Feb 19, 2014

Միակը միլիոններից



Լսիր, այնքան հուզված եմ: Կարոտել եմ քեզ, քեզնով շնչելս, մինչև գիշերվա կեսը քո մասին երազելս, քեզ մտքում փայփայելս ու մտովի ամեն վայրկյան քեզ հետ լինելս... Ինչպես օդը` ինչպես այն գարնանային թարմ օդը, որը ողջ հոգով անվերջ շնչում ու չես հագենում: Ինքս էլ չեմ հասկանում` քո մեջ ի՞նչ եմ գտել: Այնքան եմ կարոտել, որ թվում է` կանգ է առել ողջ աշխարհը, որ թվում է` առանց քեզ չկա ոչինչ, չկամ ես, չկամ ուրախ ու սիրահարված ես...
Դու հենց այն մարդն ես, որին առաջինն եմ հիշում, երբ առավոտյան դժվարությամբ ու դժկամությամբ բացում եմ աչքերս: Դու հենց այն մարդն ես, որի մասին գիշերը քնելիս այնքան եմ մտածում, որ քնել անգամ չեմ կարողանում:
Այս սերը զորեղ է ինձնից... Իսկ քեզնի՞ց: Իսկ դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ես ուր եմ եկել ու հասել, գոնե տեսնո՞ւմ ես, թե ինչպես են աչքերդ վառվում իմ սիրով, գոնե մտածո՞ւմ ես, որ արդեն կանգառ չի մնացել, չկա ոչ ժամ, ոչ ժամանակ...
Հենց այն մեկն ես, որը մագնիսի ձգողականությամբ քաշում է ինձ, միակը միլիոններից, միակը միլիոններում...
Ինչպես լույսը, առանց որի մեկ վայրկյան չեմ դիմանա, կարոտել եմ այնքան ուժգին, որ մեզ մի կյանքն էլ բավարար չի լինի, կարոտել եմ այնքան անզուսպ, որ հոգիս դուրս է պրծել իր տեղից, եկել անկոչի նման փարվել է քեզ ու շունչ ստացել...
Հենց այն մեկն ես, այն միակը, այն եզակին հոգնակիից, այն սիրելին միլիոններից, այն սիրելին միլիոններում...
Տեսնո՞ւմ ես` սերս չի ավարտվում... Անհաջող փորձեր եմ անում քեզ մոռանալու, բայց... Տեսնո՞ւմ ես` իմ մեջ ոչինչ չի փոխվում...
Դու հենց այն մեկն ես, այն միակը, այն հատուկը հասարակից, այն պաշտելին միլիոններից, այն պաշտելին միլիոններում...
Կարոտել եմ, ինձնից էլ շատ, քեզնից էլ շատ, կամ թե իրար գումարած, կամ թե իրար բազմապատկած, կարոտել եմ ժպիտդ, ուրախությունդ, սիրահար հայացքդ ու... Քեզ... 


No comments:

Post a Comment