May 12, 2015

ԳՐԿԻՐ ԻՆՁ



Թվային այս դարաշրջանում, երբ ամեն վայրկյան միլիոնավոր լուսանկարներ են ստեղծվում ու տարածվում, երբ ակնթարթ հավերժացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի մատնազարկ, ու երբ մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն լեցուն է հեռախոսների ու անձնական թվային օժանդակիչների գերարագ ու գերզարգացած գործառույթներով, մենք նույնիսկ մեկ համատեղ լուսանկար չունենք:
Կսկսես ծիծաղել: Միգուցե նաև կմտածես, թե համատեղ լուսանկարն ինչիս է պետք: Իսկ ես կլռեմ, որովհետև բացատրելն անմտություն կլինի: Երևի ուղղակի կասեմ, որ հոգնել եմ մեզ կողք-կողքի պատկերացնելուց: Մեր առանձին լուսանկարներն իրար միացնելու քո հնարավոր առաջարկը չեմ ընդունի: Կպատճառաբանեմ, թե բնական չի ստացվի: Չնայած որ թվային այս աշխարհում բնական լուսանկար ստեղծելուց հեշտ բան չկա: 
Կկանգնես կողքիս: Առաջին անգամ անչափ մոտ կլինես ինձ: Ես կզգամ հուզմունքից ընդհատ շնչառությունդ ու հոգիս տակնուվրա անող սրտիդ արագ զարկերը կլսեմ: Դու խնամքով արդուկված վերնաշապիկովդ ինձ կհպվես, ու ես կզգամ օծանելիքիդ բույրը: Այդ պահին երկուսս էլ փոքր-ինչ անհանգիստ շարժումներ կանենք, կփորձենք ժպտալ: Շփոթմունքս դեմքիս թրթիռ կնկարի, դիմագծերս կալեկոծվեն, շրթունքներս կդողան: Մտքումս կխոստովանեմ, որ անտարբեր չեմ քո նկատմամբ: Թե ինչ կկատարվի քո ներսում, երևի միայն դու կիմանաս: Բայց ես գեթ մի պահ հայացքս քեզ կդարձնեմ ու կտեսնեմ արև աչքերումդ վառվող կրակն ու երանությունից փայլող ջերմագին նայվածքդ: Ու այդ կարևոր րոպեին ի պատասխան մեր լուռ ցանկության` լուսանկարողին գուցե զվարճացնի սիրահարվածության անխոս վկայությունն, ու նա հանկարծ ասի.
- Ինչո՞ւ եք այդպես հեռու կանգնել, դե, գրկեք իրար:
Ամուր ձեռքդ երերալով կսեղմի իրանս, այտերիս վարդի երանգներ կգունանկարի ու կփոթորկի նոր ծաղկող զգացմունքներս: Կժպտանք և... լուսանկարը պատրաստ է: 
Առաջին համատեղ հուշն ամենաթանկ հիշողության առհավատչյան կդառնա: Այն համառորեն չի հեռանա մեր աչքերի առջևից, ու մենք անվերջ կմտաբերենք կողք-կողքի գտնվելու մեծագույն երջանկությունը: 
Օրեր անց ես ուրախությամբ կասեմ քեզ, որ թվային այս դարաշրջանում մենք վերջապես ունենք գոնե մեկ համատեղ լուսանկար: Կսկսես ծիծաղել: Իսկ ես քաջ կգիտակցեմ, որ իրականում այդ լուսանկարն աշխարհում ամենասիրելին է քեզ համար, բայց ոչինչ էլ չեմ ասի: Կլռեմ, ինչպես դու ես լռում զգացմունքներիդ մասին: 
Ձեռքդ գեթ մի քանի վայրկյան կգրկի մարմինս: Ու ես կիմանամ, որ իրականում այդ մի քանի վայրկյաններն հարատև դարձնելը քո բաղձալի երազանքն է, բայց ոչինչ էլ չեմ ասի: Կլռեմ, քանի դեռ դու ես լռում զգացմունքներիդ մասին: 

No comments:

Post a Comment