Dec 22, 2015

«Ամենալավն ու բարին»


Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ մի ամբողջ տարի առողջ ու երջանիկ եք ապրում հենց միայն այն պատճառով, որ ձեր ծննդյան օրը բոլորը առողջություն ու երջանկություն են մաղթում: Ես նախկինում երբեք լուրջ չէի վերաբերվում այդ շնորհավորանքներին: Չէի հավատում, որ ծննդյան բարեմաղթանքները կարող են ճակատագրական լինել: Այ օրինակ. բոլորը ցանկանում են ամենալավն ու բարին: Ո՞րն է ամենալավը: Կամ ո՞վ է որոշում` դա՞ է ամենալավը, թե՞ էլ ավելի լավ կարող է լինել: Բարին: Ո՞րն է բարին: Միայն Տերը գիտի:
Մեծացա ու հասկացա, որ առավել կարևոր է, թե ինքս ինձ ինչ կմաղթեմ: Դա հենց ամենադժվարն է: Երևի որ ծննդյան հրաշքի մեջ հակասություն չառաջանա, որ իսկապես առողջ ու երջանիկ լինեմ, ու դեռ մի բան էլ ավելի: Որովհետև սկզբում բաղձալի երազանքի իրականացում էի տենչում, իսկ հետո խորապես զղջում, աղաչում, որ այն հանկարծ չկատարվեր: Չէր կատարվում: Գիտե՞ք, թե ինչու: Ախր բոլորը միաձայն առողջություն ու երջանկություն էին մաղթել ինձ: Իսկ իմ ուզածը հակառակն էր: Դե, իհարկե, հետո էր պարզվում, որ հակառակն էր:
Երբ փոքր էի, շատ էի վախենում այն մարդկանցից, որոնք թեյը կամ սուրճը առանց շաքարավազի էին խմում: Ինձ միշտ թվում էր, թե նրանք աշխարհի ամենասառնասիրտ, ամենադաժան, ամենաստոր մարդիկ պետք է լինեին:
Հոգնած տուն եմ շտապում ու մտածում: Մտածում եմ անավարտ մնացած ցանկություններիս մասին: Հիշում եմ այն ամենն, ինչ կուզեի, բայց չեմ ուզում: Չեմ ուզում, որովհետև ուզածս իմ դուրը չի գալու: Խնդիրն այն չէ, որ ես ամեն ինչ ունեմ: Ուղղակի իմ ոչ մի ուզածի մեջ այլևս զգացմունք չկա: Չկա սեր, չկա հուզմունք, չկա, հասկանում եք, ոչ մի զգացմունք չկա: Հազարավոր ցանկություններ քարացել են ներսումս ու այդ խորքից դուրս գալ հրաժարվում են: Չէ, սա անուն չունի:
Ուղղակի նախկինում ես ուրիշ կերպ, օդի ու ջրի պես էի երջանկության ձգտում: Ես այնքան էի նստել ու մտածել երջանկության մասին, որ այդ մտքից հիվանդ էի դարձել...
Իսկ հիմա հոգնել եմ հեքիաթներով ապրելուց: Հոգնել եմ այդ երջանկության ետևից վազելուց, ես ուղղակի լուռ ուզում եմ երջանիկ լինել, առանց ձևականությունների, առանց պայմանականությունների, առանց բարդությունների, առանց կորուստների ու ցավերի: Այդպես հնարավոր չէ՞: Ես ախր շատ բան չեմ խնդրում... Երջանկություն. մի հասարակ բառ է, առանձնապես ոչ մի էական նյութ ու ձև չունի, բայց առանց նրա ես ես չեմ, իսկ ես վաղուց արդեն ես չեմ, ես վաղուց արդեն ուրիշ մեկն եմ, ես այն անհոգ աղջիկը չեմ, որը թքած ուներ, թե վաղն ինչ կլինի: Չէ՛, ես թքած չունեմ... Հոգնել եմ, ես մինչև երկինք հոգնել եմ... Հրաշքների չեմ հավատում, ես վաղուց արդեն ոչ մի բանի չեմ հավատում, ես իմ կարիքն ունեմ, այն աղջկա կարիքը, որն ուրախ էր, որը չգիտեր անգամ, թե երջանկությունն ինչ է, ես ինձ եմ ուզում, երբ դեռ չէի սիրել...
Ու պատահեց իմ կյանքում այնպես, որ կտրուկ դադարեցի թեյ խմելուց, իսկ սուրճը դարձավ դառը, իսկ զգացմունքային էությունս վերածվեց սուրճի մրուրի նմանող մռայլ մի պատկերի, որը հետո սառը ջրով լվանում են: Իմ ներսում էլ սառը մի գետ սկսեց հոսել, ու այնքան ցուրտ էր, որ սառեց շուտով:
Հիմա ես վախենում եմ ինքս ինձանից: Վախենում եմ, որովհետև ես այսպիսին չեմ եղել: Վախենում եմ, որովհետև կյանքն անչափ սիրող աղջիկն անտարբեր դառնալու իրավունք չուներ: Իսկ սա անտարբերություն է, աշխարհի ամենասառնասիրտ, ամենադաժան, ամենաստոր անտարբերությունը: Եթե մի պահ կրկին փոքր լինեի, հաստատ կատեի ինձ:
Հիմա ես վախենում եմ իմ սեփական ցանկություններից: Վախենում եմ, որովհետև եթե հանկարծ ծննդյանս օրը մարդիկ որոշեն ինձ առողջություն, երջանկություն, ամենալավն ու բարին չմաղթել, իմ երազանքները կսկսեն իրականանալ... Իսկ ո՞վ գիտի` որն է ավելի լավ: Ո՞վ գիտի` որն է բարին: Միայն Տերը:

Dec 11, 2015

Երկա՜ր երազած...


Ձմեռն էլ եկավ... Կարծում եք` նկարագրելու եմ օդի սառնությո՞ւնն ու հարաբերական խոնավությո՞ւնը: Չէ: Հերիք է... Իմ հոգու գունապնակը արծաթ չի ներկվելու, այլևս երբեք: Դեկտեմբեր: Չեմ սիրում դեկտեմբերը: Ներսումս թաքնված ու վաղուց մոռացված ձմռան սառցե բեկորներն ամեն թափվող ձյան հետ հիշեցնում են հին դեկտեմբերների տխուր ցրտաշունչը... Բայց ո՛չ այս տարի:
Ձմռան սառը արևի չջերմացնող լուսաշողերը ստիպում են կարոտալի հայացքով մտովի վերստեղծել երբեմնի երջանիկ գարունները: Ինձ նոր ու երկար սպասված կյանքի մշտավառ զարթուցիչ է հարկավոր, որ կարողանամ վեր կենալ ու վանել ձմեռը ինձնից, որ արթնացնեմ սրտումս անթեղված զգացմունքները...
Ձմեռն էլ եկավ... Սիրով, ջերմությամբ լցվելու ու երազանքներն իրականացնելու ժամանակն է... Շուտով Ամանորն է` ձմեռվա հեքիաթային գիշերը: Թող կատարվի այն, ինչ շարունակ սահում է մեր աչքի առջև` մի քիչ իրական, մի քիչ պատրանքի նմանող, որ հայտնվում է ու հանգիստ չի տալիս: Թող կատարվի... Երկա՜ր երազած... 
Ցած իջնող ձյունասպիտակ փաթիլների հետ երկինքը հրաշքներ է շաղ տալիս: Ձմռան քամին նոր մեղեդի է նվագում, իսկ պատուհանների սառած ապակիների վրա ձմեռը մի կաթնագույն հեքիաթ է հյուսում ու ձյուներանգներ կերպավորում: Գիշեր է` ճերմակաթույր գիշեր:
Ժպտալու ու խորը շունչ քաշելու, նոր կյանք սկսելու ժամանակն է: Մի քիչ իրական, մի քիչ պատրանքի նմանող... Իմ ներսում հանգրվանած, բայց վաղուց մոռացված ձմռան սառցե բեկորներն ամեն թափվող ձյան հետ հալվում են, գնում, կորչում... Հին դեկտեմբերների խստաշունչ թախիծը նահանջում է, պարտվում... Աստղաձև փաթիլները պար են բռնում օդում ու վերակառուցում աշխարհը արծաթափայլ երազներով...
Թող կատարվի այն, ինչ շարունակ սահում է մեր աչքի առջև` մի քիչ իրական, մի քիչ տեսիլի նմանող, որ պատկերվում է ու հանգիստ չի տալիս: Թող կատարվի... Երկա՜ր երազած...