May 12, 2015

ԳՐԿԻՐ ԻՆՁ



Թվային այս դարաշրջանում, երբ ամեն վայրկյան միլիոնավոր լուսանկարներ են ստեղծվում ու տարածվում, երբ ակնթարթ հավերժացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի մատնազարկ, ու երբ մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն լեցուն է հեռախոսների ու անձնական թվային օժանդակիչների գերարագ ու գերզարգացած գործառույթներով, մենք նույնիսկ մեկ համատեղ լուսանկար չունենք:
Կսկսես ծիծաղել: Միգուցե նաև կմտածես, թե համատեղ լուսանկարն ինչիս է պետք: Իսկ ես կլռեմ, որովհետև բացատրելն անմտություն կլինի: Երևի ուղղակի կասեմ, որ հոգնել եմ մեզ կողք-կողքի պատկերացնելուց: Մեր առանձին լուսանկարներն իրար միացնելու քո հնարավոր առաջարկը չեմ ընդունի: Կպատճառաբանեմ, թե բնական չի ստացվի: Չնայած որ թվային այս աշխարհում բնական լուսանկար ստեղծելուց հեշտ բան չկա: 
Կկանգնես կողքիս: Առաջին անգամ անչափ մոտ կլինես ինձ: Ես կզգամ հուզմունքից ընդհատ շնչառությունդ ու հոգիս տակնուվրա անող սրտիդ արագ զարկերը կլսեմ: Դու խնամքով արդուկված վերնաշապիկովդ ինձ կհպվես, ու ես կզգամ օծանելիքիդ բույրը: Այդ պահին երկուսս էլ փոքր-ինչ անհանգիստ շարժումներ կանենք, կփորձենք ժպտալ: Շփոթմունքս դեմքիս թրթիռ կնկարի, դիմագծերս կալեկոծվեն, շրթունքներս կդողան: Մտքումս կխոստովանեմ, որ անտարբեր չեմ քո նկատմամբ: Թե ինչ կկատարվի քո ներսում, երևի միայն դու կիմանաս: Բայց ես գեթ մի պահ հայացքս քեզ կդարձնեմ ու կտեսնեմ արև աչքերումդ վառվող կրակն ու երանությունից փայլող ջերմագին նայվածքդ: Ու այդ կարևոր րոպեին ի պատասխան մեր լուռ ցանկության` լուսանկարողին գուցե զվարճացնի սիրահարվածության անխոս վկայությունն, ու նա հանկարծ ասի.
- Ինչո՞ւ եք այդպես հեռու կանգնել, դե, գրկեք իրար:
Ամուր ձեռքդ երերալով կսեղմի իրանս, այտերիս վարդի երանգներ կգունանկարի ու կփոթորկի նոր ծաղկող զգացմունքներս: Կժպտանք և... լուսանկարը պատրաստ է: 
Առաջին համատեղ հուշն ամենաթանկ հիշողության առհավատչյան կդառնա: Այն համառորեն չի հեռանա մեր աչքերի առջևից, ու մենք անվերջ կմտաբերենք կողք-կողքի գտնվելու մեծագույն երջանկությունը: 
Օրեր անց ես ուրախությամբ կասեմ քեզ, որ թվային այս դարաշրջանում մենք վերջապես ունենք գոնե մեկ համատեղ լուսանկար: Կսկսես ծիծաղել: Իսկ ես քաջ կգիտակցեմ, որ իրականում այդ լուսանկարն աշխարհում ամենասիրելին է քեզ համար, բայց ոչինչ էլ չեմ ասի: Կլռեմ, ինչպես դու ես լռում զգացմունքներիդ մասին: 
Ձեռքդ գեթ մի քանի վայրկյան կգրկի մարմինս: Ու ես կիմանամ, որ իրականում այդ մի քանի վայրկյաններն հարատև դարձնելը քո բաղձալի երազանքն է, բայց ոչինչ էլ չեմ ասի: Կլռեմ, քանի դեռ դու ես լռում զգացմունքներիդ մասին: 

May 9, 2015

«Պլատոնական սեր»



«Պլատոնական սեր» արտահայտությունը բոլորս ենք լսել: Սեր, որն իդեալական է, վերզգայական ու աննյութական: Սեր, որը վեհացնում է, հոգեպես երջանկացնում առանց որևէ նախապայմանի կամ պարտավորության:
Այսպես սիրելը հիմնականում բնորոշ է դեռահասներին` հատկապես աղջիկներին: Մենք` աղջիկներս, շատ անգամներ ենք սիրահարվել որևէ ֆուտբոլիստի, դերասանի, երգչի: Չէ, խոսքը թեթև սիրահարվածության մասին չէ: Խոսքը երկրպագության հասնող խելահեղ մոլուցքի մասին է: Եթե սիրահարված ենք ֆուտբոլիստի, սկսում ենք դիտել նրա ֆուտբոլային հանդիպումները` հույս ունենալով գեթ մի ակնթարթ տեսնել նրան: Համացանցի թարմ տեղեկությունների շնորհիվ մենք մշտապես կառչած ենք մեր սիրուն: Մենք ունենք նրա բոլոր նկարները, գիտենք նրա մասին այն ամենն, ինչ հանրային է: Եթե սիրահարված ենք դերասանի, սկսում ենք հերթով դիտել նրա բոլոր ֆիլմերը, գնում ենք պաստառներ, որտեղ նա է պատկերված: Երգչի սիրելիս սկսում ենք լսել նրա բոլոր` անգամ անհեթեթ երգերը: Կարճ ասած` թակարդում ենք: Թակարդ, որտեղից ետդարձ չկա:
Պլատոնական սիրո առարկա դարձած աստղը կատարյալ է, գրեթե սուրբ: Նա չունի թերություններ, նրան բնորոշ են միայն գերմարդկային առավելություններ: Նա լավագույնն է, ամենագեղեցիկը, ամենատաղանդավորը: Մենք նրան կարող ենք պատկերացնել հենց այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում, որ նա լինի: Կարող ենք նրան վերագրել այնպիսի հատկանիշներ, որոնք նա գուցե չունի: Անհասանելիությունը, առեղծվածային ու հեքիաթային կերպարը նրա վարկանիշն էլ ավելի են բարձրացնում մեր աչքերում:
Մինչ մեր ընկերուհիները սիրահարվում են մեր հասակակիցներին, ընկերություն անում, բաժանվում, տառապում, մենք հանգիստ մեր տներում նստած երազում ենք մեր իդեալական հերոսի մասին: Այսպես սիրելը հեշտ է ու ապահով: Չէ՞ որ նա մեզ չի նեղացնի, չի բղավի մեզ վրա, չի խաբի, չի դավաճանի, չէ հիասթափեցնի... Ու չի էլ սիրի... Նա գուցե հենց այդ պահին ուրիշին է նեղացնում, ուրիշի վրա է բղավում, ուրիշին է խաբում, ուրիշին է դավաճանում, ուրիշին է հիասթափեցնում... Ու ուրիշին է սիրում...
Մեր կուռքերը գիտեն իրենց հազարավոր երկրպագուհիների գոյության մասին ու անչափ ուրախ են սիրված ու ճանաչված լինելու համար: Գիտե՞ն: Ինձ թվում է, որ նրանք երբեք էլ լիարժեք չեն կարողանա պատկերացնել, թե մենք ինչպես ենք խելագարվում իրենց համար, ինչպես ենք արտասվում, երբ մեր սիրած ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, նրանք երբեք էլ չեն կարողանա հասկանալ, թե որքան թանկ են մեզ համար: Անիմանալիության ու անբացատրելիության աստիճան թանկ:
Բացառիկ բախտավոր են այն երկրպագուները, որոնց հաջողվում է հանդիպել իրենց կուռքին, դիպչել նրան, գրկել, լուսանկարվել, ստորագրություն խնդրել: Այդ հրաշալի ակնթարթներն ընդմիշտ ուղեկցելու են երկրպագուին իր ողջ կյանքի ընթացքում:
Տարիներ անց կուռքի հանդեպ բուռն սիրահարվածությունը կարող է մեղմանալ, բայց նա հավերժ մեր սրտում է, մեր մտքում, մեր քաղցր ու բարի հիշողությունների մեջ, մեր ամենագաղտնի խորքերում: Սա սեր է, իսկական սեր, որը երբեք չի մոռացվի: Որովհետև երկրպագուի սերը սահմաններ չունի, անժամկետ է:
Պլատոնական սիրո առարկա դարձած աստղը կատարյալ է, խելագարության հասնող սիրելի, պաշտելի, գրեթե սուրբ: Մեր կուռքերը գիտեն իրենց հազարավոր երկրպագուհիների խոր սիրո մասին: Գիտե՞ն: Ինձ թվում է, որ նրանք երբեք էլ չեն կարողանա պատկերացնել, թե այն որքան խորն է, որքան իրական ու որքան ուժգին:
«Պլատոնական սեր» արտահայտությունը բոլորս ենք լսել: Սեր, որն իդեալական է, վերզգայական ու աննյութական: Երբ սիրում ես քեզ չճանաչող, քեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդուն: Սիրում ես` սիրել բառի բոլոր իմաստներով: 

May 6, 2015

ԼՈՒՍԻՆ


Մենք հանդիպում ենք ամեն գիշեր, հայացքներ փոխանակում, լռում միասին ու խորհում շատ երկար: Կապույտ հեքիաթի թագուհիդ իշխում ես երկնակամարում ու պատմում մեզ դժբախտ սիրուդ մասին:
Ա՜խ, Լուսի՛ն, երանի ավելի մոտ լինեի քեզ ու կարողանայի հասկանալ թախիծդ: Դու շատ բան ես տեսել ու լսել` երդումներ հավերժական սիրո մասին, խոստումներ... Գիտես, կյանքն այնքան բարդ է... Հարաբերական ու իրավիճակային անիմաստ աշխարհ, բաշխված դերեր, միապաղաղ ու հոգնեցնող ոչինչ...
Իսկ դու այնքա՜ն տխուր ես: Խորհրդավոր գեղեցկուհիդ, ցավոք, միայնության ես մատնված: Ասում են` պատմությունդ ողբերգական է եղել: Տեսնես ո՞վ քեզ լքեց ու դառնացրեց պայծառ երեսդ:
Ես քո անունն ունեմ: Նախկինում ես էլ քեզ պես ընկճվում էի, ուզում հեռանալ, մի կողմ նետել բոլոր պայմանականություններն ու իմաստ գտնել:
Շուտով կբացվի առավոտը, դու կրկին կծածկվես սպիտակ ամպերով, կթողնես ինձ մենակ... Ա՜խ, Լուսին, հերիք է տանջող հայացքդ ինձ հառես: Գուցե դադարե՞ս անիծյալիդ ողբալուց և վերջապես ժպտա՞ս: Գեթ մի պահ այլակերպվիր, պատռիր տխուր դիմագծերդ:
Վերևում` քեզ մոտ, աստղերն ի՞նչ են խոսում: Գիտես, մի օր` մի գեղեցիկ կամ թե անձրևոտ օր, կյանքը տվեց բոլոր հարցերիս պատասխանները: Թերևս ուշացած, կամ էլ` ճիշտ ժամանակին: Տվեց այն պահին, երբ այլևս չէի սպասում: Կյանքն ունի անվերապահորեն բոլոր պատասխանները: Այն անողոք է ու հիասքանչ: Թերի ու կատարյալ: Կյանքը գիտեր` ինչ էր անում:
Ա՜խ, Լուսի՛ն, ես քո անունն ունեմ՝ ամենագեղեցիկ ու լուսավոր անունը: Բայց ես միշտ ջերմորեն ժպտում եմ:
Մենք կշարունակենք հանդիպել ամեն գիշեր, հայացքներ փոխանակել, լռել միասին ու խորհել շատ երկար: Կապույտ հեքիաթի թագուհիդ կիշխես երկնակամարում, իսկ ես քեզ կպատմեմ իմ երջանիկ սիրո մասին... Ու այդժամ գուցե ինքդ էլ շողաս, ու ես կզգամ, թե ինչպես են խավարում հազարավոր աստղեր բոցավառվում ավելի պայծառ...

May 1, 2015

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը



Հենց այս պահին ամբողջ աշխարհն իր համակ ուշադրությունը սևեռել է կանաչ խոտածածկի կենտրոնում պատվավոր կերպով դրված գնդակին: Իսկ իմ սենյակի մեջտեղում մագիստրոսական թեզի՝ այսինքն թղթե աշխարհի մի իսկական քաոս է: 
Լսվում է մրցավարի սուլիչի ձայնը: Զարթուցիչիս՝ ամեն 10 րոպեն մեկ հնչող երաժշտությունը կտրում է ինձ երազներիս հրաշագեղ աշխարհից: Խաղը սկսվեց: Ռեալ Մադրիդ-Յուվենտուս: Մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներ համաձայնեցված գործողությունների մի ողջ շղթա կազմած մեկնարկում են թիմային խաղը: Իսկ ես վեր եմ կենում, հագնվում ու անցնում համալսարան գնալու նախապատրաստական աշխատանքներին:
Ֆուտբոլիստները գրոհում են՝ ջանալով գրավել հակառակորդ թիմի դարպասը: Կիսապաշտպանը հիանալի փոխանցում է կատարում, և արդյունքում գնդակը հայտնվում է մրցակցի տուգանային հրապարակում: Արդեն դրսում եմ: Անցնում եմ փողոցն ու քայլերս ուղղում դեպի հարազատ բուհ: Մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրում, իսկ ես նայում եմ ժամացույցին ու հասկանում, որ արդեն ուշացել եմ առաջին դասաժամից: Ֆուտբոլիստները կրկին խաղարկում են գնդակը, իսկ հակառակորդ թիմի դարպասապահն ամեն կերպ փորձում է անառիկ պահել սեփական դարպասը: Մտնում եմ լսարան ու հանդիպում դասախոսի՝ այս-աղջիկն-էլի-ուշանում-է հայացքին: Գնդակը դիպավ դարպասաձողին: Պատճառաբանություն չեմ էլ հորինում: Ուշացել եմ և վերջ: Դեղին քարտ պաշտպանին ոչ սպորտային պահվածքի պատճառով: Դասախոսն առաջարկում է ինձ նստել՝ նախազգուշացնելով, որ հաջորդ ուշացման դեպքում այլևս այդքան բարի չի լինի: Փոխանցում: Հարձակվողին հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը: Գո՜լ: Գրատախտակի մոտ կանգնած խոսում եմ հնդեվրոպաբանության ծագման մասին ու ստանում 100 միավոր: Մրցաշրջանի առաջատարն ամրապնդում է իր դիրքերը: Հետո՞ ինչ, որ ուշանում եմ: Վեց տարի գերազանց եմ սովորում:
Ահա և ավարտվեց առաջին խաղակեսը. ընդմիջում է: Հնչում է զանգը. դասամիջոց: 15 րոպե շունչ քաշելու համար: Գլխավոր մարզիչը հրահանգներ է տալիս, խոսում, գնում-գալիս, քաջալերում: Լսարանում աղմուկ է: Օհնվի ականջակալ հնարողը: Րոպեներ անց թիմերը նորից խաղադաշտում են: Ներս է մտնում դասախոսը: Ֆուտբոլ կոչվող հրաշալի տոնի երկրորդ խաղակեսն է: Ֆուտբոլիստները ցանկանում են դուրս գալ եզրափակիչ և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Իսկ ես ուզում եմ պաշտպանել մագիստրոսական թեզը, ստանալ դիպլոմ ու նոր կյանք սկսել: Ուսումս չեմ շարունակելու: Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես նման եմ մի ֆուտբոլիստի, որն հրաժարվում է մասնակցել Մունդիալին: Ֆուտբոլային մեկնաբանների պես բարեկամներս ու ընկերուհիներս իրենց կարծիքներն են հայտնում, խաղադրույքներ կատարում ասպիրանտուրա ընդունվելուս վրա, ասում, թե վերջին պահին պիտի մտքափոխվեմ: Առավել հավանական է, որ Ռոբերտո Կարլոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կդառնա:  
Գո՜լ: Ֆուտբոլասերները ցնծում են, հնչում են բուռն ծափողջույններ: Հակառակորդ թիմը պարտվում է: Ի՜նչ հետաքրքիր է, չէ՞: Կյանքում էլ է այդպես: Հաղթողն իր հաշվին միավորներ է կուտակում, իսկ պարտվողն իր սխալի դիմաց միավորներ բաց թողնում: Ու ամեն ինչ նորից է սկսվում՝ ձեռք բերած կամ կորցրած միավորներով. խաղը շարունակվում է, ինչպես և կյանքը:
11 ֆուտբոլիսներ 90 րոպե վազում են մի գնդակի ետևից: Իսկ ես արդեն 9 ամիս է վազում եմ իմ թեզի ետևից: Ֆուտբոլը մարզաձև է, իսկ իմ թեզն համակարգչային տերմինաբանության դարդն ու ցավն է քաշում:
Խաղը շուտով կավարտվի: Հաշիվը 2:0 է: Ռեալ Մադրիդին հաջողվեց հիմնական ժամանակի ընթացքում 2 գոլ խփել, բանը չհասավ լրացուցիչ ժամանակին և 11 մետրանոց հարվածներին: Տուն եմ վերադառնում: Առջևում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է և թեզիս պաշտպանությունը:
Լսվում է մրցավարի սուլիչի ձայնը: Դժվարությամբ բաց եմ անում աչքերս, ու գիշերային խավարն հուշում է ինձ, որ տեսածս լոկ երազ է եղել: Մի պահ վարանում եմ, ապա հիշում, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչը չի կարող առավոտյան ժամը 9:00-ին սկսվել:

Գրառման համար հիմք են ծառայել ֆուտբոլային արտահայտություններ: