Nov 25, 2013

Ձմեռային


Հետաքրքիր մարդ ես, գիտես: Սառն ես թվում, իսկ ներսումդ կրակ դարձած այրվում ես, բորբոքվում ու հրաբուխի նման ժայթքում սիրուց: Թվում ես այնքա՜ն անտարբեր... Բայց ես գիտեմ, որ վաղուց ես խորասուզվել ու խորտակվել իմ մեջ, վարարել, դուրս եկել ափերից ու էլի խաղաղվել: Երկաթ ու քար ես թվում, բայց ներքուստ շատ նրբազգաց ու խորն ես, շատ փխրուն ու քնքուշ...
Ասում են` մեծամիտի մեկն ես, եսապաշտ ինքնագոհ... Բայց ես գիտեմ, որ վաղուց ես հանձնվել ու հասկացել` կյանքի աստառն այլ կողմ ունի` գեղեցիկ ու արտասովոր, մի աշխարհ, որտեղ ամեն ինչ այլ է, որտեղ չիրականացած երազանքներ չեն մնում, որտեղից ելք չկա...
Ասում են` մի օր ինձ դատի ես տալու ու դատը շահելու ես: Բայց ինձ դու վաղուց ես պարտվել... Իսկ թղթի կտորները ոչինչ չարժեն, ոչինչ...
Ասում են` տարիներ անց ես քեզ ժպիտը դեմքիս եմ հիշելու, ծիծաղելու եմ երեխայական արարքներիս վրա, իսկ դու... Դու ինձ սառած աչքերով ես հիշելու, քարացած կանգնելու ես մի պահ ու չես հավատալու, որ եղել եմ... Ես կմնամ այնտեղ` ամենաներսում, քո աչքերի խորքում...
Տեսե՞լ ես քեզ կողքից... Փակվել ես ինքդ քո մեջ ու լռում ես... Եթե վերացարկեմ չասածներդ, տակը գիտե՞ս, թե ինչ կմնա: Եթե լռությունդ բառերի վերածեմ, գիտե՞ս, թե ինչ կստացվի: Մի տանջվիր, ես դա վաղուց եմ արել...
Ես ընկնող աստղի նման անցել եմ քո կյանքով, նոր էջ եմ բացել, փոխել եմ քեզ, աչքերիդ մեջ նոր գարուններ եմ բացել...
Հոգնել եմ...
Հոգնել եմ ինձ քո մեջ կորցնելուց, ինձ քո մեջ փնտրելուց, հոգնել եմ քո գոռոզությունից, քո մեծամտությունից, քո եսապաշտությունից, քո սառնությունից... Մեկ է արդեն, թե ինչ ես զգում, թե որքան ես ընկղմվում իմ վարդագույն աշխարհի մեջ ու անընդհատություն աղերսում...
Ասում են` ճակատագրական սխալ եմ գործում... Իսկ ես վաղուց եմ թքել ճակատագրի վրա...
Դու դառնում ես կյանքիս երկրորդ ձմեռը... Իսկ ես միայն գարուն եմ սիրում...

Nov 11, 2013

Ես էլի կսիրահարվեի քեզ...



Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, ապրեինք միևնույն բակում, խաղայինք միասին, վազեինք, չարաճճիություններ անեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ֆուտբոլ խաղում, վերանորոգում տիկնիկիս մարմնի մասերը, ինձ համար ավազից դղյակ կառուցում, վիճում ինձ նեղացնող տղաների հետ ու պաշտպանում ինձ:
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն դասարանում, կռվեինք, հաշտվեինք, դպրոցի պատերին գրեինք մեր անունների սկզբնատառերը: Դու կօգնեիր ինձ լուծել հանրահաշվի ու երկրաչափության անիմաստ խնդիրները, ես էլ տետրիս վերջին էջում մեծ տառերով կգրեի անունդ, տակը սրտիկ կնկարեի, կներկեի կարմիր մատիտով ու միշտ հիացմունքով կնայեի քեզ, երբ դու գրատախտակի մոտ կանգնած շփոթված պատասխանեիր ուսուցիչների հարցերին:
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն կուրսում: Ես կտեսնեի, թե ինչպես է տասնյոթամյա տղան ձևավորվում որպես հասուն, կայուն ու վճռական, ուժեղ ու գեղեցիկ տղամարդ: Ես կտեսնեի, թե ինչպես ես պարապում քննությունների համար, ինչպես ես տղաների հետ վերջին շարքում նստած շաղակրատում, դասի գալիս բոլոր առարկաների համար նախատեսված մի տետրով, ինչպես ես առիթ փնտրում մեր տուն զանգահարելու ու մի անմիտ բան հարցնելու...
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, միասին աշխատեինք, միասին որևէ ծրագրի վրա մտածեինք, գրեինք, ջնջեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ինձ գաղտնի հետևում համակարգչիդ հետևում նստած, կտեսնեի, թե ինչպես ես գերազանցում բոլորին, հասնում նպատակներիդ ու նորերը կառուցում:
Բայց մենք հասակակիցներ չենք... Ու ես սիրահարվեցի քեզ... Ասում եմ` հետաքրքիր կլիներ ժամանակը առաջ տալ ու... Չէ, երևի պետք չէ... Մեկ է` ես էլի սիրահարվելու եմ քեզ...

Nov 6, 2013

Սիրո Լեզու



Նման ես այն լեզվին, որի բառապաշարն ու քերականությունը յուրացրել եմ, անգիր արել, խոսել ցավոք չի ստացվում: Որոշել չեմ կարողանում` մեռա՞ծ լեզու ես, թե՞ դեռ կենդանի, թե՞ դեռ կարող եմ ապրեցնել ու շունչ տալ գոյությանդ: Չէ, բարդ լեզվի հետ գործ ունեմ...
Ասում են` երբեք հնարավորություն չեմ ունենա խոնարհել ու հոլովել քեզ... Բայց դե ես սովորություն չունեմ լսելու, թե ինչ ես ասում ուրիշները... Չէ՞ որ նրանք ուրիշ են, չգիտեն, թե որքան երկար եմ ուսումնասիրել լեզվիդ ողջ կառուցվածքը: Իսկ հետազոտությունս չեմ պատրաստվում ջուրը գցել...
Նման ես այն օտար լեզվին, որը երկար լսելուց հետո դառնում է սիրելի, անհրաժեշտ... Ուզում եմ անվերջ ունկնդրել լեզվիդ մեղմ հնչյունները, դառնալ քո միակ օգտատերն ու ստեղծագործել քեզ...
Իսկ մայրենիս չե՞ս դառնալու, հիմարիկ...
Սպասիր մտածեմ, թե ինչ անուն կարելի է տալ քեզ... Լավ, անունդ չեմ փոխի, շատ եմ այն սիրում...
Նման ես այն լեզվին, որին շատերն են ցանկանում ու փորձում տիրապետել... Բայց չէ, սիրելիս, լեզվիդ ողջ կանոնները ձեռքումս են, բացառություններն անգամ...
Գիտեմ` ուրիշ եմ, պատկերավորման միջոցներով ներկել եմ քեզ, գունավորել ամենամութ անկյունդ անգամ...
Ու դու նման չես և ոչ մի լեզվի, որը նախկինում լսել եմ... Դու ուրիշ ես, ուրիշ ինձ համար...

Nov 4, 2013

Հիշողություն



Չհամբուրած շուրթերդ վաղուց արդեն ուրիշին են համբուրում, ամուր ձեռքերդ գրկում են այդ ուրիշին, այդ ուրիշն է ամեն առավոտ քեզ համար ձվածեղ պատրաստում ու նայում աստվածային աչքերիդ մեջ, որոնք պաշտել եմ այնքան, այդ ուրիշն է քեզ սեր նվիրում, լսում մեղմ ձայնդ ու ապրում քեզանով...
Դու իմ ամենաթանկ ու ամենատխուր հիշողությունն ես: Ես միշտ քեզ եմ հիշում, երբ որևէ բան այնպես չի լինում:
Երջանի՞կ ես...
Արդեն մի քանի տարի է, ինչ քեզ չեմ տեսել: Ես շատ եմ փոխվել, մեծացել ու հրաշքների այլևս չեմ հավատում:
Ի՞նչ սրտով ինձ երջանկություն ցանկացար...
Նրան նայելի՞ս էլ են խորունկ աչքերդ անսահման սիրո ու նվիրումի փայլով լցվում, այդ աչքերդ, որոնց մեջ վերջին անգամ ինձ տեսնելու հնարավորություն չունեցա...
Իրար սպանեցինք: Ես դուրս թափեցի ներսումս կուտակված ողջ մաղձը, կաթիլ-կաթիլ քամեցի թույնով լցված սիրտս, դատարկեցի հոգիս քո ամեն մի մասնիկից... Մեր սերը տանջամահ եղած ավանդվեց ու սևով պսակվեց...
Ես երդվել եմ գտնել երջանկությունս, բայց ոչ քեզ որևէ բան ապացուցելու համար, ոչ էլ այդ երջանկությունը երեսովդ շպրտելու համար: Մի օր, երբ ես էլ քեզ պես կկանգնեմ խորանի առջև, ապա իմացիր` արդեն երջանիկ եմ...
Դու իմ տխրությունն ես, ամենացավոտ ու դժբախտ հիշողությունս...
Հիմա կտայի ամեն ինչ, որ երբեք քեզ տեսած չլինեի, որ զգացած չլինեի այն, ինչ քո հանդեպ եմ զգացել... Անիծյալ լինի այսպիսի սերը...
Տեղդ թափուր է մնացել... Փորձել եմ սիրել, բայց հիմա ավելի է ցավում...
Երջանի՞կ ես...
Միշտ քեզ եմ հիշում, երբ տխուր եմ լինում, երբ ուզում եմ ուղղակի շրջվել ու հեռանալ այս աշխարհից... Այս կյանքը մեզ համար չէր...
Ես երդվել եմ գտնել երջանկությունս, այն բաժինը, որը մեզ վիճակված չէր կիսել...
Քո սև աչքերը, որոնք սիրել եմ այնքան, վաղուց արդեն այդ ուրիշինն են...

Nov 3, 2013

Ինձ չես մոռանա...



Ես վերևից ընկա քո կյանք, ներխուժեցի քո ծանրաբեռնված առօրյա: Անվանիր դա ինչպես կուզես` պատիժ, երջանիկ պատահականություն, բախտի խաղ, ճակատագրի նվեր...
Մի օր գուցե տխուր հիշողություն դառնամ, որովհետև դու ինձ չես մոռանա...
Դու չես լսի, թե ես ինչպես եմ ժամերով բարձրաձայն ծիծաղում, չես խմի իմ պատրաստած համեղ սուրճը, չես սփոփի ինձ, երբ ես ինչ-որ չնչին բանի պատճառով լաց կլինեմ, չես գրկի ու համբուրի ինձ, երբ կբղավեմ, որ էլ քեզ չեմ սիրում, նուրբ մատներդ չեն սեղմի մատներս, դու երբեք չես տեսնի, թե ինչպես են մանկական դիմագծերս փոխվում, չես լինի ճակատագրիս գրքի հերոսը...
Դու էլ պատահաբար հայտնվեցիր... Ու ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար...
Ինձ երբեք չես հասկանա... Ես կմնամ կյանքիդ այն կողմում, որը, թե շատ ցանկանաս էլ, երբեք չես համարձակվի ապրել...
Ներիր, որ խառնվեցի կյանքիդ, ակամա ստացվեց, ճիշտ կլիներ, եթե լռեի ու չտանջեի ոչ քեզ, ոչ էլ ինձ... Տողերիս համար էլ ներիր...
Ես տխուր հիշողություն կմնամ, գուցե տարիներ անց հաճախ հիշես ինձ, ժպտաս ու լռես, որ եղել եմ ու չեմ եղել, որ սիրել եմ ու հետո շատ խորը զղջացել ու սպանել եմ սերս, որ չխեղդվեմ... Դու ինձ չես մոռանա...
Ես վերևից ընկա, վստահ բացեցի կյանքիդ դուռն ու ներս մտա... Ինքս էլ մի օր նույն դռնով կհեռանամ...
Դու կգտնես երջանկությունդ: Նա քեզ երևի շատ կսիրի, շատ ավելի, քան ես... Որովհետև ես մահու չափ վախենում եմ սիրելուց...
Արցունքներս ողողել են թղթերս, ամեն ինչ դարձել է այնքան անիմաստ...
Ես կմնամ քո չապրած տարիներում, քո մտացածին կյանքում որպես մի երազանք, անիրական հեքիաթ` անհամապատասխան սահմանածդ և բոլոր կետերին:
Դու կգտնես երջանկությունդ, վստահ եմ: Նա ինձ պես խենթ չի լինի, չի ապրի սին հույսերով ու երազներով... 
Իսկ ես կմնամ լոկ մի տխուր հիշողություն... Որովհետև դու ինձ չես մոռանա...