Մեծ Եղեռնի 100-ամյա
տարելիցին ընդառաջ
Իմ պատուհանից բացվող
ու նահանջի ճամփան
երբեք չբռնող Մասիսի
սպիտակափառ գագաթն է, որն իր խորհրդավոր փայլով
դարերի ու հազարամյակների պատմություն է ամփոփում:
Ես հայ եմ`
արմատներով սասունցի: Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Սասուն աշխարհի զավակ լինելով ու իմ մեջ նախնիներիս շունչը կրելով` դեռ մանկուց բազում պատմություններ էի լսել Էրգրի
կարոտի, Սասունից բռնագաղթված ու հայրենի եզերքը
հեռվում թողած հորս պապի` Խաբլջոզի Մանուկի
և շատ ուրիշների մասին: Ճակատագրի
հարկադրանքով խաթարված կյանք, ավերված գյուղեր, բնաջնջված հայեր…
Արևելյան Հայաստանում ապաստան
գտած շատ-շատերը դեռ չխամրող հույս ունեին. վերադառնալ:
Հայի անկախ,
ինքնիշխան
ու
երբեք
չընկճվող ոգին անկոտրում էր ամենադաժան արհավիրքներից հետո անգամ…
Սակայն… «Արևմտյան Հայաստան» երազանքը սահմանից անդին է դեռ…
***
2014 թվական: Երևան: Վ. Բրյուսովի
անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Սեպտեմբեր: Մագիստրատուրա 2-րդ կուրս:
Համընդհանուր ժխոր, 80 րոպե տևող բուռն քննարկումներ: Դասախոսը մեջբերում է անում հայտնի հոդվածից.
- Թուրքիայի
նախկին վարչապետ (ներկայիս նախագահ) Ռեջեփ
Թայիփ Էրդողանը 2014 թ.-ի ապրիլի
24-ի նախօրեին պատմության մեջ առաջին անգամ իր պետության անունից ցավակցել է 20-րդ
դարասկզբին իրենց կյանքը կորցրած հայերի թոռներին:
- Հայերը
ոչ թե պարզապես «կորցրել են իրենց կյանքը», այլ դաժանորեն ցեղասպանվել հենց
թուրքերի կողմից,- ասում եմ ես:
- Էրդողանը
հավելել է, որ Թուրքիայի Հանրապետությունը 1915-ի դեպքերը
գիտականորեն հետազոտելու համար կոչ է արել պատմաբանների համատեղ հանձնաժողով
ստեղծել: Թուրք, հայ և օտարերկրյա պատմաբանների աշխատանքը 1915-ի դեպքերի վրա
լույս սփռելու և պատմությունը ճիշտ հասկանալու գործում կարևոր դեր կխաղա:
- Ցինիկ
հնարք, հերթական ժխտողական քաղաքականություն: Չի՛ կարելի խեղաթյուրել բոլորին հայտնի պատմական իրողությունը,- շարունակում
եմ ես:
- Լուսինե՛,
իսկ ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է: Գուցե չի եղել: Ես այնքան
էլ հավատ չեմ ընծայում մեր պատմաբաններին, հակառակ կողմին էլ կարելի է լսել, թե չէ
մենք մերն ենք ասում, նրանք` իրենցը, լավ կանեինք մոռանայինք այս հարցի մասին,- ասում
է համակուրսեցիներիցս մեկը:
- Ինչպե՞ս
թե «ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է»: Դու Արևմտյան
Հայաստանից գաղթած ազգականներ, ծանոթներ ունեցե՞լ ես: Որևէ վկայություն կարդացե՞լ
ես: Երբևէ տեսե՞լ ես, թե ինչ ցավով, մրմուռով են խոսում ու վերապրում 100 տարվա
վաղեմության ոճիրը: Ավելի քան 1.500000 հայեր տեղահանվել են, գազանորեն սպանվել,
գլխատվել: Երիտթուրքական կառավարության նպատակը հայերին ոչնչացնելն է եղել,
արևելյան Անատոլիան հայերից դատարկելը: Թալեաթ փաշան Աբդուլ Համիդի սկսած զանգվածային
ջարդերի շարունակողն է եղել, իսկ այդ եղեռնագործ սատանայի ահեղ դատաստանը հայ
ուսանող Սողոմոն Թեհլերյանն է կայացրել, մի մարդ, որն իր աչքերով է տեսել այդ
անհավատալի արհավիրքն ու սարսափը: Իսկ դու ու, ցավոք, քեզ պես շատ ուրիշներ դեռ կասկածում
ու թուրքական քարոզչամեքենայի զոհն են դառնում: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե թուրք
պատմաբաններն ինչ ստեր են ասում ու գրում: Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը
ճանաչվեր ու դատապարտվեր Թուրքիայի կողմից, չէին լինի Բաքվի և Սումգայիթի ջարդերը,
Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Գուրգեն Մարգարյանի բարբարոսական կացնահարումը,
Հրանտ Դինքի սպանությունը, հայկական եկեղեցու պայթեցումն ու քեսաբահայության
տարհանումը: Թուրքը մնում է թուրք` քանի հազար տարի էլ անցնի:
Բոլորը միանգամից լռեցին: Դասախոսը նույնպես ոչինչ չասաց: Չդիմացա:
Ընդհանրապես ես անարդարություն չհանդուրժող եմ, համարձակ: Ասացի ու հետո ամբողջ
դասի ընթաքցում այլևս չխոսեցի: Սուս-փուս նստել էի, մտովի մեր գյուղն էի հիշել,
հորս հայրական տունը: Զգացի, որ կարոտել եմ տատիկիս: Պապիկիս չեմ տեսել, իմ
ծնվելուց շատ տարիներ առաջ է մահացել:
***
Խաբլջոզի Մանուկը զվարճախոս կենսափիլիսոփա է եղել: Խորախորհուրդ խոսքն ու զրույցը, հրաշալի պատմություններն ու զվարճապատումներն անպակաս են եղել նրանից:
Նվիրական Էրգիրը կարոտով ու մորմոքով էր թողել... Կնոջը` գեղեցկուհի Մարիամին այրել էին: Գաղթի դժվարին ճանապարհին դստերը` փոքրիկ Իզմիրին հանձնել էր մի քրդի: Ետ դառնալու հույս էր ունեցել, սակայն...
Թալինի շրջանի Աշնակ գյուղում պատսպարված ու նոր կյանք սկսած, նոր տուն-տեղ դրած` նա շարունակել էր պահպանել հայրենասիրական շունչն ու կորովը, հետևել նահապետական վեհ ու առաքինի պատգամներին:
Երեք որդի ունեցավ` Պերճ, Աշոտ և Թովմաս: Աշոտ Թովմասյանը պապիկս է եղել: Տարիներ անց Իզմիրի և Մանուկի որդիների միջև նամակագրական գաղտնի կապ է հաստատվել: Թուրքերեն իմացող մեկի միջոցով հայերեն գրվածի թուրքերեն թարգմանում և հակառակը, վախ, սպասումներ, թաքուն ընթերցումներ, խոսակցություններ: Մի քանի լուսանկարներ ու նամակներ` պապիկիս դարակում խնամքով պահված, որոնք վկայում են անցյալի չմոռացվող էջերի ու ապրած տանջալից տարիների մասին: Նրա մահից հետո, ցավոք, կապը գրեթե խզվել է…
***
2014 թվական:
Երևան: Նոյեմբեր:
Գրասեղանիս
կույտերով գրքեր են դրված: Դրանք այն գրքերն են, որոնք հերթով պիտի կարդամ: Հայրս
շատ հաճախ գրքերի մի կապոց ձեռքում բռնած տուն է գալիս, մտնում իմ սենյակ ու ծանոթացնում
ինձ հին կամ նոր, մոռացված կամ թե երբեք չհնացող էջերի անվերջությանը, որոնք տարբեր երկրների ու թագավորությունների, ազգերի
ու ժողովուրդների, աստվածների ու հավատալիքների,
Ռոմեոների ու Ջուլիետների պատմություններ են
ամփոփում... Այնպես որ իմ կույտը պարբերաբար թարմացվում է. պակասում, ապա
համալրվում նոր գրքերով:
Ու մի օր աչքովս մի գիրք է ընկնում. Ֆեթհիյե Չեթին - «Մեծ
մայրս»: Հետաքրքրությամբ վերցնում եմ ու սկսում թերթել: Որքան ժամանակ է այս գիրքը
դրված է իմ առջև, իսկ ես նոր եմ միայն նկատում այն:
Սկսում եմ ընթերցել: Սկզբնական «միայն մի քանի էջ թերթելը»
վերածվում է ինքնամոռացության ու ինքս էլ չեմ նկատում, թե ինչպես եմ խորասուզվում
ու խորտակվում հեղինակի հուշագրական վիպակի մեջ: Պատմում է իր տատի կյանքը, որը
խոստովանել է հեղինակին իր հայ և մինչև 1915 թվականը քրիստոնյա լինելը: Ուշագրավ
տողեր տեղահանման, կոտորածի ու աքսորի վերաբերյալ, որոնք բորբոքում են սեփական
հուշերս…
Հորս հորեղբոր` Պերճ Թովմասյանի թողած գրական հարուստ ժառանգության մեջ ևս պատկերվում են Սասուն-Մուշ աշխարհը, գաղթյալ ժողովրդի զավակները` Խաբլջոզի Մանուկը, Համզե Բջուկը, Դավոն, դարբին Գրիգորը, Խուկեն, Ջուլհակ Կարապետը, Սրնգահար Արեն, Խոթա Միրոն, Բջե Ավեն, Տալվորիկցի Գաբրիելը, Փոփե պապը և շատ ուրիշներ...
Մի կողմ եմ դնում գիրքն ու սկսում մտածել… Իսկ որքա՜ն շատ
հայեր են մնացել Թուրքիայում, դարձել մուսուլման, թրքացվել: Ինքս էլ այնտեղ վաղուց
կորած ու մոռացված ազգականներ ունեմ: Երբ փոքր էի, Թուքիայից մի մարդ էր եկել
գյուղ: Ասում էին` Իզմիրի բարեկամներից է: Մահմուդ էր անունը:
Տեսնես նա կա՞ Ֆեյսբուքում: Այ թե միտք ծնվեց գլխումս:
Ֆանտաստիկ կլիներ, եթե կարողանայի գտնել նրան, իսկ նրա միջոցով` Իզմիրի թոռներին կամ
ծոռներին: Վստահ եմ, որ նրանցից գոնե մեկը գրանցված է աշխարհի ամենահայտնի
սոցիալական ցանցում: Ի՜նչ լավ կլիներ, եթե այն
ժամանակներում համացանցը գոյություն ունենար: Կապը չէր կորի: Թեկուզ հեռու և օտար`
նրանք միշտ աչքիդ առաջ կլինեին, կտեսնեիր, թե ինչպես են ապրում, ինչով են
զբաղվում: Հա՞յ են, թե…
Սեդա տատիկս պատմում է, որ Իզմիրը խութեցի հայի հետ է
ամուսնացել, սակայն ապրել են որպես ծպտյալ հայեր, դարձել մուսուլման: Հինգ երեխա են
ունեցել` երկու տղա, երեք աղջիկ. նրանց երակներում հայի արյուն է հոսում:
Հիշում եմ, որ տարիներ առաջ գյուղում տատիկս ինձ մի
լուսանկար ցույց տվեց: Իզմիրի քսանմեկ թոռնիկներից մեկին` տասներեքամյա Հերիքնազին
ինձ էր նմանեցրել: Լուսանկարի աղջնակն իսկապես նման էր ինձ` սևագանգուր մազերով,
սևաչյա փոքրիկ գեղեցկուհի էր:
Իզմիրի թոռները հիմա արդեն բավականին մեծ են, իրենց
երեխաներն ունեն: Գուցե թուրքի հետ են ամուսնացել: Հայի արյանը թուրքի արյուն է միախառնվել:
Տեսնես այդ արյուններն ինչպե՞ս են միաժամանակ հոսում երակներով, չե՞ն բախվում
իրար, մերժում, դատապարտում: Ներքին խռովք ու ընդվզում չե՞ն փոթորկվում ու դուրս
գալիս ափերից: Ինչպե՞ս են իրենց ներսում կրում հային ու թուրքին: Պատերա՞զմ են
մղում սեփական եսի դեմ, թե՞ վաղուց հաշտության պայմանագիր են կնքել: Հաշտությո՞ւն:
Ի՞նչ հաշտություն կարող է լինել հայի և թուրքի միջև:
Ուզում եմ
գտնել նրանց: Շատ եմ ուզում: Բնավորությամբ զգացմունքային
եմ, համառ, ուժեղ և հաստատակամ, ասածս անող, խոսքս ու ցանկությունս պնդող, ուզածիս
հասնող: Չէ՛, պիտի կարողանամ կապող մի թել գտնել: Եթե ե՛ս դա հիմա չանեմ, ինձնից հետո
ոչ մեկ չի անի:
Իսկ եթե իրոք գտա՞: Ի՞նչ պիտի անեմ:
Նամա՞կ գրեմ: Բարև, մենք ազգականներ ենք: Ուղղակի ես հայկական ազգանուն ունեմ, իսկ
դու թուրքական: Ուղղակի 100 տարի առաջ ցեղասպանություն է տեղի ունեցել, ու հիմա մենք
տարբեր աշխարհներում ենք ապրում: Ուղղակի ես քրիստոնյա եմ, իսկ դու` մուսուլման: Ուղղակի
ես հայ եմ, իսկ դու…
Ի՞նչ կզգամ այդ պահին, երբ գտնեմ
ու սկսեմ զննել նրանց: Տեսնես անուններն ի՞նչ են, ի՞նչ տեսք ունեն, ինչպիսի՞ն են: Գիտե՞ն,
որ իրենց ներսում, ենթագիտակցության ակունքներում խորը թաղված հայ կա: Գիտե՞ն ու ճանաչո՞ւմ
են, թե՞ ստիպված են եղել խեղդել իրենց մեջ ալիքվող հայի ոգին:
Չնայած… Հնարավոր է, որ հայն իրենց
հոգում շատ ավելի վառ է, քան այժմ Հայաստանում ապրող շատ-շատերի մեջ, որոնք մոռացել
են իրենց պատմությունն ու անցյալի դասերը: Հնարավոր է, որ հայն իրենց մեջ ապրում ու
զարկում է ուժգնորեն, խելահեղ ու կատաղի, ով գիտի…
***
- Արմինե հորաքույր, բարև: Ինչպե՞ս
ես: Նոր մտքովս տարիներ առաջ Թուրքիայից եկած Մահմուդ անունով մեր ազգականն անցավ:
Որևէ տեղեկություն ունե՞ս նրանից: Կապ կա՞: Ուզում եմ գտնել նրան Ֆեյսբուքում ու Իզմիրի
երեխաներից, թոռներից կամ ծոռներից հարցուփորձ անել:
- Մհեր հորեղբայրն է Մահմուդի հետ կապ
պահում: Հիշո՞ւմ ես` Մայիսի 27-ին Աշնակում տեսանք նրան երկու տղամարդկանց հետ: Այդ
մարդիկ Մահմուդի բարեկամներն են, նրանցից մեկը կա ֆեյսբուքյան ընկերներիս ցուցակում:
- Հա, լավ եմ հիշում: Շնորհակալ եմ
հորաքույր, հիմա կգտնեմ այդ մարդուն ու նամակ կգրեմ: Երբ նորություն ունենամ, կասեմ:
Աստվա՜ծ իմ: Իսկապես: Մայիսի 27-ին` հայտնի հայդուկապես Գևորգ Չաուշի մահվան օրը, որն այժմ նշվում է որպես ֆիդայատոն, գյուղում` հորս հայրական տանը Մհեր հորեղբոր և նրա երկու հյուրերի
համար սուրճ պատրաստեցի: Նաև հիշում եմ, որ սուրճը մատուցելիս նրանցից մեկը շնորհակալություն
հայտնեց` ասելով «şükür»: Երբ այդ բառը լսեցի, մի պահ սառեցի, ապա արագ հեռացա: Հասկացա,
որ ասվածը թուրքերեն էր:
Ինչևէ, կգտնեմ այդ
մարդուն ու նամակ կգրեմ, հայերեն դժվար թե հասկանա, այնպես որ անգլերեն կգրեմ:
Ահա նա` թուրքին
բնորոշ դիմագծերով ու արտաքինով: Մեր գյուղում արված լուսանկարներ էլ ունի` Վրեժ Իսրայելյանի`
«Առանց սասունցու աշխարհը տխուր կլինի» հայտնի ու սիրված խոսքերի առջև: Ի՞նչ անեմ:
Նախ հայրիկին ասե՞մ, հետո՞ գրեմ նրան: Չէ՛, թող հայրիկը դեռ չիմանա…
Ուղարկեցի: Ակնթարթային
արագությամբ նամակս կհասնի նրան, իսկ նախկինում որքա՜ն ջանք են թափել իրար հետ հաղորդակցվել
կարողանալու համար:
Ժամեր են անցել:
Նա կարդացել է նամակս, բայց չի պատասխանել: Ինչո՞ւ: Հնարավոր է, որ անգլերեն չի հասկանում:
Բայց ես հանձնվողը չեմ, թուրքերեն կգրեմ: Ի՞նչ է, մի թարգմանիչ չե՞մ կարող գտնել:
Գրառում հրապարակեցի
Ֆեյսբուքում: Մի քանի աղջիկներ միանգամից արձագանքեցին, ու հաշված րոպեների ընթացքում
անգլերեն գրված նամակս դարձավ… թուրքերեն…
Գիտե՞ք, թե ինչ
զգացի, ես նայեցի թուրքերեն գրված տողերին, երբ լեզվաբանի աչքերով տնտղեցի թարգմանվածն
ու փորձեցի հասկանալ բովանդակությունը: Ես նողկանք զգացի, լցվեցի ատելությամբ ու թշնամությամբ,
ինքս ինձ հետ կռիվ տալով` դա Մահմուդի ազգականին ուղարկեցի ու սկսեցի սպասել…
Պատասխանեց: Գրել
էր, որ հորեղբայրներս նույնպես հարցրել են իրեն Իզմիրի մասին, ու ասաց, որ կփորձի մի
բան իմանալ ու կտեղեկացնի ինձ:
Ուրախացա, հոգեպես հուզվեցի ու ինքս իմ մեջ հստակ որոշեցի, որ այնքան
ժամանակ կանհանգստացնեմ այս մարդուն, մինչև նա իրոք որևէ բան իմանա ու ասի ինձ: Անգամ
եթե սպասումներս դրական լուծում չստանան ու պարզվի, որ Իզմիրի սերունդներն այլևս թուրք
են ու չգիտեն նույնիսկ, որ իրենց նախնիները հայ են եղել: Անգամ եթե նամակիս չպատասխանեն,
կամ ասեն, որ մեզ հետ ոչ մի կապ չեն ուզում ունենալ…
Ես ուղղակի ուզում եմ իմանալ, որ փորձել եմ…
***
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից անցել
է ուղիղ 100 տարի…
Նախախնամությո՞ւն էր, արյան կա՞նչ, թե՞ հոգու պարտք, որ Մեծ
Եղեռնի 100-ամյա տարելիցի հենց նախաշեմին հանկարծ պիտի որոշեի գտնել իրենց
ակունքներից զրկված ազգականներիս, ազգականներ, որոնք երբեք էլ հարազատներ չեն
դառնա` որքան էլ ուզենք: Ինչո՞ւ հենց հիմա հիշեցի նրանց, չէ որ գրքի ընթերցումն
այն կայծը չէր, որ պիտի իմ ներսում մղում շնչավորեր:
Ուզում եմ հավատալ, որ մի գեղեցիկ օր նամակ կստանամ, որով ինձ կտեղեկացնեն, որ այն մարդիկ, որոնց փնտրում եմ, գտնվել են: Ուզում եմ հավատալ, որ հոգումս ծնունդ առած ճիչն իր դրական արձագանքը կստանա...
Երբ աշխարհասփյուռ հայությունը ոտքի կանգնի ու միահամուռ ուժերով լծվի Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման գործին, այլևս ոչ մի թուրք չի համարձակվի ձեռք բարձրացնել հայի վրա: Պահանջատեր լինենք ու կրենք մեր ժողովրդի պատվի դրոշը, ճանաչենք մեր պատմությունն ու անցյալը, համախմբվենք ու միասնական լինենք... Այդժամ միայն կհաղթանակենք...
Ու ես վստահ եմ, որ մի օր մեր պապերի երազանքի Էրգիրը մեր է լինելու: Մի օր գնալու ենք այնտեղ ոչ իբրև զբոսաշրջիկ, այլ իբրև տեր` ի վերուստ մեզ վիճակված հողի վրա սասունական խենթ սիրով ու ջերմաշունչ կարոտով կառուցելու, շենացնելու ենք գյուղեր ու քրիստոնեական սրբանվեր եկեղեցիներ...
***
Իմ պատուհանից բացվող
ու նահանջի ճամփան
երբեք չբռնող բիբլիական Մասիսի
ձյունաճերմակ գագաթն է, որն իր հերոսական լույսն
է տարածում ողջ Հայաստան աշխարհով մեկ…
No comments:
Post a Comment