Jun 8, 2015

Հուզագրություն


Այն, ինչ ես գրում էի, գրականություն չէր համարվում: Գուցե մտորումների տարափ, խոհերի ու հիշողությունների հուզիչ շարադրանք, հոգեկան ապրումների ու զգացմունքների արտացոլում, հախուռն օրագրված խոստովանանք, տպավորությունների ու պատկերների, զգացականության բառակերպում, էսսե, մի խոսքով` ամեն հնարավոր բան, բայց ոչ գրականություն:
Ես չէի սովորել բանասիրության ֆակուլտետում, հայ և համաշխարհային գրական մտքի պատմության, շրջափուլերի և ուղղությունների մասին իմ ունեցած գիտելիքները սիրողական էին, գրականության տեսություն չէի ուսումնասիրել, այնինչ պարտավոր էի:
Բայց ես սիրում էի կարդալ: Չեմ կարող ասել, որ ամբողջ ազատ ժամանակս զբաղված էի ընթերցանությամբ, սակայն գրքերի աշխարհում ես երջանիկ էի ու ամենակարող: Զրուցում էի վեպի հերոսների հետ, դառնում գործող անձ, ձուլվում հեքիաթին ու վերապրում, վերացարկվում: Կերպավորումներիս մեջ ես ստեղծագործ էի, իսկ ընթերցածս գրքերը խոսում էին միմյանց հետ, հերոսները սիրահարվում էին այլ գրքերի հերոսներին: Իմ երևակայության գույների երփներանգներում նոր ծիածաններ էի արարում, կանաչ մարգագետիններում ծաղկափոշի էի շաղ տալիս ու արև զարդանկարում: Քամիներ էի հորինում ու տիեզերքներ ճամփորդում: Ես ազատ էի ու ամենակալ:
Գրում էի: Անկեղծ ու շնչասպառ: Գուցե ոչ այնքան վարպետորեն, գուցե ոչ այնքան հետաքրքիր, բայց ես հուզագրում էի ամեն միտք ու ապրում, ես ներաշխարհս արտատպում էի թղթին, դուրս շպրտում խղճիս ծանրացած զգացումներն ու վերածնվում: Հուզվելիս մարդիկ նեղանում են, բարկանում, գոռում, վիճում, ուրախանում, ցնծում, իսկ ես փակվում էի իմ սենյակում ու գրում, գրում արցունքն աչքերիս, դողը սրտումս, ոգևորված, խանդավառված: Դա իմ միակ փրկությունն էր, իմ լինելությունը, իմ էությունն ու հոգին: 
Բայց այն, ինչ ես գրում էի, գրականություն չէր համարվում: Ես բլոգգեր էի, որն իր սրտաշարժ գրառումներով կիսվում էր իր ընթերցողների հետ: Ես չէի ձգտում դառնալ գրող, մասնակցել գրական քննարկումների, լինել գրական միջոցառումների կիզակետում, ճանաչում ձեռք բերել: Քավ լիցի, ինձ պետք էր միայն, որ շնչեի անսպառ, հուզաթափ ու անարգել:
Ասում են` երաժշտությունը մարդկային զգացմունքների ձայնն է` հոգեթով, քաղցրահնչուն, աստվածային: Իսկ ես իմ ձեռագիրը հուզագրություն կանվանեմ, մեղմ ու անուշ տողերով կենդանություն կպարգևեմ եթերային պատրանքներիս ու կշարունակեմ ապրել:

No comments:

Post a Comment