Jan 29, 2014

ՕԼՖ առաջին հարկ...



Ընկերներ - Նրանք այն մարդիկ են, որոնց կարող ես հարսանիքիդ չհրավիրել, նրանք իրենք իրենց կգան...

Սոնա Ղարագյոզյան - Լուսավոր է, կամեցող, բարի, ուրախ ու իրատես: Ամուսնացած չէ: Միասին սովորել ենք ընդամենը մի կիսամյակ (ՕԼՖ 1-15): Երկուսով վերջին շարքում նստած ծիծաղել ենք, տխրել, ուրախացել, լաց եղել: Երբ ցանկանում էի բարկացնել նրան, սկսում էի երգել: Դասերից հետո ամեն օր կանգնում էինք Բրյուսովի արձանի մոտ ու ժամերով խոսում-ծիծաղում: Նա գիտի բոլոր գաղտնիքներս: Ու չնայած որ քիչ ենք միասին սովորել, մենք միշտ շատ կապված ենք եղել իրար հետ: 
Սիրանուշ Բադալյան (Տոնոյան) - Մենք նրան Նուշ ենք անվանում: Ամուսնացած է: Շատ քնքուշ, բարի, մեղմ ու անուշիկ է: Մեզ մոտեցրեց այն հանգամանքը, որ երկուսս էլ սիրում էինք «Փախուստ բանտից» ֆիլմի դերասանին: Միասին սովորել ենք ընդամենը մի կիսամյակ (ՕԼՖ 1-15): Միասին խոսել ենք ամեն հնարավոր ու անհնար թեմաներից, քննարկել ենք գրեթե ամեն ինչ, այդ ընթացքում այնքան բարձրաձայն ենք ծիծաղել, որ մեր ձայնը հասել է մինչև հեռավոր շրջանները: Նրա հարսանիքին այնքան էինք հուզվել, որ քիչ էր մնում գրավոր թուղթ պահանջեինք Դավիթից (Նուշի ամուսնուց), որ մեր Նուշին լավ նայի:
Անի Շահոյան - Երեխայական մաքուր ու զվարթ բնավորություն ունի, սիրում է դիտել մուլտեր, ֆիլմեր, հեռախոսով խոսելիս (եթե անգամ դա լինի օրական մի քանի անգամ) սիրում է ամեն անգամ բարևել ու ցտեսություն ասել այնպես, կարծես հազար տարի չենք խոսել կամ էլ երբեք չենք խոսելու: Նա միշտ ամեն տեղից ուշանում է ամենաքիչը մեկ ժամ: Հիմա հաստատ կնեղանա, բայց ես նրան անչափ սիրում եմ: Ունի հետաքրքրիր ու շատ բովանդակալից ներաշխարհ, աշխույժ է, աշխատասեր: Միասին սովորել ենք ընդամենը մի կիսամյակ (ՕԼՖ 1-15): Ամուսնացած չէ: Ինձ Թովմասյան կամ Թոմ է անվանում:
Լիլիթ Վերդյան - Խելացի, համեստ, հեզ, բարի` իսկը տուն տանելու աղջիկ: Ամուսնացած չէ: Միասին չենք սովորել ընդհանրապես ոչ մի կիսամյակ: Ծանոթացել ենք Նուշի միջոցով (նրանք միասին են սովորել դպրոցում): Հանդիպել ենք հաճախ հոսքային դասերի ժամանակ, մի անգամ ձանձրույթից կողք-կողքի նստած «Փախուստ բանտից» ֆիլմի տղայի նկարներ ենք փոխանակել հեռախոսներով: Սիրում ենք գերմաներեն, մի քանի օր միասին պարապել ենք: Շատ մտերիմ ենք, սիրում ենք խոսել ամեն ինչից` հատկապես գրքերից: Իմ լուսանկարների մեծ մասի հեղինակն է (միշտ տանջում եմ խեղճ աղջկան): 

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

Jan 26, 2014

Միայն դու


Միայն դու կարողացար այսքան բորբոքել երևակայությունս...
Միայն դու կարողացար լիարժեք իշխանություն վայելել զգացմունքներիս, մտքիս, հոգուս վրա․․․
Միայն դու կարողացար ստիպել ինձ անել այնպիսի բաներ, որոնք ատելի են ինձ, միայն դու կարողացար այսչափ փոխել ինձ...
Միայն դու կարողացար ստիպել ինձ հավատալ, որ գրքերում նկարագրվող սերն իրավամբ գոյություն ունի...
Միայն դու կարողացար կողպել քեզ իմ մեջ․․․
Միայն դու կարողացար ինձ կույր դարձնել, փակել աչքերս, դառնալ մի նուրբ շղարշ ու ծածկել իրական կոչվող անորոշությունը․․․
Միայն դու կարողացար ստիպել ինձ կանգ առնել ներկայի ու ապագայի մեջտեղում...
Միայն դու կարողացար լուսաշող մի աստղ դառնալ երկնակամարի մուգ կապույտում:
Միայն դու կարողացար ստիպել ինձ բացել ողջ հոգիս, դատարկել ամբողջ մի սեր ու բառերով քեզ փոխանցել...
Միայն դու կարողացար այսպես լուռ սիրել ինձ, միայն դու կարողացար այնքան գեղեցիկ ու իմաստուն լռել...
Միայն դու կարողացար ստիպել ինձ հաղթել` գիտակցելով, որ ինքս քեզ ինքնակամ պարտվել եմ վաղուց...
Բայց․․․ Դու չկարողացար սիրել ինձ այնպես, ինչպես ինձ էր պետք...

Jan 20, 2014

Անհասցե


Մտածում ես` այս աղջիկն իր գինը չգիտի... Դու էլ, երևում է, քեզ շատ բարձր ես գնահատում...
Ես արդեն համակերպվել եմ, որ դու միայն իմ տողերում ես ապրելու, իսկ ես չեմ ուզում, որ նրանք թախծոտ լինեն...
Տարօրինակ է... 21-րդ դարում ենք ապրում, բայց նամակներս քեզ չեն հասնում, փոստատարն էլ երևի արդեն ձանձրացել է միևնույն հասցեով անպատասխան նամակներ բաժանելուց... Կամ փոստատարին պետք է փոխեմ, կամ էլ հասցեն... Բայց այլ հասցեով դժվար թե կարողանամ այսքան սրտառուչ լինել, իսկ ես չեմ ուզում, որ տողերս կեղծ լինեն...
Մենք ապրում ենք միևնույն մոլորակում` նույն երկնքի տակ... Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ իր գինն ունի... Ես իմ գինը չգիտեմ... Դու էլ, երևում է, քեզ շատ բարձր ես գնահատում... Աշխարհը քեզպեսներից է կառուցված...
Ինձ մեկ-մեկ թվում է, թե փոստատարն էլ է սկսել չսիրել քեզ... Իսկ ես էլի գրում եմ... Մեկ է` դու չես կարդում...
Մտածում ես` այս աղջիկը փոփոխական է... Մի վախեցիր տրամադրությանս վերելք-վայրէջքներից, վախեցիր, երբ էլ չգրեմ... Այդ ժամանակ ես ինքս ինձնից եմ վախենալու...
Իսկ հիմա... Հիմա շուրջս շատ մարդիկ, որոնց մեջ դու չկաս, որոնց մեջ դու երբեք չպիտի լինես...
Նամակներս, թերևս, անհասցե մնան... Փոստատար այլևս պետք չէ, թող տողերս երկինք համբարձվեն ու հասնեն Աստծուն... Չէ՞ որ հենց նա էր այս անիմաստ պատմության գլխավոր հեղինակը... Դե թող նա էլ իմանա, որ դու, երևում է, քեզ շատ բարձր ես գնահատում...

Jan 13, 2014

Ուղղակի...


Թե մի օր խռովեմ ու փախչել ուզենամ, թե նեղանամ ու մոռանալ ցանկանամ, թե հուզվեմ, լամ մինչև երկինք ու մեռնել երազեմ, թույլ չտաս... Կարգելես, կկանգնես ճամփիս, կկողպես մի մութ սենյակում, կբարկանաս, կբղավես, բայց չթողնես հեռանամ...
Թե մի օր ասեմ, որ թանկ չես ինձ համար, թե ուզում եմ ջնջել քեզ, զատել քեզ ինձնից, չհավատաս, կծիծաղես, կասես, որ ինձ լավ ես ճանաչում, կասես, որ մեկ է` ողջ կյանքս քեզնով եմ ապրելու, կասես, որ արդեն չափազանց շատ ենք իրար երազել մոռանալ կարողանալու համար...
Թե ասեմ, որ հարմար չենք, օտար ենք, տարբեր ենք, թե ասեմ, որ այս ամենն ինձ համար ոչ մի նշանակություն չունի, ուղղակի ծիծաղիր, թեկուզ բարկացիր, բայց թույլ մի տուր ինձ գնալ, կողպիր, թեկուզ դատիր, բայց ասա, որ արդեն չափազանց շատ ենք իրար մասին մտածել այս սերը գրողի ծոցն ուղարկել կարողանալու համար...
Թե ասեմ, որ խենթ եմ, տարօրինակ, հիվանդ ու էլի նման բաներ, թե ասեմ, որ էլ չեմ սիրում քեզ, կամ թե չեմ ուզում սիրել, չհավատաս, ուղղակի ծիծաղիր, թեկուզ զայրացիր, քո այն սարսափելի բարկացած հայացքով ինձ գետնին մեխիր, ասա, որ ես եմ մեղավոր, ասա, որ մեկ է` արդեն չափազանց շատ ենք իրար սիրահարվել միմյանց չերազել կարողանալու համար... 
Ուղղակի եղիր, շատ իրական, թեկուզ բարկացած, կամ թե հոգնած ու տանջված... Մեկ է` ես քեզ այդպիսին էլ եմ սիրելու... Ասա, ուղղակի գրկիր ինձ ու ասա, որ արդեն չափազանց շատ ենք տանջվել միասին երջանիկ չլինել կարողանալու համար...