Mar 13, 2015

Իմ կյանքի գարունը...


Ինձ թարմ օդ է պետք` սառը, մաքուր, ինձ թեթև քամու օդ է պետք, որ փակեմ աչքերս ու քամու շարժը զգամ: Դրանից հաճելի բան չկա աշխարհում...
Ու թող միշտ գարուն լինի, համայն աշխարհում, հիմա ու մեկընդմիշտ, առանց ընդմիջումների, դադարների ու վերջաբանների: Ինձ հավերժական գարուն է պետք: Ես անսպառ շնչելու կարիք ունեմ: Խորը շնչելու:
Քայլում եմ երևանյան փողոցներով, զգում արբեցնող օդի զովությունն ու բազմերանգ ծաղիկների բույրը: Շուրջբոլորը թարմ է ու կանաչ... Երանի այն օրը, երբ միշտ գարուն կլինի... Ու չի վերջանա...
Այս խոր հանգստությունն ինձ երազածս երջանկությունն է նվիրել: Հոգիս թևածում է հեռո՜ւ-հեռո՜ւ: Փակում եմ աչքերս, զգում սառն օդի շունչն, ու ներսս լցվում է ծաղկային քնքշությամբ, ես ապրում եմ, եմ կրկին ապրում եմ, ես շնչում եմ անսպառ ու խելահեղ: Ես տեսնում եմ գարնան նրբերանգներն ու մեղմորեն ժպտում, զգում թեթև քամու շարժն ու հասկանում լոկ մի բան... Իմ կյանքը գարուն է...
Զբոսնում եմ գարնանային ծառուղիներով, օդում նկարում իմ երջանկության մտապատկերներն ու վերածնված, ինքս ինձ գտած ու ամբողջացած` հայացքս վեր եմ ուղղում, ժպտում ու խորը շունչ քաշում: Թեթև քամի է: Դրանից հաճելի բան չկա աշխարհում...
Շուրջբոլորը թարմ է ու կանաչ... Իմ կյանքի գարունն է` իմ երջանկությունը...

No comments:

Post a Comment