Feb 23, 2014

Երբ դու ամուսնանաս...



Գիտե՞ս, թե ես քեզ երբ կմոռանամ: Երբ դու ամուսնանաս: Երբ միայնակ արթնանալուդ վերջին առավոտը լինի: Երբ նուրբ մատիդ ոսկե մատանի հայտնվի: Երբ տեսնեմ, որ այլևս միայնակ չես...
Նա երջանիկ կլինի: Խնդրում եմ միայն, որ նրան մի օր պատահաբար չհարցնես հանկարծ. «Իսկ դու ստեղծագործել սիրո՞ւմ ես»: Նա երևի կզարմանա, խեթ հայացքով կնայի քեզ, դու էլ այդ անհարմար իրավիճակից դուրս գալու համար կասես, որ կատակում ես: Չնայած առանց քո ասելու էլ նա վստահ կլինի, որ կատակում ես:
Այդ ժամանակ ես կմոռանամ քեզ: Կմոռանամ, թե ինչպես էի աշխարհից վերացած մեր երևակայական ընտանիքը ստեղծում: Կմոռանամ ինձ` քեզ սիրող ինձ, քեզ պաշտող ինձ, առանց քեզ լինել չպատկերացնող ինձ: Կմոռանամ, որովհետև նա երջանիկ կլինի քեզ հետ, իսկ ես այդ երջանկությունը տանել չեմ կարողանա: Հենց այդ պատճառով էլ կմոռանամ, հենց այդպես կվերցնեմ ու կմոռանամ:
Տեսնես նա կնկատի՞, թե ինչպես ես երեխայի պես հուզվում, բայց թաքցնում ամեն ինչ խիստ հայացքի ներքո: Տեսնես նա կիմանա՞, թե սառն աչքերդ որքան են ջերմացել: Դժվար թե իմանա, դա անգամ դու չգիտես:
Ես կմոռանամ քեզ այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել էի: Թող նա երջանիկ լինի: Թող դու էլ...
Ես շատ կցանկանամ, որ նա չիմանա իմ մասին ու չկարդա նամակներս: Իմ տողերում ես այնքան զգացմունք եմ դրել, որ գուցե նա սկսի ատել ինձ: Կամ էլ ծիծաղել վրաս: Կամ էլ ատել:
Կցանկանամ նաև, որ դու միշտ ժպտաս, առավել շատ հենց այն լուսանկարներում, որտեղ այլևս միայնակ չլինես: Որտեղ նուրբ մատիդ ոսկե մատանի կլինի: Որտեղ կողքիդ կանգնած կլինի նա, ու երջանիկ կլինի: Թող դու էլ...
Ես էլ երևի, երբ քեզ մոռանամ...


Feb 19, 2014

Միակը միլիոններից



Լսիր, այնքան հուզված եմ: Կարոտել եմ քեզ, քեզնով շնչելս, մինչև գիշերվա կեսը քո մասին երազելս, քեզ մտքում փայփայելս ու մտովի ամեն վայրկյան քեզ հետ լինելս... Ինչպես օդը` ինչպես այն գարնանային թարմ օդը, որը ողջ հոգով անվերջ շնչում ու չես հագենում: Ինքս էլ չեմ հասկանում` քո մեջ ի՞նչ եմ գտել: Այնքան եմ կարոտել, որ թվում է` կանգ է առել ողջ աշխարհը, որ թվում է` առանց քեզ չկա ոչինչ, չկամ ես, չկամ ուրախ ու սիրահարված ես...
Դու հենց այն մարդն ես, որին առաջինն եմ հիշում, երբ առավոտյան դժվարությամբ ու դժկամությամբ բացում եմ աչքերս: Դու հենց այն մարդն ես, որի մասին գիշերը քնելիս այնքան եմ մտածում, որ քնել անգամ չեմ կարողանում:
Այս սերը զորեղ է ինձնից... Իսկ քեզնի՞ց: Իսկ դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ես ուր եմ եկել ու հասել, գոնե տեսնո՞ւմ ես, թե ինչպես են աչքերդ վառվում իմ սիրով, գոնե մտածո՞ւմ ես, որ արդեն կանգառ չի մնացել, չկա ոչ ժամ, ոչ ժամանակ...
Հենց այն մեկն ես, որը մագնիսի ձգողականությամբ քաշում է ինձ, միակը միլիոններից, միակը միլիոններում...
Ինչպես լույսը, առանց որի մեկ վայրկյան չեմ դիմանա, կարոտել եմ այնքան ուժգին, որ մեզ մի կյանքն էլ բավարար չի լինի, կարոտել եմ այնքան անզուսպ, որ հոգիս դուրս է պրծել իր տեղից, եկել անկոչի նման փարվել է քեզ ու շունչ ստացել...
Հենց այն մեկն ես, այն միակը, այն եզակին հոգնակիից, այն սիրելին միլիոններից, այն սիրելին միլիոններում...
Տեսնո՞ւմ ես` սերս չի ավարտվում... Անհաջող փորձեր եմ անում քեզ մոռանալու, բայց... Տեսնո՞ւմ ես` իմ մեջ ոչինչ չի փոխվում...
Դու հենց այն մեկն ես, այն միակը, այն հատուկը հասարակից, այն պաշտելին միլիոններից, այն պաշտելին միլիոններում...
Կարոտել եմ, ինձնից էլ շատ, քեզնից էլ շատ, կամ թե իրար գումարած, կամ թե իրար բազմապատկած, կարոտել եմ ժպիտդ, ուրախությունդ, սիրահար հայացքդ ու... Քեզ...