Sep 27, 2014

Ահա այսպես ստացվեց


Դու կարծես բարձրագույն մաթեմատիկայի դասագրքի ամենաբարդ խնդիրը լինեիր, իսկ ես դեռ մանկուց պարզագույն թվաբանություն չէի սիրում... Դու նման էիր խրթին գլուխկոտրուկի, որի շուրջ մարդիկ տարիներով մտատանջվում են, մեկ էլ հանկարծ... Հայտնվում է բանից անտեղյակ մի մարդ, նայում-նայում է հանելուկին ու առաջին հայացքից պարզամիտ թվացող պատասխան առաջարկում: Սկզբում բոլորը ծիծաղում են, ապա ընկնում մտքերի մեջ ու հասկանում, որ շատ հաճախ կյանքն իր սեփական հանելուկներն ունի...
Այսպես ես գտա քեզ... Մինչ բոլորը գլուխ էին ջարդում, ես, որ մաթեմատիկա կոչվող գիտությունից միայն թվերը գիտեմ, գումարել, հանել, մի փոքր էլ բաժանել ու բազմապատկել, սիրահարվեցի աշխարհի բարդագույն խնդրին: Ահա այսպես ստացվեց:
Հիշում եմ, որ փոքր տարիքում խելոք խաղում էի խաղալիքներիս հետ ու երբեք չէի վնասում, չէի կոտրում դրանք: Մինչ մյուս երեխաները մասնատում էին իրենց խաղալիքները, փորձում հասկանալ դրանց իմաստը, էությունն ու աշխատելու մեխանիզմը, ես ուղղակի խաղում էի: Ինձ այնքան էլ չէր հետաքրքրում, թե ինչ կա նրանց ներսում...
Հետո մեծացա, բազում տղաների հանդիպեցի, որոնցից քչերն էին գրավում ուշադրությունս: Ես անտարբեր մարդ եմ, մարդկանց ուսումնասիրելու ժամանակ չունեմ, ես չափազանց տարված եմ սիրելիներիս սիրելով...
Դու խնդիր էիր` ծանր, դժվարին, խճճված: Քեզ լուծել էր պետք. ես դա զգացի, հենց քեզ տեսա, առաջին իսկ ակնթարթից: Թող մյուսները գլուխ ջարդեին, բայց էությունդ, տեսակդ, մեխանիզմդ, մտքերդ, հոգիդ ու կյանքդ հասկացողը ե՛ս պիտի լինեի...
Ծանր էր, իսկապես շատ ծանր: Ես անգամ թվերից գլուխ չեմ հանում, էլ ուր մնաց բանաձևերից, լոգարիթմներից, սինուս, կոսինուսից: Աստվա՜ծ իմ, միայն թե դու կարողանայիր պատկերացնել, թե ինչպիսի ցավ եմ զգում այս բառերը գրելիս: Բայց դա քեզ հետ ոչ մի կապ չուներ... Դու այն խնդիրն էիր, որն ինձ երջանկություն էր բերելու... Դու այն տղան էիր, որի սիրտը պիտի շահեի, երբ ամեն ինչ ավարտվեր...
Շատերն ասում էին, որ քեզ գրավելուց հետո զգացմունքներս կփոխվեն, մարդիկ կարծում էին, թե դու ուղղակի սկզբունքի հարց ես ինձ համար: Հիմարնե՜ր: Մարդիկ որքա՜ն են սիրում անտեղի ու սխալ ենթադրություններ անել: Թող խոսեին, ես թքած ունեի, կարևորն այն էր, ինչ ես էի զգում ամբողջ սրտով...
Բայց... Ես չկարողացա գտնել գլխավոր դուռը բացող բանալին, վերջին պահին ես սխալ թիվ գումարեցի, սխալ բանաձև օգտագործեցի, ես արթնացրի քեզ խորը քնից, ես քեզ ապագայի վառ հույսեր տվեցի, բայց ի վիճակի չեղա ամեն ինչ իր ավարտին հասցնել...
Փակեցի գիրքը, նետեցի մի կողմ, արկղեցի, սոսնձեցի, որ մոռանամ, չհիշեմ գոյությանդ մասին, ես ջնջեցի քեզ հետ կապված ամեն-ամեն ինչ, ես պատռեցի բոլոր թղթերն ու խորը շունչ քաշեցի, բայց հենց այդ պահին ինձ սկսեց թվալ, թե ուր որ է կխեղդվեմ...
Չգիտեմ, թե ով երբևէ կլուծի այնքան գեղեցիկ քեզ` այնքան բարդ, այնքան անհասկանալի ու չափազանց զգայուն քեզ... Կամ կլուծի՞ երբևէ... Ես չգիտեմ էլ` հիշո՞ւմ ես ինձ, հիշո՞ւմ ես, թե ինչպես էի ամիսներ շարունակ աշխատում ու փորձում ելքեր գտնել... 
Ես փակել եմ գիրքը, որ ոչ մի թիվ կամ բանաձև նորից շունչ չառնի, չմտնի իմ կյանք... Ես ուղղակի սպասում եմ, մինչ մի գեղեցիկ օր գիրքն ինքն իրեն բացվի, հանելուկն ինքն իրեն լուծվի, որ նայեմ քեզ, ժպտամ ու հասկանամ, որ դու բնավ էլ այդքան բարդ չէիր... Համենայն դեպս` ինձ համար...

Sep 26, 2014

Հուշերի կապոց


Ձեղնահարկի ամենամութ անկյուններից մեկում ամուր արկղված հուշերի կապոց կա` բոլորի կողմից վաղուց մոռացված մանկական խաղալիքներ, մի քանի գրքեր, տետրեր, լուսանկարներ, ձայնասկավառակներ, պատանեկության տարիներին գրված սիրային նամակներ...
Հերթական անգամ բաց եմ անում հուշերիս կապոցն ու մտովի տեղափոխվում անցյալ: Կյանքն ի՜նչ արագ է սահում, անցնում: Այսօրը շուտով երեկ է դառնում, այդ երեկները գումարվում են իրար ու անցյալի էջեր ստեղծում: Ամեն ինչ փոխվում է մեր կամքից անկախ, իսկ մեղավորնե՞ր... Չկան...
Ձեռքս եմ առնում դպրոցական լուսանկարների ալբոմը, թերթում, ժպտում կարոտով ու զգում, որ սիրում եմ լուսանկարում պատկերված ամեն-ամեն ինչ, դպրոցիս գունազրկված պատերն անգամ: Համադասարանցիներս հիմա բոլորովին այլ տեսք ունեն, մեծացել են, հասունացել, բայց իմ հիշողության մեջ նրանք հավետ մնալու են այնպիսին, ինչպիսին այս տարիների լուսանկարներում են: Կյանքի այս փուլում ապրած պահերն ամենաթանկն են, վստահ եմ:
Ձայնասկավառակներ... Հին երգեր, որոնց մեջ այնքան չհնացող խոսքեր ու իմաստներ կան, երգիչներ, որոնք հիմա այլևս չեն երգում, հնչյուններ, որոնք սրտումս քաղցր հուշեր են արթնացնում... Հին ու բարի երգեր, որոնք հիմա արդեն ոչ մեկ չի լսում, որոնց գոյության մասին շատ-շատերը մոռացել են, իսկ նրանք հավերժ ապրելու են իմ ձեղնահարկի արկղված տուփերում...
Խնամքով պահված նամակներ, որոնք կարդալու իրավունք, թերևս, արդեն չունեմ... Այս` այնքան գեղեցիկ ձեռագրով շարադրված տողերի մեջ մեծ սեր կա, քնքշություն, ջերմություն... Բայց այս տողերի հեղինակը ցավոք այլևս չի զգում այն, ինչի մասին գրելու քաջություն է ունեցել երբևէ... Հիմա նա ուրիշին է սիրում... Ձեռագիրն էլ է փոխվել երևի...
Ի՜նչ տարօրինակ է... Որևէ մեկը կարող է կարդալ ու շփոթության մեջ ընկնել... Չէ որ այս տողերը լցված են ամենամաքուր ու գեղեցիկ զգացմունքներով, ես եմ միայն, որ գիտեմ, որ այս զգացմունքներից հիմա ոչինչ այլևս չի մնացել: Այդ որևէ մեկի մտքով չի էլ անցնի, որ կյանքը կարող էր բաժանել իրար այսչափ հավատարիմ սրտեր... Կյանքը փոփոխություններ է սիրում, ուղղակի մի բացթողում, թերություն կա... Հին օրերը, հիշողությունները, ապրած ակնթարթները փոխել չի լինի... Կյանքում մենք միասին չենք, իսկ լուսանկարում մենք հավերժ միասին ենք լինելու, գրված նամակները միշտ նույն զգացմունքն են ամփոփելու, այստեղ երբեք ոչինչ չի փոխվի, ոչ ոք երբևէ չի կարողանա հեռացնել մեզ իրարից...
Ձեղնահարկի ամենամութ անկյուններից մեկում ամուր արկղված հուշերի կապոցը իմ ապրած կյանքի փաստացի ապացույցն է, կյանք, որն հիմա բոլորովին այլ տեսք ունի...