Jan 31, 2016

Չեմ հեռանա



Էլ չեմ փախչի: Չեմ հեռանա: Դուռն աղմուկով չեմ փակի ու չեմ գոռա, թե ատում եմ քեզ: Հոգուդ խորքում դու գիտես, որ ես դա չեմ ուզում: Ախր դա ելք չէ: Ոչ էլ փրկություն: Չէ, էլ երբեք չեմ գնա, չեմ լքի մեզ: Չեմ հրաժարվի երջանկությունից, որն այնքա՜ն երազել եմ: Իսկ երազել եմ ես շա՜տ երկար, ամեն ինչ հեքիաթային պատկերացրել ու որոշել, գծել, չափել ու ձևել: Հեշտ էր երևակայական պատրանքներ ստեղծելը, գոյություն չունեցող երազներին հավատալն ու դրանցով ապրելը: Դե իհարկե: Իսկ հիմա, երբ հանկարծ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, հիմա, երբ երջանկությունն անուն ունի, ես խուճապահար ուղիներ եմ որոնում ազատվելու այս երանությունից: Ես ամենավերջին վախկոտի նման փորձում եմ խույս տալ, թաքնվել: Խելագարվել եմ, համոզել ինքս ինձ, թե սերը միայն տառապանքի, անքուն գիշերների, լացի դիմաց շնորհվող գերմարդկային ու վերերկրային անհասանելի պարգև է: Գրողը ինձ տանի: Էլ չեմ տխրի: Հաճախ հենց միայն այն պատճառով եմ տխրում, որ դու էլ տխրես: Չե՞ս հոգնում ինձնից: Իմ ի՞նչն ես սիրում... 
Էլ չեմ հեռանա: Չեմ գնա: Ախր քեզ հրաժեշտ տալ հնարավոր չէ: Ամեն անգամ իմ «ուզում եմ մենակ մնալ»-ն ավելի է քեզ մոտեցնում ինձ: Դու բաժանում չես հանդուրժում, մնում ես հաստատուն, համբերող, առանց ուշադրություն դարձնելու անհավասարակշիռ խենթ երեխայիս անկայուն տրամադրությանն ու փոփոխվող մտքերին: Դու վստահ ես, որ իմ «ուզում եմ մենակ մնալ»-ը երկար չի տևելու, որ ես վերադառնալու եմ: Գնալու տեղ չունեմ: Հոգուս խորքում ես գիտեմ, որ ինձ այսչափ սիրել, ինձնով այսքան տարվել, այսպես ինձնով ապրել, ինձնով քնել ու արթնանալ, ինձ բաց չթողնել, ինձ դիմանալ, իմ առջև արդարանալ, բացատրություններ տալ, սիրտս շահել... միայն դու կարող ես...
Իսկ ես կարծում էի, թե սերը ցավ է պատճառում... Որովհետև ինձ շատ էին կոտրել, որովհետև ես փշրանքների մի ամբողջություն էի: Հետո դու եկար, աննկատ մտար իմ կյանք ու ստիպեցիր հավատալ, որ սիրում ես ինձ անկախ հանգամանքներից ու դժվարություններից: Ստիպեցիր ինձ հասկանալ, որ ամեն րոպե հիշում ես ինձ, մտածում, անհանգստանում, հետաքրքրվում: Որ միայն դու կարող ես օգնել ինձ չվախենալ սիրելուց ու այսչա՜փ սիրվելուց, որ միայն դու կարող ես համոզել ինձ չհրաժարվել երջանկությունից, որն այնքա՜ն երազել եմ: Իսկ երազել եմ ես շա՜տ երկար:

Jan 26, 2016

Ուժեղ ինձ հետ


Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ: Ես միշտ ինձ հետ եմ: Իմ համարձակ ու անվախ եսի, իմ երջանիկ ու տխուր եսի, բախտավոր ու անբախտ եսի հետ: Ես ինքս ինձ հետ եմ: Հաստատուն ինձ հետ, ուժեղ ինձ հետ, վճռական ինձ հետ, անփոփոխ ինձ հետ: Մահվանից չվախեցող, հետաքրքրությունից այն աշխարհ գնալ ցանկացող անմիտ ինձ հետ, հաղթանակած, խելագարված, անշնչացած, սրտի արագ զարկերով ինձ հետ, տարօրինակ ինձ հետ, ոչնչի մասին մտածել չցանկացող ինձ հետ, այս օրն ապրող ինձ հետ, անցյալը փոշի դարձնող ինձ հետ, Աստծուն պաշտող ինձ հետ, ապրելուց չհագեցող ինձ հետ, փոփոխական ինձ հետ, ուրախ ինձ հետ, երգել սիրող ինձ հետ, մանրուքներից բարկացող ինձ հետ, ամառ չսիրող ինձ հետ, շոգից խեղդվող ինձ հետ, սառը օդը թոքերում զգալ սիրող ինձ հետ, սիրահարվել սիրող ինձ հետ, հեշտ մոռացող ինձ հետ, սիրած մարդուն ատել պաշտող ինձ հետ, հանգիստ ինձ հետ, հոգումս դրախտ ունեցող ինձ հետ, խաղաղ ինձ հետ, անհուն խորություն ունեցող ինձ հետ, ոգևորված ինձ հետ, լիահույս ինձ հետ, հավատով շնչող ինձ հետ, այլևս ամեն հարցում միայն լավը տեսնող ինձ հետ, կյանքի իմաստն հասկացած ինձ հետ, սիրահարված ինձ հետ, ամեն ինչ մոռացած ինձ հետ, դժվարությամբ արթնացող ու քնող ինձ հետ, նկարել ու բանաստեղծություն գրել չկարողացող ինձ հետ, ապրել երազող ինձ հետ, ապագա պատկերացնող ինձ հետ, ապագա ամուսնուս անունն իմանալ ցանկացող ինձ հետ, երեխաներիս անունները որոշած ինձ հետ, աղոթող ինձ հետ, սխալները հարթել փորձող ինձ հետ, ինքս ինձ հետ, ինքս իմ ներսում, ինքս ինձնով: Հաստատուն ինձ հետ, ուժեղ ինձ հետ, վճռական ինձ հետ: Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ: