Apr 18, 2015

ԽՈՍՔ ԱՌ ԱՍՏՎԱԾ


«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում»: - Ա Կորնթ. 13:4-7

Տեր երկնքի և երկրի` ամենակալ, ամենազոր, որ հրաշքներ ես գործում ու փրկություն բերում, թողություն շնորհում մեղքերին ու մաքրում անիրավությունից, առաջնորդում արդարության ճանապարհով և ճշմարտության խորհուրդներով ուղի մատնանշում: Սուրբ է Անունը Քո:
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի: Գոհություն ենք հայտնում Քեզ մեր ներսում վառած մշտավառ լույսի, Քո կենարար խոսքի և պարգևած ամեն շնորհի համար: Քո հրաշագործ զորությամբ բարեհաճ ես բոլորի հանդեպ: Փառք Քեզ, Տեր, որ փարատում ես տառապյալներին և սրտապնդում հուսալքվածներին: Քո իմաստությամբ քննում ես մարդկանց սրտերի խորհուրդներն ու մտածումները, լսում ես արդարի օգնության աղերսն ու ազատում նեղություններից` հատուցելով յուրաքանչյուրին ըստ իր գործերի:
Ողորմած և բարեգութ Աստված, շնորհակալ ենք Քո սիրո, հոգատարության և բարության համար: Սերը քեզնից է, Դու բնակվում ես մեր մեջ, և Քո սերը կատարյալ է: Գոհությամբ փառաբանում ենք Անունդ մարդկային վշտերի ծովից, չարից և անօրենից մեզ հեռու պահելու, կեղծությունից և ստությունից մեզ փրկելու և նեղության մեջ զորացնելու համար: Խոնարհվում ենք Քո առջև լավն ու բարին մեզ ընդառաջ բերելու, սխալներից հեռու պահելու, մեր գործած սխալները շտկելու համար: Գոհություն Քեզ, երկնային արքայության Տեր, քանզի տվել ես կամք, օգնել ես լինել բարի, ազնիվ, շիտակ ու արդար, սովորեցրել ես, որ ամեն բան իր ժամանակն ունի և սովորեցրել ես ապրել այսօրվա օրով: Պատվում ենք Քեզ, քանզի օգնում ես ամուր հիմքերի վրա հաստատել ու պահպանել մեր հավատը, միշտ ուրախ լինել, չարի փոխարեն չարը չհատուցել և չարին բարով հաղթել: Երկնավոր Հայր, Քո Սուրբ Հոգին մեզ հետ է: Մեր հովանավոր ու առաջնորդ, պահապան ու պաշտպան, Քո պատվիրանները պահել ենք մեր սրտի մեջ և հոգու խորքում: Աղոթքը մեր շուրթերին խորին նվիրումով փառաբանում ենք Քեզ, քանզի պարգևել ես կյանք, սեր և խաղաղություն:
Ամենազոր Տեր, հիշո՞ւմ ես` արցունքն աչքերիս մեղադրում էի Քեզ, թե ինձ մենակ ես թողել: Հիշո՞ւմ ես` տխրում էի, բողոքում, նեղանում Քեզնից: Շնորհակալ եմ, որ կողքիս էիր այն ժամանակ, երբ ինքս էի ինձ մենակ թողել: Շնորհակալ եմ, որ չլքեցիր ինձ և ներեցիր բոլոր մեղքերս: Շնորհակալ եմ, որ շարունակեցիր սիրել ու հասկանալ ինձ: Շնորհակալ եմ, քանզի Սուրբ Հոգու զորությամբ ինձ հույսով ողողեցիր և անհատակ հավատի շողերով նոր շունչ տվեցիր: Շնորհակալ եմ ինձ պարգևած ճշմարտության, անսպառ լույսի և խոր հանգստության համար: Շնորհակալ եմ մտքերս նորոգելու, ինձ ամոքելու և խաղաղությամբ օրհնելու, մութ ու խավարի միջով դեպի ճշմարտություն ձեռքս ամուր բռնած տանելու և ինձ փրկելու համար: Ամենակարող Բարձյալ, ես Քեզ եմ ապավինել ու Քո մեջ եմ ապաստան գտել, կյանքում Քո մատնանշած ուղիներն եմ ընտրել ինձ ուղեցույց: Խոնարհվում եմ Քո առջև, քանզի լսում էիր աղոթքներս, սրբում արցունքներս ու ճշմարտություն հուշում ինձ: Շնորհակալ եմ այդ ճշմարտության համար: Շնորհակալ եմ, որ արժանացա Քո փրկությանը: Շնորհակալ եմ իմ առջև բացած արդար ճանապարհների, խնդրածս ճշմարտությունն ինձ տալու, փնտրածս գտնել օգնելու, իմ բախած դուռը բացելու համար: Շնորհակալ եմ, քանզի լսեցիր աղաչանքս և ընդունեցիր խնդրանքս: Շնորհակալ եմ, որ պատեցիր ինձ Քո սքանչելի սիրով, հոգիս խինդով լցրիր և պարգևեցիր հավիտենական երջանկություն: Խոնարհվում եմ Քո առջև, քանզի սովորեցրիր ինձ Քո կամքը կատարել: Երախտապարտ եմ, քանզի օգնեցիր հաշտվել ճակատագրիս հետ: Այժմ անվերապահ վստահությամբ ու բացարձակ հավաստությամբ ցանկացած ընտրություն Քո բարի ու ճշմարիտ խոսքով եմ կատարում: Քո կամքը թող լինի:
Գոհություն Քեզ, գթասիրտ Հայր, քանզի մեր կողքին ես, ու մեր աղոթքի ձայնն հասնում է Քեզ: Դու տեսնում ես ամեն բան, Դու ամեն ինչ գիտես նախապես, Քեզ համար անկարելի բան չկա: Խոնարհվում ենք Քո առջև, քանզի կարող ենք խոսել Քեզ հետ, աղոթել, մեր մտքերը Քեզ հայտնել ու գիտենալ, որ սիրում ես մեզ ամենամաքուր ու սուրբ սիրով, համոզված լինել, որ երբեք մեզ մենակ չես թողնի: Քո զորությունն հովանի է մեզ:
Անսասան հավատի ողջ էությամբ գոհաբանում ենք Քո օրհնության ուժը, Քո զորությունը և մեծ փառքը: Լսիր Քեզ սրբաբանողների անհուն երախտագիտության ջերմագին աղոթքը, երկնի բովանդակ խորության անեզր ու անհատնում սիրով հավիտենապես երախտապարտ ենք Քո գթառատության և ողորմածության համար: Սիրում ու պաշտում ենք Քեզ մեր ամբողջ հոգով և մեր ողջ էությամբ:
Հավիտյանս գովյալ և փառավորյալ է Քո անունը: Մեծ է քո իմաստությունը, Դու արդար ես, Քո բոլոր գործերը ճշմարիտ են, ճանապարհներն ուղիղ են ու լուսավոր: Երկնքի ու երկրի Արարիչ, Քո արքայությունն հավիտյան է: Փառք ու զորություն Քեզ հավիտյանս հավիտենից: Ամեն:

«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը, և սրանցից մեծագույնը սերն է»: - Ա Կորնթ. 13:13

ԳՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԽՈՍՔԵՐ:

No comments:

Post a Comment