Jun 25, 2015

ԻՄ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄ - 2

Կարծես երեկ լիներ, երբ ավարտեցի բակալավրիատը, ստացած հիմնավոր գիտելիքներով, առավել հասուն ու կայացած մարդու աշխարհայացքով ու հաստատուն քայլերով մտա մագիստրատուրայի բաժին... Նախընտրածս բաժինները մի քանիսն էին: Ուզում էի ընդունվել Միջազգային տուրիզմ կամ Բանասիրություն, ինչու չէ Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ...
Մագիստրատուրայի բաժնի աշխատողները նայեցին իմ ՄՈԳ-ին (միջին որակական գնահատական), ապա նայեցին Միջազգային տուրիզմի և Բանասիրության անցողիկ միավորները և ասացին, որ իմ ՄՈԳ-ը բավարար չէ այդ բաժիններ անվճար ընդունվելու համար: Ընտրեցի Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Օրեր անց ցուցակում կարդացի անունս, նայեցի բոլոր բաժինների անցողիկ միավորները: Ստել էին: Իմ ՄՈԳ-ով ես անվճար կարող էի ընդունվել և՛ Միջազգային տուրիզմի, և՛ Բանասիրության բաժին... Ուրեմն դա էր բարին:
Առաջին կուրս... 2013 թվական... Ես հոգնած էի, շատ հոգնած: Բակալավրիատի բուռն և հագեցած օրերից հետո ինձ երևի հանգիստ էր հարկավոր: Ես մի ամբողջ կիսամյակ չէի կարողանում հարմարվել դասերին, առարկաներին: ՏԿՎՏ բաժնի ղեկավար տիկին Առաքելյանը, դասախոսներս և համակուրսեցիներս անչափ լավն էին, ուղղակի ես էի հիասթափված ու թևաթափ եղած...
Բուֆետ, ԼՄՀ բակ, ՕԼՖ առաջին հարկ, ՕԼՖ դեկանատ, նոր ընկերուհիներ, բողոքներ առարկաներից ու դասաժամերի գրաֆիկից, համակարգչային լսարաններ, Ֆեյսբուք, Բազմությունների տեսություն, որն ընդմիշտ ատելու եմ մինչև կյանքիս վերջ: Հաճախ օրերն էի հաշվում, թե երբ պիտի ավարտեմ, մի խոսքով` երկու` երկար, լավ ու վատ դեպքերով, ժպիտներով ու տխրությամբ, ուրախությամբ ու անտարբերությամբ լի տարիներ:
Քսանամյա օրիորդից գրեթե ոչինչ չի մնացել... Ես մեծացա, հասունացա, փոխվեցի, սկսեցի այլ աչքերով նայել կյանքին ու աշխարհին...
Երկրորդ կուրս... Շուրջս համակուրսեցիներս խոսում էին, աղմկում, իսկ ես նստում էի հյուրի պես ու քարացած դեմքով նայում անվերջ ու առանց դադարի խոսող դասախոսին... Տեսնես ի՞նչ էր ասում... Ես լսել չէի կարողանում, ինձ թվում էր, որ ես այլևս երբեք լսել չէի կարողանալու... Ինձ հետ մի բան այն չէր, ինձ հետ վաղուց մի բան այն չէր... Ես մի քիչ շատ, մի քիչ չափազանց շատ էի ինձնից նվիրել... Իսկ դասախոսը դեռ խոսում էր, գրում գրատախտակին, բացատրում... Ի՞նչ էր ասում... Ես տեսնում էի նրան մասնակիորեն, նա շարժվում էր, գնում-գալիս, բայց ես նրան չէի լսում, նրա բառերը օդում ձայնային ալիքներ էին դառնում, միախառնվում համընդհանուր ժխորին, ես փակում էի աչքերս ու անէանում...
Թեզի թեմա` «Համակարգչային լեզվի տերմինաբանական բառապաշարի ձևավորումը և համալրումը անգլերենում և հայերենում»: Թեմայի նախնական տարբերակում հայերենի հատվածը չկար, միայն երկրորդ մոնիտորինգի ժամանակ այդ ամբիոնն այնքան «բարի» գտնվեց իմ հանդեպ, որ հաճեց տեղեկացնել, որ միայն անգլերենով թեզ գրել չեմ կարող: Վեճեր, արցունքներ, հիասթափություններ:
Թեզիս սիրելի ղեկավար Միսս Գրիգորյանի օգնության և սիրելի դասախոս Սուսաննա Տիոյանի անսահման բարության, անմնացորդ նվիրվածության ու անգնահատելի աջակցության շնորհիվ կարողացա մեկ ամսում վերափոխել ամբողջ աշխատանքս:
Մայիսի 21: Թեզի պաշտպանություն: Ելույթս փայլուն էր, բոլոր ներկաները կհաստատեին: Ամեն ինչ հաջող անցավ, ես ուրախ էի ու երջանիկ: Պաշտպանությունս 100 գնահատվեց, սակայն մոնիտորինգի 80-ի պատճառով վերջնական գնահատականս դարձավ 97: Ուսումնառության 6 տարիների ընթացքում երբևէ 90-ից ցածր գնահատական չէի ստացել: «Սիրում» էր ինձ այդ ամբիոնը, երևի շատ: Ինչևէ, ուրեմն դա էր բարին:
Ասում էին, թե պաշտպանությունից հետո դատարկություն կզգամ: Չզգացի: Անկեղծ: Միայն անցաքարտը հանձնելուց հետո, երբ արդեն դուրս պիտի գայի համալսարանից առանց քարտի, անսովոր սառնություն զգացի ու հասկացա, որ քարտը տալիս ներսիս մի մասն եմ տվել, երևի շատ կարևոր մի մաս...
Որպես մագիստրանտ ես երբեք էլ ակտիվ չեմ եղել: Միշտ ուշացող, անտարբեր, ուրախ ու բարձրաձայն ծիծաղով առանձնացող, երազկոտ հայացքով 7-րդ երկնքի օդերում սավառնող... Բակալավրիատում էլ էի այդպիսին, բայց երբեք չէի ուշանում: Շարունակում էի սովորել գերազանց, ՄՈԳ-ս 4 հնարավորից 3.92 էր...
Այս երկու տարիների ընթացքում մեր համալսարանում որոշ բաներ փոխվեցին: Դե, նախ մագիստրատուրայի բաժինը դադարեց գոյություն ունենալուց, մենք դարձանք ՕԼՖ-ի մի մաս, բուֆետում կարծես թե այլևս խստիվ չէր արգելվում դաս անելը, հին ծանոթներս ավարտել էին, նոր ընդունվածներին չէի ճանաչում, ամեն ինչ շարունակում էր հարազատ մնալ, ուղղակի ես էի մեծացել...
Իմաստաբանություն, Քանակական լեզվաբանություն, Նշանագիտություն, Կինոյի նշանագիտություն, WEB ծրագրավորում, ՏՏ և համակարգեր, Էլեկտրոնային բառարանագրություն, Կորպուսային լեզվաբանություն, Ռելացիոն բազաներ, Մեքենական թարգմանություն, Հետազոտական օբյեկտների մոդելավորման մեթոդներ, HTML, CSS, Java, PHP, Բազմությունների տեսություն, և այլն, և այլն... Ու վերջում կարմիր դիպլոմ` երկար սպասված... Երկրորդն ու վերջինը...
Ուսումս չեմ շարունակելու: Ասպիրանտուրա: Չէ՛, դա հաստատ ինձ համար չէ: Չգիտեմ, թե որտեղից, բայց ես հստակ գիտեմ` եթե ընդունվեմ ասպիրանտուրա, կյանքս սխալ հունով կընթանա, ես կշեղվեմ իմ ճանապարհից... Նույն զգացումը ունեի 8 տարի առաջ, երբ հրաժարվեցի ՀՊՏՀ ընդունվելուց և ընտրեցի լեզվաբանությունը: Այժմ ես նոր կյանք եմ սկսելու, նոր հիմքից եմ ամեն ինչ կառուցելու, կյանքում այլ ուղի եմ հարթելու...
Ես միշտ իմ ամբողջ սրտով կսիրեմ ու կհարգեմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Ես միշտ կհիշեմ ուսանողական օրերս, ես անվերջ կկարոտեմ մեր համակարգչային լսարանները, մեր բարեխիղճ ու փորձառու դասախոսներին, 80 րոպե` երբեմն կիսամեռ, երբեմն Ֆեյսբուքի շնորհիվ մի ակնթարթ թվացող դասաժամերը... Չեմ կատակում, ուղղակի անկեղծ եմ: Երևի ավելի, քան պետք էր...
Ես քեզ հրաժեշտ եմ տալիս, բաժանում դեպի քեզ եկող, քեզնով ապրող ու տարիներ կիսած ուղին... Ես հեռանում եմ ուրախ ու հանգիստ: Իմ սիրելի Բրյուսով, սրտումս վիթխարի տեղ զբաղեցնող իմ ամեն ինչ, ախր այս ամենը հաստատ բառերով չես պատմի...

Jun 23, 2015

Մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ ու...


Արագ միացնում եմ համակարգիչը, հարմար տեղավորվում ու շտապում մտնել Ֆեյսբուք: Աչքովս ընկնում են լրահոսի նորությունները. համակուրսեցիս ամուսնացել է, հարևանուհիս նոր լուսանկարներ է հրապարակել, դասընկերս մեկնել է Լոնդոն: Նոր հաղորդագրություններ ունեմ, անթիվ-անհամար ծանուցումներ: Տեսնենք, թե ով է առցանց: Ֆեյսբուքյան ընկերներիս մեծ մասն ինձ առանձնապես չի հուզում, այնպես որ... Մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ, չնայած որ այսօր արդեն ութսունյոթ անգամ ճշգրտորեն կատարել եմ քո էջ մտնելու ընթացակարգի բոլոր կետերը: Նախ տվյալների բաժնում ստուգում եմ հարաբերությունների կարգավիճակը. ճիշտ է, կես ժամում դժվար թե հասցնեիր ընկերուհի ունենալ, նշանվել կամ ամուսնանալ, բայց ես դա չստուգել չեմ կարող: Դիտում եմ լուսանկարներդ` լինեն հին ու երբեք չթարմացվող կամ թե նոր ու ամեն օր փոփոխվող, շնչավորում եմ գեղեցիկ պատկերդ ու երազում, որ մի օր քո էջում կտեսնեմ իմ լուսանկարները ևս... Ձեռքս զգուշորեն սահում է ընկերանալու հայտի վրայով, մի պահ դանդաղում, ապա արագորեն մի կողմ քաշվում: Ու ընդհանրապես, ես ի՞նչ գործ ունեմ քո էջում: Ի՞նչ եմ այնտեղ մոռացել... Երևի ինքս ինձ:
Ես դեռ կարդում եմ մեր հին նամակները, մեղմ ժպտում, տողատակերի իմաստներն եմ վերաիմաստավորում ու կարոտում քեզ: Ես դեռ հիշում եմ քո խոսքերը, դրանցում խնամքով թաքցրած սերն ու հուզմունքը, ես վերընթերցում ու վերակերպավորում եմ տողերիդ ջերմությունն ու անկեղծությունը, թափանցում մտքերիդ լույս հեռուներն ու գունավոր մատիտներով մեր երևակայական ապագան նկարում...
Մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ, ուսումնասիրում բոլոր գրառումներդ, հավանումներդ, ընկերներիդ գրած մեկնաբանությունները, մի խոսքով` ես սրբորեն իրականացնում եմ քո էջ մտնելու ամենժամյա նվիրական գործի անհրաժեշտ բոլոր-բոլոր դրույթները: Ի՞նչ եմ կորցրել քո էջում... Երևի ինքս ինձ: Ինչո՞ւ, ինչո՞ւ ինձ չեն հուզում ընկերներիս ցանկում ապրող տղաները, ինչո՞ւ ինձ երբեք չեն հետաքրքրում նրանց սիրահար նամակները, ամեն գրառումս հավանելու ծանուցումները, ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես ապրում քո էջում, ինչու եմ բոլորից թաքուն մտնում Ֆեյսբուքի քո էջ ու... Երազում, որ մի օր այդտեղ կտեսնեմ իմ լուսանկարները ևս... Ու երազում, որ մի գեղեցիկ, երևի ամենագեղեցիկ մի օր մենք միասին կփոխենք մեր հարաբերությունների կարգավիճակը, որ ես այլևս ստիպված չեմ լինի էկրանից այս կողմ հետևել քեզ, դու էլ երևի... ինձ... Որ այլևս ստիպված չեմ լինի քեզ տեսնելու համար մտնել Ֆեյսբուք, որ այլևս քեզ Ֆեյսբուքո՛վ չեմ սիրի...
Բոլորն էլ մտնում են ինչ-որ մեկի էջ, ինչ-որ մեկի, որը բնավ էլ ինչ-որ մեկ չէ, այլ շատ կարևոր մեկն է, շատ սիրելի ու շատ... Շատ թանկ: Եթե դու օրվա ընթացքում հարյուր անգամից ավելի մտնում ես նրա էջ, ուրեմն անչափ կարևոր բաներ ես մոռացել նրա էջում... Երևի ինքդ քեզ...
Երանի կարողանայիր տեսնել, թե որքան հաճախ են մատներս ստեղնաշարի վրա անունդ գրում: Լերմոնտովի հայտնի խոսքերը հիշեցի` «Ու ողջ աշխարհը ատեցի, որ քեզ ավելի ուժգին սիրեմ...» Երանի, երանի զգալ կարողանայիր, որ անտեսել եմ բոլորին, որ միայն քեզ ուշադրություն դարձնեմ... Երանի իմանալ կարողանայիր, թե որքան երկար եմ դիտում լուսանկարներդ` հին ու երբեք չթարմացվող, երանի զգայիր, որ ես մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ ու... Երազում, որ մի օր այդտեղ կտեսնեմ իմ լուսանկարները ևս... Ու երազում, որ մի գեղեցիկ, ամենագեղեցիկ մի օր մենք մեր առաջին համատեղ լուսանկարը կտեղադրենք ու... Այլևս երբեք ստիպված չենք լինի նստել համակարգչի առջև ու մեկս մյուսի էջ մտնել...
Մտնում եմ Ֆեյսբուքի քո էջ ու... Ու զգում, որ հենց հիմա` հենց այս պահին, ինչ-որ մեկն էլ իմ էջ է մտել... Ի՞նչ ես կորցրել իմ էջում... Երևի ինքդ քեզ...

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Վարս Մխիթարյանին:

Jun 8, 2015

Հուզագրություն


Այն, ինչ ես գրում էի, գրականություն չէր համարվում: Գուցե մտորումների տարափ, խոհերի ու հիշողությունների հուզիչ շարադրանք, հոգեկան ապրումների ու զգացմունքների արտացոլում, հախուռն օրագրված խոստովանանք, տպավորությունների ու պատկերների, զգացականության բառակերպում, էսսե, մի խոսքով` ամեն հնարավոր բան, բայց ոչ գրականություն:
Ես չէի սովորել բանասիրության ֆակուլտետում, հայ և համաշխարհային գրական մտքի պատմության, շրջափուլերի և ուղղությունների մասին իմ ունեցած գիտելիքները սիրողական էին, գրականության տեսություն չէի ուսումնասիրել, այնինչ պարտավոր էի:
Բայց ես սիրում էի կարդալ: Չեմ կարող ասել, որ ամբողջ ազատ ժամանակս զբաղված էի ընթերցանությամբ, սակայն գրքերի աշխարհում ես երջանիկ էի ու ամենակարող: Զրուցում էի վեպի հերոսների հետ, դառնում գործող անձ, ձուլվում հեքիաթին ու վերապրում, վերացարկվում: Կերպավորումներիս մեջ ես ստեղծագործ էի, իսկ ընթերցածս գրքերը խոսում էին միմյանց հետ, հերոսները սիրահարվում էին այլ գրքերի հերոսներին: Իմ երևակայության գույների երփներանգներում նոր ծիածաններ էի արարում, կանաչ մարգագետիններում ծաղկափոշի էի շաղ տալիս ու արև զարդանկարում: Քամիներ էի հորինում ու տիեզերքներ ճամփորդում: Ես ազատ էի ու ամենակալ:
Գրում էի: Անկեղծ ու շնչասպառ: Գուցե ոչ այնքան վարպետորեն, գուցե ոչ այնքան հետաքրքիր, բայց ես հուզագրում էի ամեն միտք ու ապրում, ես ներաշխարհս արտատպում էի թղթին, դուրս շպրտում խղճիս ծանրացած զգացումներն ու վերածնվում: Հուզվելիս մարդիկ նեղանում են, բարկանում, գոռում, վիճում, ուրախանում, ցնծում, իսկ ես փակվում էի իմ սենյակում ու գրում, գրում արցունքն աչքերիս, դողը սրտումս, ոգևորված, խանդավառված: Դա իմ միակ փրկությունն էր, իմ լինելությունը, իմ էությունն ու հոգին: 
Բայց այն, ինչ ես գրում էի, գրականություն չէր համարվում: Ես բլոգգեր էի, որն իր սրտաշարժ գրառումներով կիսվում էր իր ընթերցողների հետ: Ես չէի ձգտում դառնալ գրող, մասնակցել գրական քննարկումների, լինել գրական միջոցառումների կիզակետում, ճանաչում ձեռք բերել: Քավ լիցի, ինձ պետք էր միայն, որ շնչեի անսպառ, հուզաթափ ու անարգել:
Ասում են` երաժշտությունը մարդկային զգացմունքների ձայնն է` հոգեթով, քաղցրահնչուն, աստվածային: Իսկ ես իմ ձեռագիրը հուզագրություն կանվանեմ, մեղմ ու անուշ տողերով կենդանություն կպարգևեմ եթերային պատրանքներիս ու կշարունակեմ ապրել:

Jun 2, 2015

Երազում


Փակում եմ աչքերս քո մասին մտածելով: Քանի՜-քանի՜ գիշեր է կողոպտել ես անդորրս, գաղտագողի ներս թափանցել դյութիչ անուրջներիս թաքստոց: Իմ երևակայության սահմաններից անդին են մշուշվում երազներս: Իսկ դու հմայել ես պատրանքներիս լուսե աշխարհն ու արտացոլվել հույզերիս տեղատարափում: Քանի՜-քանի՜ անգամ եմ քեզ պատկերացնելու, ներաշխարհդ զգալու և հոգուդ հաղորդակից լինելու փորձեր արել: Այդ անհուն խորության հեռուներում սուզված կանգառել եմ անզոր ու թևաթափ: Հուզել ես ինձ անչափ: 
Ի՞նչ գիտեմ քո մասին: Դու ապրում ես երազներիս արևներում: Կախարդական այդ տեսիլներում ես հանդիպում ինձ ու հանգիստ չես տալիս: Քեզ բնորոշ մոգական անբացատրելի զորությամբ անդադար հայտնվում ես հրաշալույս մտապատկերներիս հեքիաթում: 
Ես կարոտում եմ քեզ: Իրականության անտես հորիզոններում ինձնից հեռու ու առանց ինձ դու երևի նույնպես հիշում ու կարոտում ես անմիտիս: Իսկ քեզ մոռանալուն ու չսպասելուն թախծոտ հուզումով երերում է հոգիս:
Խոստացել ես տեսնել ինձ քո երազում: Իսկ ես ինքս ինձ խոստացել եմ չներխուժել քո սիրտ ու աշխարհդ տակնուվրա չանել: Իսկ ես ինքս ինձ համոզել եմ չհավատալ քո խոսքերին ու չսիրահարվել քեզ:
Ի՞նչ գիտեմ քո մասին: Դու ապրում ես երազներիս արևներում: