- Ի՞նչ նվեր ես ուզում բախտից,- հարցրին ինձ 22 տարեկան դառնալուս օրը:
Ես մի պահ շփոթվեցի, ապա խորհրդավոր ժպիտով ճակատագրական երազանք պահեցի ու ասացի.
- Ուզում եմ կյանքս երկու մասի բաժանել. մինչև 22 տարեկանն ու 22 տարեկանից հետո...
Եթե հոգիս խոսել կարողանար, ապա համայն մարդկությունն իր խոսելու ունակությունը կկորցներ: Եթե հոգիս պատմել կարողանար այն հրաշքները, որ կատարվեցին ինձ հետ, եթե միտքս արտահայտել կարողանար այն զորությունը, որ վերածնունդս ավետեց, եթե գրիչս կարողանար հաստափոր բառարաններում ամփոփված երախտագիտության ու փառաբանության սքանչելի խոսքերով գոհության ձոն նվիրել Բարձյալին, միևնույն է, ինձ շնորհված երջանկության ու լույսի անընդգրկելի բովանդակությունը լիարժեք տեսանելի, պատմելի ու բացատրելի չէր դառնա...
Իմ ցանկությունն իրականացավ: Իմ շուրթերից միամտաբար հնչածն աստվածային հրաշագործ զորությամբ վերափոխեց կյանքս: Ու երջանկությունը ներխուժեց իմ կյանք, սրբեց անցյալից մնացած ամեն թախիծ ու տխրություն, եդեմ արարեց իմ սրտում ու հավիտենական գարուն հռչակեց: Ու ես վերջապես հասկացա, որ իմ երջանկությունը հենց հիմա է, հենց այստեղ, ամենաներսում... Ես հասկացա, որ երազանքներս հասցե չունեն, անուն չունեն, անժամկետ են: Ես գտա ինքս ինձ, որ էլ երբեք չկորցնեմ: Ու ժպտացի: Լցված անհուն հավատի լիահույս շողերով` աչքերս երկինք բարձրացրի ու ջերմագին շշնջացի.
- Ամենակարող Տեր, ես երջանիկ եմ: Քո պարգևած երջանկությունը կատարյալ է, մաքուր ու սուրբ: Շնորհակալ եմ:
Եթե ամենանվիրական աղոթքներս բարձրաձայն հնչելու կամ թե օդում արտատպվելու կարողություն ունենային, ապա մարդիկ ամեն քայլափոխի կլսեին, կտեսնեին ու կհասկանային «երջանկություն» բառս:
Եթե ամենանվիրական աղոթքներս բարձրաձայն հնչելու կամ թե օդում արտատպվելու կարողություն ունենային, ապա մարդիկ ամեն քայլափոխի կլսեին, կտեսնեին ու կհասկանային «երջանկություն» բառս:
No comments:
Post a Comment