Թե լռելու ես, լռիր այնպես, որ մոլեգնող տարերք դարձած չարձագանքես ու չզարնվես սրտիս մորմոքող պատերին: Լռիր այնպես, որ քնած թե արթմնի քեզնով չապրեմ, չերկրպագեմ շունչդ ու հոգիդ: Լռիր այնպես, որ գիշերային լռության մեջ չլսեմ շշուկդ, մտասույզ հառաչդ, քեզ տանջող ու փորձող պատիժ դարձած պարգևդ: Թե լռելու ես, լռիր այնպես, որ հավիտյան, որ անտրտունջ, որ անվերադարձ, անողոք ու աներևույթ...
Իսկ թե ուզես սիրել, սիրիր այնպես ուժգին, որ քեզնով հարբեմ ու լիանամ, սիրիր այնպես վեհանձնորեն ու ինքնամոռաց, անդավաճան ու անմնացորդ, որ սիրուդ առաջ աստվածներն անգամ ծնկի գան, սիրիր այնպես իրական, այնպես խենթացած, ինչպես երբեք չես սիրել...
Թե ուզես սիրել, սիրիր անգթորեն, աննկուն, առանց ետ նայելու` այրելով ամեն կամուրջ ու ջարդուփշուր անելով ամեն պատնեշ, սիրիր այնպես, որ հիանամ, որ ապշեմ ու սքանչանամ, այնպես, որ շնչահեղձ լինեմ ու վերստին քեզ երազեմ...
Թե ուզես հեռանալ ու մոռանալ, գնա այնպես, որ սրտումս հետք չթողնես, որ ամեն վայրկյանը չնզովեմ, չանիծեմ ու հուշարձան սիրուս չողբամ, գնա այնպես, որ աննկատ, որ անաղմուկ, այնպես, որ կորչես ու հառնես, հեռու-հեռու...
Իսկ թե ուզես մնալ, մնա այնպես, որ օրս քաղցրանա, մեղմով հյուսվի ու վեհանա, մնա այնպես, որ աղոթեմ գոյությունդ, շնչեմ, հալչեմ ու ամուր փարվեմ քո թևերին, մնա այնպես, որ կեսս դառնաս, ինձնով լցվես ու ամբողջանաս, մնա այնպես, որ չգնաս...
Ու թե շարունակելու ես լռել, ապա լռելու ես ընդմիշտ...
Իսկ թե սիրելու ես, ապա սիրելու ես ինձ պես...
No comments:
Post a Comment