Sep 1, 2015

Երբ սիրահարվեցի քեզ, սիրո մասին իմ կարդացած գրքերը...



Դու նման էիր գրականության գանձարանի բյուր հատորների շարքում խնամքով քողարկված թանկարժեք նմուշի` բացառիկ իր խորությամբ ու գեղարվեստական հանճարեղությամբ: Դու նման էիր այն գրքին, որն համբերատար սպասում էր, մինչ իր միակ ընթերցողը օրերից մի օր գրապահարանի ներքևի դարակում պատահմամբ կնկատեր վաղուց չընթերցված ստեղծագործությունն ու կսիրահարվեր հոգեհույզ տողերին... Նախկինները երևի չէին ըմբռնել վեհասքանչ էությունդ ու չէին կուրացել քո անկեղծությունից: Նախկինների համար դու երևի մեկն էիր այն հարյուրավոր գրքերից, որոնք կարդում են ու մի կողմ դնում, մոռանում: Չթերթված էջերում ամփոփված գեղեցկությունդ տեսանելի էր միայն ինձ համար: 
Երբ սիրահարվեցի քեզ, սիրո մասին իմ կարդացած գրքերը մոռացա... Դու դարձար միակն ու ամենասիրելին` նման այն գրքին, որը կարդալիս խելացնոր մոլեգնությամբ անգիր են անում, լիառատ նրա բույրը շնչում ու գժվում հորդացող քնքշությունից: Նման այն գրքին, որը մոռացնել է տալիս նախկինում կարդացած բոլոր սիրառատ տողերն ու պարբերությունները, մաքրում է հոգին նախկին էջերից մնացած տառապալից խզբզանքից ու նոր խոսքերով բուժում պատառոտված թղթերը կյանքի... Նման այն գրքին, որը վերընթերցում են տասնամյակներ շարունակ ու նորովի վերասիրահարվում, խենթանում նրա ինքնատիպությունից:
Ու ես, քեզնով հմայված, խորասուզվում էի բառերիդ գաղտնի աշխարհներում, արտատպում քեզ իրականության լույսերում ու վերակառուցում տիեզերքը քո հնչյուններով: Ու դու, ինձնով հավերժացած, բոցավառում էիր հոգիս նուրբ շղարշներով վարագուրված անմահությամբ ու հարատև սեր խոստանում: Նման էիր այն գրքին, որը միայն ինձ էր պատկանում, ինձնով շունչ ստանում, շղթայում ինձ ու իմ տիրակալը դառնում: Չթերթված էջերում ամփոփված սերդ նախասահմանված էր միայն ինձ համար...
Երբ սիրահարվեցի քեզ, սիրո մասին իմ կարդացած գրքերը մոռացա... Դու դարձար միակն ու անփոխարինելին` նման այն գրքին, որի կազմը շատերին կարող է գրավել, իսկ թե ինչ է գրված ներսում, կարդալ բոլորը կարող են, լիարժեք վերապրել` միայն մեկը: Նման այն գրքին, որն ընթերցողին ավելի լավն է դարձնում, որ վերաարժևորում է նրա կյանքն ու ուղեկիցը դառնում: Ու ես, քեզնով դյութված, թերթեցի բովանդակությունդ զգուշությամբ ու սովորեցի քեզ, անձնատուր եղա խորին իմաստներիդ ու անթեղված խորհուրդներ ճանաչեցի:
Չթերթված էջերում ամփոփված լույսդ տեսանելի էր միայն ինձ համար:

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Գայա Բաբայանին: 

No comments:

Post a Comment