Անուշիկ, համով, փափուկ, հրեշտակային փոքրիկ արարածներ, որոնք կարող են անխղճորեն տակնուվրա անել ձեր ողջ տունը: Մանկական հագուստ` այնքան պստլիկ, որ ամեն անգամ տեսնելիս սիրտս ճմլվում է հրճվանքից, խաղալիքներ` զնգզնգուն ու գունավոր, որ կարող ես տան ցանկացած հատվածում գտնել: Քանդված դարակներ, շուռ տված սփռոցներ, թափթփված սենյակներ, ամեն հնարավոր ու անհնար իրերից գոյացած կույտեր: Այո, մեր ցմփորիկ ավազակները ժամանակը զուր չեն վատնում: Չես հասցնում կարգի բերել սենյակը, երբ այն կրկին նույն վիճակում է հայտնվում: Մի պահ բարկանում ես, բայց նա այնքան անմեղորեն է նայում քեզ իր պայծառ աչուկներով, որ միայն գրկում ես ու ուժեղ համբուրում:
Որքան են փոխում ու կյանքով լցնում մեզ այդ երկնային մանկիկները: Նրանք ներկում են մեր հոգու ամեն անկյունն ու, ինչու չէ, պատերի պաստառները:
Նա վազվզում է, ծիծաղում, հարցեր տալիս, կծում, թոթովում, ցատկում, սրբում հատակի փոշին, փորձում ձեռք տալ ամեն ինչին: Կանոններ չկան, ու աշխարհն էլ արդեն ոչ թե յոթ հրաշալիք ունի, այլ` յոթ միլիոն:
Նա քնում է: Անդորր, լռություն: Բայց դա երկար չի տևի, չէ՞ որ նա երկար քնել չի սիրում: Եվ ինչպե՞ս կարող է նա քնել, երբ արթուն են բոլորը:
Որքան քնքշանք կա յուրաքանչյուր չարաճճիության մեջ, որքան վառվռուն եռանդ կա այդ մի քանի կիլոգրամների մեջ:
Երանի մենք` մեծերս էլ կարողանանք նույնքան զվարթ ու արթուն լինել: Չէ, մենք սովորելու շատ բաներ ունենք 1 տարեկան փոքրիկից, դե օրինակ ինչպես մեկ վայրկյանում անջատել ու միացնել լույսը, էլի անջատել ու միացնել, հետո էլի անջատել ու միացնել: Պետք է սովորենք նրանց նման անհոգ լինել, ուրախանալ ամեն ակնթարթով ու աշխարհին նայել ոչ թե վարդագույն ակնոցով, այլ` կարմիր:
Երբ հոգնած ես, երբ արդեն անգիր ես արել մուլտֆիլմի բոլոր սերիաները, երբ չկա ժամանակ, երբ սկսել ես փողոցում էլ խոսել նրա լեզվով, երբ պայուսակից բացակայում է շրթներկը, որն հավանաբար մահճակալի տակ է... Բայց դու երջանիկ ես...
No comments:
Post a Comment