Էլ չեմ փախչի: Չեմ հեռանա: Դուռն աղմուկով չեմ փակի ու չեմ գոռա, թե ատում եմ քեզ: Հոգուդ խորքում դու գիտես, որ ես դա չեմ ուզում: Ախր դա ելք չէ: Ոչ էլ փրկություն: Չէ, էլ երբեք չեմ գնա, չեմ լքի մեզ: Չեմ հրաժարվի երջանկությունից, որն այնքա՜ն երազել եմ: Իսկ երազել եմ ես շա՜տ երկար, ամեն ինչ հեքիաթային պատկերացրել ու որոշել, գծել, չափել ու ձևել: Հեշտ էր երևակայական պատրանքներ ստեղծելը, գոյություն չունեցող երազներին հավատալն ու դրանցով ապրելը: Դե իհարկե: Իսկ հիմա, երբ հանկարծ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, հիմա, երբ երջանկությունն անուն ունի, ես խուճապահար ուղիներ եմ որոնում ազատվելու այս երանությունից: Ես ամենավերջին վախկոտի նման փորձում եմ խույս տալ, թաքնվել: Խելագարվել եմ, համոզել ինքս ինձ, թե սերը միայն տառապանքի, անքուն գիշերների, լացի դիմաց շնորհվող գերմարդկային ու վերերկրային անհասանելի պարգև է: Գրողը ինձ տանի: Էլ չեմ տխրի: Հաճախ հենց միայն այն պատճառով եմ տխրում, որ դու էլ տխրես: Չե՞ս հոգնում ինձնից: Իմ ի՞նչն ես սիրում...
Էլ չեմ հեռանա: Չեմ գնա: Ախր քեզ հրաժեշտ տալ հնարավոր չէ: Ամեն անգամ իմ «ուզում եմ մենակ մնալ»-ն ավելի է քեզ մոտեցնում ինձ: Դու բաժանում չես հանդուրժում, մնում ես հաստատուն, համբերող, առանց ուշադրություն դարձնելու անհավասարակշիռ խենթ երեխայիս անկայուն տրամադրությանն ու փոփոխվող մտքերին: Դու վստահ ես, որ իմ «ուզում եմ մենակ մնալ»-ը երկար չի տևելու, որ ես վերադառնալու եմ: Գնալու տեղ չունեմ: Հոգուս խորքում ես գիտեմ, որ ինձ այսչափ սիրել, ինձնով այսքան տարվել, այսպես ինձնով ապրել, ինձնով քնել ու արթնանալ, ինձ բաց չթողնել, ինձ դիմանալ, իմ առջև արդարանալ, բացատրություններ տալ, սիրտս շահել... միայն դու կարող ես...
Իսկ ես կարծում էի, թե սերը ցավ է պատճառում... Որովհետև ինձ շատ էին կոտրել, որովհետև ես փշրանքների մի ամբողջություն էի: Հետո դու եկար, աննկատ մտար իմ կյանք ու ստիպեցիր հավատալ, որ սիրում ես ինձ անկախ հանգամանքներից ու դժվարություններից: Ստիպեցիր ինձ հասկանալ, որ ամեն րոպե հիշում ես ինձ, մտածում, անհանգստանում, հետաքրքրվում: Որ միայն դու կարող ես օգնել ինձ չվախենալ սիրելուց ու այսչա՜փ սիրվելուց, որ միայն դու կարող ես համոզել ինձ չհրաժարվել երջանկությունից, որն այնքա՜ն երազել եմ: Իսկ երազել եմ ես շա՜տ երկար:
No comments:
Post a Comment