Ա՜խ, Լուսի՛ն, երանի ավելի մոտ լինեի քեզ ու կարողանայի հասկանալ թախիծդ: Դու շատ բան ես տեսել ու լսել` երդումներ հավերժական սիրո մասին, խոստումներ... Գիտես, կյանքն այնքան բարդ է... Հարաբերական ու իրավիճակային անիմաստ աշխարհ, բաշխված դերեր, միապաղաղ ու հոգնեցնող ոչինչ...
Իսկ դու այնքա՜ն տխուր ես: Խորհրդավոր գեղեցկուհիդ, ցավոք, միայնության ես մատնված: Ասում են` պատմությունդ ողբերգական է եղել: Տեսնես ո՞վ քեզ լքեց ու դառնացրեց պայծառ երեսդ:
Ես քո անունն ունեմ: Նախկինում ես էլ քեզ պես ընկճվում էի, ուզում հեռանալ, մի կողմ նետել բոլոր պայմանականություններն ու իմաստ գտնել:
Շուտով կբացվի առավոտը, դու կրկին կծածկվես սպիտակ ամպերով, կթողնես ինձ մենակ... Ա՜խ, Լուսին, հերիք է տանջող հայացքդ ինձ հառես: Գուցե դադարե՞ս անիծյալիդ ողբալուց և վերջապես ժպտա՞ս: Գեթ մի պահ այլակերպվիր, պատռիր տխուր դիմագծերդ:
Վերևում` քեզ մոտ, աստղերն ի՞նչ են խոսում: Գիտես, մի օր` մի գեղեցիկ կամ թե անձրևոտ օր, կյանքը տվեց բոլոր հարցերիս պատասխանները: Թերևս ուշացած, կամ էլ` ճիշտ ժամանակին: Տվեց այն պահին, երբ այլևս չէի սպասում: Կյանքն ունի անվերապահորեն բոլոր պատասխանները: Այն անողոք է ու հիասքանչ: Թերի ու կատարյալ: Կյանքը գիտեր` ինչ էր անում:
Ա՜խ, Լուսի՛ն, ես քո անունն ունեմ՝ ամենագեղեցիկ ու լուսավոր անունը: Բայց ես միշտ ջերմորեն ժպտում եմ:
Մենք կշարունակենք հանդիպել ամեն գիշեր, հայացքներ փոխանակել, լռել միասին ու խորհել շատ երկար: Կապույտ հեքիաթի թագուհիդ կիշխես երկնակամարում, իսկ ես քեզ կպատմեմ իմ երջանիկ սիրո մասին... Ու այդժամ գուցե ինքդ էլ շողաս, ու ես կզգամ, թե ինչպես են խավարում հազարավոր աստղեր բոցավառվում ավելի պայծառ...
No comments:
Post a Comment