Mar 20, 2015

Անհունն իմ մեջ



Ինչ-որ տարօրինակ մի բան կա խորության մեջ` անմատչելի ու տարածական անսահմանության նմանող անընդգրկելի մի անհուն, վիթխարի մի աշխարհ: Մի տեղատարափ` մտքերի, զգացումների` խո՜րը-խո՜րը: Այնքա՜ն խորը, որ մտածելիս նույնիսկ մարմնովս մեկ սարսուռ է անցնում:
Այդ աներևակայելի օվկիանի մեջ պարփակված` սուզվում եմ, ընկղմվում ու աներևութանում, անձնատուր լինում այդ խորության հրապույրներին, կորցնում ինքնատիրապետումս, խորտակվում: Խո՜րը: Անբացատրելի խորը:
Այդ անթափանց գրավչության մեջ անչափելի հանգստություն կա, հանդարտություն, խորունկ լռություն: Այդ խորության մեջ ես ապրում եմ, շնչում, նվագում այն նույն մեղեդին ու հույսերի շող ամբարում, երազում ու արարում, երազում անվերջ ու անդադրում...
Այս երանելի ինքնամոռացման մեջ ես հաշտ եմ ինքս ինձ հետ: Լուսավորված վառ առկայծող անթիվ ճառագայթներով` անհունն իմ մեջ է: Առանց այդ աշխարհի ես չկամ:
Ալբեր Քամյուի՝ «Խորը մարդիկ երկար են հիշվում...» տողը մտաբերեցի: Իսկ խորը մարդիկ երկա՞ր են հիշում: Ուղղակի... Ուղղակի խորությունը շատ է խորը, ուղղակի մի տեղատարափ է` հույզերի, ապրումների: Խորը մարդիկ երկար չեն հիշում: Նրանք թաղվում են իրենց անեզրության մեջ ու վերածնվում:
Տարօրինա՜կ է հնչում: Իսկ 21-րդ դարում տարօրինակ թվացող բոլոր երևույթներին ընդունված է արտասովոր անունը տալ: Այնպես որ... կուղղեմ առաջին նախադասությունը:
Ինչ-որ արտասովոր մի բան կա խորության մեջ...

No comments:

Post a Comment