May 4, 2013

Կանգառ



Մեզ իրարից ընդամենը մի քանի կանգառ է բաժանում:
Քաղաքի մի անկյունում նստած քո մասին եմ մտածում: Մտածում եմ մեզ իրարից պատնեշող պատերի, բնակարանների, շենքերի բարձրության ու ամրության մասին: Քաղաքի մեկ այլ անկյունում էլ դու ես նստած: Տեսնես կանցնե՞մ մտքովդ:
Հենց այսօր որոշեցի, որ ընդմիշտ ուրախ եմ լինելու: Թախիծն ինձ չի սազում:
Ու քեզ ընտրեցի` որպես իմ մշտավառ երջանկություն, որպես իմ միակ փարոս: Թող Աստված մտածի, թե ինչպես քանդի անջրպետ դարձած քաղաքն ու միացնի մեր ճամփաները:
Սառույցն աստիճանաբար հալչում է, գիտեմ… Սպասելն է դժվար:
Երբեմն ուզում եմ անտեսել ամեն օրենք ու կարգ, նստել այդ գրողի տարած երթուղայինը, կտրել-անցնել այդ կանգառները, գալ ու բացել սրտիդ դուռն ու հավիտյան բնակություն հաստատել այնտեղ:
Երբեմն էլ ուզում եմ մոռանալ քեզ, անունդ, սիրուն աչքերդ ու մեր գարունը:
Հակասական, վախ սերմանող մտքեր, կասկածներ, անհնարին թվացող երազանք ու այս ամենի վերջում միշտ լույս…
Խելագարության հասցնող անհերթ իմ մտապատկերում քո դիմագծերն են հավերժ փորագրված…
Ընդամենը մի քանի կանգառ, որոնք կամ կդառնան մի տուն, կամ` օտար ու միայն պատահաբար հիշվող հեռու անցյալի ուղիներ…
Սիրում եմ քեզ…

No comments:

Post a Comment