Ես անցա հուսահատության փողոցով, ետևում թողեցի քամահրանքի պողոտան, մտա գորովանքի գետնանցում ու թեքվեցի դեպի ազատության կամուրջ: Հաստատուն քայլերով առաջ սլացող, բայց անհաշիվ դառնություններ տեսած, մշտատև ընթացքից ծանրացած ու թուլացած` ես ի վերջո հասա բաղձանքիս գագաթնակետին ու հաղթական դրոշը ծածանեցի:
Ես փարվեցի անկախության հուշարձանին, թարմ վարդերի բույրը տարածեցի շուրջբոլորն ու վառման հանդես բացեցի: Լռեցի շատ երկար, համրացած ու ոգևորությունից գլուխս կորցրած` մի պահ անշարժ աղոթք ասացի, հոգուս գաղտնարանից հիշողությունների մի բյուր ամբար բաժանեցի համայն աստղերին ու վերածնված, նոր ոգի առած ելա, դեմքս ուղղեցի դեպի լազուր երկինք ու... ժպտացի...
Ու եղավ այնպես, որ այլևս անկանգառ ընթացա բոլոր բարձրահարկ շենքերի, կողպված բնակարանների ու փակ դռների միջով, գրկեցի թանկ ու հարազատ մարդկանց ու անարգել սավառնեցի սպիտակ ամպերի վարդագույն խորքերում... Ու միշտ բարին եղավ, միշտ լավը, միշտ լուսավորը...
Ես անցա տխրության դպրոցն ու երջանկության դափնեպսակ ստացա: Ես հաղթեցի անորոշության դատապարտված ու անտերության մատնված ինքնամարտում, արտասուքի մի կաթիլ սահեց այտս ի վար, ես զարթնեցի ձմռան քնից, ես գարուն սփռեցի երկրիս ողջ մակերեսով մեկ, իմ ամբողջ ձայնով բացականչեցի սրտիս անբարբառ կանչերն ու խաղաղության դուռը գտա...
Ու եղավ այնպես, որ ազատությամբ շնորհվեցի: Ինքնակամ հասա համարձակության սահմաններից անդին ու ազատագրության փարոս ստեղծեցի, ծնկի եկա ու թոթափեցի տխրության ստվերն ինձնից: Ու այդժամ ես իմ հաջողության հուշարձանը կառուցեցի, ու թող մարդկությունն էլ իմանա, որ ինձ նմաններն առկայծում են արևի շողերից էլ վառ, չեն խամրում երբեք, չեն կորչում...

Ես անցա հուսալքության փողոցով, ետևում թողեցի պարտության պողոտան, մտա բերկրության գետնանցում ու թեքվեցի դեպի փրկության կամուրջ: Ու այդժամ եղավ այսպես...
No comments:
Post a Comment