Սիրում եմ ինձ ջերմացնող ու ուրախացնող գոհունակ ու խորաթափանց հայացքդ, այնքան գեղեցիկ աչքերիդ արտահայտությունն ու փայլը, սիրում եմ լուրջ ու հավասարակշիռ մտածողությունդ, նուրբ ձեռքերդ, թուխ մաշկդ, անգամ այն բարկացած պահվածքդ:
Կարծում ես, թե հե՞շտ է քեզ սիրելը: Դա մի ամբողջ մասնագիտություն է` բարդ, ծավալուն, բովանդակ ու... Շատ հաճելի... Իսկ ինձ և ոչ մի համալսարանում սովորեցնել չէին կարող, թե ինչպես է պետք սիրել քեզ: Ու թե կան նաև ուրիշներ, որոնց թվում է, թե կարող են մոտ գալ այս մասնագիտությանը, թող չփորձեն անգամ: Միակ մասնագետը ես եմ, սիրելի՛ս...
Ուզում եմ մի բան խոստովանել... Դու պարզապես ամսագրի շապիկին պատկերված գեղեցիկ տղամարդ չես, որով կարող են ոգեշնչվել ու ապա մոռանալ: Քեզ չհիշելու բազում անհույս փորձերից հետո միայն գիտակցեցի, որ ինքս եմ իմացական կերպով որոշել սիրել քեզ, բայց... Ինքս իմ թակարդն եմ ընկել...
Դու ինձնից այդպես էլ ոչինչ չպահանջեցիր, ինքս իմացական կերպով նվիրեցի... Չեմ զղջում, քավ լիցի, դու լավագույն բան էիր, որ կարող էր հայտնվել իմ կյանքում... Երջանիկ եմ, որ հենց քեզ տեսան աչքերս... Թե ետ տալու լինեի ժամանակը, ես ամեն ինչ նույն կերպ կանեի...
Իսկ ապագան... Այդ անկանխատեսելի, անխուսափելի, հստակ վճռված ու վաղուց կանխորոշված ապագան մի օր երևի կանգնեցնի քեզ աչքերիս առջև: Իսկ թե բաժանի ինձ քեզնից ու չսիրել ստիպի, ապա հույս ունեմ, որ դու ինձ հակառակը կստիպես...
No comments:
Post a Comment