մի ամբողջ պատմություն, մի հարուստ կյանքի պատմություն...
Իմ սիրելի՛ Սեդա տատիկ, երբ քեզ հանձնեմ այս տողերն, ու դու սկսես ընթերցել, ես երևի թաքնվեմ մի անկյունում, որ չտեսնես արցունքներս...
Քո երկար կյանքի ընթացքում բազում դժվարություններ տեսած ու փորձություններ հաղթահարած, տարիներ ապրած ու ճերմակած իմ անգի՛ն տատիկ, այսօր կյանքիդ ժապավենն իր ութսունհինգերորդ գույնն է ստանում... 
Էջմիածնի Հայթաղ գյուղում ծնված, մեծացած ու նախախնամության ձեռքով Թալինի շրջանի Աշնակ գյուղ` Սասունից գաղթած Խաբլջոզի Մանուկի տուն հարս եկած, Աշոտ պապիս կյանքի ուղեկից դարձած, մի կյանք, որ ճակատագրի կամոք վաղաժամ ընդհատվեց...
Ձեր մեծ սերն ապրեց ու հարատևեց, չխաթարվեց բախտի անգութ հարվածներից: Քո մեծ վիշտը սրտումդ պահած` դու տարիներ շարունակ վառ պահեցիր նրա հիշատակը, փայփայեցիր նրան քո հոգում ու շարունակեցիր սիրել նրան այնպես, ասես նա ողջ լիներ... Ու նա ողջ մնաց քո սրտում, նա դաջվեց բոլորիս հիշողության մեջ ու... Ու ապրեց...
Դու սերունդներ ես կրթել, դաստիարակել ու օրինակ ծառայել: Այսօր էլ` տասնամյակներ անց, գյուղացիները քեզ տեսնելիս ջերմ ողջունում ու ընկեր Միսակյան են դիմում, բարի խոսքեր ասում իրենց առաջին ուսուցչուհուն...
Աշոտ Թովմասյանից հետո բոլորին միավորող ու համախմբող Թովմասյաններ գերդաստանի հիմնական սյունը դու դարձար, մեր մեծ տան հիմնաքարը, մեր տան ծուխն ու օրրանը...
Քո այնքան սրամիտ հումորները, քո հետաքրքիր պատումները, քո վարակիչ ծիծաղը, քո մաքուր ժպիտն ու փայլուն աչքերը, քո խաղաղասեր բնավորությունը, քո արտաքին հանգստությունն ու ներքին անհանգստությունը, քո ջերմությունն ու լույսը...
Քո թխած անուշաբույր հացը` թոնրի բոքոնը, լավաշն ու խորիզով գաթան, աշխարհում ամենահամեղն են ինձ համար` կարմրաթուշ, անմահական, ախորժաբույր... 
Այսօր փորձում եմ թղթին հանձնել այն ամենն, ինչ երբեք չեմ կարողացել ասել, ամուր չեմ գրկել ու խոստովանել, թե որքան շատ եմ քեզ սիրում, թե որքան եմ ուզում, որ առողջ լինես ու երկար-երկար կյանք ունենաս...
Մեր պապական տունը մտնելիս ու քեզ այնտեղ նստած տեսնելիս հոգիս լցվում է հաճելի ջերմությամբ, անպատմելի խաղաղությամբ ու անասելի բերկրությամբ...
Սիրելի՛ տատիկ, այսօր կյանքիդ ութսունհինգերորդ ամառն է` քեզ պես բարի, պայծառ, ժպտուն: Թող առողջ լինես, թող Թովմասյաններ գերդաստանի կողքին լինես` որպես ավագ ու առաջնորդ...
Քո զավակներն ու թոռները, փոքրիկ ծոռները քեզ անչափ սիրում ու հարգում են: Բոլորիս անունից ասում եմ. ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, իմ թանկագի՛ն Սեդա տատիկ...

22.06.2014 թ.