Կողքիս լինես դու, թե մեկ ուրիշը, նա կսիրի ինձ բռնկուն ու քնքուշ սիրով, կանգնած կլինի կողքիս, երբ մի ողջ աշխարհ երես թեքի ինձնից ու անդունդը գլորել փորձի, կհավատա ուժերիս, անգամ երբ ինքս ինձից հուսալքվեմ ու լինել չուզենամ, կբռնի ձեռքս ու ամուր կգրկի, նա կսիրի անիմաստ թախիծս, խենթ ծիծաղս, կսիրի ինձ անգամ թե շպարված չլինեմ, առանց իմ բարձրակրունկ կոշիկների, կսիրի հենց այնպես, ուղղակի, որ կամ...
Կողքիս լինես դու, թե մեկ ուրիշը, նա չի ընկրկի և ոչ մի արգելքից, չի վարանի, չի նվաղի, սյուն կդառնա ու ամուր հիմքեր կգցի, ուղիներ կհարթի ու կհաղթանակի, արդար ու վեհ կլինի, քանի որ նրա կողքին կլինեմ ես...
Կողքիս լինես դու, թե ուրիշ մեկը, նա կվախենա կորցնել գեթ մի սիրավառ հայացքս, կսարսափի, թե գուցե մի օր սերս մարի, կդողա ինձ ուղղված ամեն այլ հայացքից ու աննշան խոսքից, նա կփայփայի, կխնամի մեր սերը, չի թողնի, որ անիծյալ մոլախոտերը արմատախիլ անեն հաստաբուն ծառը մեր սիրո...
Կողքիս լինես դու, թե ուրիշ մեկը, նա անպայման իմ սրտից է ունենալու` բարի ու օվկիանոսի նման շատ խորը, նա իմ հույսն ու լույսն է լինելու, իմ մեծ ուժն ու թուլությունը, կյանքս իմաստափոխած իմ մեծագույն սերն ու միաբանությունը...
Կողքիս լինես դու, թե ուրիշ մեկը, ա՜խ, բայց նա այնքան օտար է թվալու, այնքան խորթ հոգուս, այնքան ոչ դու...
Ուրիշը նվաճի ու գերի ինձ, թե դու, նա կսրբի այտս ի վար սահող արցունքը, կմաքրի հոգիս կեղծ սիրո մնացորդներից, կպաշտպանի ինձ, կփրկի ինքս ինձնից ու ճշմարիտը կմատնանշի: Նա գուցե բացահայտ չխոսի իր սիրո մասին, ջերմ ու փաղաքուշ խոսքերով չբարձրաձայնի այն, ինչը շշնջում են միայն... Բայց մի՞թե դա է կարևոր...
Անծանոթ այդ մեկն ինձ սիրի, թե դու, կարևոր չէ` բարձրահասակ կլինի, թե ոչ, ինչ գույնի մազեր կամ աչքեր կունենա, գեր կլինի, թե նիհար, բանվոր կլինի, թե խոհարար, թանկարժեք մեքենա կունենա, թե մետրո կնստի, բայց նա մարդ կլինի` մարդ բառիս բոլոր շեշտերով ու բանություններով...
Իսկ ես... Քեզ կսիրեմ, թե այն բախտավորին, որ դեռ նոր է գալու... Իսկ դու վաղուց գիտես, թե ես ինչպես եմ սիրելու...