«Ես Ձեզ այնքան եմ սիրում, որ պիտի ցանկանամ այն, ինչ Դուք եք ցանկանում, եթե անգամ այդ ցանկությունը դժբախտություն լինի ինձ համար»: - Ալեքսանդր Դյումա
Տե՛ր, ես Քեզ այնքա՜ն եմ սիրում, որ պիտի ցանկանամ այն, ինչ Դու ես ցանկանում, եթե անգամ այդ ցանկությունը սկզբում դժբախտություն համարեմ: Եթե անգամ սկզբում ճչամ ցավից ու խեղդվեմ տառապանքի հորձանքներում: Եթե անգամ սկզբում ճակատագիր անիծեմ ու մահանամ: Դա միայն սկզբում է լինելու: Հետո պիտի մտնեմ եկեղեցի, ծնկի գամ ու փակեմ աչքերս: Ու այդժամ երախտագիտությունս արցունք դարձած կպատմի քեզ, թե որքա՜ն երջանիկ եմ... Քո ցանկության շնորհիվ:
Ների՛ր մեղավորիս, անմիտիս, անհասկացողիս, խուլիս, կույրիս, անտարբերիս, տառապածիս, ների՛ր, ուղղակի ների՛ր: Ների՛ր, որ փակել էի աչքերս ու չէի տեսնում, որ փակել էի ականջներս ու չէի լսում, չէի հասկանում, չէի գիտակցում, չէի հավատում... Քո կամքը ԲԱՐԻ է... Ների՛ր, որ ինքս ինձ համար այլ բարիներ էի հորինում ու հավատո՜ւմ դրանց, ների՛ր, որ այդ բարիներով ինքս ինձ համար ճանապարհներ էի հնարում ու... սայթաքո՜ւմ: Ների՜ր, որ չէի պատկերացնում Քո զորության ուժը, ների՜ր, որ ստիպված էի անդունդը գլորվել այս ամենը հասկանալու համար:
Ինչո՞ւ ես ինձ այսքա՜ն շատ սիրում, ամենակարող Տեր: Ինչո՞ւ ես միշտ փրկում ինձ, ջրից չոր հանում, փորձանքից անփորձանք ազատում, ինչո՞ւ, ինչո՞ւ ես սրբությամբ պահպանում ինձ... Ուղղակի երևի միասին շա՜տ բան զգացինք, ապրեցինք, ուղղակի ձեռքս բռնած ինձ ճշմարտություն տեսնել սովորեցրիր, ուղղակի Քո կամքը մի՜շտ ԲԱՐԻ է... Ներիր, եթե սկզբում չեմ ընդունել կամ թերահավատ եմ եղել: Ա՜խ, ներիր, որ ինքնակամ նետել եմ ինձ փորձությունների աշխարհ ու մենամարտել սատանաների հետ, ներիր, որ ստիպված եմ եղել տխրել երջանկության արժեքն իմանալու համար: Շնորհակա՜լ եմ, որ չէիր կատարում «երազանքներս», «երազանքներ», որոնք մի օր էլ չէին ապրի:
Պատահականություններ չեն լինում, հրաշքներ` նույնպես: Ուղղակի այդպես ենք կոչում երկար սպասված ու բոլորովին չսպասված իրադարձությունները: Կատարվելիք ու չկատարվելիք գործողությունների շղթա՝ մեզնից անկախ: Կարծում էի, թե ընտրողը ես եմ: Չէ՜: Հաճախ ես չէի:
Բախում տեղի ունեցավ. Տե՛ր, Դու Քո անտես ձեռքով շտկեցիր որոշումներիս ու ընտրություններիս հանրագումարը: Համակվեցի այն զգացումով, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Կյանքն ինքը դասավորեց դեպքերի ընթացքը, իսկ ես... արեցի ինձնից հասանելիքը: Միայն հետո պիտի հասկանայի, թե ինչու որևէ բան եղավ ու չեղավ, միայն հետո պիտի նկատեի, որ, միևնույն էր, որքան էլ փորձեի փախչել ու խույս տալ, դեմ հանդիման կկանգնեի ի վերուստ ինձ վիճակվածի հետ: Փնտրեցի, հուսահատվեցի, փորձեցի զատել ու հատել ամեն ուղի: Չստացվեց, հանգեցի սկզբնակետին: Գտա կորցրած ինձ, փոխված ինձ, վաղուց այլևս ոչ մի հրաշքի չհավատացող ինձ, գտա, որ վերստին սկսեի հավատալ ու... ապրե՜լ...
Ու եղավ այնպես, որ իմ չիմացածն էլ իմացած դարձավ, որ մի ակնթարթ ներկա ու ապագա միավորվեցին իրար ու աչքիս առջև տեսիլք թվացին` այն, ինչն արդեն եղել է, ու այն, ինչը վաղն է լինելու:
Ու թուղթն հակառակ կողմ էլ ունի... Տե՛ր, ես Քեզ այնքա՜ն եմ սիրում, որ պիտի ցանկանամ այն, ինչ Դու ես ցանկանում, եթե անգամ այդ ցանկությունը սկզբում անբախտություն համարեմ: Եթե անգամ սկզբում խելագարվեմ ու պատերը քարուքանդ անեմ: Եթե անգամ սկզբում ցավից կծկվեմ ու մահանամ: Դա միայն սկզբում է լինելու: Հետո պիտի մտնեմ եկեղեցի, ծնկի գամ ու փակեմ աչքերս: Ու այդժամ երախտագիտությունս ժպիտ դարձած կպատմի քեզ, թե որքա՜ն խաղաղ ու երջանիկ է հոգիս... Քո ցանկության, Քո ԱՄԵՆԱԲԱՐԻ ցանկության շնորհիվ:
No comments:
Post a Comment