Sep 1, 2013

Ձե՛զ, Տիկին Բաբայան


Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ Տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կդյութեք,
Կստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ շոյել գիտեք
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չգովել
Ու չերգել Ձեզ, օ Տիկին...
             
Վահան Տերյան

Մի պահ կանգնեցնում եմ ժամանակը, շրջվում ետ ու կարոտով դիտում անջնջելի դարձած հիշողությունները: Տարիները ետ են սահում ու հառնում աչքերիս առջև, միայն ընկալումս է հիմա տարբեր` ավելի հասուն: Խորին հարգանքով ու չմարող երախտագիտության զգացումով կրկին մտովի անդրադառնում եմ Ձե՛զ, Տիկին Բաբայան: Ձեր ազդեցությունն ու նշանակությունն իմ կյանքում ամենաարժեքավորներից է:
Կարծես երեկ լիներ, երբ դեռ 15-16 տարեկան էի ու շտապում էի Ձեր տուն` հայոց լեզվի և գրականության պարապմունքին: Դիմորդին ոչ հարիր անհոգությամբ սերտում էի Ձեր անփոխարինելի պատգամները: Ձեր կենսափորձի ու գիտելիքների, հմտությունների ու մայրական խորհուրդների դրոշմը հավերժ կրելու եմ իմ ամենանվիրական խորքերում: Հանդիպում էինք երեքշաբթի և ուրբաթ օրերին` 15:30, Ձեր տանը` մեր մշտական սենյակում (Ա՜խ, որքան եմ պաշտում այդ սուրբ սենյակը): Փափուկ բազմոցը, մեր սեղանը, իմ աթոռը, մեր մտերմիկ զրույցները, հայ գրականության գանձերը, Ձեր հոգատարությունը, կարմիր մանիկյուրը... Երանի հնարավորություն ունենայի կրկին ապրելու այդ տարիները...
Մեծահոգի, բարեսիրտ, խաղաղասեր, զգացմունքային, անհատնում մաքրությամբ ու աստվածային լույսով օժտված իմ պաշտելի Տիկին Բաբայան, միտքս փորձում է բառեր գտնել Ձեր ողջ էությունը նկարագրելու համար: Երևի ինքս պետք է մի բառ հորինեմ ու նվիրեմ Ձեզ:
Որքան արագ ու հաճելի էին անցնում մեր պարապմունքները: Հիշում եմ, որ հենց առաջին օրը տետրիս առաջին էջին Ձեր մարգարտյա ձեռագրով գրեցիք` «Կրկնությունը գիտության մայրն է»: Հիշում եմ Ձեր քեռու ասած բոլոր ճշմարտությունները կյանքի վերաբերյալ, հիշում եմ Ձեր զվարթ ծիծաղը, հիշում եմ, թե ինչպես մի օր միասին հուզվեցինք ու լաց եղանք, հիշում եմ, երբ ըմբոստանում էի ու կիսվում Ձեզ հետ ամեն ինչի մասին, Դուք լսում էիք ինձ, խարհուրդներ տալիս: Հիշում եմ, որ խոստացել եմ մի գեղեցիկ օր ծանոթացնել Ձեզ իմ սիրտը գրաված երիտասարդի հետ: Ձեր արածը անչափելի է, անմեկնելի, անդին աշխարհիս երեսին բոլոր օրենքներից ու կանոններից:
Կողքիս նստում էր ընկերուհիս` Ադան` մեղմ, բարի ու նուրբ մի աղջիկ, որի հետ մինչև օրս շարունակում ենք կիսվել տպավորություններով ու քաղցր հուշերով: Իսկ երբ մենք ծիծաղում էինք... Ես բռնկվում էի տենդագին ու վարակիչ խինդով և կարող էի մի ողջ ժամ քրքջալ... Իսկապես անզուսպ կարոտել եմ այդ օրերը...
Այսօր սեպտեմբերի մեկն է` գիտելիքի օրը: Այսօր Ձեր տոնն է, Տիկի՛ն Բաբայան: 
Ձեզ անսպառ եռանդ ու քաջառողջություն եմ մաղթում, խելացի ու կայտառ թոռնիկներ, ներդաշնակություն, արիություն ու հանգստություն: Սիրում եմ և հիանում Ձեզնով սրտիս ողջ ծավալով մեկ, Դուք կատարելության իմ կերպարն եք...

No comments:

Post a Comment