Օրերից մի օր դու կհարցնես, թե ես ինչ ծաղիկներ եմ սիրում: Մի քանի րոպե կմտածեմ, ապա կանկեղծանամ, որ ծաղիկների տեսակներին ու նրանց անվանումներին այնքան էլ լավ ծանոթ չեմ, որ իմ թույլ հոտառության պատճառով շատ հաճախ չեմ զգում ծաղիկների անուշաբույրը: Կսկսես համառել, նույն հարցը տասն անգամ կտաս, համոզված շեշտով կպնդես, թե չեմ կարող նախընտրած տեսակ չունենալ: Կծիծաղեմ ու կասեմ.
- Ինձ համար ալ կարմիր, վայրի վարդեր կգողանա՞ս:
Կզարմանաս, ապա կիսանեղացած տոնով կշտապես հավաստիացնել ինձ, որ կարող ես գնել անգամ ամենագեղեցիկ, ամենաթանկ վարդերի ամենամեծ փնջերը...
Քո «ամենա»-ներից մի պահ կտխրեմ, ապա խնդրանքս քեզ ընդունելի դարձնելու համար կաշխատեմ բացատրել, որ ինձ բնավ պետք չեն ամենագեղեցիկ ու ամենաթանկ վարդերը...
- Գնել բոլորը կարող են: Ցանկացած տղա կարող է մտնել ծաղկավաճառի մոտ ու շքեղ փունջ պատվիրել: Իսկ ես ուզում եմ, որ ինձ իսկապես սիրող տղամարդը պատրաստ լինի հանուն ինձ աննկատ մտնել որևէ այգի ու թաքուն վարդեր քաղել, փոշոտ, անմշակ վայրի վարդեր, առանց փաթեթավորման: Եթե ուզում ես ծաղիկներ նվիրել, վարդեր գողացիր ինձ համար:
Մի քանի օր անց փողոցում պատահաբար կկանգնես իմ դիմաց: Ձեռքումդ վայրի վարդեր կլինեն, որոնց թերթիկների վրա ես անմիջապես կնկատեմ անձրևի հին կաթիլներ: Մատներդ փշերից փոքր-ինչ քերծված կլինեն, բայց դու աչքերումդ առկայծող խանդավառությամբ կպատմես ինձ, թե ինչպես վարդերը քաղելու պահին այգու պահակը տեսավ քեզ, ինչպես քեզ հաջողվեց հանգստացնել նրան, և այլն, և այլն:
Հենց այդ պահին իմ սրտում ալ կարմիր, վայրի վարդեր կսկսեն ծաղկել: Քո սիրուց հիացած ու արբած` իմ ներսում վարդենիների գունավառ ծաղկանոցներ ու եդեմներ կբացվեն...
Այդժամ կհասկանամ` մի ամբողջ կյանք քեզ էի սպասել, որ ինձ համար վարդեր գողանայիր...
No comments:
Post a Comment