Aug 21, 2016

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 10.06.2016 - 10.07.2016


Այս պատմությունը սկսվում է բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսից։ 2002 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ սիրահարվեցի․․․ Չեմ փորձի նկարագրել նրան կամ մանկական սիրուս մաքրությունը։ Ես ընդամենը 10 տարեկան էի։ Նրա հայրենիքն իմ երազանքի երկիրը դարձավ, մայրենի լեզուն՝ մանկության երազանքի լեզու։ Մարդիկ երբե՜ք չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի խոր հետք կարող են թողնել դիմացինի կյանքում։ Իսկ ես հավերժ երախտապարտ եմ լինելու նրան։

***
2009 թվական։ Բրյուսով, 1-ին կուրս։ Խումբս փոխեցի, որ պորտուգալերեն անցնեմ։ Դասախոսս բրազիլուհի էր, ու շուտով Բրազիլիա վերադարձավ։ Կիսատ մնաց։

***
2015 թվական։ Հուլիսի 2։ Այսօր բրազիլական պորտուգալերենի առաջին պարապմունքն էր։ Վերջապե՜ս, Տեր Աստված։ Այս անգամ կանգ չեմ առնի, ինչ ուզում է լինի։ Պիտի հետևեմ երազանքիս։ Հենց այդ երազանքներն են ինձ դեռ ստիպում ապրել։

***
2016 թվական։ Հունվար։
- Քուր, գիտես, ծրագիր կա 1 ամսով Պորտուգալիայում վերապատրաստվելու։ 
- Բա ո՞ւմ ես սպասում։
- Չեմ դիմելու։ Չեմ անցնի։
Ես անսահման շնորհակալ եմ քրոջս, որ շաբաթներ շարունակ օրական 28568186981 անգամ խոսում էր Պորտուգալիայի ծրագրին դիմելու մասին, համոզում էր, խնդրում։ Ախր չէի հավատում, ես վաղուց այլևս հրաշքների չէի հավատում։ Հրաշքնե՞ր: Իմ կյանքո՞ւմ։ Քավ լիցի։
Քույրս հաղթեց։ Դիմեցի ծրագրին։ Դիմեցի ու մոռացա։

***
Մայիսի 13։ Արդյունքներն արդեն հրապարակել են։ Անցել եմ։ Ծիծաղում եմ, ուրախանում, աղմկում, թռչկոտում, խելագար ու անհավասարակշիռ գործողություններով բոլորի գլուխը տանում։ Ես երջանիկ եմ։ Իսկ ես երջանիկ այսպես եմ լինում։

***
Հունիս։ Հակասական զգացումներ։ Կյանքումս առաջին անգամ միայնակ եմ լինելու հեռու-հեռու երազային Պորտուգալիայում։ Շուրջս մարդիկ այնքան են խոսում։ Երանի խուլ լինեի։ Այնքան են խորհուրդներ տալիս, խոսում, խոսում, խոսում։ Ես իմ ներսի ձայնը չեմ լսում։ Ես առանց ինձ եմ մնացել։

***
Հունիսի 9։ Երևան-Մոսկվա ինքնաթիռում եմ։
- Ո՞ւր ես գնում,- հարցնում է կողքիս նստած Ջիվան պապիկը։ Վանաձորից է։
- Պորտուգալիա։
- Հաճախ ե՞ս ճամփորդում։
- Առաջին անգամն է։
- Համարձակ աղջիկ ես, հա՜։ Լիսաբո՞ն։
- Չէ։ Այսինքն էսպես, ինքնաթիռով Մոսկվա-Լիսաբոն, Լիսաբոն-Պորտո, հետո Պորտոյից ավտոբուսով Վիանա դու Կաշտելու քաղաք եմ գնալու։
- Համարձակ-համարձակ, բայց էսքա՞ն։
Խոսում ենք։ Ջիվան պապիկն ինձ կանաչ գրիչ է նվիրում։ Մեկ էլ հանկարծ ասում է․
- Վերադարձին միշտ կոպեկ եմ տալիս օդանավակայանի աշխատողներին։
- Վայ, բա ես դրամ չունեմ, ինձ մոտ մենակ եվրո է։
- Ես քեզ կտամ։
Խնդրում, բացատրում եմ պապիկին, որ ինձ ոչ մի գումար էլ պետք չէ տալ, որ օդանավակայանի աշխատողները մի կերպ առանց այդ դրամների կմնան։ Պապիկը 100 ու 200-դրամանոց մետաղադրամներ է խցկում ձեռքս։ Ստիպված եմ վերցնել։ Արդեն շատ հեռու ենք Հայաստանից։ Ես մանկական հիացմունքով այնպես եմ զննում այդ մետաղադրամները, ասես կյանքումս առաջին անգամ եմ տեսնում։ Տարիներ շարունակ ամեն օր օգտագործում եմ, բայց հիմա ներսումս ինչ-որ կարևոր բան սկսում է փլվել։ Երևի կարոտից։

***
Մոսկվա։ Անհյուրընկալ։ Սառը։ Կոպիտ։ Չեմ սիրում Ռուսաստանը։ Ինչ լավ է, որ Ջիվան պապիկն ինձ հետ էր։

***

Պորտուգալիա․․․ Ինքնաթիռն ուր որ է վայրէջք կկատարի։ Պատուհանից հիանում եմ Լիսաբոնի սքանչելի համայնապատկերով։ Ինքնաթիռից դեռ չիջած, օդանավակայան դեռ չմտած՝ աշխատողները միանգամից հարցնում են, թե ուր եմ գնում։ Իրենք էլ ուղեկցում են, իմ փոխարեն ամեն ինչ անում, տանում հասցնում Պորտո թռչող ինքնաթիռ։ Միայն թե հանկարծ ուղևորը չմոլորվի։ Այսքա՞ն հոգատար։ Աչքերիս չեմ հավատում։

***
Երազանքի երկրում եմ, ու բոլորը խոսում են մանկության երազանքի լեզվով․ ականջներս ամեն հնչյուն ու բառ լսելիս անասելի շոյվում են։ Պորտուգալերեն։ Օդում, շուրջբոլորը, աչքերիս առաջ։ Երջանկությանս չափ ու սահման չկա։ Մի պահ պատկերացրեք, թե 10 տարեկանից երազել եք հայտնվել մի երկրում, որտեղ, ասենք օրինակ, միայն սրտիկներ կան։ Մեկ էլ հանկարծ հասուն տարիքում մանկության բաղձանքը դառնում է իրականություն։ Ես հենց նույն իրավիճակում եմ։ Բոլորը պորտուգալերեն են խոսում։ Բոլոր ցուցափեղկերը, հայտարարությունները, ամբողջ երկիրը․․․ Ի՞նչ դնեմ այս հեքիաթի անունը․․․
Ես երջանիկ եմ։ Երջանիկ եմ, քանի որ վերստին սկսել եմ հավատալ երազանքներիս։ Աստված հենց այնպես ոչինչ չի անում, ու ես հասկացել եմ, որ մեր երազանքները կատարվում են հենց այն ժամանակ, երբ այլևս չենք սպասում․․․ Իսկ ես վաղուց որոշել էի երջանկության չսպասել․․․


***
Վիանա դու Կաշտելու։ Խաղաղ ու այնքա՜ն գեղեցիկ քաղաք Պորտուգալիայի հյուսիսում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Հիմնադրվել է 1258 թ․-ին Պորտուգալիայի Աֆոնսու Երրորդ թագավորի կողմից։
Լիմա գետի ու Էյֆել կամրջի հիասքանչ տեսարան է բացվում Սանտա Լուսիա սարից, որի գագաթին գտնվող եկեղեցին Սուրբ Լուսիայի անունն է կրում։ Այն կառուցվել է 1904-1959 թթ․-երին։ Սուրբ Լուսիան վաղ քրիստոնեական սուրբ է և նահատակ, զոհվել է 304 թվականին մեծ հալածանքների ժամանակ։ Կույրերի հովանավորն է։
Ցուրտ ու քամոտ, խոնավ Վիանա։ Այս քաղաքն այնքան փոքր է, որ մեկ օրում կարելի է ոտքով շրջել ողջ տարածքը։ Հոյակերտ եկեղեցիներ, ծաղկաշատ պատշգամբներ, հանգստավետ փողոցներ։ Ուրախ ու կյանքով լեցուն մարդիկ՝ ապագայով ապրող ու ներկան գունավորող։ Բարի, հոգատար, ամեն հարցով օգնելու պատրաստ․ իրենց գործը կիսատ են թողնում, ձեռքս բռնում, ճանապարհը ցույց տալիս, ինձ հետ գալիս, առաջնորդում, բացատրում։

***

Luso... Արտասանվում է Լո՛ւզու։ Առաջացել է Լուսիտանիա Հռոմեական պրովինցիայից (մ․թ․ա․ 27-891 մ․թ դդ.), որն ընդգրկում է Պորտուգալիայի ներկայիս ողջ տարածքը։ Պորտուգալախոսներին անվանում են Luso, որոնք կերտում են Lusosphere՝ միջավայր, որը կապված է պորտուգալերենի հետ։
Պորտուգալիայի Ավեիրու շրջանում է գտնվում Luso փոքրիկ շրջանը (այնտեղ ցավոք չգնացի), որտեղ կա Grande Hotel de Luso անունով հյուրանոց։ Luso շրջանում է 1852 թ․-ին հիմնադրվել Águas de Luso ջրի հայտնի ու սիրված ընկերությունը։ Լիսաբոնում էլ Luso անունով սրճարան կա․․․
Պորտուգալերենի հանդեպ իմ աննկարագրելի խորը սերը, փաստորեն, անվանս հետ հսկայական ու թաքուն կապ ունի։ Այստեղ հաճախ ասում եմ, որ անունս Luso է։ Շատ են ուրախանում ու հաճելիորեն զարմանում։

***
Քայլում եմ մեն-մենակ ու հասկանում, որ մենակությունն այնքան էլ ծանր բան չէ։ Դե մի ամիս է էլի, կդիմանամ։ Մայրիկիս «էրեխես գնալու ա կորի»-ն երբեմն միտքս է գալիս, ուզում եմ ասել «մամ, տես, որ չեմ կորել, լավ եմ։» Ու նորից «հո սոված չե՞ս, նորմալ հաց կեր»-ը լսելիս դժվարանում եմ ծիծաղս զսպել ու շտապում եմ հիշեցնել, որ 23 տարի Երևանում նույն կերպ եմ սնվել։ Դե կարևորը «էրեխեն սոված չմնա»։
Բարեմաղթանք «մնա էդտեղ, գալիս ես ի՞նչ անես, մի տղա գտի ամուսնացի»-ն արդեն 1929812859819 անգամ լսել եմ։ Ոչինչ չեմ պատասխանում։ Սա երազանքի երկիր է, բայց ես երազանքի հայրենիք ունեմ, որտեղ խոսում են սրտիս լեզվով՝ հայերենով։ Որտեղ ապրում է սրտիս տղան, որին դեռ չեմ հանդիպել, կամ գուցե հանդիպել եմ արդեն, ուղղակի դեռ չեմ հասկացել, որ հենց նա է․․․
Իսկ երազանքի երկրում չեն ապրում, այն երևի հենց այդ պատճառով էլ կոչվում է «երազանքի․․․»

***
Իմ տան աշխատող João անունով 84 տարեկան պապիկը նյութ է տպել Հայաստանի մասին, որ կարդա։ Անգլերեն չի խոսում։ Ես էլ այս օրերի ընթացքում պորտուգալերենի իմ իմացությամբ ողջ ջանքերս գործադրել էի ու պապիկին պատմել Հայաստանի, հայերի, Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան պատերազմի, ամեն-ամեն ինչի մասին․․․
Այսօր տուն մտնելիս անունս կանչեց՝ Լուզինե։ Մոտեցա, տպված նյութը ցույց տվեց, շատ տպավորված էր, զարմացած։ Այնքան ուրախացա։ Սիրտս մի տեսակ այնպես լցվեց, այնքան կարոտեցի Հայաստանը, Երևանը, իմ ընտանիքը, մեր տունը, իմ սենյակը, աշխարհի չափ կարոտեցի․․․ Մեծ երջանկություն էր տեսնել մի քանի թղթեր, որոնք Հայաստանի մասին էին պատմում․․․
Օրեր անց դուռս ծեծեցին, չբացեցի։ Մեկ էլ դռան տակից թղթեր հայտնվեցին։ Մոտեցա, տեսնեմ ինչ։ Luso շրջանի մասին։ Հաստատ João պապիկն էր․․․

***
Պորտուգալիայում անցկացրածս մեկ ամսվա ընթացքում այցելեցի 6 քաղաքներ․ Բրագա, Պորտո, Լիսաբոն, Սինտրա, Գիմարայշ և Սանտիագո դը Կոմպոստելա (Իսպանիա):
Բրագայի Bom Jesus do Monte փառահեղ սրբավայրը (բարոկկո ոճի աստիճաններ՝ 116 մետր), Գիմարայշի Nossa Senhora da Consolação e Santos Passos հիասքանչ եկեղեցին, Պորտոյի խաղաղ ու արտակարգ գեղեցիկ փողոցները, Dom Luís I կամուրջը, Դորու գետը, Lello աշխարհահռչակ գրախանութը, Majestic սրճարանը․․․ Այս ամենն ընդմիշտ իմ սրտում է մնալու․․․
Սինտրա․․․ Համաշխարհային ժառանգություն համարվող Սինտրա քաղաքը հայտնի է արքայական պալատներով և ամրոցներով։ Այցելեցի հեքիաթային Quinta da Regaleira՝ 5 հարկանի պալատ, մատուռ, պարտեզ, թունելներ, աստիճաններով ստորգետնյա հոր, լճեր, շատրվաններ․․․ Գոթական և ռոմանական ոճերի ամբողջությունը վերածննդի աստվածային գեղեցկություն ունեցող առեղծվածային դղյակ է պատկերում։
***
Բրազիլական ու եվրոպական պորտուգալերենի տարբերությունների մասին․
Bom dia - բոմ ջիա (բր), բոն դիա (եվ)
Boa tarde - բոա տաղջի (բր), բոա տարդ (եվ)
Cidade - սիդաջի (բր), սիդադ (եվ)
Gente - ժեյնճի (բր), ժենտ (եվ)
Bem - բեյմ (բր), բայն (եվ) և այլն։
Մի օր ղեկավարիս հետ քայլում ենք։ Հեռախոսով է խոսում, իմ մասին է պատմում ու ասում․
- Ela é uma rapariga da Armênia. (Մի աղջիկ է Հայաստանից։)
Rapariga բառը եվրոպական պորտուգալերենում նշանակում է աղջիկ։ Բրազիլական պորտուգալերենում այն նշանակում է վատ վարքի տեր աղջիկ։
Խոսում, վերջացնում է։ Հազիվ ծիծաղս զսպելով նեղացած հարցնում եմ․
-Então, eu sou uma rapariga? (Ուրեմն ես rapariga ե՞մ։)
Մի քանի վայրկյան զարմացած վրաս է նայում, հետո 100 անգամ ներողություն խնդրում, որ չէր հիշում այդ բառի նշանակությունը բրազիլական պորտուգալերենում։

***
Իսպանիա․․․ Իսպաներեն անցել եմ, հիմա այնքան էլ չեմ հիշում, թե ինչ եմ անցել, բայց լսածս հասկանում եմ։ Սանտիագո դը Կոմպոստելան քրիստոնյա աշխարհի 3-րդ սրբավայրն է՝ ուխտագնացության կենտրոն Երուսաղեմից և Հռոմից հետո։ Քաղաքում է գտնվում Սան Տիագոյի՝ Սուրբ Հակոբի տաճարը․․․ Եկեղեցի, որտեղից ինձ քիչ էր մնում ոստիկանատուն տանեին (խորանին անչափ մոտ կանգնած լուսանկարելու համար), եկեղեցի, որտեղ առաջին անգամ խոստովանություն արեցի, ու քահանայի խոսքերը ստիպեցին ինձ լաց լինել․․․
Ես սիրեցի Իսպանիան, կարոտեցի իսպաներենի դասաժամերը, նորից լսեցի նախկինում լսածս իսպաներեն երգերը, ճաշակեցի իսպանական տորտիլյա և Tarta de Santiago կոչվող թխվածքը․․․

***
Grand Candy-ի տոպրակների առատությունը հիշեցի․․․
- Ինձ 1 կիլոգրամ կոնֆետ տվեք տարբեր տեսակների, ամեն մեկը առանձին տոպրակի մեջ հա՞ խնդրում եմ։
Ու մի 25 տոպրակ ձեռքդ տուն ես գալիս։
Պորտուգալիայում մտա սուպերմարկետ, վերջում վաճառողը հարցրեց․
- Precisa de algum saco? (Տոպրակ պետք է՞։)
Ես էլ թե հա բա, իհարկե, ու մտքումս զարմանալով, թե ըստ իրենց առանց տոպրակի այսքան բան ինչպես պիտի տանեմ հետս։
Այդպես մի քանի անգամից հետո հասկացա, որ տոպրակի համար էլ առանձին ես վճարում, ու բավականին ժամանակ միայն ես էի պարտաճանաչ տոպրակ ուզում։

***
Պորտուգալիայում ապրեցի ուղիղ 1 ամիս։ Այդ 1 ամսվա ընթացքում խոսում էի պորտուգալերեն։ Ավտոբուսների վարորդների, խանութների աշխատողների, սրճարանների մատուցողների և շատ ու շատ այլ մարդկանց հետ։ Միայն մի կին կար, որի ասած ոչ մի բառը այդպես էլ չհասկացա։ «Թլոշ» էր ու խոսում էր շատ արագ։ 
Երբ բրազիլական արտասանությամբ խոսում էի պորտուգալացիների հետ, շատ էին հարցնում․
- Você é brasileira? (Բրազիլուհի՞ ես։)
Երբեմն էլ obrigada (շնորհակալություն) ասելու փոխարեն սովորության համաձայն մերսի էի ասում ու լսում հետևյալը․
- Você é francesa? (Ֆրանսուհի՞ ես։)
Այ մարդ հայ եմ, հայ, sou armênia։ Դրա համար էի ուզում Հայաստանի դրոշով շապիկ հագնել։ Հետո վախեցա․․․ Գուրգենիս աչքերը վեր հառնեցին անդրշիրիմյան աշխարհից ու հիշեցի, որ «վրեժ ունենք պատմությունից դեռ հանելու․․․»
Մի օր էլ սրճարանում նստած ծանոթանում էի ճաշացանկին, կարդում ուտելիքների բաղադրամասերը։ 
- O que é cenoura? (Cenoura-ն ի՞նչ է։),- հարցրի։
Սրճարանի տիրուհին ժպտաց, գնաց խոհանոց ու վերադարձավ՝ ձեռքին գազար։ Ծիծաղից ընկա։ Հա էլի, գազար, ինչո՞ւ էի մոռացել։
Հաճելի էր։ Այնքան հաճելի, երբ օգտագործում էի սովորածս բառերն ու անցածս ժամանակաձևերը, երբ նախադասություն էի կազմում, խոսում, հարցեր տալիս։ Սխալներ, իհարկե, անում էի։ Չէ՞ որ դեռ 1 տարի է, ինչ պարապում էի։ Մարդիկ շատ էին ուրախանում, երբ լսում էին պորտուգալերեն։ Թեկուզ բրազիլական պորտուգալերեն։

***
Լիսաբոն․․․ Ես անհամբեր օրերն ու ժամերն էի հաշվում, թե երբ պիտի երազանքի մայրաքաղաքը պատկերվեր իմ առջև։ Կարծում եմ՝ Պորտուգալիան ճանաչելու համար հենց Լիսաբոնը պիտի տեսնես։ Ոչ թե տեսնես, այլ վայելես։
Մի քիչ դժվար էր 3 օրում Լիսաբոնը բացահայտել փորձելը։ Այն, թերևս, փոքր-ինչ մեծ է, եթե միայնակ ես։ Լիսաբոնում մենակությունն ընդգված տխուր է, ես դա հասկացա, երբ առավոտյան 9։00-ին հյուրանոցից դուրս էի գալիս ու երեկոյան 22։00-ին մտնում հյուրանոց, երբ վազում էի ու շտապում այցելել ընտրածս տեսարժան վայրերը։
Հյուրընկալ քաղաքի սրտում, երբ շուրջս հարյուրավոր մարդիկ էին (որոնց մեծ մասն ի դեպ սևամորթներ էին), երբ կյանքն աղմկում ու առաջ էր ընթանում, երբ պորտուգալական շունչն ատլանտյան քամու հետ իմ ներսն էր թափանցում, ես անվերադարձ սիրահարվեցի Արևմտյան Եվրոպայի հնագույն քաղաքին։ Ես փոքրիկ մի մաս ինձնից թողեցի այնտեղ ու խոստացա անպայման վերադառնալ ու վայելել Լիսաբոնը։
Ատլանտյան օվկիանոսը, Վասկո դա Գաման՝ Եվրոպայի ամենաերկար կամուրջը, Տագուս գետը, Բելեմի աշտարակը, Ժերոնիմուսի վանական համալիրը, Հիսուս Քրիստոսի արձանը, Ապրիլի 25-ի կամուրջը, Luso սրճարանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, Ժամանակակից արվեստի թանգարանը, որտեղ․․․
- Դե լավ, սկսում ենք փորձը, հավաքվեք։
Արագ շրջվեցի։
- Հայ ե՞ք,- հարցրի:
Մի կին ու տղամարդ մոտեցան ինձ, գրկախառնվեցինք։ Այնքան երանելի ու տարօրինակ զգացում ապրեցի, երբ հայերեն լսեցի։ Պարզվեց, որ Հայաստանից էին եկել, երեկոյան համերգ էին ունենալու, այդ պահին էլ փորձ էին անում։ Հրավիրեցին, խնդրեցին անպայման գալ։ Ժպտացի․․․
Նավթաարդյունաբերության գերհսկայի անունը կրող հիմնադրամի այգին, հիրավի, դրախտային էր։ Թավուտ անտառի նմանող փոքրիկ պուրակը փոքր-ինչ խորհրդավոր ու վայրի տպավորություն թողեց ինձ վրա։ Այն խաղաղ էր ու արտառոց գեղեցիկ։
- Կարո՞ղ եմ որևէ հայ աշխատակցի հանդիպել,- հարցրի հիմնադրամի ընդունարանում։
Խնդրեցին սպասել։ Րոպեներ անց մի տղա մոտեցավ ու ասաց «Hi»։ Հայ էր։
- Բարև Ձեզ,- կիսանեղացած շեշտեցի ես։
- Հա, հայերեն,- շփոթվեց նա։
Մենք առնվազն 3 օտար լեզվով կարող էինք խոսել, բայց ես նախընտրեցի իմ մայրենին։ Մեր մայրենին։ Ախր հայ էր․․․
- Այսօր երեկոյան համերգ կա, Հայաստանից խումբ է եկել։
- Հա, գիտեմ, հանդիպեցի իրենց, փորձ էին անում։
Հիմնադրամի գրադարանին հորս հորեղբոր՝ Պերճ Թովմասյանի «Սասունից մինչև Արցախ» գիրքը նվիրեցի։
- Եկեք համերգին, մեր տնօրենի հետ էլ կհանդիպեք․․․
- Շնորհակալություն, շատ կուզեի, բայց չեմ խոստանում։ Ընդամենը 3 օր եմ լինելու Լիսաբոնում, դեռ շատ տեղեր ունեմ այցելելու։
Համերգին, ցավոք, չգնացի։ Լիսաբոնն ինձ էր կանչում․․․

***
Պորտուգալական խոհանոցը, եթե անկեղծ, չգերեց ինձ։ Մինչդեռ քաղցրավենիքները․․․Վիանա դու Կաշտելու քաղաքում Zé Natário անունով հրուշակեղենի խանութ-սրճարան կա, որտեղի Bola de Berlim պոնչիկը բացառիկ համ ունի․․․
Պորտուգալիայում խմեցի կայպիրինյա՝ բրազիլական կոկտեյլ, որն առաջին անգամ Հայաստանում եմ փորձել՝ Բրազիլիայի դեսպանի ձեռքով պատրաստած։
Գինու տեսականուն չծանոթացա։ Չուզեցի Պորտուգալիայում գինի միայնակ խմել․․․ Գիտեմ, որ գալու եմ ետ ու անելու եմ այն ամենը, ինչ չեմ հասցրել անել։ Գինի եմ վայելելու, ֆադու եմ լսելու, Luso շրջան եմ գնալու․․․ Ցանկս թիվ ու հաշիվ չունի․․․ 
***
Անդրադառնամ պորտուգալացի տղաներին․․․ Շատ պատրաստակամ են օգնելու։ Երբ որևէ հարց եմ տալիս, սիրով պատասխանում են, երկար ու մանրամասն բացատրում։ Լսելով բրազիլական արտասանությունս՝ միանգամից ոգևորված հարցնում են․ «Brasileira?»։ Վերջում իհարկե հրավիրում են որևէ բան խմելու, ու իհարկե, մերժում ստանում։ Լսել եմ, որ պորտուգալացի տղաները դիմահարդարման ավելի շատ քսուքներ են օգտագործում, քան ես։ Դա իմ դուրը բացարձակ չի եկել, ու հետո, սիրուն էլ չեն առանձնապես․․․
Մի օր Լիսաբոնում մտա հրուշակեղենի խանութ՝ pastelaria, ու ցույց տալով քաղցրավենիքի 2 տեսակ, անգլերեն հարցրի վաճառող տղային․
- Are they the same? (Նո՞ւյնն են։)
Նա շրջվեց ու մյուս աշխատողներին (նրանք նույնպես տղաներ էին) պորտուգալերեն հարցրեց․
- O que significa "Are they the same?" (Ի՞նչ է նշանակում «Նո՞ւյնն են»։)
Մինչ նրանք ու հաճախորդները օգնության կհասնեին, ես, ժպիտս հազիվ թաքցնելով, պորտուգալերեն հարցրի․
- São iguais? (Նո՞ւյնն են։)
- Fala português? (Խոսո՞ւմ ես պորտուգալերեն։),- վաճառող տղան այնպես բացականչեց, որ վեր թռա։ Բոլորը բարձրաձայն ծիծաղեցին, հավաքվեցին շուրջս ու սկսեցին հարցուփորձ անել։ Ընդհանրապես, երբ ուզում էի ուրախացնել մարդկանց, սկզբում անգլերեն էի խոսում, հետո արագ անցում էի կատարում պորտուգալերենին։ Ասում էին, որ շատ լավ եմ խոսում․․․

***

«Երբ մարդը վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան»: - Անրի Վեռնոյ
1 ամիս երջանիկ, ուրախ ու հանգիստ, ինչպես տանը։ Թե ինչպես եմ դիմանալու կարոտին՝ չգիտեմ։ Շուրջս բոլորը պորտուգալերեն են խոսում։ 13 տարի երազում էի սովորել այս լեզուն, և ուղիղ 1 տարի առաջ սկսեցի պարապել։ Շարունակելու եմ սովորել այնքան, մինչև հայերենի նման իմանամ։
Սիրեցի երկիրը, մարդկանց։ Վիանա դու Կաշտելուն մարդու սրտում է մնում հավետ․․․ Կարոտելու եմ խաղաղ ու հանգիստ, ցուրտ ու քամոտ Վիանան, կարոտելու եմ անցկացրածս հրաշալի պահերն ու րոպեները․․․
Կարոտելու եմ մենակությունս։ Դժվար չէր մենակ լինելն ու ամեն ինչ մենակ անելը։ Հաճելի էր։ Ոչ թե մեծացա, այլ ուղղակի հասկացա, որ մեծ եմ։ Երևանում երեխա էի ինձ զգում։
Պորտուգալիայում ես ինքս ինձ հետ էի, վայելեցի ինձ, իմ ներկայությունը։ Երևանում շուրջս միշտ այնքան մարդ կա, որ ես իմ ներկայությունը չեմ զգում։ Աղմուկը շատ է, ու խոսքը հասարակ աղմուկի մասին չէ։ Այստեղ ես էի, ինձնով, ինքս ու իմը։ Երևի ինձ էի կարոտել ու իմ կարիքն ունեի։ Չմտածեք, թե էգոիստ եմ կամ եսասեր, երբեք։
Ինչը փոխվեց․․․ Առանձնապես ոչ մի բան։ Հայաստանը աշխարհի լավագույն տեղն եմ համարում։ Միշտ էլ համարել եմ, ուղղակի հիմա համոզվեցի։
Ամեն հարց ինքնուրույն ու միայնակ լուծելու հատկանիշը բարձրացավ բավականին։ Երևանում դրա անհրաժեշտությունը չէր լինում։ Չէի կասկածում, որ կկարողանամ մի ամիս մենակ ապրել, ուղղակի ասելն ուրիշ է, անելը ուրիշ։ Անելը դուրս եկավ։
Ինչքան շատ էի կարոտել ես ինձ, երևի դեռ դպրոցից։ Երևի դեռ դպրոցից հետո լռություն չէի լսել․․․
Ես Պորտուգալիային հրաժեշտ չտվեցի։ Վերադառնալու եմ․․․

***

Սանտա Լուսիա եկեղեցում եմ։ Հուլիսի 7-ն է։ Թռիչքս երկու օրից է։ Չգիտեմ էլ՝ ինչ եմ զգում։ Արցունքներն առատորեն հոսում են։ Եկեղեցում մենակ եմ։ Լավ է, որ աղմուկ չկա։ Ատում եմ, երբ եկեղեցում թեկուզ մի աննշան աղմուկ եմ լսում։ Ի՜նչ հանգիստ է այստեղ։ Դե ասա, Տեր Աստված, ինչպե՞ս գնամ։ Չէի կարողանա պատկերացնել, որ բաժանումն այսքան ցավոտ կլիներ։ 
Սանտա Լուսիան աներևակայելի գեղեցիկ է։ Իսկ ես չգիտեի էլ, որ Լուսիա անունով սուրբ կա։ Նա ժպտում է ինձ իր լուսեղեն ժպիտով, ու ես զգում եմ, թե ինչպես լուսաշող մի երանություն պարուրում է ինձ․․․ Ու արցունքներս հոսում են կրկին, այս անգամ ավելի ուժեղ․․․
Ապրածս ամենաիսկական երջանկությունն էր։ Պորտուգալիան հավերժ իմ մեջ է՝ որպես կատարյալ երջանկություն, այն ինձնից ոչ ոք ու ոչինչ չի խլի։ Այս երջանկությունն անմար է։

***
Պորտուգալիայի օդանավակայանում դիմացա, եկա հասա Մոսկվա ու սկսեցի ամբողջ ուժով լաց լինել․․․ Նորից Մոսկվա։ Անհյուրընկալ։ Սառը։ Կոպիտ։ Չեմ սիրում Ռուսաստանը։

***
2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը ողջ Պորտուգալիան ֆուտբոլով էր ապրում։ Դրոշն ամենուր էր։ Լիմա գետի ափին մեծ էկրան էր դրված, մարդիկ հավաքվում էին, դիտում խաղերը․․․ Պորտուգալիան դարձավ չեմպիոն․․․
Ես անտարբեր էի։ Ոչ մի խաղ չեմ դիտել։ Երևի հիշում եք, որ այս պատմությունը սկսվել էր բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսից։ ֆուտբոլն էլ ինձ համար սկսվեց Ռոբերտո Կառլոսով ու ավարտվեց հենց այն պահին, երբ նա հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին ու «կոշիկները մեխից կախեց»․․․ 
Օրերից մի օր ես կայցելեմ մանկության երազանքի երկիր՝ Բրազիլիա։ Ես կհանդիպեմ իմ Ռոբերտո Կառլոսին, վստահ եմ։ Ես ամուր-ամուր կգրկեմ նրան, կհամբուրեմ։ Ես պորտուգալերենով կպատմեմ նրան, թե նա ինչպես հիմնովին փոխեց 10 տարեկան երեխայի կյանքը։ Երեխա, որն հավերժ երախտապարտ է լինելու իր առաջին սիրուն․․․

Mar 25, 2016

ԽՆԿԱԲՈՒՅՐ


Թող խունկը վառվի հանդարտ, վեր բուրվառի աղոթքը, ու թող անուշ խնկաբույրը փրկավետ օրհնություն խոստանա:
- Վանե, քեզ ի՞նչ է պետք երջանկության համար:
- Ես արդեն կայացրել եմ որոշումս: Իմ կյանքը Տիրոջը կնվիրաբերեմ:
Թող երազները խնկարկվեն առ Աստված, վկայեն պատարագված հույսերի մասին, ու թող խնկագույն օդը լցվի շնորհներով:
- Ես եկեղեցի կմտնեմ, կդառնամ միանձնուհի: Աստված օրհնեց ինձ ու հաշտեցրեց փրկությանս հետ: Ես կապավինեմ Տիրոջը, անմնացորդ հավատարմությամբ ու հնազանդությամբ կծառայեմ Նրան:
Թող խնկի ծուխն արթուն դարձնի անթեղվածին, թող հուշի` իբրև բարեխոս, ոգեշնչի` որպես մաքրություն: Ու թող խաչակնքեն, փառաբանեն Տիրոջը, ու թող խնկարկությունը բուրավետ եթեր արարի` որպես անաղարտություն ու անեղծություն:
- Ես կհրաժարվեմ Հայկից ու մեր սիրուց: Ես կմոռանամ նրան:


***

Քահանան դուրս եկավ սրբարանից, քայլեց Վանեի ուղղությամբ: Ձեռքում պահում էր Աստվածաշունչը: Նա երկար տարիներ ծառայել էր Հայաստանյայց եկեղեցու վանքերում և շատ աղջիկների էր հանդիպել, որոնք, աշխարհիկ խնդիրներից փախչելով, մխիթարություն էին փնտրում հոգևոր աշխարհում, բայց շուտով հետ էին կանգնում իրենց որոշումից:
Վանեի աչքերը խուսափեցին քահանայի քննող հայացքից. փորձում էր թաքցնել հուզմունքը: Նստեցին նստարանին:
- Քանի՞ տարեկան ես:
- Քսանհինգ: Անունս Վանե է:
- Ինչո՞ւ ես ուզում մենաստանում ապրել:
- Ուզում եմ կամքս Աստծուն նվիրել, վանականի խոնարհ կյանք վարել:
- Աղջիկս, կարողանալո՞ւ ես բաժանվել արտաքին աշխարհից ու ինքնակամ ընդունել խստակրոն կյանքի դժվարություններն ու բարդությունները: Կարողանալո՞ւ ես միայնության մեջ թողնել սեփական եսը, ապրել աղոթական կյանքով: 
Վանեն չպատասխանեց: Տեր հայրը մի պահ լռեց, ապա բաց արեց Աստվածաշունչը ու կարդաց հետևյալ հատվածը.
«Հիսուսն ասաց.
- Բայց ամեն մարդ չի կարող առանց ամուսնության մնալ, այլ միայն նրանք, ում Աստված կարողություն է տվել, որովհետև մարդիկ չեն ամուսնանում այն դեպքում, երբ ծնունդով ներքինի են կամ մարդկանց կողմից են ներքինի դարձել, և կամ իրենք իրենց են ներքինի դարձրել երկնքի արքայության համար»: (Մատթ. 19)
- Ես հաստատ եմ իմ մտադրության մեջ, Տեր հայր:
- Սրտումդ որևէ տղայի հանդեպ սեր կա՞:
- Չէ,- ստեց Վանեն,- չկա:
- Թող այդպես լինի: Փորձաշրջանի ընթացքում կճանաչես քո իրական կոչումը: Կապրես հստակ սահմանված օրակարգով, չես լքի եկեղեցական համալիրը: Կարող ես զբաղվել հասարակական գործունեությամբ, օգնել աղքատներին ու ծերերին: Միաբանուհիները կօգնեն քեզ:

***
Հայկին...
«Կներե՞ս ինձ երբևէ...
Ուղղակի առաջվա պես ապրել այլևս չի ստացվի:
Սևով սպիտակի վրա նրբորեն շարադրված բառերի հաջորդականություն: Երկտակ ծալված ու բաց վարդագույն ծրարի մեջ դրված այս նամակն ամփոփում է իմ ամբողջը:
Հիմա դու կարդում ես թեք ձեռագրով գրված այս անգին առհավատչյան: Հետո այն թերևս կհայտնվի քո դարակում` որպես հուշ` խնամքով պահված ու թղթերիդ մեջ թաքցրած: Գուցե մի օր ինքն իրեն այրվի պարփակված ջերմությունից ու մոխիր դարձած անթեղվի, կամ գուցե թևեր առած թռչի ու գտնի մեզ... Իսկ դու միշտ աչքերիս խորքում կլինես, բայց ոչ երբեք նրանց առջև...
Թույլ տուր լաց լինեմ: Թույլ տուր պատկերացնեմ, թե ամուր գրկել եմ քեզ ու լաց լինեմ, լաց լինեմ այնքան ուժեղ, ասես վերջին անգամ եմ գրկում: Ասես վերջին, ամենավերջին անգամ եմ նայում աչքերիդ մեջ: Թող արցունքներս հոսեն ու պատմեն ամենակարևորի մասին: Որովհետև ես դա ասելու քաջություն չունեմ: Որովհետև ինձ շատ են ցավեցրել: Թույլ տուր գրկեմ քեզ ու բարձրաձայն լաց լինեմ: Կարծես վերջին, ամենավերջին անգամ եմ տեսնում քեզ կողքիս: Կարծես սա մեր սկսված ու չսկսված սիրո վերջին հանդիպումն է:
Արդեն գարուն է: Բայց ո՞ւմ է պետք այս «օրացույցային» գարունը, թե ներսում ցրտաշունչ ձմեռ է, անհատակ խորությամբ մի անդունդ դատարկություն ու... Ներիր ինձ, որ ձմռան արևի պես փայլում եմ, բայց չեմ ջերմացնում: Ուզում եմ, որ կարոտով լի հայացք դարձնես արևին ու մտքումդ ասես, թե որքան երջանիկ էիր, երբ ես էի երջանիկ: Հիմա ես քեզ համար ձմռան սառը արև եմ` արև, որը ջերմացնել չի կարող, որովհետև մեր միջև սառնամանիք է:
Դու իմը չես: Ես էլ քոնը չեմ: Մենք ոչ մեկինն էլ չենք: Հայկ, իմ Հայկ, թույլ տուր հեռանալ այս անմեղ խաղից: Մի տխրիր: Ես երկար եմ մտածել, առանց դադարի, գիշերները չեմ քնել ու հասկացել եմ, որ մենք երկու միայնակներ ենք` հիասթափված ու կոտրված: Երկու միայնակներ, որոնք աշխարհում ամենաշատը միասին լինել են երազել... Բայց... Աստված ավելի լավ գիտի:
Ինչպես ինքդ էիր ասում` կան բաներ, որ մեզ համար չեն: Մենք էլ իրար համար չենք:
Ուղղակի առաջվա պես ապրել այլևս չի ստացվում: Ներիր»:

***

Մենաստան... Աղոթասենյակի խավարում Վանեն պատերազմում էր ինքն իր դեմ, հոգևոր պայքար մղում անցյալի հուշերից ազատվելու աղերսանքով: Ու միայն Աստված գիտեր, թե ինչ անծայրածիր ու խելահեղ մոլորություն, չլցվող դատարկություն, թշվառություն, տաղտուկ ու տառապանք էր զգում նա... Անգույն ու իմաստազուրկ գոյություն, մռայլ օրերի անսփոփ հերթականություն: Թվում էր, թե անձևրոտ գիշերից հետո այլևս երբեք ծիածան չէր տեսնելու: Մթությունը դատապարտված էր չլուսավորվելուն, իսկ հրեշտակի կոտրված թևերը անզոր էին լինելու թռչել: Վանեն ձեռքերով ամուր-ամուր ծածկում էր դեմքը ու խոր հոգոց քաշում: Հայկը... Մտքերի մեջ, անշուք փողոցների քաղաքային օդում, իր երազներում... Բայց ոչ իր կողքին: Նա չկար բացվող առավոտներում, ցուրտ ու մութ գիշերներում, ու կյանքը հոսում էր, առաջ անցնում, փոխվում:
- Տեր, ինձ մենակ մի թող, օգնիր դուրս թափել ներսումս կուտակված ողջ ցավը: Երկու ուղիներ, որոնք հավետ օտարացան: Կյանքս դժոխք դարձավ: Բայց չէ՞ որ Դու ինձ դրախտ էիր նվիրել... Ես էլ ուժ չունեմ:
Կարծում էր, թե այդպես երկուսի համար լավ կլիներ: Բայց այդ ի՞նչ լավ էր, որ շարունակ պիտի լիներ ու չէր լինում:
Աշնան քամին տերևաթափել էր ամեն ինչ, մերկացրել գարնան ծառերի կանաչն ու փոշի բերել: Աղոթասենյակի անլուսության մեջ Վանեն ապաշխարում էր, խնկարկում մեղքերն առ երկինք: Հիմա ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել...

***

Երեկոյան ժամերգությունից հետո մայրապետը Աստվածաշնչից հատվածներ էր ընթերցում:
«Հիսուսն ասաց.
Սկզբից, արարածների արարչագործության ժամանակ, Աստված արու և էգ ստեղծեց մարդկանց և նրանց ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»: Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին: Արդ, որևէ մեկը թող չբաժանի նրանց, որոնց Աստված միացրեց»: (Մարկոս 10.7-9)
Վանեն լուռ էր, խոնարհ, թեև հոգում ալեկոծություն էր, տագնապ ու անհաշտություն... Մայրապետը բռնեց աղջկա ձեռքը, համբուրեց.
- Դուստր իմ, սա ելք չէ: Սա փախուստ է: Աստվածապաշտության ուղին ընտրելիս սիրտդ այլ բան չպիտի ուզի ու պահանջի: Մի խեղդիր սերը քո մեջ: Սեր մի սպանիր: Դու ամենամեծ մեղքն ես գործում. կյանքդ Աստծուն ես շնորհել, մինչդեռ մտքերումդ ուրիշն է ապրում: Ինքդ քեզ խաբել ու համոզել կարող ես, բայց Տերը տեսնում է ամեն ինչ:
Վանեն դառնագին լաց եղավ, եկեղեցում ապրելու երկու ամիսների ընթացքում նա առաջին անգամ բարձրաձայն ու ողբագին լաց եղավ: Բավական էր, էլ չէր կարող դիմանալ:
Երանի կարողանայիք կարդալ մտքերս ու տեսնել, թե ներսումս ինչ է կատարվում, երանի իմանայիք, թե ինչպիսի մեծ սեր էի փորձում դատապարտել կործանման...
- Աղջիկս, սա քո տեղը չէ: Այս զրկանքները քեզ համար չեն: Քո տեղն այնտեղ է` այդ երիտասարդի կողքին: Թույլ մի տուր սխալներ, որոնց համար մի ամբողջ կյանք պիտի զղջաս: Քո տունն այնտեղ է, որտեղ այդ տղան է ապրում: Տերը թող միշտ պահապան լինի ձեզ:
Մի քանի օր անց Վանեն հավաքեց իրերը, հրաժեշտ տվեց քահանային, մայրապետին ու քույրերին, ծնկի իջավ խորանի առջև, երկար աղոթեց ու հեռացավ վանքից:
Ճանապարհին նա միայն մի պահ շրջվեց, նայեց վեր խոյացող գմբեթին ու կիսաձայն շշնջաց.
- Ներիր ինձ, Տեր...

***

Թող խունկը վառվի հանդարտ, վեր բուրվառի աղոթքը, ու թող անուշ խնկաբույրը աստվածային օրհնություն խոստանա:
- Որդյակ իմ, մինչև ի մահ տե՞ր ես:
- Տեր եմ:
- Եվ դու, դուստր իմ հարս, մինչև ի մահ հնազա՞նդ ես:
- Հնազանդ եմ:
Թող երազները խնկարկվեն առ Աստված, նվիրագործեն սիրո ու հավատարմության միությունը, ու թող խնկագույն օդը լցվի Սուրբ Պսակի խորհրդով:
Թող խնկի ծուխն ամրություն հուշի, միասնություն խոստանա` որպես հավերժություն: Ու թող խաչակնքեն, փառաբանեն Տիրոջը, ու թող խնկարկությունը ընտանիքի սրբության երդում վկայի` որպես անաղարտություն ու անեղծություն:
«Երկրի վրա կնքված այս դաշինքի խորհուրդը մեծ է, քանզի քրիստոնեական պսակը և ընտանիքը պատկերն ու մանրակերտն է երկնային մեծ ու անճառելի խորհրդի` մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ու Իր Եկեղեցու անխախտ միության: Ինչպես փեսան թողնելով իր հորը գնում է հարսի մոտ, այնպես էլ Հիսուս, թողնելով Հայրական գահը, եկավ Իր հարսի` Եկեղեցու մոտ և անքակտելիորեն միավորվեց նրա հետ»: (Եփես. Ե 32)

Հ.Գ. Ամեն օր աղոթելիս Վանեն միշտ խորին երախտագիտությամբ հիշում էր մայրապետի հետևյալ խոսքերը.

«- Դուստր իմ, սա ելք չէ: Սա փախուստ է: Աստվածապաշտության ուղին ընտրելիս սիրտդ այլ բան չպիտի ուզի ու պահանջի: Մի խեղդիր սերը քո մեջ: Սեր մի սպանիր: Դու ամենամեծ մեղքն ես գործում. կյանքդ Աստծուն ես շնորհել, մինչդեռ մտքերումդ ուրիշն է ապրում: Ինքդ քեզ խաբել ու համոզել կարող ես, բայց Տերը տեսնում է ամեն ինչ»:

Feb 25, 2016

Ծաղկած ու չծաղկած ծաղիկներ


Հարևանուհուս պատուհանագոգին խնամքով շարված են սենյակային բույսեր ու դեռ չծաղկած ծաղիկներ: Գրեթե ամեն օր անցնում եմ այդ կանաչապատ լուսամուտի մոտով, ջերմ բարևում տիկին Հասմիկին ու անտարբեր հայացքով դիտում, թե նա ինչ մեծ սիրով ու ոգևորությամբ է ջրում ու մշակում իր ծաղկաբույսերը, թե ինչ խոր հոգատարությամբ է խոսում դրանց մասին: Առանց որևէ հետաքրքրություն ցուցաբերելու առաջ եմ շարժվում ու հայտնվում կիսադատարկ փողոցում: Քայլում եմ ու մտածում. տեսնես ինչո՞ւ եմ այդչափ սառն ու անվրդով տիկին Հասմիկի խանդավառության հանդեպ: Չէ որ բնություն չափազանց շատ եմ սիրում, կանաչն էլ իմ սիրելի գույնն է: Չգիտեմ...
Փողոցի անկյունում ծաղկավաճառը գույնզգույն ու բազմերանգ ծաղիկներ է վաճառում: Նայում եմ սքանչելի բուրաստանի նմանող թարմ ու վարդե ծաղիկներին, ու օդը լցվում է երփներանգի բուրմունքով: Կարմիրը, դեղինն ու ծիրանին գունավառ մեղմությամբ հոգիս հուզմունքով են պարուրում: Այս գարնանաշունչ թեթևությունն ինձ դրախտային խաղաղություն է հաղորդում. կարծես երազ լինի, որից չեմ ուզում արթնանալ: Ծաղկունքի ու արբեցման թովիչ հմայքով քնքուշ զգացմունքներ են արթնանում ներսումս, հույսի ու լույսի շողերով համակում ինձ ու երջանկություն խոստանում: 
Սթափվում եմ հաճելի թմրությունից ու հասկանում, որ ծաղկած ծաղիկներն իրականացած երազանքի առհավատչյա են: Իսկ դեռ չբացված ու չծաղկած ծաղիկները երկարատև սպասման տագնապ են հիշեցնում, կարծես դեռ չկատարված երազի, անորոշ հուսահատության ու անհանգստության լուռ ու տխուր վկաներ լինեն:
Վերադարձին տիկին Հասմիկի պատուհանին մի փունջ ալ կարմիր վարդեր եմ թողնում ու աննկատ հեռանում:

Jan 31, 2016

Չեմ հեռանա



Էլ չեմ փախչի: Չեմ հեռանա: Դուռն աղմուկով չեմ փակի ու չեմ գոռա, թե ատում եմ քեզ: Հոգուդ խորքում դու գիտես, որ ես դա չեմ ուզում: Ախր դա ելք չէ: Ոչ էլ փրկություն: Չէ, էլ երբեք չեմ գնա, չեմ լքի մեզ: Չեմ հրաժարվի երջանկությունից, որն այնքա՜ն երազել եմ: Իսկ երազել եմ ես շա՜տ երկար, ամեն ինչ հեքիաթային պատկերացրել ու որոշել, գծել, չափել ու ձևել: Հեշտ էր երևակայական պատրանքներ ստեղծելը, գոյություն չունեցող երազներին հավատալն ու դրանցով ապրելը: Դե իհարկե: Իսկ հիմա, երբ հանկարծ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, հիմա, երբ երջանկությունն անուն ունի, ես խուճապահար ուղիներ եմ որոնում ազատվելու այս երանությունից: Ես ամենավերջին վախկոտի նման փորձում եմ խույս տալ, թաքնվել: Խելագարվել եմ, համոզել ինքս ինձ, թե սերը միայն տառապանքի, անքուն գիշերների, լացի դիմաց շնորհվող գերմարդկային ու վերերկրային անհասանելի պարգև է: Գրողը ինձ տանի: Էլ չեմ տխրի: Հաճախ հենց միայն այն պատճառով եմ տխրում, որ դու էլ տխրես: Չե՞ս հոգնում ինձնից: Իմ ի՞նչն ես սիրում... 
Էլ չեմ հեռանա: Չեմ գնա: Ախր քեզ հրաժեշտ տալ հնարավոր չէ: Ամեն անգամ իմ «ուզում եմ մենակ մնալ»-ն ավելի է քեզ մոտեցնում ինձ: Դու բաժանում չես հանդուրժում, մնում ես հաստատուն, համբերող, առանց ուշադրություն դարձնելու անհավասարակշիռ խենթ երեխայիս անկայուն տրամադրությանն ու փոփոխվող մտքերին: Դու վստահ ես, որ իմ «ուզում եմ մենակ մնալ»-ը երկար չի տևելու, որ ես վերադառնալու եմ: Գնալու տեղ չունեմ: Հոգուս խորքում ես գիտեմ, որ ինձ այսչափ սիրել, ինձնով այսքան տարվել, այսպես ինձնով ապրել, ինձնով քնել ու արթնանալ, ինձ բաց չթողնել, ինձ դիմանալ, իմ առջև արդարանալ, բացատրություններ տալ, սիրտս շահել... միայն դու կարող ես...
Իսկ ես կարծում էի, թե սերը ցավ է պատճառում... Որովհետև ինձ շատ էին կոտրել, որովհետև ես փշրանքների մի ամբողջություն էի: Հետո դու եկար, աննկատ մտար իմ կյանք ու ստիպեցիր հավատալ, որ սիրում ես ինձ անկախ հանգամանքներից ու դժվարություններից: Ստիպեցիր ինձ հասկանալ, որ ամեն րոպե հիշում ես ինձ, մտածում, անհանգստանում, հետաքրքրվում: Որ միայն դու կարող ես օգնել ինձ չվախենալ սիրելուց ու այսչա՜փ սիրվելուց, որ միայն դու կարող ես համոզել ինձ չհրաժարվել երջանկությունից, որն այնքա՜ն երազել եմ: Իսկ երազել եմ ես շա՜տ երկար:

Jan 26, 2016

Ուժեղ ինձ հետ


Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ: Ես միշտ ինձ հետ եմ: Իմ համարձակ ու անվախ եսի, իմ երջանիկ ու տխուր եսի, բախտավոր ու անբախտ եսի հետ: Ես ինքս ինձ հետ եմ: Հաստատուն ինձ հետ, ուժեղ ինձ հետ, վճռական ինձ հետ, անփոփոխ ինձ հետ: Մահվանից չվախեցող, հետաքրքրությունից այն աշխարհ գնալ ցանկացող անմիտ ինձ հետ, հաղթանակած, խելագարված, անշնչացած, սրտի արագ զարկերով ինձ հետ, տարօրինակ ինձ հետ, ոչնչի մասին մտածել չցանկացող ինձ հետ, այս օրն ապրող ինձ հետ, անցյալը փոշի դարձնող ինձ հետ, Աստծուն պաշտող ինձ հետ, ապրելուց չհագեցող ինձ հետ, փոփոխական ինձ հետ, ուրախ ինձ հետ, երգել սիրող ինձ հետ, մանրուքներից բարկացող ինձ հետ, ամառ չսիրող ինձ հետ, շոգից խեղդվող ինձ հետ, սառը օդը թոքերում զգալ սիրող ինձ հետ, սիրահարվել սիրող ինձ հետ, հեշտ մոռացող ինձ հետ, սիրած մարդուն ատել պաշտող ինձ հետ, հանգիստ ինձ հետ, հոգումս դրախտ ունեցող ինձ հետ, խաղաղ ինձ հետ, անհուն խորություն ունեցող ինձ հետ, ոգևորված ինձ հետ, լիահույս ինձ հետ, հավատով շնչող ինձ հետ, այլևս ամեն հարցում միայն լավը տեսնող ինձ հետ, կյանքի իմաստն հասկացած ինձ հետ, սիրահարված ինձ հետ, ամեն ինչ մոռացած ինձ հետ, դժվարությամբ արթնացող ու քնող ինձ հետ, նկարել ու բանաստեղծություն գրել չկարողացող ինձ հետ, ապրել երազող ինձ հետ, ապագա պատկերացնող ինձ հետ, ապագա ամուսնուս անունն իմանալ ցանկացող ինձ հետ, երեխաներիս անունները որոշած ինձ հետ, աղոթող ինձ հետ, սխալները հարթել փորձող ինձ հետ, ինքս ինձ հետ, ինքս իմ ներսում, ինքս ինձնով: Հաստատուն ինձ հետ, ուժեղ ինձ հետ, վճռական ինձ հետ: Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ: