Aug 2, 2013

Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ


Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Հովհաննես Շիրազ

Եթե ինձ հարցնեին, թե որ բառն է իր հնչերանգով, բովանդակ էությամբ ու շարահյուսական պաշտոնով ամենանշանակալիցն ու քաղցրն իմ սրտում, ես առանց մի պահ վարանելու կասեի` «Մամա»:
Ինձ կյանք պարգևած ու լույս աշխարհ բերած, ինձ քո մեջ կրած ու անունիդ թարգմանությունը տված իմ անգին մամա, աշխարհիս երեսին և ոչ մի բառ չի կարողանա նկարագրել ու պատկերել իմ անսահման սիրո դրսևորումներն իրենց ողջ խորությամբ, լայնքով ու երկայնքով:
Իմ բարեսիրտ, կամեցող, ազնիվ ու անկեղծ, ջինջ ու մաքուր, ծայրահեղության հասնող հոգատար և ուշադիր, համբերատար, նվիրվող, մեծահոգի, զգացմունքային, հանդուրժող ու ամեն ինչ ներող, հեռատես ու զգույշ, արդարամիտ, խորունկ սիրով ու անհատնում ջերմությամբ լեցուն...
Դու ողջ կյանքդ ես մեզ նվիրել, ու, ցավոք, բազում զոհողությունների գնացել հանուն մեզ: Դժվարին պայմաններում մեկ սենյականոց բնակարանում երեք երեխա մեծացնել ու դաստիարակել, սովորեցնել ու օրինակ ծառայել, բայց երբեք չտրտնջալ... Դու և հայրս պատվով ու հետևողական պատասխանատվությամբ եք կատարել ձեր առաքելությունը:
Քո տված մայրական խորհուրդներն ու խրատները միշտ շատ ճշմարիտ են, քո` երբեմն խիստ տոնով ասված, բայց հորդացող սիրո ճառագայթներ պարունակող խոսքերը չափից դուրս իրական են ու կազդուրիչ: Իմ զվարճալի հարցերին էլ ավելի զվարճալի պատասխաններ գտնող, ինձ իրապես սիրող, երազային էությունս հասկացող ու ընդունող, ինձ պաշտպանող ու աջակցող, կողքիս կանգնած իմ պահապան հրեշտակ, դու իմ լույսն ես...
Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ... Ես ՔԵԶ նման մայր եմ ուզում լինել...
Ներիր, որ երբեմն բարկացնում եմ քեզ: Ներիր չմտածված խոսքերիս ու արարքներիս համար, ներիր, եթե երբևէ տխրեցրել եմ քեզ:
Ես երբեք էլ չեմ կարողանա քեզ արժանին փոխհատուցել, քո տվածը` հոգուս թևեր ու կյանքիս իմաստ հաղորդած անչափելի, անշոշափելի ու անմեկնելի մի վիթխարի կարողություն է: 
Սիրում եմ քեզ, իմ թանկագին Մամա: Ու չնայած որ ես արտաքնապես ավելի շատ հայրիկին եմ նման ու «Պապայի աղջիկն» եմ, ներքուստ ես քո կերպարն եմ կրում իմ մեջ` հայ կնոջ ու անձնազոհ մոր հավաքական կերպարը...
Դու այնքան ես անհանգստանում յուրաքանչյուրիս համար, մեզ հետ միասին տխրում, մեզ հետ միասին ուրախանում ու հպարտանում մեր ձեռքբերումներով: Քեզնից անհնար է որևէ բան թաքցնել, դու միշտ նկատում ես ամեն ինչ` ժպիտի տակ քողարկված տխրություն, չարտասանված մտքեր, ոչինչ չասող, բայց քեզ համար պերճախոս հայացք: Հա, մամ, քո սերը սահմաններ չունի...
«Զգույշ կլինես»«քաղցած չե՞ս»«դուռը ոչ մեկի առաջ չբացես»«մի բան հագիր, որ չմրսես»«շուտ կգաս, չուշանաս»«հենց տեղ հասնես, զանգիր» ու մի շարք նման արտահայտություններ անբաժան են մեզնից: Քո պատրաստած անմահական, ախորժելի ու անուշահամ ուտեստները անտարբեն չեն թողնում և ոչ ոքի: Դու, երբեմն անսալով իմ` «Մամ, սուրճիս բաժակը նայիր էլի» թախանձանքին, չնայած բնավ չտիրապետելով այդ «գիտությանը», ճշմարտանման ու լուսավոր խոսքեր ես շռայլում և ուրախությամբ լցնում բոլորիս:
Շնորհավոր Ծնունդդ, իմ աստվածային էակ... Ուզում եմ, որ քեզ երբևէ բաժին հասած խնդիրներն իբրև պարգև բազմապատկված փոխհատուցվեն: Ես աղոթում եմ, որ դու երկաթյա առողջություն ունենաս, ապրես անհոգ ու հանգիստ: Ուզում եմ, որ միշտ ժպտաս, ես էլ ամուր փարվեմ քեզ ու միշտ ինձ քո փոքրիկ աղջիկը զգամ... Աստված քեզ պահապան...
Քո ներկայությամբ մեզ ամբողջացնող ու լիարժեք դարձնող իմ պայծառ առավոտ, դու մեր տան մշտավառ լույսն ես, մեր տան անխախտ սյունն ես, մեր ջերմաշունչ ու կաթոգին գոյությունն ես: 
Ամեն վայրկյան արթուն մեզ քաջալերելու, ապաքինելու ու փրկելու` թեկուզ միայն մի բառով կամ էլ հայացքով...
Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ... Ես քեզ կափ-կանաչ գարուններ եմ մաղթում, բերկրալից ու ծաղկալից բազում պահեր, ժիր ու կայտառ թոռնիկներ, հեշտ ու խաղաղ կյանք...


02.08.2013


2 comments:

  1. Շնորհավոր ԼՈՒՍ ջան ,, աշխարհի ամենալավ բաները իրեն )))

    ReplyDelete
  2. Անչափ շնորհակալ եմ Լունա ջաաան )))

    ReplyDelete