Արի ինձ հյուր, կնստենք միասին, սուրճ կխմենք, դու կպատմես, թե ինչպես է դասավորվել կյանքդ առանց ինձ, իսկ ես լուռ կժպտամ ու կձևացնեմ, թե այդպես էլ պիտի լիներ, թե այդպես ճիշտ էր, թե ես հաշտվել եմ, ուրախ ու երջանիկ եմ քեզ համար: Ես լաց չեմ լինի ու չեմ ասի, որ աշխարհն էլ շուռ կտայի, որ այսպես չստացվեր: Չեմ ասի, որովհետև դու էլ չես ասի: Որովհետև այդ խոսքերն այլևս ոչինչ չեն փոխի, որովհետև այդ խոսքերն ամեն ինչ կփչացնեն միայն, որովհետև երջանկության համար ևս ժամանակ կա, որովհետև այն ճիշտ պահին պիտի կառուցես: Արի ինձ հյուր, որ նայենք իրար: Ես կտեսնեմ, թե ժամանակն ինչպես է փոխել քեզ, դարձրել ավելի հասուն ու գրավիչ: Ես կտեսնեմ, որ աչքերդ կորցրել են նախկին սիրո փայլն ու այլևս չեն ժպտում: Ես կնայեմ փոքրիկիդ, նրա լուսե դեմքին ու մի պահ կփորձեմ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր փոքրիկը, ինչպիսի դիմագծեր կունենար ու ինչպես ինձ մայրիկ կասեր: Ես կհամբուրեմ քո անմեղ փոքրիկին, բայց չեմ ների քեզ, որ նա իմը չէ: Մենք կձևացնենք, թե մեր միջև ամեն բան պարզ է, բայց մեր միջև երբեք էլ ոչինչ չպարզվեց, մենք հիմարաբար կորցրինք իրար ու դա բարդեցինք ճակատագրի վրա: Սուտ էր, սիրելիս: Պայքարեինք պիտի: Ու հաղթեինք պիտի: Որովհետև կյանքում կիսաերջանիկ մարդիկ չպիտի լինեն: Իսկ դու մի ամբողջ հավերժություն պիտի նայես քո ուրիշին ու մտքումդ մեղադրես նրան այն բանի համար, որ ես չեմ քո առջև կանգնած...
Ու թե մի օր հիշես ինձ, իմացիր, որ ես երբեք, լսո՞ւմ ես, երբեք ոչ մի վայրկյան չեմ մոռացել քեզ: Իմացիր, որ այսպես սխալ էր: Կյանքում միայն մեկ անգամ են սիրուց խելագարվում, ու երանի այն մարդկանց, որոնք այդ սերը ճակատագիր են դարձնում: Որովհետև կյանքում ամեն այլ բան սուտ է ու կեղծ, որովհետև եթե գտել ես քո կեսին, պիտի ամուր բռնես նրան ու բաց չթողնես, թուլակամ ու անզոր չգտնվես: Այդպես են կառուցում երջանկություն կոչվածը: Իսկ մենք ստիպված ենք լինելու մի ամբողջ կյանք ձևացնել...
Ու թե մի օր հիշես ինձ, թե պատկերս համառորեն չհեռանա աչքիդ առջևից, թե սերս նորից զարկի ու տակնուվրա անի հոգիդ, իմացիր, որ ամուսնության վկայականները չեն, որ ընտանիք են հիմնում: Իմացիր, որ ես միշտ քո ներսում եմ լինելու: Իմացիր, որ միշտ էլ պիտի հիշես ինձ, որովհետև ես էլ քեզ եմ հիշելու, որովհետև կյանքը կարող է բաժանել, բայց չի կարող ստիպել, որ մոռանանք իրար...
Ու թե հիշես ինձ, ժպտա, բայց լաց չլինես: Զանգիր, գրիր, հյուր եկ: Չէ՞ որ մենք հին ընկերներ ենք, ընկերներ, որոնք միշտ սիրելու են մեկը մյուսին, բայց ոչ երբեք իրար... Ընկերներ, որոնք քնելու և արթնանալու են մեկը մյուսի մասին մտածելով, բայց ոչ երբեք իրար հետ... Ընկերներ, որոնք միշտ իրար են երազելու, բայց մեկը մյուսին հիշելու իրավունք են ունենալու միայն...
Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Անի Ղուլիջանյանին:
Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Անի Ղուլիջանյանին:
No comments:
Post a Comment