Dec 24, 2014

Կյանքիս վերջին մոդուլը



Բուհ ընդունվելու երազանքի իրականացումից անցել է վեց տարի...
Հիմա արդեն առավել հասուն ու կայացած մարդու աշխարհայացքով ետ եմ նայում, հիշում ուսանողական օրերիս բոլոր դեպքերն ու իրադարձությունները, դասերն ու դասամիջոցները, տնային աշխատանքներն ու մոդուլային շաբաթները... 6` կյանքի հասկացողության, լեզվամտածողության զարգացման, հոգեկերտվածքի կատարելագործման, բազում դժվարին խոչընդոտների հաղթահարման ու սեփական ես-ի հաստատման, անսահման ուժեղ ու համարձակ, կյանքի բոլոր իրավիճակներում անվախ գործելու ունակության ձևավորման և ինքս ինձ գտնելու ճանապարհի որոնման երկարուձիգ տարիներ...
Այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը... Բրյուսովի համալսարանում քննություններ, ստուգարքներ, միջանկյալ գրավորներ չկան, կան միայն մոդուլներ:
Օտար լեզուների ֆակուլտետ, բաժինս` Լեզվաբանություն, անգլերեն լեզու: Առաջին մոդուլային շաբաթը հիշեցի. հեռավոր 2009 թվական, հոկտեմբեր: Ես` տասնյոթ տարեկան միամիտ, մանկամիտ, մոլորված, անտեղյակ մի էակ, որը դիմորդ լինելու ժամանակ այնքան շատ էր պարապել, որ սթրեսի մեջ էր ընկել առաջին մոդուլների պատճառով: Ես շատ հոգնած էի, չափից շատ: Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ, ու ես, հունի մեջ ընկնելով, սկսեցի սովորել այնպես, ինչպես երբևէ չէի սովորել: Ես սովորում էի վերջին շունչս դասիս մեջ դնելով, ես ապրում էի իմ դասերով, ես սիրահարված էի իմ դասերին: Լեզվաբանության մոդուլը հիշեցի. դասախոսություններն այնքան լավ էի հիշում, որ քնից էլ արթնացնեին, անգիր կպատմեի: Մոդուլից հետո այլ խմբերի համակուրսեցիներից ինչ-որ խոսակցություններ էի լսում, ասում էին, որ հոսքում միայն մի աղջիկ է 100 ստացել: Ես ոչինչ չէի ասում, մտքովս էլ չէր անցնում, թե ով պիտի լիներ: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը ես էի:
Մոդուլներ` կիսամյակը 3 անգամ, յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ էր կոչվում, որի ընթացքում դասեր չէինք ունենում, միայն մոդուլներն էինք հանձնում): Հետո, երբ արդեն 4-րդ կուրսում էի սովորում, մոդուլները դարձան կիսամյակը 2 անգամ` 2 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ չկար): 
Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբ մոդուլային շաբաթը շատ-շատերի մոտ մտահոգություն և անհանգստություն էր առաջացնում, ես գրեթե միշտ կատարյալ հանգիստ էի: Մոդուլի ժամանակ պիտի գրավոր կամ բանավոր ներկայացնես այն, ինչ սովորել ես մոդուլից առաջ` մեկ կամ երկու ամսվա ընթացքում: Իսկ ես այնքան լավ հիշողություն ունեմ, որ գրեթե առանց կրկնելու էի հանձնում մոդուլներս: Կարճ ասած` բակալավրում ես միայն սովորել եմ ու սովորել եմ գերազանց:
Կային, իհարկե, առարկաներ, որոնք ինձ հունից հանում էին: Ուղղակի զարմանում էի, թե ես ինչու պիտի այդ առարկան անցնեմ, կամ էլ դասախոսն ինձ դուր չէր գալիս, նրա դասավանդման եղանակը, առարկայի ծրագիրը: Մի խոսքով` արտագրում էի: Գոթերեն, Ռոմանագերմանական բանահյուսության ներածություն, Տրամաբանություն: Որքան հիշում եմ այսքանն էին:
Սիրում էի անգլերենի ընթերցանության, ոճաբանության, քերականության, գրավոր խոսքի, Մեծ Բրիտանիայի քաղաքակրթության, տեսական քերականության, հայոց լեզվի մոդուլները: Սիրում էի գրել էսսե, թեստային աշխատանք, բանավոր հարցումներն այնքան էլ չէի սիրում: Սիրում էի ավարտել աշխատանքս ու օգնել համակուրսեցիներիս: 
Այդ 4 տարիներն ինձ շատ արժեքավոր բաներ տվեցին հետագա ողջ կյանքիս համար...

Մագիստրատուրա... Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ...
Բակալավրի թեժ և բուռն օրերից ու ապրումներից, ստացած խորը և հիմնավոր կրթությունից հետո անկումն ուժգին էր: Չգիտեմ` ինչու այդպես ստացվեց, բայց ես կորցրի ինձ: Իմ մեջ մի ինչ-որ կարևոր բան փոխվեց, ներսումս մի բան աղմուկով փշրվեց, ու ես սկսեցի օրերը հաշվել, թե երբ պիտի այդ երկու տարիներն անցնեն... 
Իսկ այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը...
Իմաստաբանություն, Քանակական լեզվաբանություն, Նշանագիտություն, Կինոյի նշանագիտություն, WEB ծրագրավորում, ՏՏ և համակարգեր, Էլեկտրոնային բառարանագրություն, Կորպուսային լեզվաբանություն, Ռելացիոն բազաներ, Մեքենական թարգմանություն, HTML, CSS, Java, PHP, Բազմությունների տեսություն... Հետաքրքիր ու անհրաժեշտ առարկաներ, խելացի դասախոսներ, բայց հիասթափված ու թևաթափ եղած ուսանողներ, որոնք ոչ թե հոգնել էին սովորելուց, այլ... Չգիտեմ...
Շարունակում էի սովորել գերազանց, ուղղակի` միայն մոդուլային շաբաթների ընթացքում, ամեն օր հաճախում էի, ֆիզիկապես ներկայանում, բայց մտովի շատ-շատ հեռու էի լսարանից ու այն իրականությունից, որն իմ շուրջն էր... Ես սավառնում էի օդերում ու երազում վայրկյան առաջ ազատվել ուսանող լինելու կարգավիճակից... Բակալավրում գտել էի ինձ, հետո կորցրի, ու այսպես շարունակ, ու այսպես անընդհատ, ու այսպես միշտ... Ես մահու չափ հոգնել էի, մեծացել, հասունացել, հոգեպես դուրս եկել իմ տարիքային շրջանակից ու սահմաններից, կյանքում տեսել ու հաղթահարել շատ փորձություններ, լաց եղել, լիաթոք ծիծաղել, տխրել ու ուրախացել...
Բազմությունների տեսություն... Առարկա, որն ատել եմ, ատում եմ ու ընդմիշտ ատելու եմ մինչև հոգուս ամենախորքը: Մոդուլին արտագրել եմ:
Մի քանի ամիս, ու ես կավարտեմ բուհս, կստանամ դիպլոմս ու կուղևորվեմ նոր կյանք, նոր հետաքրքրություններով ու փոփոխություններով արբած` ես կփորձեմ կառուցել կյանքս, նոր հիմքից նորովի կժպտամ ու կասեմ, որ եթե չլինեին այս 6 տանջալից տարիները, ես կյանքում շատ բաներ չէի հասկանա... Ես ուրախ եմ, որ անցել եմ այս ճանապարհը, ես վերջնագծին եմ հասել ու կարևորն այն է, որ հոգիս հանգիստ է... Ես նորից գտել եմ ինձ ու նոր էջից պիտի սկսեմ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ես` իմ չփոխվող տեսակով, իմ աշխարհի յուրահատկություններով, իմ հավատով ու հույսով...
Այսօր բուհից դուրս գալիս անհասկանալի մի զգացում ունեցա... Ես հասկացա, որ կյանքս շուտով կփոխվի ու որ այն երբեք այլևս առաջվանը չի լինի, որ շատ մարդիկ, որոնք պիտի չլինեին իմ կյանքում, չեղան, իսկ շատ մարդիկ, որոնք սիրում էին ինձ, մնացին... Ես տուն շտապեցի, որ գրեմ այս տողերը, գրեմ ու ապրածս հիշողություն դարձնեմ` թղթին հանձնած թանկ ու հարազատ մի հիշողություն, որ պիտի չհիշեմ հաճախ, բայց որն հավերժ պիտի ինձ հետ լինի...

Dec 14, 2014

Ու թե մի օր հիշես ինձ...


Ու թե մի օր հիշես ինձ, բռնիր փոքրիկիդ ձեռքը, միասին եկեք ինձ հյուր, իսկ մենք նրա մոտ կձևացնենք, թե հին ընկերներ ենք, ընկերներ, որոնք շարունակում են սիրել մեկը մյուսին, բայց ոչ երբեք իրար... Իսկ մենք նրա մոտ երկա՜ր-երկա՜ր կլռենք, չենք փորփրի անցյալի օրերն ու չենք ասի ամենակարևորը, որովհետև դա վաղուց արդեն կարևոր չէ ու չպիտի լինի... Իսկ մենք նրա մոտ թաքուն կնայենք իրար, մտովի կփարվենք մեկմեկու ու կաշխատենք լաց չլինել... Մենք կձևացնենք, թե վաղեմի ընկերներ ենք, ընկերներ, որոնք խելագարի նման պաշտել են մեկը մյուսին, բայց կորցրել են իրար... Որովհետև ժամանակին ևս ձևացրել են, չեն պայքարել մինչև վերջին շունչն ու համակարպվել սերը մոռանալու, սպանելու ու այն շատ խորը թաղելու մտքի հետ...
Արի ինձ հյուր, կնստենք միասին, սուրճ կխմենք, դու կպատմես, թե ինչպես է դասավորվել կյանքդ առանց ինձ, իսկ ես լուռ կժպտամ ու կձևացնեմ, թե այդպես էլ պիտի լիներ, թե այդպես ճիշտ էր, թե ես հաշտվել եմ, ուրախ ու երջանիկ եմ քեզ համար: Ես լաց չեմ լինի ու չեմ ասի, որ աշխարհն էլ շուռ կտայի, որ այսպես չստացվեր: Չեմ ասի, որովհետև դու էլ չես ասի: Որովհետև այդ խոսքերն այլևս ոչինչ չեն փոխի, որովհետև այդ խոսքերն ամեն ինչ կփչացնեն միայն, որովհետև երջանկության համար ևս ժամանակ կա, որովհետև այն ճիշտ պահին պիտի կառուցես: Արի ինձ հյուր, որ նայենք իրար: Ես կտեսնեմ, թե ժամանակն ինչպես է փոխել քեզ, դարձրել ավելի հասուն ու գրավիչ: Ես կտեսնեմ, որ աչքերդ կորցրել են նախկին սիրո փայլն ու այլևս չեն ժպտում: Ես կնայեմ փոքրիկիդ, նրա լուսե դեմքին ու մի պահ կփորձեմ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր փոքրիկը, ինչպիսի դիմագծեր կունենար ու ինչպես ինձ մայրիկ կասեր: Ես կհամբուրեմ քո անմեղ փոքրիկին, բայց չեմ ների քեզ, որ նա իմը չէ: Մենք կձևացնենք, թե մեր միջև ամեն բան պարզ է, բայց մեր միջև երբեք էլ ոչինչ չպարզվեց, մենք հիմարաբար կորցրինք իրար ու դա բարդեցինք ճակատագրի վրա: Սուտ էր, սիրելիս: Պայքարեինք պիտի: Ու հաղթեինք պիտի: Որովհետև կյանքում կիսաերջանիկ մարդիկ չպիտի լինեն: Իսկ դու մի ամբողջ հավերժություն պիտի նայես քո ուրիշին ու մտքումդ մեղադրես նրան այն բանի համար, որ ես չեմ քո առջև կանգնած...
Ու թե մի օր հիշես ինձ, իմացիր, որ ես երբեք, լսո՞ւմ ես, երբեք ոչ մի վայրկյան չեմ մոռացել քեզ: Իմացիր, որ այսպես սխալ էր: Կյանքում միայն մեկ անգամ են սիրուց խելագարվում, ու երանի այն մարդկանց, որոնք այդ սերը ճակատագիր են դարձնում: Որովհետև կյանքում ամեն այլ բան սուտ է ու կեղծ, որովհետև եթե գտել ես քո կեսին, պիտի ամուր բռնես նրան ու բաց չթողնես, թուլակամ ու անզոր չգտնվես: Այդպես են կառուցում երջանկություն կոչվածը: Իսկ մենք ստիպված ենք լինելու մի ամբողջ կյանք ձևացնել... 
Ու թե մի օր հիշես ինձ, թե պատկերս համառորեն չհեռանա աչքիդ առջևից, թե սերս նորից զարկի ու տակնուվրա անի հոգիդ, իմացիր, որ ամուսնության վկայականները չեն, որ ընտանիք են հիմնում: Իմացիր, որ ես միշտ քո ներսում եմ լինելու: Իմացիր, որ միշտ էլ պիտի հիշես ինձ, որովհետև ես էլ քեզ եմ հիշելու, որովհետև կյանքը կարող է բաժանել, բայց չի կարող ստիպել, որ մոռանանք իրար...
Ու թե հիշես ինձ, ժպտա, բայց լաց չլինես: Զանգիր, գրիր, հյուր եկ: Չէ՞ որ մենք հին ընկերներ ենք, ընկերներ, որոնք միշտ սիրելու են մեկը մյուսին, բայց ոչ երբեք իրար... Ընկերներ, որոնք քնելու և արթնանալու են մեկը մյուսի մասին մտածելով, բայց ոչ երբեք իրար հետ... Ընկերներ, որոնք միշտ իրար են երազելու, բայց մեկը մյուսին հիշելու իրավունք են ունենալու միայն...

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Անի Ղուլիջանյանին:

Dec 3, 2014

Վարագույր


Մոռացիր ինձ: Մոռացիր: Գիտե՞ս, թե այդ բառն ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ պիտի դառնաս այնպիսին, ինչպիսին նախքան իմ հայտնվելն ես եղել: Դա նշանակում է, որ պիտի պառկես քնելու առանց իմ մասին մտածելու ու երազելու, որ պիտի նայես այլ աչքերի մեջ ու աշխատես չփնտրել իմը, դա նշանակում է, որ ընդմիշտ պիտի կորցնես ինձ: Ընդմիշտ: Ետդարձ չի լինելու:
Երջանիկ եղիր: Բայց աշխատիր երջանկությունդ դեմքովս չշպրտել, աշխատիր այլևս երբեք չսողոսկել իմ կյանք ու չաղաչել ինձ, չպաղատել, որ հավատամ երջանկությանդ: Ես դրան չեմ հավատալու, կուզես խեղդիր ինձ, կուզես գոռա ու վանկարկիր, երեսիս նետիր դիմակդ ու դերասանի պես թատրոն սարքիր, թե իբր երջանկությունից կորցնում ես գլուխդ: Ես դրան չեմ հավատալու, կուզես մեղադրիր ու ատիր ինձ: Ես չեմ հավատալու, որ սիրում ես նրան, որովհետև չես սիրում: Ես չեմ հավատալու, թե ուզում ես կյանքդ նրա կյանքի հետ կապել, որովհետև չես ուզում: Գրողը քեզ տանի, դու դա չես ուզում, կուզես դատի տուր ինձ:
Մոռացիր ինձ: Մոռացիր: Մոռացիր, գրողը քեզ տանի: Ի՞նչ ես ուզում ապացուցել ինձ, ինչո՞ւ ես ուզում ապացուցել, դա ի՞նչ պիտի փոխի: Ես հոգնել եմ քո թատերական ներկայացումներից, սիրտս արդեն խառնում է քո կեղծությունից, վե՛ր կանգնիր, ահա աղերսս: Վե՛ր ելիր, լսո՞ւմ ես: Սա կյանքիդ վերջին հնարավորությունն է: Ավարտիր ամենը, բաց արա վարագույրը:
Երջանիկ եղիր: Բայց աշխատիր չգալ ու ծնկաչոք չաղաչել, որ հավատամ քո երջանկությանը: Ես դրան չեմ հավատալու, կուզես հենց հիմա սպանիր ինձ: Կուզես լաց եղիր, ա՜խ, երանի մի պահ լաց լինես ու հասկանաս, որ եկել էի, որ փրկեի, ոչ թե պատիժդ դառնայի: Վեր ելիր, ահա ամբողջը: Ահա թե ինչու էի եկել, եկել էի, որ ասեի` վերև նայիր ու Աստծուն լսիր, վեր ելիր այս աղբից, վեր կանգնիր, մաքրիր քեզ: Ու չասես, որ զառանցում եմ: Չասես, որ երջանիկ ես: Գրողը քեզ տանի, դու երջանիկ չես: Կուզես սպանիր երկուսիս, դու երջանիկ չես: 
Ես չեմ մահանա: Ուղղակի կհեռանամ, իսկ դու... Ծածկվիր երջանկության դիմակի տակ մի ամբողջ կյանք, մտովի ինձ հետ եղիր ու անիծիր քեզ, որ թուլամորթ ես: Որովհետև դու թուլամորթ ես: Ու չասես, որ զառանցում եմ: Ու չասես, որ քիչ է մնում մեռնես երջանկությունից: Ես դրան չեմ հավատալու, լսո՞ւմ ես, չեմ հավատալու: Կուզես խարույկի վրա այրիր ինձ, ես եկել եմ, որ օգնեմ քեզ: Ու չասես, որ երջանիկ ես: Ինձ քո դիմակներով չես խաբի:
Տղամարդկություն ունեցիր ու վարվիր այնպես, ինչպես դու ես ուզում, չէ՞ որ դու քեզ հենց այդպիսին էիր ներկայացնում. ամեն ինչ քո ասածի և ուզածի պես պիտի լինի: Ու չասես, որ սա էր քո ուզածը: Ու չասես, որ խելագար եմ: Ու չասես, որ զառանցում եմ: Ու չասես, որ ինքդ ես ընտրել ու երջանկությունից սավառնում ես վարդագույն ամպիկներում: Ես դրան չեմ հավատալու: Գրողը քեզ տանի, չեմ հավատալու: