Թե մի օր խռովեմ ու փախչել ուզենամ, թե նեղանամ ու մոռանալ ցանկանամ, թե հուզվեմ, լամ մինչև երկինք ու մեռնել երազեմ, թույլ չտաս... Կարգելես, կկանգնես ճամփիս, կկողպես մի մութ սենյակում, կբարկանաս, կբղավես, բայց չթողնես հեռանամ...
Թե մի օր ասեմ, որ թանկ չես ինձ համար, թե ուզում եմ ջնջել քեզ, զատել քեզ ինձնից, չհավատաս, կծիծաղես, կասես, որ ինձ լավ ես ճանաչում, կասես, որ մեկ է` ողջ կյանքս քեզնով եմ ապրելու, կասես, որ արդեն չափազանց շատ ենք իրար երազել մոռանալ կարողանալու համար...
Թե ասեմ, որ հարմար չենք, օտար ենք, տարբեր ենք, թե ասեմ, որ այս ամենն ինձ համար ոչ մի նշանակություն չունի, ուղղակի ծիծաղիր, թեկուզ բարկացիր, բայց թույլ մի տուր ինձ գնալ, կողպիր, թեկուզ դատիր, բայց ասա, որ արդեն չափազանց շատ ենք իրար մասին մտածել այս սերը գրողի ծոցն ուղարկել կարողանալու համար...
Թե ասեմ, որ խենթ եմ, տարօրինակ, հիվանդ ու էլի նման բաներ, թե ասեմ, որ էլ չեմ սիրում քեզ, կամ թե չեմ ուզում սիրել, չհավատաս, ուղղակի ծիծաղիր, թեկուզ զայրացիր, քո այն սարսափելի բարկացած հայացքով ինձ գետնին մեխիր, ասա, որ ես եմ մեղավոր, ասա, որ մեկ է` արդեն չափազանց շատ ենք իրար սիրահարվել միմյանց չերազել կարողանալու համար...
Ուղղակի եղիր, շատ իրական, թեկուզ բարկացած, կամ թե հոգնած ու տանջված... Մեկ է` ես քեզ այդպիսին էլ եմ սիրելու... Ասա, ուղղակի գրկիր ինձ ու ասա, որ արդեն չափազանց շատ ենք տանջվել միասին երջանիկ չլինել կարողանալու համար...
No comments:
Post a Comment