Արագ միացնում եմ համակարգիչը, հարմար տեղավորվում ու շտապում մտնել Ֆեյսբուք: Աչքովս ընկնում են լրահոսի նորությունները. համակուրսեցիս ամուսնացել է, հարևանուհիս նոր լուսանկարներ է հրապարակել, դասընկերս մեկնել է Լոնդոն: Նոր հաղորդագրություններ ունեմ, անթիվ-անհամար ծանուցումներ: Տեսնենք, թե ով է առցանց: Ֆեյսբուքյան ընկերներիս մեծ մասն ինձ առանձնապես չի հուզում, այնպես որ... Մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ, չնայած որ այսօր արդեն ութսունյոթ անգամ ճշգրտորեն կատարել եմ քո էջ մտնելու ընթացակարգի բոլոր կետերը: Նախ տվյալների բաժնում ստուգում եմ հարաբերությունների կարգավիճակը. ճիշտ է, կես ժամում դժվար թե հասցնեիր ընկերուհի ունենալ, նշանվել կամ ամուսնանալ, բայց ես դա չստուգել չեմ կարող: Դիտում եմ լուսանկարներդ` լինեն հին ու երբեք չթարմացվող կամ թե նոր ու ամեն օր փոփոխվող, շնչավորում եմ գեղեցիկ պատկերդ ու երազում, որ մի օր քո էջում կտեսնեմ իմ լուսանկարները ևս... Ձեռքս զգուշորեն սահում է ընկերանալու հայտի վրայով, մի պահ դանդաղում, ապա արագորեն մի կողմ քաշվում: Ու ընդհանրապես, ես ի՞նչ գործ ունեմ քո էջում: Ի՞նչ եմ այնտեղ մոռացել... Երևի ինքս ինձ:
Ես դեռ կարդում եմ մեր հին նամակները, մեղմ ժպտում, տողատակերի իմաստներն եմ վերաիմաստավորում ու կարոտում քեզ: Ես դեռ հիշում եմ քո խոսքերը, դրանցում խնամքով թաքցրած սերն ու հուզմունքը, ես վերընթերցում ու վերակերպավորում եմ տողերիդ ջերմությունն ու անկեղծությունը, թափանցում մտքերիդ լույս հեռուներն ու գունավոր մատիտներով մեր երևակայական ապագան նկարում...
Մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ, ուսումնասիրում բոլոր գրառումներդ, հավանումներդ, ընկերներիդ գրած մեկնաբանությունները, մի խոսքով` ես սրբորեն իրականացնում եմ քո էջ մտնելու ամենժամյա նվիրական գործի անհրաժեշտ բոլոր-բոլոր դրույթները: Ի՞նչ եմ կորցրել քո էջում... Երևի ինքս ինձ: Ինչո՞ւ, ինչո՞ւ ինձ չեն հուզում ընկերներիս ցանկում ապրող տղաները, ինչո՞ւ ինձ երբեք չեն հետաքրքրում նրանց սիրահար նամակները, ամեն գրառումս հավանելու ծանուցումները, ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես ապրում քո էջում, ինչու եմ բոլորից թաքուն մտնում Ֆեյսբուքի քո էջ ու... Երազում, որ մի օր այդտեղ կտեսնեմ իմ լուսանկարները ևս... Ու երազում, որ մի գեղեցիկ, երևի ամենագեղեցիկ մի օր մենք միասին կփոխենք մեր հարաբերությունների կարգավիճակը, որ ես այլևս ստիպված չեմ լինի էկրանից այս կողմ հետևել քեզ, դու էլ երևի... ինձ... Որ այլևս ստիպված չեմ լինի քեզ տեսնելու համար մտնել Ֆեյսբուք, որ այլևս քեզ Ֆեյսբուքո՛վ չեմ սիրի...
Բոլորն էլ մտնում են ինչ-որ մեկի էջ, ինչ-որ մեկի, որը բնավ էլ ինչ-որ մեկ չէ, այլ շատ կարևոր մեկն է, շատ սիրելի ու շատ... Շատ թանկ: Եթե դու օրվա ընթացքում հարյուր անգամից ավելի մտնում ես նրա էջ, ուրեմն անչափ կարևոր բաներ ես մոռացել նրա էջում... Երևի ինքդ քեզ...
Երանի կարողանայիր տեսնել, թե որքան հաճախ են մատներս ստեղնաշարի վրա անունդ գրում: Լերմոնտովի հայտնի խոսքերը հիշեցի` «Ու ողջ աշխարհը ատեցի, որ քեզ ավելի ուժգին սիրեմ...» Երանի, երանի զգալ կարողանայիր, որ անտեսել եմ բոլորին, որ միայն քեզ ուշադրություն դարձնեմ... Երանի իմանալ կարողանայիր, թե որքան երկար եմ դիտում լուսանկարներդ` հին ու երբեք չթարմացվող, երանի զգայիր, որ ես մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ ու... Երազում, որ մի օր այդտեղ կտեսնեմ իմ լուսանկարները ևս... Ու երազում, որ մի գեղեցիկ, ամենագեղեցիկ մի օր մենք մեր առաջին համատեղ լուսանկարը կտեղադրենք ու... Այլևս երբեք ստիպված չենք լինի նստել համակարգչի առջև ու մեկս մյուսի էջ մտնել...
Մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ ու... Ու զգում, որ հենց հիմա` հենց այս պահին, ինչ-որ մեկն էլ իմ էջ է մտել... Ի՞նչ ես կորցրել իմ էջում... Երևի ինքդ քեզ...
Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Վարս Մխիթարյանին:
Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Վարս Մխիթարյանին:
No comments:
Post a Comment