Jun 25, 2015

ԻՄ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄ - 2

Կարծես երեկ լիներ, երբ ավարտեցի բակալավրիատը, ստացած հիմնավոր գիտելիքներով, առավել հասուն ու կայացած մարդու աշխարհայացքով ու հաստատուն քայլերով մտա մագիստրատուրայի բաժին... Նախընտրածս բաժինները մի քանիսն էին: Ուզում էի ընդունվել Միջազգային տուրիզմ կամ Բանասիրություն, ինչու չէ Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ...
Մագիստրատուրայի բաժնի աշխատողները նայեցին իմ ՄՈԳ-ին (միջին որակական գնահատական), ապա նայեցին Միջազգային տուրիզմի և Բանասիրության անցողիկ միավորները և ասացին, որ իմ ՄՈԳ-ը բավարար չէ այդ բաժիններ անվճար ընդունվելու համար: Ընտրեցի Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Օրեր անց ցուցակում կարդացի անունս, նայեցի բոլոր բաժինների անցողիկ միավորները: Ստել էին: Իմ ՄՈԳ-ով ես անվճար կարող էի ընդունվել և՛ Միջազգային տուրիզմի, և՛ Բանասիրության բաժին... Ուրեմն դա էր բարին:
Առաջին կուրս... 2013 թվական... Ես հոգնած էի, շատ հոգնած: Բակալավրիատի բուռն և հագեցած օրերից հետո ինձ երևի հանգիստ էր հարկավոր: Ես մի ամբողջ կիսամյակ չէի կարողանում հարմարվել դասերին, առարկաներին: ՏԿՎՏ բաժնի ղեկավար տիկին Առաքելյանը, դասախոսներս և համակուրսեցիներս անչափ լավն էին, ուղղակի ես էի հիասթափված ու թևաթափ եղած...
Բուֆետ, ԼՄՀ բակ, ՕԼՖ առաջին հարկ, ՕԼՖ դեկանատ, նոր ընկերուհիներ, բողոքներ առարկաներից ու դասաժամերի գրաֆիկից, համակարգչային լսարաններ, Ֆեյսբուք, Բազմությունների տեսություն, որն ընդմիշտ ատելու եմ մինչև կյանքիս վերջ: Հաճախ օրերն էի հաշվում, թե երբ պիտի ավարտեմ, մի խոսքով` երկու` երկար, լավ ու վատ դեպքերով, ժպիտներով ու տխրությամբ, ուրախությամբ ու անտարբերությամբ լի տարիներ:
Քսանամյա օրիորդից գրեթե ոչինչ չի մնացել... Ես մեծացա, հասունացա, փոխվեցի, սկսեցի այլ աչքերով նայել կյանքին ու աշխարհին...
Երկրորդ կուրս... Շուրջս համակուրսեցիներս խոսում էին, աղմկում, իսկ ես նստում էի հյուրի պես ու քարացած դեմքով նայում անվերջ ու առանց դադարի խոսող դասախոսին... Տեսնես ի՞նչ էր ասում... Ես լսել չէի կարողանում, ինձ թվում էր, որ ես այլևս երբեք լսել չէի կարողանալու... Ինձ հետ մի բան այն չէր, ինձ հետ վաղուց մի բան այն չէր... Ես մի քիչ շատ, մի քիչ չափազանց շատ էի ինձնից նվիրել... Իսկ դասախոսը դեռ խոսում էր, գրում գրատախտակին, բացատրում... Ի՞նչ էր ասում... Ես տեսնում էի նրան մասնակիորեն, նա շարժվում էր, գնում-գալիս, բայց ես նրան չէի լսում, նրա բառերը օդում ձայնային ալիքներ էին դառնում, միախառնվում համընդհանուր ժխորին, ես փակում էի աչքերս ու անէանում...
Թեզի թեմա` «Համակարգչային լեզվի տերմինաբանական բառապաշարի ձևավորումը և համալրումը անգլերենում և հայերենում»: Թեմայի նախնական տարբերակում հայերենի հատվածը չկար, միայն երկրորդ մոնիտորինգի ժամանակ այդ ամբիոնն այնքան «բարի» գտնվեց իմ հանդեպ, որ հաճեց տեղեկացնել, որ միայն անգլերենով թեզ գրել չեմ կարող: Վեճեր, արցունքներ, հիասթափություններ:
Թեզիս սիրելի ղեկավար Միսս Գրիգորյանի օգնության և սիրելի դասախոս Սուսաննա Տիոյանի անսահման բարության, անմնացորդ նվիրվածության ու անգնահատելի աջակցության շնորհիվ կարողացա մեկ ամսում վերափոխել ամբողջ աշխատանքս:
Մայիսի 21: Թեզի պաշտպանություն: Ելույթս փայլուն էր, բոլոր ներկաները կհաստատեին: Ամեն ինչ հաջող անցավ, ես ուրախ էի ու երջանիկ: Պաշտպանությունս 100 գնահատվեց, սակայն մոնիտորինգի 80-ի պատճառով վերջնական գնահատականս դարձավ 97: Ուսումնառության 6 տարիների ընթացքում երբևէ 90-ից ցածր գնահատական չէի ստացել: «Սիրում» էր ինձ այդ ամբիոնը, երևի շատ: Ինչևէ, ուրեմն դա էր բարին:
Ասում էին, թե պաշտպանությունից հետո դատարկություն կզգամ: Չզգացի: Անկեղծ: Միայն անցաքարտը հանձնելուց հետո, երբ արդեն դուրս պիտի գայի համալսարանից առանց քարտի, անսովոր սառնություն զգացի ու հասկացա, որ քարտը տալիս ներսիս մի մասն եմ տվել, երևի շատ կարևոր մի մաս...
Որպես մագիստրանտ ես երբեք էլ ակտիվ չեմ եղել: Միշտ ուշացող, անտարբեր, ուրախ ու բարձրաձայն ծիծաղով առանձնացող, երազկոտ հայացքով 7-րդ երկնքի օդերում սավառնող... Բակալավրիատում էլ էի այդպիսին, բայց երբեք չէի ուշանում: Շարունակում էի սովորել գերազանց, ՄՈԳ-ս 4 հնարավորից 3.92 էր...
Այս երկու տարիների ընթացքում մեր համալսարանում որոշ բաներ փոխվեցին: Դե, նախ մագիստրատուրայի բաժինը դադարեց գոյություն ունենալուց, մենք դարձանք ՕԼՖ-ի մի մաս, բուֆետում կարծես թե այլևս խստիվ չէր արգելվում դաս անելը, հին ծանոթներս ավարտել էին, նոր ընդունվածներին չէի ճանաչում, ամեն ինչ շարունակում էր հարազատ մնալ, ուղղակի ես էի մեծացել...
Իմաստաբանություն, Քանակական լեզվաբանություն, Նշանագիտություն, Կինոյի նշանագիտություն, WEB ծրագրավորում, ՏՏ և համակարգեր, Էլեկտրոնային բառարանագրություն, Կորպուսային լեզվաբանություն, Ռելացիոն բազաներ, Մեքենական թարգմանություն, Հետազոտական օբյեկտների մոդելավորման մեթոդներ, HTML, CSS, Java, PHP, Բազմությունների տեսություն, և այլն, և այլն... Ու վերջում կարմիր դիպլոմ` երկար սպասված... Երկրորդն ու վերջինը...
Ուսումս չեմ շարունակելու: Ասպիրանտուրա: Չէ՛, դա հաստատ ինձ համար չէ: Չգիտեմ, թե որտեղից, բայց ես հստակ գիտեմ` եթե ընդունվեմ ասպիրանտուրա, կյանքս սխալ հունով կընթանա, ես կշեղվեմ իմ ճանապարհից... Նույն զգացումը ունեի 8 տարի առաջ, երբ հրաժարվեցի ՀՊՏՀ ընդունվելուց և ընտրեցի լեզվաբանությունը: Այժմ ես նոր կյանք եմ սկսելու, նոր հիմքից եմ ամեն ինչ կառուցելու, կյանքում այլ ուղի եմ հարթելու...
Ես միշտ իմ ամբողջ սրտով կսիրեմ ու կհարգեմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Ես միշտ կհիշեմ ուսանողական օրերս, ես անվերջ կկարոտեմ մեր համակարգչային լսարանները, մեր բարեխիղճ ու փորձառու դասախոսներին, 80 րոպե` երբեմն կիսամեռ, երբեմն Ֆեյսբուքի շնորհիվ մի ակնթարթ թվացող դասաժամերը... Չեմ կատակում, ուղղակի անկեղծ եմ: Երևի ավելի, քան պետք էր...
Ես քեզ հրաժեշտ եմ տալիս, բաժանում դեպի քեզ եկող, քեզնով ապրող ու տարիներ կիսած ուղին... Ես հեռանում եմ ուրախ ու հանգիստ: Իմ սիրելի Բրյուսով, սրտումս վիթխարի տեղ զբաղեցնող իմ ամեն ինչ, ախր այս ամենը հաստատ բառերով չես պատմի...

No comments:

Post a Comment