Բուհ ընդունվելու երազանքի իրականացումից անցել է վեց տարի...
Հիմա արդեն առավել հասուն ու կայացած մարդու աշխարհայացքով ետ եմ նայում, հիշում ուսանողական օրերիս բոլոր դեպքերն ու իրադարձությունները, դասերն ու դասամիջոցները, տնային աշխատանքներն ու մոդուլային շաբաթները... 6` կյանքի հասկացողության, լեզվամտածողության զարգացման, հոգեկերտվածքի կատարելագործման, բազում դժվարին խոչընդոտների հաղթահարման ու սեփական ես-ի հաստատման, անսահման ուժեղ ու համարձակ, կյանքի բոլոր իրավիճակներում անվախ գործելու ունակության ձևավորման և ինքս ինձ գտնելու ճանապարհի որոնման երկարուձիգ տարիներ...
Այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը... Բրյուսովի համալսարանում քննություններ, ստուգարքներ, միջանկյալ գրավորներ չկան, կան միայն մոդուլներ:
Օտար լեզուների ֆակուլտետ, բաժինս` Լեզվաբանություն, անգլերեն լեզու: Առաջին մոդուլային շաբաթը հիշեցի. հեռավոր 2009 թվական, հոկտեմբեր: Ես` տասնյոթ տարեկան միամիտ, մանկամիտ, մոլորված, անտեղյակ մի էակ, որը դիմորդ լինելու ժամանակ այնքան շատ էր պարապել, որ սթրեսի մեջ էր ընկել առաջին մոդուլների պատճառով: Ես շատ հոգնած էի, չափից շատ: Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ, ու ես, հունի մեջ ընկնելով, սկսեցի սովորել այնպես, ինչպես երբևէ չէի սովորել: Ես սովորում էի վերջին շունչս դասիս մեջ դնելով, ես ապրում էի իմ դասերով, ես սիրահարված էի իմ դասերին: Լեզվաբանության մոդուլը հիշեցի. դասախոսություններն այնքան լավ էի հիշում, որ քնից էլ արթնացնեին, անգիր կպատմեի: Մոդուլից հետո այլ խմբերի համակուրսեցիներից ինչ-որ խոսակցություններ էի լսում, ասում էին, որ հոսքում միայն մի աղջիկ է 100 ստացել: Ես ոչինչ չէի ասում, մտքովս էլ չէր անցնում, թե ով պիտի լիներ: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը ես էի:
Մոդուլներ` կիսամյակը 3 անգամ, յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ էր կոչվում, որի ընթացքում դասեր չէինք ունենում, միայն մոդուլներն էինք հանձնում): Հետո, երբ արդեն 4-րդ կուրսում էի սովորում, մոդուլները դարձան կիսամյակը 2 անգամ` 2 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ չկար):
Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբ մոդուլային շաբաթը շատ-շատերի մոտ մտահոգություն և անհանգստություն էր առաջացնում, ես գրեթե միշտ կատարյալ հանգիստ էի: Մոդուլի ժամանակ պիտի գրավոր կամ բանավոր ներկայացնես այն, ինչ սովորել ես մոդուլից առաջ` մեկ կամ երկու ամսվա ընթացքում: Իսկ ես այնքան լավ հիշողություն ունեմ, որ գրեթե առանց կրկնելու էի հանձնում մոդուլներս: Կարճ ասած` բակալավրում ես միայն սովորել եմ ու սովորել եմ գերազանց:
Կային, իհարկե, առարկաներ, որոնք ինձ հունից հանում էին: Ուղղակի զարմանում էի, թե ես ինչու պիտի այդ առարկան անցնեմ, կամ էլ դասախոսն ինձ դուր չէր գալիս, նրա դասավանդման եղանակը, առարկայի ծրագիրը: Մի խոսքով` արտագրում էի: Գոթերեն, Ռոմանագերմանական բանահյուսության ներածություն, Տրամաբանություն: Որքան հիշում եմ այսքանն էին:
Սիրում էի անգլերենի ընթերցանության, ոճաբանության, քերականության, գրավոր խոսքի, Մեծ Բրիտանիայի քաղաքակրթության, տեսական քերականության, հայոց լեզվի մոդուլները: Սիրում էի գրել էսսե, թեստային աշխատանք, բանավոր հարցումներն այնքան էլ չէի սիրում: Սիրում էի ավարտել աշխատանքս ու օգնել համակուրսեցիներիս:
Այդ 4 տարիներն ինձ շատ արժեքավոր բաներ տվեցին հետագա ողջ կյանքիս համար...
Մագիստրատուրա... Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ...
Բակալավրի թեժ և բուռն օրերից ու ապրումներից, ստացած խորը և հիմնավոր կրթությունից հետո անկումն ուժգին էր: Չգիտեմ` ինչու այդպես ստացվեց, բայց ես կորցրի ինձ: Իմ մեջ մի ինչ-որ կարևոր բան փոխվեց, ներսումս մի բան աղմուկով փշրվեց, ու ես սկսեցի օրերը հաշվել, թե երբ պիտի այդ երկու տարիներն անցնեն...
Իսկ այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը...
Իմաստաբանություն, Քանակական լեզվաբանություն, Նշանագիտություն, Կինոյի նշանագիտություն, WEB ծրագրավորում, ՏՏ և համակարգեր, Էլեկտրոնային բառարանագրություն, Կորպուսային լեզվաբանություն, Ռելացիոն բազաներ, Մեքենական թարգմանություն, HTML, CSS, Java, PHP, Բազմությունների տեսություն... Հետաքրքիր ու անհրաժեշտ առարկաներ, խելացի դասախոսներ, բայց հիասթափված ու թևաթափ եղած ուսանողներ, որոնք ոչ թե հոգնել էին սովորելուց, այլ... Չգիտեմ...
Շարունակում էի սովորել գերազանց, ուղղակի` միայն մոդուլային շաբաթների ընթացքում, ամեն օր հաճախում էի, ֆիզիկապես ներկայանում, բայց մտովի շատ-շատ հեռու էի լսարանից ու այն իրականությունից, որն իմ շուրջն էր... Ես սավառնում էի օդերում ու երազում վայրկյան առաջ ազատվել ուսանող լինելու կարգավիճակից... Բակալավրում գտել էի ինձ, հետո կորցրի, ու այսպես շարունակ, ու այսպես անընդհատ, ու այսպես միշտ... Ես մահու չափ հոգնել էի, մեծացել, հասունացել, հոգեպես դուրս եկել իմ տարիքային շրջանակից ու սահմաններից, կյանքում տեսել ու հաղթահարել շատ փորձություններ, լաց եղել, լիաթոք ծիծաղել, տխրել ու ուրախացել...
Բազմությունների տեսություն... Առարկա, որն ատել եմ, ատում եմ ու ընդմիշտ ատելու եմ մինչև հոգուս ամենախորքը: Մոդուլին արտագրել եմ:
Մի քանի ամիս, ու ես կավարտեմ բուհս, կստանամ դիպլոմս ու կուղևորվեմ նոր կյանք, նոր հետաքրքրություններով ու փոփոխություններով արբած` ես կփորձեմ կառուցել կյանքս, նոր հիմքից նորովի կժպտամ ու կասեմ, որ եթե չլինեին այս 6 տանջալից տարիները, ես կյանքում շատ բաներ չէի հասկանա... Ես ուրախ եմ, որ անցել եմ այս ճանապարհը, ես վերջնագծին եմ հասել ու կարևորն այն է, որ հոգիս հանգիստ է... Ես նորից գտել եմ ինձ ու նոր էջից պիտի սկսեմ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ես` իմ չփոխվող տեսակով, իմ աշխարհի յուրահատկություններով, իմ հավատով ու հույսով...
Այսօր բուհից դուրս գալիս անհասկանալի մի զգացում ունեցա... Ես հասկացա, որ կյանքս շուտով կփոխվի ու որ այն երբեք այլևս առաջվանը չի լինի, որ շատ մարդիկ, որոնք պիտի չլինեին իմ կյանքում, չեղան, իսկ շատ մարդիկ, որոնք սիրում էին ինձ, մնացին... Ես տուն շտապեցի, որ գրեմ այս տողերը, գրեմ ու ապրածս հիշողություն դարձնեմ` թղթին հանձնած թանկ ու հարազատ մի հիշողություն, որ պիտի չհիշեմ հաճախ, բայց որն հավերժ պիտի ինձ հետ լինի...
No comments:
Post a Comment