Sep 30, 2015

ՎԵՐԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ


- Հա՜ննա: Հրաշալի անուն է: Իսկ ի՞նչ է այն նշանակում,- հարցրեց բարձրահասակ երիտասարդը, որի հետ երեք օր էր, ինչ ծանոթացել էի:
- Եբրայական ծագում ունի, նշանակում է «Աստծո բարեհաճություն»: Տատիկս է ինձ այդ անունը տվել, նա աստվածապաշտ կին էր:
- Աստված չկա, նրան մարդիկ են հորինել: Ի՞նչ է, դու հավատո՞ւմ ես Աստծուն:
- Ես այս կյանքում հենց միայն Աստծուն եմ հավատում:
Զարմացավ, իսկ ես լռեցի: Երդվյալ անհավատ-աթեիստի հետ վիճելն անմտություն կլիներ: Օրեր անց քաղաքավարի «ճանապարհեցի» նրան: Պատճառաբանություն չհնարեցի. չեմ ուզում և վերջ: Ես կտրուկ եմ ու համարձակ. այրում եմ կամուրջները, մարդկանց մնաս բարով եմ ասում, հեռանում եմ անվերադարձ: Սերը չպետք է ցավ պատճառի: Ցավոք մի ամբողջ կյանք պահանջվեց, որպեսզի հասկանայի այս պարզ ճշմարտությունը:
Նախկինում ես էլ չէի հավատում Աստծո գոյությանը: Կամ էլ հավատում էի, բայց ոչ ամբողջ հոգով: Նախկինում կարծում էի, թե դժբախտ եմ, չէի ուզում ապրել, ատում էի կյանքը:
Արդեն տասը տարի էր, ինչ ապրում էի միայն Աստծուն հավատալով ու Նրան Գերագույն Տեր համարելով: Տասը տարի առաջ, ցավոք, մեղանչել էի, հետո խորապես զղջացել: Հավատիս զորացման ճանապարհին գիտակցեցի մեղքերիս ողջ ծանրությունը, ու, փառք Աստծո, անդունդը գլորվելու փոխարեն ոտքի կանգնեցի... Այս անծայրածիր տիեզերքում Տերը սիրում էր ինձ...

***

Աստծո տասը պատվիրաններից առաջին երկուսը խախտել էի...
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2. Վերևում` երկնքում, ներքևում` երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
Միակ և ամենակալ Աստծուց բացի ինքս ինձ համար մեկ այլ աստված էի հնարել: Կործանող սիրուց կուրացած` նրան կուռք էի դարձրել ու երկրպագում էի, կյանքս զոհ բերում նրան...
Սխալներս ծովի մակերևույթից վերև-վերև էին բարձրացել, ես խեղդվում էի: Սրբացրել էի, նրան աստվածային շնորհներ վերագրել, դարձրել աստվածների աստվածը:
Բայց... Հրդեհվեց, փոշիացավ: Կանաչը սևացավ. իմ ստեղծած այգին մոխիր անթեղեց: Մեն-մենակ կանգնել էի անզոր, բայց... Հրդեհ: Ես արտասվեցի: Կրակը բոցավառվեց ու մահ սպառնաց, այրեց հոգիս: Չփրկվեց... Տունը հողին հավասարվեց. իմ դրած քարերը փլատակների վերածվեցին: Ավերված ու կործանված: Երկինք նայեցի:
- Նրան աստված էիր կարգել: Բարձր ու վեհ էիր պատկերացրել: Մթությունը կլուսավորվի, որպեսզի տեսնես, թե իրականում ով է քո ստեղծածը...
Այնքան կատարյալ թվացող թերին իր իրական դեմքով կանգնեց իմ առջև: Նրա վեհ կերպարը փշրվեց, անդունդը գահավիժեց, ցրիվ եկավ ու իսպառ հօդս ցնդեց... Համեմատության չենթարկվող երբեմնի անգերազանցելին ընկավ, դարձավ ցածր: Երբեմնի բարձր վարկանիշն իմ աչքում զրոյացվեց, անհետացավ: Սնամեջ էր, փուչ, անազնիվ ու եղծված: Սեփական ձեռքերով կյանքս դժոխք էի դարձրել: Նրա հետ միայն մահ կար, ինքնակործանում ու մի մեծ խավար... Իսկ ես ամբողջ ունեցած-չունեցածս նրան էի նվիրաբերել ու զոհաբերել:
Դիմակի տակ բարոյազուրկ նկարագիր էր... Իսկ ես նրան վեր էի կարծել ու երազել:
Անկեղծության դիմակի տակ կեղծություն էր, ստություն, բարձրության դիմակի տակ` ցածրություն, մեծահոգության դիմակի տակ` փոքրոգություն ու ճղճիմություն, վեհության դիմակի տակ` ստորություն, ազնվության դիմակի տակ` նենգություն... Նա, որին աստված էի դարձրել, սատանա դուրս եկավ...
Ողորմի՛ր ինձ, Տե՛ր...
Իսկ ես կարծում էի, թե Աստված էր ինձ այդ սերը տվել, իսկ ես անմտորեն հավատում էի, թե երջանկությանս եմ հանդիպել... Դա սեր չէր. սերը մահ չի բերում...
Աստված ողորմած էր: Նա տեսավ ամեն ինչ ու հրաշքով փրկեց ինձ նրա հետ սպասվելիք դժբախտ կյանքից, նրա պիղծ էությունից, ստախոս, ամեն սրբություն վաճառելու պատրաստ խրտվիլակից:
Այս անծայրածիր տիեզերքում Տերը սիրում էր ինձ...

***

Տխրությունս, մի վիթխարի ամպ դարձած, պատել էր ողջ երկինքը: Արևն ակնթարթորեն անհետացել էր, ու վարար անձրև էր տեղում: Այնքան հորդ, որ թվում էր` երկինքը շուտով պատռվելու է: Կայծակ, որոտ: Ջրակույտերը ողողել էին փողոցները, մի իսկական աղետ էր: Միայնակ կանգնել էի թափվող հեղեղի շիթերի տակ, թրջվում էի մինչև ոսկորներս: Հայացքս վերև ուղղած` ներում էի աղերսում Աստծուց, իսկ ի պատասխան` ջրի միլիոնավոր կաթիլներ ծածկում էին դեմքս: Թախիծս անձրև էր դարձել ու ջարդուփշուր էր անում հոգիս... Դրսում անձրև էր: Իմ ներսում նույնպես: Խառնաշփոթ, անորոշություն, մառախուղ, իրար հերթ ու հաշիվ չտվող մտքեր, մի իսկական փոթորիկ ներսումս: Շուրջս ահռելի խորությամբ դատարկություն էր:
Կորել էի, խճճվել, փոքրիկ երեխայի նման շփոթվել, սուզվել ենթադրություններիս ու կասկածներիս մեջ: Ինչ էի փնտրում` ինքս էլ չգիտեի: Չգիտեի, ես էլ ոչինչ չգիտեի: Ուզում էի զրոյացնել բոլոր զգացումներս, խաղաղություն ու հանգիստ գտնել: Ինքս ինձնից փախչել չէի կարող, ընկնում էի, նորից կանգնում, փորձում պարզորոշ տեսնել եղածն ու ապրածը: Շփոթվել էի, դարձել մտացրիվ, իրար էի խառնել ամեն ինչ, քարացած կանգնել էի մայթեզրին ու դողում էի ցրտից: Աշնան քամին այնքան սառն էր դարձել: Ինչ էի ուզում, ինչ էի մտածում` էլ ոչինչ չգիտեի: Թող աշունը շուտ ավարտվեր... Կյանքը սահում էր մատներիս արանքով, իսկ ես կորել էի ամբոխում, մնացել չթերթված էջերում, իրական ու անիրական դարձել էին մեկ... Ու հետո՞... «Հետո»-ն միշտ էլ հետո էր մնալու... Երազներս լքել էին ինձ, մնացել էի մեն-մենակ կանգնած այս աշխարհի դեմ: Շեղվել էի, վարանել` փոքրիկ երեխայի նման, որը մի ժամանակ շատ սիրելի իր էր կորցրել, չէր կարողացել գտնել ու հուսահատ նահանջել էր... Որքան տերև էի տրորել այդ տարի...
Ես չէի ուզում նեղանալ, հոգնել, հիասթափվել, ատել, չարանալ, հոգեպես ճնշվել, լաց լինել: Ես այդպես չէի ուզում: Ուղղակի մի օր արթնացա ու հասկացա, որ գործածս սխալներն ինձ անդունդ էին հասցրել: Իսկ ես այնքա՜ն երազում էի, որ շուտով ամեն ինչ լավ կլիներ: Ես տանջվում էի ոչ այն պատճառով, որ նա վատն էր: Ես տառապում էի, քանի որ սիրել էի վատին` համոզելով ինքս ինձ, թե նա լավն էր: Խղճի խայթ, ափսոսանք, զղջում: Ահա թե ինչ մնաց իմ մեծ սիրուց:

***

«Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո. եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի.»
Աղոթում էի երկար, ընդհատումներով, դողահար: Միտքս հեռու էր թռչում, տանում ինձ մեղքերիս մթին ուղիներով: Բարձս սկսում էր թրջվել արցունքների կաթիլներից: Ձեռքերով ամուր ծածկում էի դեմքս, խոր հոգոց քաշում: Ցավում էր, անտանելի ցավում էր:
Արծաթե պատերից ներս վիթխարի քանակությամբ ձյան սառցե փաթիլներ ծածկում էին հոգիս: Ինձ թվում էր` ուր որ է մի հրեշավոր ձնաբուք կառներ ինձ իր թևերի մեջ, ու ես անձնատուր կլինեի բախտի հոսանքին, միտքս ընդմիշտ դադար կառներ, սիրտս կամայանար, իսկ երազածս երջանկությունը կմնար այդ արծաթե պատերից անդին...
«Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց»:
Աղոթում էի անվերջ, անդադար: Մի քիչ շատ էր, բաժին հիասթափությունս, ապրածս ու զգացածս չափազանց բարձր գին էր երջանկության դիմաց: Ես չէի ուզում այդքան դառնություն տեսնել: Մրսում էի: Եթե հոգիս դատարկվեր ու զգայարաններս սառչեին... Ես կլքեի, մենակ կթողնեի ինձ հին ցավերիս հետ ու այս անգամ կհանձնվեի... Բայց մեղավորը ե՛ս էի: Ողորմի՛ր ինձ, Տե՛ր...
«Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն. զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն»:
Ընդարմացած մտքերս սթափվում էին երկարատև թմբիրից: Տակնուվրա եղածի լուռ վկաները հոսում էին ինքնըստինքյան... Մտաբերում էի մոռացվածը, հետևում թողածը, թաղվածը... Ցնորական տեսիլքներ էին ուրվագծվում, բախում էր տեղի ունենում... Վարագուրված երջանկություն, զառանցանք ու ոչ մի տեղ չտանող ուղի: Սիրտս ալեկոծվում էր, խռովվում, ընդվզում...
Սխալը գիտակցաբար ճիշտ էի սարքում, ճշմարտություններ որոնում, գտնում, ամուր կառչում այլևս անհույս, իրականացման ոչ մի միջոց չունեցող ու փակուղի մտած մթին խավարին, պատերազմում ինքս իմ դեմ, կռվում, բողոքում...
Վախենում էի: Ես վախից մեռնում էի: Ես այնքան շատ էի վախենում ու սարսափում, որ քիչ էր մնում վշտից գոռայի: Տագնապ, անհանգստություն, մութ ու սև օրերի անհավատ գոյություն, իսկ ես այլևս կորցնելու ոչինչ չունեի: Ես ամեն ինչ վաղուց էի կորցրել... Հուսալքված ու դատարկված սրտով լույսի մի շող էի փնտրում, անհասկանալի քաոսից թվացյալ ելքեր որոնում, ընկնում, բարձրանում, սայթաքում կրկին: Հուսահատ ու մոլոր քայլում էի անհաստատ մի ճանապարհով, որը ոչ մի տեղ չէր տանում: Իմ առջև փակուղի էր: Վախենում էի... Ինքս էլ արդեն չգիտեի, թե ինչից, բայց գիտեի, որ վախս սարսափ էր դառնում ու գորշ ներկում անհույս հոգիս:
Աղոթում էի անվերջ, անդադար: Տերն առանց իմ խոսքերի գիտեր ամենը: Ուղղակի ես Նրա՛ն ամեն ինչ հայտնելու անզուսպ կարիք ունեի, միայն Նրա՛ հետ կիսվելու ուժգին մղում...
Ցավում էր:

***

Հայացքս հեռուն դարձրած` անորոշ ու մոլոր նայում էի հորիզոնին: Թվում էր` ոչինչ էլ չէի զգում: Կամ գուցե չէի ուզում զգալ: Ուղղակի մեծ մեղք էի գործել, այնքան մեծ, որ դեռ պատասխան էի տալիս...
Նրան հանդիպելուց առաջ ես երջանիկ էի, ուրախ, ու ոչինչ չէր կարող կոտրել ինձ: Նրան սիրելուց հետո դարձա անտարբեր ու տխուր մի աղջիկ, որը կորցրեց ինքն իրեն: Որը որոշեց կյանքն առհավետ անիմաստ համարել ու ամեն գիշեր արցունքներից խեղդվելով մահ էր աղաչում Աստծուց: 
Նա վատն էր, ամենավատը իմ հանդիպած բոլոր տղաներից: Բայց այդ գիտակցումից ցավը չէր մեղմանում: Նա երբեք էլ արժանի չէր եղել իմ պաշտամունքին: Ուրեմն էլ ինչո՞ւ էր սիրտս ցավում, ցավում այնքան ուժեղ, որ միայն մահ երազեի: Ուզում էի մեռնել: 
Ասում էին` նրան սիրելով ճակատագրական սխալ էի գործում... Իսկ ես վաղուց էի թքել ճակատագրի վրա... Ու սերս չարին էի հանձնել... 
Ինչո՞ւ էր սիրտս ցավում: Ինչո՞ւ էի վախենում ու տագնապում: Ինձ թվում էր, թե կյանքը կանգ կառներ շուտով, թե ինձնից մի կարևոր մասնիկ շուտով կմեռներ: Գիտեմ, որ կեղծ էր, նենգ ու ստոր: Հայտնի խոսքերն հիշեցի` ինչպե՞ս բացատրել այն, որ լողալ չիմացողը խեղդվողի ետևից իրեն նետում է կամրջից... Իսկ նա հենց այդ խեղդվողն էր, իսկ ես, չգիտես թե ինչու, կանգնել էի կամրջի եզրին ու արցունքներն աչքերիս նայում էի, թե ինչպես էր նա ճահիճ ոտք դնում:
Ես կտայի ամեն ինչ, որ դիմակի տակ նա անմեղ լիներ, որ ազնիվ ու անկեղծ լիներ, որ խելոք ու խելամիտ լիներ, որ մարդ լիներ` իմ երազած մարդը: Ինձ թվում էր, թե շնչակտուր եմ լինում, ինձ թվում էր, որ ուր որ է ինձ կասեին, որ մենք մահացել ենք, որ մեզ փրկել չի ստացվել: Իսկ ես նրա ետևից դժոխք հասա: Վատն էլ լիներ, ես նրա մեջ գոյություն չունեցող լավն էի սիրել: Տեր, ինչո՞ւ այդքան դաժան:
Ո՞րն էր ապրելուս, ձևացնելուս, լինելուս իմաստը: Ո՞րն էր: Ինչո՞ւ էի ապրում, հանուն ինչի՞: Ո՞ւմ էր պետք այն կյանքը, որը տառապանք էր: Ինչո՞ւ ապրել ցավ զգալով, մի՞թե մահն ավելի շատ էր ցավ պատճառելու: Ես ուժ չունեի: Ուզում էի մեռնել: 

***


- Քանի՞ անգամ մարդ կարող է մահանալ, բայց դեռ կենդանի մնալ:
- Միշտ հիանում եմ քո մտքերով,- ասաց ընկերուհիս:
- Ռեյ Բրեդբերիի միտքն է, իմը չէ:
- Ափսոս: Բայց եթե նա գրած չլիներ, քո մտքով դա հաստատ կանցներ:
- Ամեն ինչ կտայի, որ մտքովս նման բան երբեք չանցներ:
- Տխո՞ւր ես:
- Խոստացիր, որ իմ կողքին կլինես, եթե որոշեմ հրաժարվել կյանքիցս...
- Գժվե՞լ ես:
- Չէ, չեմ գժվել: Խնդիրը հենց նրանում է, որ ես երբևէ այսքան սթափ չեմ եղել:
- Ապա ինչո՞ւ ես ուզում նման բան անել:
- Հոգնել եմ սթափ լինելուց: Ահա ամբողջը:
- Չե՞ս ուզում հոգեբանի հետ հանդիպել:
- Հոգեբանն ինձ չի օգնի: Ուզում եմ Վերին Երուսաղեմ գնալ...
- Վերին Երուսաղե՞մ: Հաննա, Աստված ինքնասպանություն գործած մարդուն դրախտ չի նվիրում: Դո՛ւ չես քեզ կյանք տվել, որ դու էլ այն խլես: Եթե որևէ բան այնպես չէ, դա միայն ժամանակավոր է: Եթե այսօր տխուր ու դժբախտ ես, դա փոխհատուցում է ապագա երջանիկ օրերի դիմաց: Կյանքում ամեն բան իր գինն ունի:
- Ես արդեն վճարել եմ շատ թանկ: Փոխհատուցում երկնքում թող ստանամ:

***


Աստվածաշնչի ընթերցումը տևեց ուղիղ երկու ամիս: Կարդում էի դանդաղ, ուշադիր:
Վաղուց էի ցանկանում իմանալ, թե ինչ էր գրված Սուրբ Գրքում, բայց ինձ թվում էր, թե պատրաստ չէի դեռ: Ու հենց այն պահին, երբ կյանքը փակուղի էր մտել, ու ապրելը պատիժ էի համարում, ես սկսեցի Աստվածաշունչ կարդալ:
Էջերի քանակը շատ չէր: Նման ծավալի ցանկացած ստեղծագործություն կվերջացնեի մի քանի օրում: Ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի հասկանայի Աստծո էությունը, Նրա խոսքն ու պատգամները, որպեսզի ինքս ինձ համար բացահայտեի Աստծո զորությունը, իմաստությունն ու ճշմարտությունը: Անքննելի խոսքերը նոր, անիմանալի ու անմեկնելի ներգործությամբ բուժում էին հոգիս:
Կյանքից մի կյանք հիասթափված, մի ծով խեղդված, բովանդազրկված ու փշրված, մահ տենչացող, խելագարված, անշնչացած, ճակատագրի հետ բոլոր հաշիվները մաքրած, այլևս ոչնչի չհավատացող, սառած, կյանքից մի կյանք հեռացած, իմաստ չգտած... Ահա թե ինչպիսին էի դարձել...
Աստվածային հրաշագործ զորություն, որի համեմատ մարդկային մտածումները, խորհուրդները, օգնությունները, դեղերը... ոչինչ են... Անսահման բարի, սքանչելի, պաշտելի... Սուրբ տողերը վերածնեցին ինձ, լուսավորեցին հոգուս մթությունը, մաքրեցին կյանքս անցյալի փոշուց: Տերն իմ ներսում դրախտ արարեց: Նրա պարգևած երջանկությունը իրական էր, մաքուր, կատարյալ:
Երբ ավարտեցի Աստվածաշնչի ընթերցումը, հասկացա, որ մոռացել եմ նրան: Զգացմունք չկար, չկար սեր, չկար ատելություն, նրա հանդեպ չկար ոչինչ: Ես անտարբեր էի, չէի հետաքրքրվում, թե ինչպես էր ապրում, ինչով էր զբաղվում: Չէի խղճում, չէի մտածում, չէի դատում, չէի տառապում: Նա չկար, հօդս էր ցնդել: Ընդամենը երկու ամսում աշխարհի ամենաթանկ մարդը դարձել էր ամենաանծանոթն ու ամենաօտարը:
Այդ ես չէի, որ մոռացա նրան: Տերն էր, որ փրկեց ինձ: Ինքնաներշնչում չէր: Ինքնախաբեություն չէր: Ես նույնիսկ չէի խնդրել Աստծուն, որ օգներ ինձ սրտիցս հանել նրան: Ես այլևս ոչինչ չէի խնդրում: Քավ լիցի, ես այնքան անհույս էի, որ մտքովս էլ չէր անցնում, թե որևէ նշանակալից փոփոխություն կարող էր պատահել: Իմ մեջ կյանք չկար: Հոգեպես ես մեռած էի: Ու այն, ինչ պատահեց ինձ հետ, վեր էր իմ ուժերից, հասու չէր իմ իմացությանն ու հասկացողությանը: Ես չգիտեի ինչպես բացատրել այդ հրաշքը, բայց մի բան հաստատ էր. դա պատահել էր: Նրա հանդեպ իմ զգացած սերը անհետացել էր...

***

Ես շարունակեցի ապրել` միայն Աստծո շնորհիվ... Այդ պահից այլևս կարևոր չէր, թե մարդիկ ինչ էին մտածում կամ խոսում: Ինձ համար Աստծո կամքն էր բարձրագույն: Այլևս կարևոր չէր, թե ինչպիսին էի մարդկանց աչքում, կարևոր չէր ոչինչ: Ես իմ կյանքն ապրում էի միայն Աստծո առաջ, միայն Նրան էի պարտական ու հաշվետու, միայն Նրան:
Մեռնել միայն տխրությո՞ւն ճաշակած: Չէ... Ես որոշեցի, որ պարտավոր եմ երջանիկ լինել:
Ես ապավինեցի Աստծո զորությանը: Սկսեցի հավատալ, որ բոլոր դժբախտությունները, որ պատահում են մեր կյանքում, հենց այնպես չեն պատահում: Սկսեցի հավատալ, որ ինչ էլ լինի` դա է բարին: Եթե անգամ սկզբում այդ բարին ցավ է պատճառում: Նաև հասկացա, որ կյանքը մեծ պարգև է, ու ես բախտավոր եմ, որ ունեմ այն: Աստված սիրում է ինձ, ես դա ամեն բացվող օր եմ նկատում... Հավատն առ Աստված լավագույն շնորհն է, որ կարող է հանդիպել մարդուն...
Տխրելով երջանկություն չես ստեղծի... Ու ապրեցի, ժպտացի, ծիծաղեցի, քանի որ ծնվել էի, որպեսզի երջանիկ լինեի... Ես շնորհակալ եմ Աստծուն, որ հասկացա դա...

***


- Հա՜ննա:
Շրջվեցի: Երդվյալ անհավատ-աթեիստն էր: Մեր վերջին հանդիպումից անցել էր 2 ամիս:
- Հաննա, լսիր ինձ, խնդրում եմ:
Զարմացա, իսկ նա լռեց: Սկսեցինք քայլել:
- Ներիր ինձ: Ես չեմ ուզել նեղացնել կամ ցավ պատճառել քեզ: Անհավատ չեմ: Ուղղակի երբեք չեմ մտածել, թե ինչու պիտի հավատամ կամ թե այդ հավատը ինչ պիտի փոխի իմ մեջ: Ես քեզ պես իմաստուն չեմ երևի: Կամ էլ ամեն մարդու կյանքում շրջադարձ պիտի լինի, որից հետո նա կմոտենա Աստծուն ու սրտանց կհավատա Նրա զորությանը: Հաջողություններն հեշտությամբ են տրվել ինձ: Ես ունեմ ամեն ինչ, բացի սիրուց: Ու հիմա ուզում ու երազում եմ, որ կյանքիս մեծագույն շրջադարձը դու կատարես, որ քո շնորհիվ կյանքում առաջին անգամ ամբողջ հոգով հավատամ...
Ժպտացի... Շարունակեցինք քայլել...

Sep 1, 2015

Երբ սիրահարվեցի քեզ, սիրո մասին իմ կարդացած գրքերը...



Դու նման էիր գրականության գանձարանի բյուր հատորների շարքում խնամքով քողարկված թանկարժեք նմուշի` բացառիկ իր խորությամբ ու գեղարվեստական հանճարեղությամբ: Դու նման էիր այն գրքին, որն համբերատար սպասում էր, մինչ իր միակ ընթերցողը օրերից մի օր գրապահարանի ներքևի դարակում պատահմամբ կնկատեր վաղուց չընթերցված ստեղծագործությունն ու կսիրահարվեր հոգեհույզ տողերին... Նախկինները երևի չէին ըմբռնել վեհասքանչ էությունդ ու չէին կուրացել քո անկեղծությունից: Նախկինների համար դու երևի մեկն էիր այն հարյուրավոր գրքերից, որոնք կարդում են ու մի կողմ դնում, մոռանում: Չթերթված էջերում ամփոփված գեղեցկությունդ տեսանելի էր միայն ինձ համար: 
Երբ սիրահարվեցի քեզ, սիրո մասին իմ կարդացած գրքերը մոռացա... Դու դարձար միակն ու ամենասիրելին` նման այն գրքին, որը կարդալիս խելացնոր մոլեգնությամբ անգիր են անում, լիառատ նրա բույրը շնչում ու գժվում հորդացող քնքշությունից: Նման այն գրքին, որը մոռացնել է տալիս նախկինում կարդացած բոլոր սիրառատ տողերն ու պարբերությունները, մաքրում է հոգին նախկին էջերից մնացած տառապալից խզբզանքից ու նոր խոսքերով բուժում պատառոտված թղթերը կյանքի... Նման այն գրքին, որը վերընթերցում են տասնամյակներ շարունակ ու նորովի վերասիրահարվում, խենթանում նրա ինքնատիպությունից:
Ու ես, քեզնով հմայված, խորասուզվում էի բառերիդ գաղտնի աշխարհներում, արտատպում քեզ իրականության լույսերում ու վերակառուցում տիեզերքը քո հնչյուններով: Ու դու, ինձնով հավերժացած, բոցավառում էիր հոգիս նուրբ շղարշներով վարագուրված անմահությամբ ու հարատև սեր խոստանում: Նման էիր այն գրքին, որը միայն ինձ էր պատկանում, ինձնով շունչ ստանում, շղթայում ինձ ու իմ տիրակալը դառնում: Չթերթված էջերում ամփոփված սերդ նախասահմանված էր միայն ինձ համար...
Երբ սիրահարվեցի քեզ, սիրո մասին իմ կարդացած գրքերը մոռացա... Դու դարձար միակն ու անփոխարինելին` նման այն գրքին, որի կազմը շատերին կարող է գրավել, իսկ թե ինչ է գրված ներսում, կարդալ բոլորը կարող են, լիարժեք վերապրել` միայն մեկը: Նման այն գրքին, որն ընթերցողին ավելի լավն է դարձնում, որ վերաարժևորում է նրա կյանքն ու ուղեկիցը դառնում: Ու ես, քեզնով դյութված, թերթեցի բովանդակությունդ զգուշությամբ ու սովորեցի քեզ, անձնատուր եղա խորին իմաստներիդ ու անթեղված խորհուրդներ ճանաչեցի:
Չթերթված էջերում ամփոփված լույսդ տեսանելի էր միայն ինձ համար:

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Գայա Բաբայանին: