Mar 4, 2015

Եթե կարդում եք այս նամակն, ուրեմն Դուք 313 սենյակի հաջորդ երջանիկ բնակիչն եք...


Ջերմագին ողջույններս Ձեզ, իմ բախտակից բարեկամ...
Եթե կարդում եք այս նամակն, ուրեմն Դուք 313 սենյակի հաջորդ երջանիկ բնակիչն եք... Ուրեմն Դուք էլ ինձ պես ճակատագրի կամոք այս առեղծվածային համարի հերթական հյուրն եք: Մի՛ շտապեք կանչել հյուրանոցի ծառայողին կամ կառավարչին: Նրանք Ձեր զարմանքին ի պատասխան ուղղակի կժպտան ու կվստահեցնեն Ձեզ, որ սա կատակ չէ, ոչ էլ՝ ինչ-որ գաղտնի խաղ: Այս նամակը միայն ու միայն Ձեզ համար է: Ես այն գրել եմ մեկնելուս օրը՝ վաղ առավոտյան, և թողել գրասեղանին՝ ծաղկամանի մեջ դրված բուրավետ յասամանի ներքո: Վստահ եմ, որ ծրարի ու ծաղկի մանուշակագույնն հաճելի կլինի Ձեզ:
Երկու շաբաթ առաջ ես հյուրընկալվել էի 313 սենյակում ու, մինչ իրերս էի դասավորում, սեղանին՝ նույն տեղում դրված ճիշտ նույնպիսի նամակ նկատեցի: Ուղղակի ծրարի գույնն էր այլ՝ վարդագույն: Նամակի մեջ էլ չորացրած վարդի թերթիկներ էին, որ կարմրի յուրահատուկ երանգ էին հաղորդել թղթին: Նամակը գրել էր այս նույն սենյակում ինձնից առաջ ապաստանած հյուրը՝ քսանամյա մի օրիորդ՝ դաշնակահարուհի: Իսկ ես քսանյոթ տարեկան երիտասարդ գրող եմ: Ձեր հեռանալու օրը նույնպիսի մի նամակ Դուք ինքներդ պիտի գրեք Ձեզնից հետո սենյակում հյուրընկալվող հաջողակի համար: Որովհետև այս ամենն իսկապես հաջողություն է բերում... Հիմա կփորձեմ բացատրել...
313 սենյակը հասարակ սենյակ չէ: Այն աշխարհի ամենաարտասովոր սենյակն է: Հյուրանոցը կառուցվել է 13 տարի առաջ: 313 սենյակի առաջին բնակչուհու կյանքում սկսել են բացառիկ կարևորության իրադարձություններ տեղի ունենալ. երեսնամյա այդ կինը հյուրանոցում ապրելու կարճ ժամանակահատվածում հանդիպել է իր երազանքների տղամարդուն, ճանաչվել է ամերիկյան «Գրին քարտ» վիճակախաղի երջանիկ շահողներից մեկը, փողոցի մայթեզրին ընկած է գտել հենց այն գիրքը, որը երկար տարիներ ուզեցել է կարդալ, կարճ ասած՝ նրա կյանքը գլխիվայր շուռ է եկել... Ցանկանալով պատմել իր ապրումների և զգացումների մասին՝ նա որոշել է նամակ գրել իրենից հետո միևնույն սենյակում հյուրընկալվողին և նախազգուշացնել նրան, որ համարում մոգական ու զորեղ ինչ-որ բան կա...
Ինքս նամակը կարդալով լիաթոք ծիծաղեցի ու կարծեցի, թե սնահավատություն է, պատահականության թեթև ձեռքով ստեղծված մի զավեշտախաղ, որն իբրև թե պիտի ստիպի հավատալ, որ տիեզերքի գաղտնիքներն հենց այս սենյակի պատերի մեջ են ամփոփված, թե առաստաղը լիքն է վառվող աստղերով, ու պատուհանից այս կողմ անտես մի ուժ հրաշքներ է գործելու...
Մի քանի օր առաջ քաղաքի ամենաառաջատար հրատարակչությունից զանգահարեցին ինձ և հաղորդեցին, որ ներկայացրածս վիպակներն արժանացել են տնօրենի հավանությանը, և իրենք պատրաստակամ են ստանձնել հովանավորի դերն ու հրատարակել գործերս: Պատկերացրե՜ք միայն: Ախր ես իմ վիպակները շատ վաղուց էի թողել հրատարակչության գրասենյակում: Հազիվ էի հասցրել սթափվել այդ անսպասելի լուրից, երբ կինս զանգահարեց ու հանդիսավոր ձայնով հայտարարեց, որ երեխայի է սպասում: Ուրախությունից գլուխս կորցրած՝ շտապ վերցրի կիսաճմրթված և անփութորեն մի կողմ դրած նամակն ու սկսեցի վերընթերցել: Նախորդ հյուրի վարդագույն ծրարն այս անգամ հուզումնալից թված իմ աչքին: Թափանցեցի բովանդակության անիմանալի տողատակերի մեջ ու մտքումս ամուր արտատպեցի գրված ու ապրված ամեն բառ ու ստորակետ... Չորացրած վարդի անուշաբույրը միախառնվեց գեղեցիկ ձեռագրով շարադրված հնչյուններին և լռությունը լցրեց մեղմալուր շշունջներով: Սենյակի հեքիաթային ներգործությունը վերստին կյանքի էր կոչվել...
Դաշնակահարուհու պատմածներն հաստատեցին սքանչելի բարեբախտությունը: Այս սենյակում բնակվելու ընթացքում նա հրավիրվել էր միջազգային հնչեղության մշակութային միջոցառման, ստացել էր առաջարկ նվագելու հեղինակավոր նվագախմբում, հանդիպել էր իր վաղեմի ընկերոջն ու հաշտվել վերջինիս հետ: Կյանքի անիվը սկսել էր իր արագընթաց պտույտը...
Օրեր անց ինձ հետ կատարվեց երրորդ հրաշքը. ծառայողն հայտնեց, որ վարձի միայն կեսը պիտի վճարեմ, քանի որ ես հյուրանոցի այս տարվա հարյուրերորդ բնակիչն եմ...
Հաջորդ երջանիկը Դո՛ւք եք: Համոզված եմ, որ շուտով Ձեզ հետ նույնպես շատ հաճելի դեպքեր պիտի կատարվեն:
Իմ բախտակից բարեկամ, մի՛ զարմացեք: Աշխարհում ինչե՜ր ասես, որ չեն պատահի...

Հ.Գ. Հյուրանոցի վարձի այն չվճարված գումարը գրապահարանի երրորդ շարքի աջ կողմի 13-րդ գրքի 313-րդ էջում է դրված:

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Պերճ Հարությունյանին:

No comments:

Post a Comment