Nov 28, 2014

Մեղքերիդ համար չեմ աղոթելու...


Խոնարհվիր: Սեփական կեղծության, ցածրության ու փոքրոգության ծանրության տակ կախիր գլուխդ, վար իջեցրու աչքերդ, դրանք հիմա լիքն են ամոթանքի ու անպատվության զգացումով: Թող աչքերդ չհանդիպեն քեզ դատապարտող իմ խիստ ու անգութ աչքերին, թող հայացքդ փախչի քեզ նսեմացնող իմ դաժան ու անողոք հայացքից: Ամաչիր չմտածված քայլերիդ հետևանքներից, քո ստորությունից, նենգությունից, հոգեկան ճղճիմությունից:
Ես քեզ վեր եմ կարծել ու երազել: Հիմա տեսնում եմ, որ քո ներսում առաքինի և ոչ մի հատկանիշ չկա, դու բարոյազուրկ ոչնչություն ես, փառքի տենչող անկուշտ խրտվիլակ: Ասում են` պաշտոնը մարդուն ավելի բարձր մարդ է դարձնում, իսկ ոչնչությանը` ավելի խորը ոչնչություն: Ես դա գիտեի, բայց չգիտեի, որ այս աստիճան կծախվես, որովհետև չնչին մի շնորհի դիմաց դու քեզ իսկապես ծախել ես մեծամեծերի փառասիրության տոնավաճառում...
Թող հոգիդ արտասվի կյանքում ինձ կորցնելու, չգնահատելու, կյանքում շնորհիվ ինձ լավը ու հոգով վեհ չդառնալու համար, այդպիսին դառնալ չձգտելու համար, թող հոգիդ արտասվի մեր բաց թողած երազանքների համար... Թող գժվես սեփական նվաստությունից ու հասկանաս, որ քեզ համար ոչ մի ներում գոյություն չունի, որ դու շատ խորը թաղվել ես մեղքերի մեջ, իսկ ես քեզ փրկել արդեն չեմ էլ ուզում, դու միշտ ցածր ես լինելու, իսկ այդ գիտակցումով ես դեմքիդ նայել իսկ անկարող եմ դառնալու... 
Ասում էի` իմ սերն ավելի հզոր է, քան ցանկացած տղամարդու խոսք: Տեսա՞ր, որ ճիշտ էի, տեսա՞ր, որ սպասում էի ու հավատում ստերիդ, տեսա՞ր, որ ամեն բան պարզվեց, որքան էլ չուզեիր, որքան էլ թաքնվեիր քո դիմակների ներքո, որքան էլ ջանայիր ամուր բռնվել ինձնից...
Ես մեղքերդ չեմ խնկարկելու, մեղքերիդ համար չեմ աղոթելու, հոգուդ համար փրկություն չեմ աղերսելու, ես քեզ մեն-մենակ եմ թողնելու, որ կյանքում ավելի ներքև իջնես ու ցած գլորվես, որ սուզվես քո ճահճում... Դու դրան ես արժանի...
Պարտվել ես: Իսկ հիմա գլխահակ կանգնիր ու իմացիր, որ հոգով ինձնից մի ամբողջ աշխարհ ցածր ես, իմացիր, որ ատում եմ էությունդ, աննկարագրելի նողկանք զգում քո հանդեպ, իմացիր, որ քո անհանգիստ ու անկայուն էությամբ թույլ ու անզոր ես իմ վեհության, բարձրության, անմեղության ու մաքրության առջև, իմացիր որ կյանքում ինձ պարտք ես մնացել, որ խիղճդ ծախել ու վաճառվել ես...

Nov 26, 2014

Նախկինը



Գնա: Ուղղակի գնա: Չշրջվես նույնիսկ: Չնայես վրաս: Անգամ թե վիրավորեմ քեզ, բղավեմ, որ վախկոտ ես, անգամ թե քարեր շպրտեմ քո ետևից, կամ թե աղաչեմ, որ հետ գաս: Չգաս, չլսես ինձ, կգնաս: 
Հեռացիր: Անգամ թե մի օր գժվեմ կարոտից, գամ կանգնեմ անդունդի եզրին ու ձեռքս քեզ մեկնեմ, չկառչես ինձնից: Հեռացիր, որ մաքրեմ հիշողություններս քեզնից ու նոր կյանք սկսեմ:
Չհիշես ինձ: Անգամ թե ինքս հիշեցնեմ քեզ իմ մասին, ներխուժեմ հոգիդ ու այն տակնուվրա անեմ: Ես դա կանեմ, բայց դու չհիշես ինձ: Ես կշարունակեմ գողանալ քեզ քեզնից, բայց դու չպիտի լսես ինձ, կարդաս կամ զգաս:
Գնա: Սիրտդ ինձ մոտ թող ու գնա: Իսկ դու դադարիր շնչել, շնչակտուր եղիր, բայց գնա, կործանվիր, բախվիր քո կառուցած ժայռաբեկորներին ու մնա դրանց ծանրության տակ: 
Տանջվիր, բայց գնա: Սիրիր, բայց գնա: Իմ մասին մտածիր, բայց հասկացիր, որ մտապատկեր էլ մնալու եմ, թաղվելու եմ անցյալիդ անդառնալի սխալների մեջ ու մի ամբողջ կյանք հոգեպես ու բարոյապես խեղդելու եմ քեզ ներսից: Գնա, բայց իմացիր, որ միշտ էլ ուզելու ես հետ գալ: Իմացիր, որ միշտ լինելու եմ` ոչ քեզ համար, այլ հանուն մեկ ուրիշի...
Կարծում ես` ցա՞վ եմ զգում: Չէ, հարգելի՛ս, ես մի անգամ արդեն եղել եմ դժոխքում, մահացել ու հոգի եմ համբարձել:
Ինչո՞ւ է այդպես: Քեզնից էի հիասթափվում, բայց քո տված ցավն այնքա՜ն աննշան էր, որ նորից նախորդի ցավն էր զարթնում: Նախորդի պատկերն էր խառնվում առօրյա օդին, նախորդի շունչն էր սավառնում ամենուրեք, նախորդի խոսքերն էին սկսում հնչել գլխումս, ես նախորդով էի ծածկում բոլորին... 
Երևի որովհետև կյանքում միայն մեկ անգամ են սիրում` ահա ամբողջը: Որովհետև այն մեկից հետո ամեն բան կեղծ է, ինքնախաբեություն, որովհետև ինձ նման աղջիկն իրոք լոկ մեկին կարող էր կյանքը նվիրել ու այն ետ ստանալ` մահանալ ու նորից ծնվել...
Դու սերդ ուրիշին տվեցիր, իսկ ես իմ նախկինին հիշեցի...
Նրանից ոչնչով առավել չես, բայց պարզվեց, որ անգամ պակաս էլ ես...

Nov 11, 2014

100 տարի անց (Մաս 1)



Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ

Իմ պատուհանից բացվող ու նահանջի ճամփան երբեք չբռնող Մասիսի սպիտակափառ գագաթն է, որն իր խորհրդավոր փայլով դարերի ու հազարամյակների պատմություն է ամփոփում:
Ես հայ եմ` արմատներով սասունցի: Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Սասուն աշխարհի զավակ լինելով ու իմ մեջ նախնիներիս շունչը կրելով` դեռ մանկուց բազում պատմություններ էի լսել Էրգրի կարոտի, Սասունից բռնագաղթված ու հայրենի եզերքը հեռվում թողած հորս պապի` Խաբլջոզի Մանուկի և շատ ուրիշների մասին: Ճակատագրի հարկադրանքով խաթարված կյանք, ավերված գյուղեր, բնաջնջված հայեր…
Արևելյան Հայաստանում ապաստան գտած շատ-շատերը դեռ չխամրող հույս ունեին. վերադառնալ: Հայի անկախ, ինքնիշխան ու երբեք չընկճվող ոգին անկոտրում էր ամենադաժան արհավիրքներից հետո անգամ…
Սակայն… «Արևմտյան Հայաստան» երազանքը սահմանից անդին է դեռ

***
2014 թվական: Երևան: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Սեպտեմբեր: Մագիստրատուրա 2-րդ կուրս: Համընդհանուր ժխոր, 80 րոպե տևող բուռն քննարկումներ: Դասախոսը մեջբերում է անում հայտնի հոդվածից.
- Թուրքիայի նախկին վարչապետ (ներկայիս նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014 թ.-ի ապրիլի 24-ի նախօրեին պատմության մեջ առաջին անգամ իր պետության անունից ցավակցել է 20-րդ դարասկզբին իրենց կյանքը կորցրած հայերի թոռներին:
- Հայերը ոչ թե պարզապես «կորցրել են իրենց կյանքը», այլ դաժանորեն ցեղասպանվել հենց թուրքերի կողմից,- ասում եմ ես:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի Հանրապետությունը 1915-ի դեպքերը գիտականորեն հետազոտելու համար կոչ է արել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Թուրք, հայ և օտարերկրյա պատմաբանների աշխատանքը 1915-ի դեպքերի վրա լույս սփռելու և պատմությունը ճիշտ հասկանալու գործում կարևոր դեր կխաղա:
- Ցինիկ հնարք, հերթական ժխտողական քաղաքականություն: Չի՛ կարելի խեղաթյուրել բոլորին հայտնի պատմական իրողությունը,- շարունակում եմ ես:
- Լուսինե՛, իսկ ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է: Գուցե չի եղել: Ես այնքան էլ հավատ չեմ ընծայում մեր պատմաբաններին, հակառակ կողմին էլ կարելի է լսել, թե չէ մենք մերն ենք ասում, նրանք` իրենցը, լավ կանեինք մոռանայինք այս հարցի մասին,- ասում է համակուրսեցիներիցս մեկը:
- Ինչպե՞ս թե «ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է»: Դու Արևմտյան Հայաստանից գաղթած ազգականներ, ծանոթներ ունեցե՞լ ես: Որևէ վկայություն կարդացե՞լ ես: Երբևէ տեսե՞լ ես, թե ինչ ցավով, մրմուռով են խոսում ու վերապրում 100 տարվա վաղեմության ոճիրը: Ավելի քան 1.500000 հայեր տեղահանվել են, գազանորեն սպանվել, գլխատվել: Երիտթուրքական կառավարության նպատակը հայերին ոչնչացնելն է եղել, արևելյան Անատոլիան հայերից դատարկելը: Թալեաթ փաշան Աբդուլ Համիդի սկսած զանգվածային ջարդերի շարունակողն է եղել, իսկ այդ եղեռնագործ սատանայի ահեղ դատաստանը հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանն է կայացրել, մի մարդ, որն իր աչքերով է տեսել այդ անհավատալի արհավիրքն ու սարսափը: Իսկ դու ու, ցավոք, քեզ պես շատ ուրիշներ դեռ կասկածում ու թուրքական քարոզչամեքենայի զոհն են դառնում: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե թուրք պատմաբաններն ինչ ստեր են ասում ու գրում: Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր Թուրքիայի կողմից, չէին լինի Բաքվի և Սումգայիթի ջարդերը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Գուրգեն Մարգարյանի բարբարոսական կացնահարումը, Հրանտ Դինքի սպանությունը, հայկական եկեղեցու պայթեցումն ու քեսաբահայության տարհանումը: Թուրքը մնում է թուրք` քանի հազար տարի էլ անցնի:
Բոլորը միանգամից լռեցին: Դասախոսը նույնպես ոչինչ չասաց: Չդիմացա: Ընդհանրապես ես անարդարություն չհանդուրժող եմ, համարձակ: Ասացի ու հետո ամբողջ դասի ընթաքցում այլևս չխոսեցի: Սուս-փուս նստել էի, մտովի մեր գյուղն էի հիշել, հորս հայրական տունը: Զգացի, որ կարոտել եմ տատիկիս: Պապիկիս չեմ տեսել, իմ ծնվելուց շատ տարիներ առաջ է մահացել:

***

Խաբլջոզի Մանուկը զվարճախոս կենսափիլիսոփա է եղել: Խորախորհուրդ խոսքն ու զրույցը, հրաշալի պատմություններն ու զվարճապատումներն անպակաս են եղել նրանից:
Նվիրական Էրգիրը կարոտով ու մորմոքով էր թողել... Կնոջը` գեղեցկուհի Մարիամին այրել էին: Գաղթի դժվարին ճանապարհին դստերը` փոքրիկ Իզմիրին հանձնել էր մի քրդի: Ետ դառնալու հույս էր ունեցել, սակայն...
Թալինի շրջանի Աշնակ գյուղում պատսպարված ու նոր կյանք սկսած, նոր տուն-տեղ դրած` նա շարունակել էր պահպանել հայրենասիրական շունչն ու կորովը, հետևել նահապետական վեհ ու առաքինի պատգամներին:
Երեք որդի ունեցավ` Պերճ, Աշոտ և Թովմաս: Աշոտ Թովմասյանը պապիկս է եղել: Տարիներ անց Իզմիրի և Մանուկի որդիների միջև նամակագրական գաղտնի կապ է հաստատվել: Թուրքերեն իմացող մեկի միջոցով հայերեն գրվածի թուրքերեն թարգմանում և հակառակը, վախ, սպասումներ, թաքուն ընթերցումներ, խոսակցություններ: Մի քանի լուսանկարներ ու նամակներ` պապիկիս դարակում խնամքով պահված, որոնք վկայում են անցյալի չմոռացվող էջերի ու ապրած տանջալից տարիների մասին: Նրա մահից հետո, ցավոք, կապը գրեթե խզվել է… 

***
2014 թվական: Երևան: Նոյեմբեր:
Գրասեղանիս կույտերով գրքեր են դրված: Դրանք այն գրքերն են, որոնք հերթով պիտի կարդամ: Հայրս շատ հաճախ գրքերի մի կապոց ձեռքում բռնած տուն է գալիս, մտնում իմ սենյակ ու ծանոթացնում ինձ հին կամ նոր, մոռացված կամ թե երբեք չհնացող էջերի անվերջությանը, որոնք տարբեր երկրների ու թագավորությունների, ազգերի ու ժողովուրդների, աստվածների ու հավատալիքների, Ռոմեոների ու Ջուլիետների պատմություններ են ամփոփում... Այնպես որ իմ կույտը պարբերաբար թարմացվում է. պակասում, ապա համալրվում նոր գրքերով:
Ու մի օր աչքովս մի գիրք է ընկնում. Ֆեթհիյե Չեթին - «Մեծ մայրս»: Հետաքրքրությամբ վերցնում եմ ու սկսում թերթել: Որքան ժամանակ է այս գիրքը դրված է իմ առջև, իսկ ես նոր եմ միայն նկատում այն:
Սկսում եմ ընթերցել: Սկզբնական «միայն մի քանի էջ թերթելը» վերածվում է ինքնամոռացության ու ինքս էլ չեմ նկատում, թե ինչպես եմ խորասուզվում ու խորտակվում հեղինակի հուշագրական վիպակի մեջ: Պատմում է իր տատի կյանքը, որը խոստովանել է հեղինակին իր հայ և մինչև 1915 թվականը քրիստոնյա լինելը: Ուշագրավ տողեր տեղահանման, կոտորածի ու աքսորի վերաբերյալ, որոնք բորբոքում են սեփական հուշերս…
Հորս հորեղբոր` Պերճ Թովմասյանի թողած գրական հարուստ ժառանգության մեջ ևս պատկերվում են Սասուն-Մուշ աշխարհը, գաղթյալ ժողովրդի զավակները` Խաբլջոզի Մանուկը, Համզե Բջուկը, Դավոն, դարբին Գրիգորը, Խուկեն, Ջուլհակ Կարապետը, Սրնգահար Արեն, Խոթա Միրոն, Բջե Ավեն, Տալվորիկցի Գաբրիելը, Փոփե պապը և շատ ուրիշներ...
Մի կողմ եմ դնում գիրքն ու սկսում մտածել… Իսկ որքա՜ն շատ հայեր են մնացել Թուրքիայում, դարձել մուսուլման, թրքացվել: Ինքս էլ այնտեղ վաղուց կորած ու մոռացված ազգականներ ունեմ: Երբ փոքր էի, Թուքիայից մի մարդ էր եկել գյուղ: Ասում էին` Իզմիրի բարեկամներից է: Մահմուդ էր անունը:
Տեսնես նա կա՞ Ֆեյսբուքում: Այ թե միտք ծնվեց գլխումս: Ֆանտաստիկ կլիներ, եթե կարողանայի գտնել նրան, իսկ նրա միջոցով` Իզմիրի թոռներին կամ ծոռներին: Վստահ եմ, որ նրանցից գոնե մեկը գրանցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցում: Ի՜նչ լավ կլիներ, եթե այն ժամանակներում համացանցը գոյություն ունենար: Կապը չէր կորի: Թեկուզ հեռու և օտար` նրանք միշտ աչքիդ առաջ կլինեին, կտեսնեիր, թե ինչպես են ապրում, ինչով են զբաղվում: Հա՞յ են, թե…
Սեդա տատիկս պատմում է, որ Իզմիրը խութեցի հայի հետ է ամուսնացել, սակայն ապրել են որպես ծպտյալ հայեր, դարձել մուսուլման: Հինգ երեխա են ունեցել` երկու տղա, երեք աղջիկ. նրանց երակներում հայի արյուն է հոսում:
Հիշում եմ, որ տարիներ առաջ գյուղում տատիկս ինձ մի լուսանկար ցույց տվեց: Իզմիրի քսանմեկ թոռնիկներից մեկին` տասներեքամյա Հերիքնազին ինձ էր նմանեցրել: Լուսանկարի աղջնակն իսկապես նման էր ինձ` սևագանգուր մազերով, սևաչյա փոքրիկ գեղեցկուհի էր:
Իզմիրի թոռները հիմա արդեն բավականին մեծ են, իրենց երեխաներն ունեն: Գուցե թուրքի հետ են ամուսնացել: Հայի արյանը թուրքի արյուն է միախառնվել: Տեսնես այդ արյուններն ինչպե՞ս են միաժամանակ հոսում երակներով, չե՞ն բախվում իրար, մերժում, դատապարտում: Ներքին խռովք ու ընդվզում չե՞ն փոթորկվում ու դուրս գալիս ափերից: Ինչպե՞ս են իրենց ներսում կրում հային ու թուրքին: Պատերա՞զմ են մղում սեփական եսի դեմ, թե՞ վաղուց հաշտության պայմանագիր են կնքել: Հաշտությո՞ւն: Ի՞նչ հաշտություն կարող է լինել հայի և թուրքի միջև:
Ուզում եմ գտնել նրանց: Շատ եմ ուզում: Բնավորությամբ զգացմունքային եմ, համառ, ուժեղ և հաստատակամ, ասածս անող, խոսքս ու ցանկությունս պնդող, ուզածիս հասնող: Չէ՛, պիտի կարողանամ կապող մի թել գտնել: Եթե ե՛ս դա հիմա չանեմ, ինձնից հետո ոչ մեկ չի անի:
Իսկ եթե իրոք գտա՞: Ի՞նչ պիտի անեմ: Նամա՞կ գրեմ: Բարև, մենք ազգականներ ենք: Ուղղակի ես հայկական ազգանուն ունեմ, իսկ դու թուրքական: Ուղղակի 100 տարի առաջ ցեղասպանություն է տեղի ունեցել, ու հիմա մենք տարբեր աշխարհներում ենք ապրում: Ուղղակի ես քրիստոնյա եմ, իսկ դու` մուսուլման: Ուղղակի ես հայ եմ, իսկ դու…
Ի՞նչ կզգամ այդ պահին, երբ գտնեմ ու սկսեմ զննել նրանց: Տեսնես անուններն ի՞նչ են, ի՞նչ տեսք ունեն, ինչպիսի՞ն են: Գիտե՞ն, որ իրենց ներսում, ենթագիտակցության ակունքներում խորը թաղված հայ կա: Գիտե՞ն ու ճանաչո՞ւմ են, թե՞ ստիպված են եղել խեղդել իրենց մեջ ալիքվող հայի ոգին:
Չնայած… Հնարավոր է, որ հայն իրենց հոգում շատ ավելի վառ է, քան այժմ Հայաստանում ապրող շատ-շատերի մեջ, որոնք մոռացել են իրենց պատմությունն ու անցյալի դասերը: Հնարավոր է, որ հայն իրենց մեջ ապրում ու զարկում է ուժգնորեն, խելահեղ ու կատաղի, ով գիտի…

***
- Արմինե հորաքույր, բարև: Ինչպե՞ս ես: Նոր մտքովս տարիներ առաջ Թուրքիայից եկած Մահմուդ անունով մեր ազգականն անցավ: Որևէ տեղեկություն ունե՞ս նրանից: Կապ կա՞: Ուզում եմ գտնել նրան Ֆեյսբուքում ու Իզմիրի երեխաներից, թոռներից կամ ծոռներից հարցուփորձ անել:
- Մհեր հորեղբայրն է Մահմուդի հետ կապ պահում: Հիշո՞ւմ ես` Մայիսի 27-ին Աշնակում տեսանք նրան երկու տղամարդկանց հետ: Այդ մարդիկ Մահմուդի բարեկամներն են, նրանցից մեկը կա ֆեյսբուքյան ընկերներիս ցուցակում:
- Հա, լավ եմ հիշում: Շնորհակալ եմ հորաքույր, հիմա կգտնեմ այդ մարդուն ու նամակ կգրեմ: Երբ նորություն ունենամ, կասեմ:
Աստվա՜ծ իմ: Իսկապես: Մայիսի 27-ին` հայտնի հայդուկապես Գևորգ Չաուշի մահվան օրը, որն այժմ նշվում է որպես ֆիդայատոն, գյուղում` հորս հայրական տանը Մհեր հորեղբոր և նրա երկու հյուրերի համար սուրճ պատրաստեցի: Նաև հիշում եմ, որ սուրճը մատուցելիս նրանցից մեկը շնորհակալություն հայտնեց` ասելով «şükür»: Երբ այդ բառը լսեցի, մի պահ սառեցի, ապա արագ հեռացա: Հասկացա, որ ասվածը թուրքերեն էր:
Ինչևէ, կգտնեմ այդ մարդուն ու նամակ կգրեմ, հայերեն դժվար թե հասկանա, այնպես որ անգլերեն կգրեմ:
Ահա նա` թուրքին բնորոշ դիմագծերով ու արտաքինով: Մեր գյուղում արված լուսանկարներ էլ ունի` Վրեժ Իսրայելյանի` «Առանց սասունցու աշխարհը տխուր կլինի» հայտնի ու սիրված խոսքերի առջև: Ի՞նչ անեմ: Նախ հայրիկին ասե՞մ, հետո՞ գրեմ նրան: Չէ՛, թող հայրիկը դեռ չիմանա…
Ուղարկեցի: Ակնթարթային արագությամբ նամակս կհասնի նրան, իսկ նախկինում որքա՜ն ջանք են թափել իրար հետ հաղորդակցվել կարողանալու համար:
Ժամեր են անցել: Նա կարդացել է նամակս, բայց չի պատասխանել: Ինչո՞ւ: Հնարավոր է, որ անգլերեն չի հասկանում: Բայց ես հանձնվողը չեմ, թուրքերեն կգրեմ: Ի՞նչ է, մի թարգմանիչ չե՞մ կարող գտնել:
Գրառում հրապարակեցի Ֆեյսբուքում: Մի քանի աղջիկներ միանգամից արձագանքեցին, ու հաշված րոպեների ընթացքում անգլերեն գրված նամակս դարձավ… թուրքերեն…
Գիտե՞ք, թե ինչ զգացի, ես նայեցի թուրքերեն գրված տողերին, երբ լեզվաբանի աչքերով տնտղեցի թարգմանվածն ու փորձեցի հասկանալ բովանդակությունը: Ես նողկանք զգացի, լցվեցի ատելությամբ ու թշնամությամբ, ինքս ինձ հետ կռիվ տալով` դա Մահմուդի ազգականին ուղարկեցի ու սկսեցի սպասել…
Պատասխանեց: Գրել էր, որ հորեղբայրներս նույնպես հարցրել են իրեն Իզմիրի մասին, ու ասաց, որ կփորձի մի բան իմանալ ու կտեղեկացնի ինձ:
Ուրախացա, հոգեպես հուզվեցի ու ինքս իմ մեջ հստակ որոշեցի, որ այնքան ժամանակ կանհանգստացնեմ այս մարդուն, մինչև նա իրոք որևէ բան իմանա ու ասի ինձ: Անգամ եթե սպասումներս դրական լուծում չստանան ու պարզվի, որ Իզմիրի սերունդներն այլևս թուրք են ու չգիտեն նույնիսկ, որ իրենց նախնիները հայ են եղել: Անգամ եթե նամակիս չպատասխանեն, կամ ասեն, որ մեզ հետ ոչ մի կապ չեն ուզում ունենալ…
Ես ուղղակի ուզում եմ իմանալ, որ փորձել եմ…

***
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից անցել է ուղիղ 100 տարի…
Նախախնամությո՞ւն էր, արյան կա՞նչ, թե՞ հոգու պարտք, որ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի հենց նախաշեմին հանկարծ պիտի որոշեի գտնել իրենց ակունքներից զրկված ազգականներիս, ազգականներ, որոնք երբեք էլ հարազատներ չեն դառնա` որքան էլ ուզենք: Ինչո՞ւ հենց հիմա հիշեցի նրանց, չէ որ գրքի ընթերցումն այն կայծը չէր, որ պիտի իմ ներսում մղում շնչավորեր:
Ուզում եմ հավատալ, որ մի գեղեցիկ օր նամակ կստանամ, որով ինձ կտեղեկացնեն, որ այն մարդիկ, որոնց փնտրում եմ, գտնվել են: Ուզում եմ հավատալ, որ հոգումս ծնունդ առած ճիչն իր դրական արձագանքը կստանա...
Երբ աշխարհասփյուռ հայությունը ոտքի կանգնի ու միահամուռ ուժերով լծվի Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման գործին, այլևս ոչ մի թուրք չի համարձակվի ձեռք բարձրացնել հայի վրա: Պահանջատեր լինենք ու կրենք մեր ժողովրդի պատվի դրոշը, ճանաչենք մեր պատմությունն ու անցյալը, համախմբվենք ու միասնական լինենք... Այդժամ միայն կհաղթանակենք...
Ու ես վստահ եմ, որ մի օր մեր պապերի երազանքի Էրգիրը մեր է լինելու: Մի օր գնալու ենք այնտեղ ոչ իբրև զբոսաշրջիկ, այլ իբրև տեր` ի վերուստ մեզ վիճակված հողի վրա սասունական խենթ սիրով ու ջերմաշունչ կարոտով կառուցելու, շենացնելու ենք գյուղեր ու քրիստոնեական սրբանվեր եկեղեցիներ...

***
Իմ պատուհանից բացվող ու նահանջի ճամփան երբեք չբռնող բիբլիական Մասիսի ձյունաճերմակ գագաթն է, որն իր հերոսական լույսն է տարածում ողջ Հայաստան աշխարհով մեկ

Nov 3, 2014

Այլևս ինձ չես զանգում...


Այլևս չունեմ քեզ: Էլ իմը չես: Այլևս չեմ շնչում ու արտաշնչում անունդ մտքումս հազար անգամ կրկնելով ու այդ անվամբ հիանալով: Այլևս մեռել ենք իրար համար: Ատո՞ւմ ես ինձ:
Այլևս չունեմ քեզ: Էլ իմը չես: Չես էլ եղել: Ո՛չ նախորդ կյանքում, ո՛չ անցյալ տարի: Երբեք էլ ինձ չես պատկանել, երբեք չեմ զգացել վերնաշապիկիդ բույրն ու չեմ գժվել այդ բույրից, երբեք չեմ դիպչել իմ երազած մատներին ու չեմ հալվել քեզ գրկելուց: Երբեք: Այլևս թշնամիներ ենք` իրարից մի ձմեռ հեռու, իրարից նեղացած ու այդպես էլ իրար չներած: 
Այլևս ինձ չես զանգում... Այլևս չեմ լսում կարոտից խեղդվող շնչառությունդ, չեմ լսում կատարյալ լռության մեջ չարտասանած բառերդ, բառեր, որոնք գուցե փոխեին ամեն ինչ... Այլևս չես զանգում, մեռել ենք իրար համար, ես քեզ վաղուց, շատ վաղուց եմ թաղել: Ինձ խեղդե՞լ ես քո մեջ, ստացվե՞լ է:
Չկանք: Մենք երբեք ֆիզիկապես կողք-կողքի չենք եղել, բայց քարկապել ենք մեր հոգիներն իրար ու հույսով սպասել` Աստված գիտի, թե ինչին: Չկանք էլ իրար համար, հիմա ներսումս ուրիշ անուն եմ դրոշմել, քեզ պատռել եմ իմ սրտից, հանել ու դուրս շպրտել: Մենք աշխարհի ամենաօտար մարդիկ ենք` իրարից մի աշուն ուշացած, իրար չհասած, իրար չմոռացած... Ես դեռ լսում եմ այն մեղեդին, գիտե՞ս: Ես դեռ փորփրում եմ անցյալի թղթերս, գտնում քեզ ու...
Չկաս: Էլ ինձ համար չկաս: Այլևս չես կառավարում մտքերս, այլևս փոշի ես, իսկ քամին քեզ վաղուց է քշել ու տարել:
Ես չներեցի քեզ: Գրողը տանի, չկարողացա: Չուզեցի: Չստացվեց: Դու հավետ թշնամի դարձար, որին մի ժամանակ կյանքիցս շատ եմ սիրել, կյանքիցս վեր եմ դասել, Աստված եմ կարգել երկրիս երեսին... Չներեցի, ես այդքան ուժ չունեցա, որ քեզ ներեմ: Դու շրջվեցիր ու ուրիշներին լսեցիր: Ահա թե ինչը չներեցի, չներեցի, որ ինձ համար նախատեսված սերն ուրիշին նվիրեցիր, որ ուրիշը շնչեց վերնաշապիկիդ բույրն ու գժվեց: Իսկ ես քեզ ազատ արձակեցի․․․
Թող նա շնչի քեզ: Թող սիրի, թող վայելի քեզ: Խնդրեմ: Այդ պահին փակիր աչքերդ ու պատկերացրու, որ ինձ էլ են սիրում: Ու ոռնա քո հիմարությունից ու անզորությունից, տառապիր ու լցրու աչքերդ իմ անցյալի սիրո արցունքներով, գոռա, ողբա ու հասկացիր, որ երբեք, այլևս երբեք ձայնս չես լսելու գիշերային մթության մեջ, որ այլևս մեռել ենք իրար համար, թաղել իրար ու հոգեհանգիստ կազմակերպել: Ատո՞ւմ ես ինձ: Ես քեզ ավելի շատ...