Jun 22, 2014

ԻՄ ՍԵԴԱ ՏԱՏԻԿԻՆ



5 երեխա, 12 թոռ, 8 ծոռ... Ու մի ամբողջ պատմություն, մի հարուստ կյանքի պատմություն...
Իմ սիրելի՛ Սեդա տատիկ, երբ քեզ հանձնեմ այս տողերն, ու դու սկսես ընթերցել, ես երևի թաքնվեմ մի անկյունում, որ չտեսնես արցունքներս...
Քո երկար կյանքի ընթացքում բազում դժվարություններ տեսած ու փորձություններ հաղթահարած, տարիներ ապրած ու ճերմակած իմ անգի՛ն տատիկ, այսօր կյանքիդ ժապավենն իր ութսունհինգերորդ գույնն է ստանում... 
Էջմիածնի Հայթաղ գյուղում ծնված, մեծացած ու նախախնամության ձեռքով Թալինի շրջանի Աշնակ գյուղ` Սասունից գաղթած Խաբլջոզի Մանուկի տուն հարս եկած, Աշոտ պապիս կյանքի ուղեկից դարձած, մի կյանք, որ ճակատագրի կամոք վաղաժամ ընդհատվեց...
Ձեր մեծ սերն ապրեց ու հարատևեց, չխաթարվեց բախտի անգութ հարվածներից: Քո մեծ վիշտը սրտումդ պահած` դու տարիներ շարունակ վառ պահեցիր նրա հիշատակը, փայփայեցիր նրան քո հոգում ու շարունակեցիր սիրել նրան այնպես, ասես նա ողջ լիներ... Ու նա ողջ մնաց քո սրտում, նա դաջվեց բոլորիս հիշողության մեջ ու... Ու ապրեց...
Դու սերունդներ ես կրթել, դաստիարակել ու օրինակ ծառայել: Այսօր էլ` տասնամյակներ անց, գյուղացիները քեզ տեսնելիս ջերմ ողջունում ու ընկեր Միսակյան են դիմում, բարի խոսքեր ասում իրենց առաջին ուսուցչուհուն...
Աշոտ Թովմասյանից հետո բոլորին միավորող ու համախմբող Թովմասյաններ գերդաստանի հիմնական սյունը դու դարձար, մեր մեծ տան հիմնաքարը, մեր տան ծուխն ու օրրանը...
Քո այնքան սրամիտ հումորները, քո հետաքրքիր պատումները, քո վարակիչ ծիծաղը, քո մաքուր ժպիտն ու փայլուն աչքերը, քո խաղաղասեր բնավորությունը, քո արտաքին հանգստությունն ու ներքին անհանգստությունը, քո ջերմությունն ու լույսը...
Քո թխած անուշաբույր հացը` թոնրի բոքոնը, լավաշն ու խորիզով գաթան, աշխարհում ամենահամեղն են ինձ համար` կարմրաթուշ, անմահական, ախորժաբույր... 
Այսօր փորձում եմ թղթին հանձնել այն ամենն, ինչ երբեք չեմ կարողացել ասել, ամուր չեմ գրկել ու խոստովանել, թե որքան շատ եմ քեզ սիրում, թե որքան եմ ուզում, որ առողջ լինես ու երկար-երկար կյանք ունենաս...
Մեր պապական տունը մտնելիս ու քեզ այնտեղ նստած տեսնելիս հոգիս լցվում է հաճելի ջերմությամբ, անպատմելի խաղաղությամբ ու անասելի բերկրությամբ...
Սիրելի՛ տատիկ, այսօր կյանքիդ ութսունհինգերորդ ամառն է` քեզ պես բարի, պայծառ, ժպտուն: Թող առողջ լինես, թող Թովմասյաններ գերդաստանի կողքին լինես` որպես ավագ ու առաջնորդ...
Քո զավակներն ու թոռները, փոքրիկ ծոռները քեզ անչափ սիրում ու հարգում են: Բոլորիս անունից ասում եմ. ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, իմ թանկագի՛ն Սեդա տատիկ...

22.06.2014 թ.

Jun 2, 2014

Կարուսել


Ես ուշացել եմ, ես 14 տարով ուշացել եմ...
Սպասում ես, որ ես է՞լ ապրեմ այդ գրողի տարած 14 տարին... Կապրեմ, իհարկե կապրեմ, բայց գուցե ուրիշի կողքին...
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես չուշանայի այդքան, գուցե քեզ ավելի շուտ տեսնեի, կամ գուցե ընդհանրապես չտեսնեի...
Իսկ նա գեղեցի՞կ է... Դե նա, որի հետ ինձ միշտ համեմատում ես... Տեսնես նա է՞լ է մտածում, որ հիմար ես, թե՞ 14 տարով փոքր լինելս է ինձ թույլ տալիս քեզ այդպես անվանել... Նա երևի չի ուշացել...
Իսկ դու սիրո՞ւմ ես նրան այնպես, ինչպես ֆիլմի տղան է սովորաբար սիրում, թե՞ դա միայն ինձ պես 14 տարով փոքրերին է հատուկ...
Նա է՞լ է դիտում կիրակնօրյա Հորիզոնը… Բայց նա դժվար թե լաց լինի, երբ արհամարհես իրեն, նա դժվար թե շորերդ արդուկելիս ձեռքերն այրի, նա չի գրի այնպիսի տողեր, որոնք կարդալիս կուզենաս սպանել իրեն, ինչպես երբեմն ինձ...
Ու նա ճիշտ կանի... Քեզ գրավելու համար պետք է ունենալ բավականաչափ ուժ և համբերություն` կիրակնօրյա Հորիզոնը դիտելու համար, լինել քարի, պողպատի և այլ մետաղների խառնուրդ, լինել մեծ աղջիկ, դե այն աղջիկներից, որոնք ինձնից մի ամբողջ 14 տարով մեծ են...
Ես երեխա եմ, ու դա անհերքելի փաստ է... Ես ուշացել եմ, բայց կարողացել եմ սիրել քեզ այնքան, որ հիմար անվանեմ...
Իսկ դու պատրա՞ստ ես նրա հետ նարդի ու ֆուտբոլ խաղալ, նրան կարուսել տանել, քննությունից առաջ զանգել ու ասել, որ հավատում ես իր ուժերին, վազել նրա հետ, ամուր գրկել, բարձրաձայն ծիծաղել, անեկդոտ հորինել, երբ նա տխուր կլինի, պատրաստ կլինե՞ս գործերդ կիսատ թողնել ու նրա մոտ շտապել, երբեք չդավաճանել ու միշտ նրան այնպես նայել, ասես առաջին անգամն է...
Չէ, նա դժվար թե այլևս որևէ քննություն ունենա, այդ ես եմ, որ ուշացել եմ, այն էլ՝ մի ամբողջ 14 տարով...
Տեսնես դու ո՞ւմ ես անվերջ պարտեցնում այդ համեմատության մեջ...
Թող նա չիմանա, որ ես քեզ հիմար եմ անվանել, թող նա երբեք էլ ոչինչ չիմանա, թող շարունակի դիտել իր կիրակնօրյա Հորիզոնը, օրը 24 ժամ պտտվի շուրջդ ու հետո ինձ դատի չտա, չէ որ ես դեռ երեխա եմ՝ 14 տարով ուշացած, դա անհերքելի փաստ է...
Իսկ ինձ դու ստիպված էիր լինելու կարուսել տանել...