Feb 3, 2015

100 տարի անց (Մաս 2)




Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ



Հայոց հնագույն պատմության բազմադարյան հիշատակարանի չմոռացվող ու վաղեմության ժամկետ չունեցող էջերի կարոտատենչ խորքերում ապրում է լեռնային Սասուն աշխարհը` իր ամրակուռ ժայռերով ու խոր կիրճերով, քարանձավներով ու լեռնահովիտներով, թավուտ անտառների զովասուն շնչով: Մարտնչող սասունցու անպարտելի ոգին կրակվում ու դուրս է պոռթկում գրված արյունոտ տողերի միջից, ուժգնակի զարկող ինքնաբուխ ու համառ մի մղում ընդվզում է պատմական հրեշավոր եղելության դեմ, ազատագրական արժանապատիվ ու հերոսական պայքարով դատապարտում սրբորեն անմահացած միլիոն ու կես հայերի դեմ իրականացված սահմռկեցուցիչ ցեղասպանությունը...

***
2015 թվական: Երևան: Հունվարի 22: Հեռախոսազանգ:
-         Լո՛ւս, գտել ենք, լսո՞ւմ ես, գտել ենք ազգականներիդ:

***
2014 թվական: Դեկտեմբեր: Ընթերցասրահ: Քննարկում էինք գրական ստեղծագործություններ, մեջբերումներ կատարում սիրված տողերից:
-  Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
Ուր պարտությունն անգամ ունի հպարտություն,- ոգևորված ու ինքնամոռաց ընթերցում էի ես Գևորգ Էմինի հայտնի բանաստեղծությունը, երբ այն նույն համակուրսեցիս, որը չէր հավատում, որ Եղեռն եղել է, քմծիծաղը դեմքին համարձակվեց ասել հետևյալը.
- Հպարտ պարտությո՞ւնը որն է, պարտությունը մնում է պարտություն, թուրքը կոտորել է, հայերն էլ խելոք կոտորվել են:
«Չէ՛, սա արդեն չափազանց է»,- մտածեցի ու ասացի.
- Դեռ 1830-ական թթ.-ից սկսած Արևմտյան Հայաստանի գավառներում` Մոսկում, Շատախում, Վանում, Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, Զեյթունում ինքնապաշտպանական կռիվներ էին տեղի ունենում: Երբ Սան-Ստեֆանոյում 1878 թ.-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածը, որով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում, Բեռլինի վեհաժողովում դարձավ 61-րդը, ու հզոր գերտերություններն աշխարհը բաժանեցին իրար միջև, հայոց պատվիրակության ղեկավար Խրիմյան Հայրիկը, որին նույնիսկ թույլ չտվեցին մասնակցել վեհաժողովի նիստերին, իր հայտնի «թղթե շերեփը» «երկաթե շերեփով» փոխարինելու մեկնաբանությամբ զենքի կոչեց հայ ժողովրդին: Սասունը զենքը ձեռքին ոտքի ելավ, հայտարարվեց պատերազմական վիճակ: Ցավոք թուրքական բազմահազարանոց բանակին և քրդական զորքին հաջողվեց հրեշաբար սպանել ու ողջ-ողջ այրել, խոշտանգել ու կոտորել հայերին: Խիզախ ու առյուծասիրտ ֆիդայիները` Արաբոն, Մխո Շահենը, Աղբյուր Սերոբը, Հրայր Դժոխքը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Սեբաստացի Մուրադը, Սպաղանցի Մակարը և շատ ուրիշներ հայրենիքի ազատության գոյամարտում իրենց կյանքը մարտիրոսեցին: Սասունի բնակչությունը շարունակել է հայդուկային պայքարը, 1915 թ.-ին կռվել թուրքական 30.000-անոց բանակի դեմ: Այս քաջամարտիկներն հիացմունքի ու հարգանքի են արժանի: Ցավոք Կարմիր Սուլթանի ջարդերը դարձան ջիհադ` մուսուլմանների զարհուրելի պատերազմ, Ադանայի 30.000 հայերի սպանդ, Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաների ծրագրած ու գազանաբար իրագործած բնաջնջում: Բայց մի խումբ հայ երիտասարդներ` Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանը, Միսաք Կարապետյանը, Արշավիր Շիրակյանը, Հակոբ Մելքոնյանը, Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և էլի ուրիշ ճակատագրական վրիժառուներ արդար ցասման թելադրանքով հայտնաբերեցին և դժոխքի բաժին դարձրին այդ ոճրագործներին: Այնպես որ հայերը «խելոք» չեն կոտորվել:
Համակուրսեցիս ոչինչ չասաց: Լռեցի: Մտքերով հասա Խաբլջոզի Մանուկի կորցրած Էրգիր, հիշեցի հայրենիքում թողած նրա փոքրիկ դստերը` Իզմիրին, փորձեցի պատկերացնել, թե որքա՜ն տարբեր կարող էր դասավորվել նրա ճակատագիրը, թե հրաշքով նրան Աշնակ բերած լինեին: Ու փակեցի աչքերս:
Մահմուդի բարեկամին ուղղված նամակներս անպատասխան էին մնում: Նա կա՛մ չէր կարողանում, կա՛մ էլ չէր ուզում օգնել ինձ: Թուրքիայում գտնվող ֆեյսբուքյան մի քանի էջերի նույնպես դիմել էի ինձ օգնելու խնդրանքով, բայց արձագանք չկար: Ես ներքուստ չէի հանձնվում, դեռ հույսով սպասում էի…

***
2015 թվական: Հունվարի 13:
Ճակատագրի գոյությանը միշտ եմ հավատացել: Պատահական թվացող շատ դեպքեր ու իրադարձություններ ինձ մշտապես ստիպել են կառչած մնալ այն անխախտ համոզմանը, որ Աստծո նախախնամությունն իր անտես ձեռքով կյանքի է կոչում վաղուց որոշվածն ու կանխորոշվածը:
Հրաշքով կամ թե Աստծո ցանկությամբ հայտնվում է մի աղջիկ` լրագրող, թուրքագետ, բարի մարդ: Ֆեյսբուքյան էջերից մեկի միջոցով իմանալով, որ օգնություն էի խնդրել` նա գրում է ինձ: Մենք սկսում ենք խոսել, ես պատմում եմ նրան Խաբլջոզի Մանուկի պատմությունը: Նա ասում է, որ Թուրքիայում ապրող շատ ընկերներ ու ծանոթներ ունի, խոստանում է օգնել ինձ: Զրուցում ենք Սասունի, այնտեղ մնացած հայերի, նրանց կենցաղի, նիստուկացի, ավանդույթների մասին, նա հետաքրքրական պատմություններ է անում Սասունում իրեն հանդիպած մարդկանց վերաբերյալ, ցույց տալիս Սասունի չքնաղ բնապատկերներն ու իմ մեջ հույս արթնացնում…
- Եթե լուսանկարներ էլ լինեին, շատ ավելի հեշտ կլիներ փնտրել Իզմիրի երեխաներին,- ասում է նա:
- Իզմիրի, նրա որդիների ու մի քանի թոռների լուսանկարներ կան, բայց գյուղում են` հորս հայրական տանը: Հիմա այնտեղ ոչ մեկ չկա, տատիկս Երևանում է, Աշնակում ապրող հորաքույրս էլ բանալի չունի, որ անհրաժեշտության դեպքում վերցնի լուսանկարներն ու ինձ ուղարկի: Բանալին հորեղբորս մոտ է, միայն նա կարող է օգնել մեզ:
Աչքիս առաջ է գալիս հորս հայրական տան առաջին հարկը, պապիկիս սենյակը, նրա դարակում խնամքով պահված այն մի քանի լուսանկարներն ու նամակները, որոնք տատիկս տարիներ առաջ ինձ ցույց էր տվել: Մտովի շատ պատկերավոր տեսնում եմ փակված դուռը, այդ փակ դռան ետևում գտնվող հուշերի կապոցը, որը պիտի օգնի վերգտնել վաղուց կորցրածը, բանալին, որ պիտի բաց անի այդ դուռն ու Սուրիկ հորեղբորս` միակ մարդուն, որը կարող է կողպեքից այն կողմ գտնվող ճշմարտությունն հիմա ինձ հանձնել: Հորեղբայրս շատ հաճախակի է գյուղ գնում, տատիկին կխնդրեմ փոխանցել նրան, որ այդ լուսանկարներն ինձ պետք են: Շատ են պետք:

 ***
Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում անթիվ-անհամար հայեր են մնացել, ապրել ծպտված, դարձել մուսուլման, ձուլվել: Քիչ թվով հայեր են շարունակել մնալ քրիստոնյա, ճնշումներն ու բռնությունները կարողացել են ստիպել շատերին, որ կրոնափոխ լինեն: «Մուսուլման» ածականի ու «հայ» գոյականի համադրումը, ցավոք, դառն իրականություն է, մի իրականություն, որը ես ու Արևելյան Հայաստանում ապրողների մեծամասնությունը չի կարողանում լիարժեք հասկանալ ու ընդունել: Բառակապակցություն, որն ամուր թելերով հավերժ իրար է կապել երկու իրարամերժ երևույթներ, երևույթներ, որոնց բախումից մի օվկիանոս արյուն է թափվել, մի ամբողջ ժողովրդի ճակատագիր քարուքանդ արվել ու ցաքուցրիվ եղել, անջնջելի խոր ցավ դրոշմել յուրաքանչյուր հայի հոգում, երևույթներ, որոնք երբեք էլ իրար կողք դրվելու վիճակված չեն եղել…

***
2015 թվական: Երևան: Հունվարի 19: Հեռախոսազանգ:
- Լո՛ւս ջան, լուսանկարներն արդեն ինձ մոտ են, հենց հիմա էլ կարող ես գալ ու վերցնել,- լսում եմ Սեդա տատիկիս հանգիստ ձայնը:
Դուրս եմ գալիս փողոց, զգում ձմռան ցրտաշունչ օդն ու քայլերս ուղղում դեպի հորեղբորս տուն: Ամբողջ ճանապարհին մտածում եմ, թե ժամանակին որքա՜ն դժվարությամբ են այդ լուսանկարներն հասել Հայաստան, իսկ հիմա րոպեներ անց գերարագ համացանցի հնարավորություններն ինձ թույլ պիտի տան վայրկյանների ընթացքում ուղարկել դրանք այն բարի աղջկան, իսկ նա` Թուրքիայում բնակվող իր ծանոթին, որն էլ հենց պիտի փորձի պարզել, թե ովքեր են լուսանկարում պատկերված մարդիկ: Տեսնենք, թե այս ամենից ինչ կստացվի:
Սեղմում եմ դռան զանգի կոճակը: Անցնում են րոպեներ: Մեկ էլ հանկարծ պատուհանից ինձ է ձայնում տատիկս ու, ծիծաղն հազիվ զսպելով, ասում, որ ինձ ներս թողնել չի կարող, քանի որ դուռը փակ է, իսկ բանալին Սուրիկ հորեղբորս մոտ է: Մենք սկսում ենք բարձրաձայն ու լիաթոք ծիծաղել, քրքիջս տարածվում է փողոցով մեկ: Ա՜յ քեզ ճակատագիր: Ու նորից փակված դուռ: Ու նորից այդ փակված դռան ետևում են գտնվում ինձ այնքա՜ն անհրաժեշտ լուսանկարները: Ու նորից մի բանալի, որ փականք պիտի բաց անի ու Սուրիկ հորեղբայրս, որի ձեռքով վերստին անհայտն ու մոռացվածը պիտի կյանք ստանա, շնչի: Այս պատմության մեջ մի տեսակ շա՞տ չեն փակված դռներն ու բանալիները…
Փողոցում` դռան առջև կանգնած` ետ ու առաջ եմ գնում, սպասում: Շուտով հայտնվում է հորեղբայրս, բանալին պտտվում է կողպեքի մեջ, ու րոպեներ անց տատիկս մեկնում է ինձ մի ծրար, ցույց տալիս լուսանկարներն ու բացատրում դրանց ետևում գրված մեկնաբանությունները: Մենք զրուցում ենք, հորեղբայրս նոր մանրամասներ է պատմում ինձ այդ տարիների դեպքերից: Պարզվում է, որ Մահմուդն իմացել է Իզմիրի որդիների հասցեն, բայց այն մեզ չի փոխանցել, ստել է… Ես սկսում եմ առավել պարզորոշ լույսով նայել այս ամենին…
Խաբլջոզի Մանուկը միշտ թախծոտ հայացքով ու սրտի խոր ցավով դեպի Էրգիր է ձգտել, դեպի այնտեղ թողած իր տունն ու երեխան: Գաղթի վտանգավոր ճանապարհին փոքրիկ Իզմիրը ջերմություն է ունեցել, Մանուկը ստիպված է եղել երեխային հանձնել Սասնա Բադրմուդ գյուղի քուրդ աղա Բդկեին, որն էլ պահել ու մեծացրել է Իզմիրին: Առաջին անգամն Արևմտյան Հայաստանից է մի նամակ եկել, որում գրված է եղել, որ Իզմիրն իր հորն է փնտրում: Խաբլջոզի Մանուկի հոգին տակնուվրա է եղել, ուզեցել է սահմանն անցնել, թողնել ամեն ինչ, գնալ հասնել իր աղջկան: Սակայն Խորհրդային Միության օրոք նման բան անելն հավասար էր մահվան: Մի քանի տարի անց աղա Բդկեի մոտ մեծացած Դավիթ անունով մի հայ տղա է եկել Աշնակ, գտել Մանուկին ու պատմել Իզմիրի մասին, հայտնել, որ նա հայի հետ է ամուսնացել: Դժբախտաբար, Խաբլջոզի Մանուկը մահացել է` այդպես էլ իր արդեն մեծ ու հասուն դստեր լուսանկարն անգամ չտեսած…
Տարիներ անց հաստատված նամակագրական գաղտնի կապի միջոցով Իզմիրն ու Մանուկի որդիները խոսել են, լուսանկարներ ուղարկել իրար… Իզմիրը մի անգամ գրել է. «Դուք էլ հորս նման ինձ անտեր չթողնեք…» Աշոտ պապիկս հոգեպես շատ է տառապել, շարունակ վերընթերցել է Իզմիրի նամակներն ու վերապրել կատարվածը: Վիշտն ու կսկիծն անվերջ ու անդադար ուղեկցել են նրան: Իր քրոջը տեսնել չկարողանալու ու անհաս Էրգրի մորմոքից նա, ցավոք, վաղաժամ է հեռացել այս աշխարհից: Պապիկիս մահից չորս տարի անց ծանր կորստի ցավից նրա եղբայր Թովմասն է մահացել: Կապն ընդհատվել է…
Վերցնում եմ լուսանկարներն ու հրաժեշտ տալիս ասում, որ կաշխատեմ գտնել Իզմիրի թոռներին: Հորեղբայրս ժպտում է, երևի թերահավատորեն վերաբերում իմ խոսքերին: Բայց ես պարտավոր եմ փորձել… Պապիկիս չեմ տեսել, բայց իմ պարտքն եմ համարում գտնել նրա քրոջ թոռներին, մի քրոջ, որը խնդրել էր իրեն անտեր չթողնել…

***
Հունվարի 21:
Այն բարի աղջկան մեր տուն եմ հրավիրել: Տեսազանգի օգնությամբ պիտի խոսենք Թուրքիայում բնակվող նրա ծանոթի հետ, փոխանցենք լուսանկարներն ու տվյալները, պատմենք ամբողջ պատմությունը, որպեսզի նա կարողանա օգնել մեզ:
Ահա և նա: Միջին տարիքի բարեսիրտ մարդու տեսք ունի: Աշխատավայրում է: Բան ու գործը թողած` անշահախնդիր ու պատասխանատու կերպով ուշադիր լսում է, գրի առնում մեր ասած բոլոր մանրամասները, մտորում: Խոստանում է անհապաղ զբաղվել այս հարցով, հարցուփորձ անել տեղի սասունցիների շրջանում: Ես հավատում եմ այս լուրջ, բարեխիղճ ու պարտաճանաչ մարդուն: Լավ լուրը մոտ է, զգում եմ...

***
Հունվարի 22: Հեռախոսազանգ:
- Լո՛ւս, գտել ենք, լսո՞ւմ ես, գտել ենք ազգականներիդ:
Փորձե՞մ նկարագրել ուրախությանս ու ոգևորությանս չափը: Փորձե՞մ: Չէ՛, չեմ կարողանա: Գիտե՞ք, թե ինչ էր նշանակում այդ լուրը լսելը: Դա նման էր հրաշքի, ես կասեի` իսկական հրաշք էր: Հարցումներն ընդամենը մեկ օր էին տևել…
Փորձե՞մ նկարագրել ուրախությանս ու ոգևորությանս չափը: Ինձ թվում է, որ բառերը շատ քիչ կլինեն հուզմունքս արտահայտելու համար: Ես ուրախ էի, երջանիկ, անչափ երախտապարտ Աստծուն…
- Լո՛ւս, ծանոթս Բադրմուդի քուրդ աղա Բդկեի պահած երեխաների մասին տեղեկություններ է հավաքել ու պարզել, որ Իզմիրն ամուսնացել է հայի հետ, տեղափոխվել Մուշ: Հիմա նրա մի քանի թոռներն այնտեղ են ապրում, մյուսները` Ստամբուլում: Հեռախոսահամար է վերցրել, կզանգի ու կասի, որ Հայաստանից իրենց են փնտրում:
Կզանգի: Հեռախոսազանգին պատասխանողը կա՛մ կուրախանա, կա՛մ էլ կասի, որ գաղափար անգամ չունի, թե Հայաստանում ազգականներ ունի: Ես երկու տարբերակին էլ պատրաստ եմ, բայց ներքին մի ձայն հուշում է, որ հեռախոսազանգին պատասխանողն էլ ինձ պես հուզվելու է…
Հաստատվեց: Իզմիրի որդու տղայի հետ էին խոսել, նա ուրախացել էր, Խաբլջոզի Մանուկի` իր Իզմիր տատիկի հոր լուսանկարն էր ցանկացել տեսնել… Տեսել էր ու ասել, որ այդ լուսանկարից իրենց տանն էլ կա…
Ահա և ինձ ուղարկեցին Իզմիրի թոռան ֆեյսբուքյան հասցեն: Ես անթարթ նայեցի այդ հասցեին, քաջություն հավաքեցի ու մտա նրա էջ…
Հայտնի պատճառներից ելնելով` անուններ չեմ նշում…
Այս երիտասարդն իմ եղբայրն է` հորս հորաքրոջ թոռը: Բարի ու խորհուն աչքեր ունի: Համակրելի, վստահություն ներշնչող արտաքինն ինձ անմիջապես համոզեց, որ նա լավ մարդ է: Եթե վատը լիներ, Աստված երբե՛ք թույլ չէր տա, որ գտնեմ նրան:
Նրա ֆեյսբուքյան էջում թուրքական շունչ, անշուշտ, կա: Բայց հիմա դա ինձ այնքան էլ չի վանում: Երկու ամիս առաջ Մահմուդի բարեկամին թուրքերեն նամակ գրելիս սիրտս խռովվում էր, իսկ հիմա արդեն թուրքերեն թարգմանված տողերն ինձ մոտ ներքին ցասում չեն առաջացնում: Իմ եղբայրը մեղավոր չէ, որ 100 տարի առաջ ցեղասպանության պատճառով Խաբլջոզի Մանուկը ստիպված է եղել իր երկու տարեկան դստերն Արևմտյան Հայաստանում թողնել… Իզմիրը մեղավոր չէ, որ ստիպված է եղել մուսուլման դառնալ` անկախ այն բանից, որ իր հայրն ու մայրը քրիստոնյա են եղել: Այս պատմության մեջ մեզնից ոչ մեկն էլ մեղավոր չէ…
Կարևորն այն է, որ հիմա մենք վերստին գտել ենք միմյանց…

***
Տեսազանգ: Ահա եղբայրս, ջերմորեն ժպտում է, ձեռքով ողջունում, ուզում խոսել մեզ հետ, տեսնել մեզ, իմանալ մեր մասին ամեն ինչ: Մենք թուրքերեն չգիտենք, նա էլ` հայերեն: Անգլերեն նույնպես, ցավոք, չգիտի: Այն բարի աղջկան խնդրել եմ գալ մեր տուն ու թարգմանել մեր զրույցը…
Զանգն ընդհատվում է, բայց եղբայրս չի հանձնվում, անընդհատ զանգում է, ուզում տեսնել մեզ, ձեռքով անել, ժպտալ: Մենք իրար գտնելու ցնծությունից անհասկանալի երանության մեջ շփոթված` թարգմանչի օգնությամբ հարցեր ենք ուղղում իրար… Պարզվում է, որ Իզմիրը չորս երեխա է ունեցել` երկու տղա, երկու աղջիկ: Մի դուստրն հիմա, ցավոք, կենդանի չէ, մյուսները ողջ և առողջ են: Իմացել են, որ գտել ենք իրենց, շատ են ուրախացել: Իզմիրը 43 թոռ ունի…
Ծանոթանում եմ մյուս եղբորս հետ, նա Իզմիրի մյուս որդու տղան է: Անգլերեն գիտի: Մենք արդեն շատ հաճախ ֆեյսբուքյան նամակներ ենք գրում իրար, նա նույնպես լավ, բարի ու ազնիվ երիտասարդ է, նրա օգնությամբ արդեն հեշտ է հաղթահարել լեզվական խոչընդոտներն ու հաղորդակցվել. շարունակ խնդրում եմ որևէ բան փոխանցել եղբորը, նա միշտ պատրաստակամ է, սրտակից ու հարազատ…
Իզմիրի թոռը պապիկիս, նրա եղբայրների, հայրիկիս, հորեղբայրներիս ու հորաքույրներիս լուսանկարներն է ինձ ուղարկում, լուսանկարներ, որոնք շատ տարիներ առաջ պապիկս գաղտնի կերպով շատ դժվարությամբ Իզմիրին է ուղարկել: Ուրեմն նրանք պահել են մեր լուսանկարները, ինչպես որ մենք էլ իրենցն ենք պահել…
Նորից տեսազանգ: Այս անգամ Մհեր հորեղբայրս էլ է ներկա: Նշեմ, որ նա կապ էր պահում ոչ թե Մահմուդի, այլ նրա հենց այն բարեկամի հետ, որին անպատասխան նամակներ էի գրում երկու ամիս շարունակ: Պարզվեց, որ Մահմուդը ժամանակին Իզմիրի տղաներին ևս խոչընդոտել է մեզ գտնելու հարցում: Ինչևէ, կարևորն այն է, որ բարի մարդկանց շնորհիվ ի վերջո կրկին կապ հաստատվեց, մի կապ, որն, հուսամ, այլևս երբեք չի ընդհատվի…
Մհեր հորեղբայրս քրդերեն գիտի: Այս անգամ թարգմանչի դերը նրանն է: Նույն ջերմ ու դրական մթնոլորտը: Նույն ժպտացող, արդեն շատ հարազատ ու սիրելի դարձած եղբայրս կարոտով ու նվիրվածությամբ մեզ Ստամբուլ է հրավիրում, ասում, որ ամռանն ուզում է գալ Հայաստան… Մհեր հորեղբորս հետ երկար-երկար զրուցում են, հարցնում է` արդյոք Լուսիանան (այսինքն ես) չի՞ ուզում իրենց հյուր գնալ, հետաքրքրվում է, թե ես ինչով եմ զբաղվում…
-  Հորեղբայր, ասա նրան, որ ես լեզվաբան եմ:
Հորեղբայրս զարմացած հայացքով ինձ է նայում ու հարցնում.
- Լուսինե ջան, ինձ քրդերենի մասնագետի տե՞ղ ես դրել, լեզվաբան բա՞ռն ինչպես թարգմանեմ:
Մենք բարձրաձայն ծիծաղում ենք: Էկրանից այն կողմ անչափ մտերիմ են մեզ հետ, անչափ սրտաբաց…
Ծանոթանում եմ Իզմիրի թոռնուհիների հետ, երիտասարդ աղջիկներ են` գեղեցիկ, խելացի ու կայացած: Պատմում են, որ իրենց տատիկ Իզմիրը շարունակ նայել է մեր լուսանկարներին ու ասել, որ ինքը միայնակ է, տուն չունի, որբ է, որ իր ընտանիքն Հայաստանում է…

***
Մենք քրոջ ու եղբոր թոռներ ենք: Մեր միջև մի հսկայական անդունդ կա` 100 տարվա անդունդ, որ չգիտեմ էլ, թե ինչպես և ինչով պիտի փորձենք լցնել: Մեր միջև այնքա՜ն-այնքա՜ն հարցեր կան, որ երևի մի 100 տարի էլ չհերիքի, որ այդ ամենը քննարկենք: Մեր միջև ազգային, պատմական, մշակութային, լեզվական, կրոնական, քաղաքական և բազում ուրիշ խնդիրներ, հակադիր հայացքներ, համոզմունքներ ու փաստեր կան, մի ամբողջ 100 տարվա պատմություն, Մեծ Եղեռն, Հայկական հարց, Թուրքիայի ժխտողական քաղաքականություն, իսլամ… Հարցեր, որոնք մենք հավանաբար այդպես էլ կշրջանցենք, որոնց մասին հավանաբար երբեք էլ չենք խոսի, կլռենք: Մենք քրոջ ու եղբոր թոռներ ենք, մի քրոջ ու երեք եղբայրների, որոնք երբեք իրար չեն տեսել:
Մենք ծանոթանում ենք, շփվում` խուսափելով մանրամասն խոսել անցյալի տխուր էջերից: Մենք ապրում ենք թշնամի երկրներում, մեր աշխարհները, մտածելակերպն ու անգամ առօրյան շատ տարբեր են իրարից: Մենք ազգականներ ենք, որոնց միջև 100 տարվա սեպ կա խրված, անմեղ զոհերի արյուն ու խեղված ճակատագրեր:
Անկախ ամեն ինչից նրանց երակներում հայի արյուն է հոսում: Նրանք պապիս քրոջ թոռներն են` արտաքնապես այնքա՜ն նման Խաբլջոզի Մանուկին: Տարիներ շարունակ նրանք էլ մեզ պես թաքուն մի անկյունում պահել են Հայաստանից ուղարկված մեր լուսանկարները…
Նրանք իմ եղբայրներն ու քույրերն են: Ու թող բոլորն իմանան, որ ո՛չ լեզուն, ո՛չ պատմությունը, ո՛չ կրոնն ու ո՛չ էլ ջիհադը չկարողացան հայի մեջ սպանել հային: Սասունցին մնում է սասունցի: Ոտքի է ելնում: Մտածում ենք` ձուլվել են: Թող ձուլվեն, բայց այդ դեպքում Թուրքիայի Հանրապետության ազգաբնակչության մեծ մասի արմատներն հայկական կլինեն: Ջիհադն ուզում էր փակել Հայկական հարցը, սրբել հայ բառն աշխարհիս երեսից, բնաջնջել, մի հայ թողնել` այն էլ թանգարանում: Ճակատագիրն հեգնեց իրենց իսկ. Թուրքիայի բնակչության կեսն հիմա «գյավուր» է` «անհավատ»` հայ…
Հայ է ու միշտ էլ հայ է մնալու…

***
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից անցել է ուղիղ 100 տարի...
Նախախնամություն էր, արյան կանչ ու հոգու պարտք, որ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի հենց նախաշեմին հանկարծ պիտի գտնեի իրենց ակունքներից զրկված ազգականներիս, ազգականներ, որոնք մի օր հարազատներ կդառնան... Ուշագրավ է, որ մեր ծանոթությունը տեղի ունեցավ հենց 2015 թվականին...
Հոգումս շնչավորված ճիչն իր դրական արձագանքը ստացավ: Այն բարի աղջիկը, Թուրքիայում ապրող նրա բարի ծանոթը բաղձալի ցանկությունս իրականություն դարձրին: Աստված նրանց միջոցով միավորեց ճակատագրի անգութ ձեռքով իրարից բաժանված հարազատներին…
Փակված դռներ ու բանալիներ… Երբ Իզմիրի թոռները գան Աշնակ, նրանց առջև հենց Սուրիկ հորեղբայրս բաց կանի Իզմիրի հոր` Խաբլջոզի Մանուկի տան դուռը… 

***
Խաբլջոզի Մանուկի և նրա դստեր Իզմիրի պատմությունը մի կաթիլ է այն չարիքի հորձանուտում, որ Մեծ Եղեռնը շարունակաբար պատճառել և պատճառում է այդ և հետագա սերունդներին…
1915 թ.-ի ապրիլի 24… Հարյուրավոր հայ մտավորականների ու քաղաքական գործիչների ձերբակալություններ, բնաջնջում… Զանգվածային ջարդեր, տեղահանություն, բռնություններ, գազանային խոշտանգումներ, կոտորած…
Ապրիլի 24… Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր…
2015 թ.-ի ապրիլի 24… Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ի թիվս աշխարհի շատ երկրների նախագահների, Հայաստանի Հանրապետության նախագահին ցինիկաբար հրավիրել է Թուրքիա` 2015 թ.-ի ապրիլի 24-ին ներկա լինելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու տոնակատարություններին…
Թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության բացարձակ ժխտման, պատմական փաստերի նենգափոխման ու խեղաթյուրման քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել…
2015 թ.-ի հունվարի 29-ին Երևանում` Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի մեկ օրինակն ուղարկվել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման, արդարության վերականգնման, պատճառած ծանր կորուստների հատուցման համար մենք պահանջատե՛ր ենք…