Dec 24, 2014

Կյանքիս վերջին մոդուլը



Բուհ ընդունվելու երազանքի իրականացումից անցել է վեց տարի...
Հիմա արդեն առավել հասուն ու կայացած մարդու աշխարհայացքով ետ եմ նայում, հիշում ուսանողական օրերիս բոլոր դեպքերն ու իրադարձությունները, դասերն ու դասամիջոցները, տնային աշխատանքներն ու մոդուլային շաբաթները... 6` կյանքի հասկացողության, լեզվամտածողության զարգացման, հոգեկերտվածքի կատարելագործման, բազում դժվարին խոչընդոտների հաղթահարման ու սեփական ես-ի հաստատման, անսահման ուժեղ ու համարձակ, կյանքի բոլոր իրավիճակներում անվախ գործելու ունակության ձևավորման և ինքս ինձ գտնելու ճանապարհի որոնման երկարուձիգ տարիներ...
Այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը... Բրյուսովի համալսարանում քննություններ, ստուգարքներ, միջանկյալ գրավորներ չկան, կան միայն մոդուլներ:
Օտար լեզուների ֆակուլտետ, բաժինս` Լեզվաբանություն, անգլերեն լեզու: Առաջին մոդուլային շաբաթը հիշեցի. հեռավոր 2009 թվական, հոկտեմբեր: Ես` տասնյոթ տարեկան միամիտ, մանկամիտ, մոլորված, անտեղյակ մի էակ, որը դիմորդ լինելու ժամանակ այնքան շատ էր պարապել, որ սթրեսի մեջ էր ընկել առաջին մոդուլների պատճառով: Ես շատ հոգնած էի, չափից շատ: Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ, ու ես, հունի մեջ ընկնելով, սկսեցի սովորել այնպես, ինչպես երբևէ չէի սովորել: Ես սովորում էի վերջին շունչս դասիս մեջ դնելով, ես ապրում էի իմ դասերով, ես սիրահարված էի իմ դասերին: Լեզվաբանության մոդուլը հիշեցի. դասախոսություններն այնքան լավ էի հիշում, որ քնից էլ արթնացնեին, անգիր կպատմեի: Մոդուլից հետո այլ խմբերի համակուրսեցիներից ինչ-որ խոսակցություններ էի լսում, ասում էին, որ հոսքում միայն մի աղջիկ է 100 ստացել: Ես ոչինչ չէի ասում, մտքովս էլ չէր անցնում, թե ով պիտի լիներ: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը ես էի:
Մոդուլներ` կիսամյակը 3 անգամ, յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ էր կոչվում, որի ընթացքում դասեր չէինք ունենում, միայն մոդուլներն էինք հանձնում): Հետո, երբ արդեն 4-րդ կուրսում էի սովորում, մոդուլները դարձան կիսամյակը 2 անգամ` 2 շաբաթ տևողությամբ (դադարի շաբաթ չկար): 
Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբ մոդուլային շաբաթը շատ-շատերի մոտ մտահոգություն և անհանգստություն էր առաջացնում, ես գրեթե միշտ կատարյալ հանգիստ էի: Մոդուլի ժամանակ պիտի գրավոր կամ բանավոր ներկայացնես այն, ինչ սովորել ես մոդուլից առաջ` մեկ կամ երկու ամսվա ընթացքում: Իսկ ես այնքան լավ հիշողություն ունեմ, որ գրեթե առանց կրկնելու էի հանձնում մոդուլներս: Կարճ ասած` բակալավրում ես միայն սովորել եմ ու սովորել եմ գերազանց:
Կային, իհարկե, առարկաներ, որոնք ինձ հունից հանում էին: Ուղղակի զարմանում էի, թե ես ինչու պիտի այդ առարկան անցնեմ, կամ էլ դասախոսն ինձ դուր չէր գալիս, նրա դասավանդման եղանակը, առարկայի ծրագիրը: Մի խոսքով` արտագրում էի: Գոթերեն, Ռոմանագերմանական բանահյուսության ներածություն, Տրամաբանություն: Որքան հիշում եմ այսքանն էին:
Սիրում էի անգլերենի ընթերցանության, ոճաբանության, քերականության, գրավոր խոսքի, Մեծ Բրիտանիայի քաղաքակրթության, տեսական քերականության, հայոց լեզվի մոդուլները: Սիրում էի գրել էսսե, թեստային աշխատանք, բանավոր հարցումներն այնքան էլ չէի սիրում: Սիրում էի ավարտել աշխատանքս ու օգնել համակուրսեցիներիս: 
Այդ 4 տարիներն ինձ շատ արժեքավոր բաներ տվեցին հետագա ողջ կյանքիս համար...

Մագիստրատուրա... Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ...
Բակալավրի թեժ և բուռն օրերից ու ապրումներից, ստացած խորը և հիմնավոր կրթությունից հետո անկումն ուժգին էր: Չգիտեմ` ինչու այդպես ստացվեց, բայց ես կորցրի ինձ: Իմ մեջ մի ինչ-որ կարևոր բան փոխվեց, ներսումս մի բան աղմուկով փշրվեց, ու ես սկսեցի օրերը հաշվել, թե երբ պիտի այդ երկու տարիներն անցնեն... 
Իսկ այսօր հանձնեցի կյանքիս վերջին մոդուլը...
Իմաստաբանություն, Քանակական լեզվաբանություն, Նշանագիտություն, Կինոյի նշանագիտություն, WEB ծրագրավորում, ՏՏ և համակարգեր, Էլեկտրոնային բառարանագրություն, Կորպուսային լեզվաբանություն, Ռելացիոն բազաներ, Մեքենական թարգմանություն, HTML, CSS, Java, PHP, Բազմությունների տեսություն... Հետաքրքիր ու անհրաժեշտ առարկաներ, խելացի դասախոսներ, բայց հիասթափված ու թևաթափ եղած ուսանողներ, որոնք ոչ թե հոգնել էին սովորելուց, այլ... Չգիտեմ...
Շարունակում էի սովորել գերազանց, ուղղակի` միայն մոդուլային շաբաթների ընթացքում, ամեն օր հաճախում էի, ֆիզիկապես ներկայանում, բայց մտովի շատ-շատ հեռու էի լսարանից ու այն իրականությունից, որն իմ շուրջն էր... Ես սավառնում էի օդերում ու երազում վայրկյան առաջ ազատվել ուսանող լինելու կարգավիճակից... Բակալավրում գտել էի ինձ, հետո կորցրի, ու այսպես շարունակ, ու այսպես անընդհատ, ու այսպես միշտ... Ես մահու չափ հոգնել էի, մեծացել, հասունացել, հոգեպես դուրս եկել իմ տարիքային շրջանակից ու սահմաններից, կյանքում տեսել ու հաղթահարել շատ փորձություններ, լաց եղել, լիաթոք ծիծաղել, տխրել ու ուրախացել...
Բազմությունների տեսություն... Առարկա, որն ատել եմ, ատում եմ ու ընդմիշտ ատելու եմ մինչև հոգուս ամենախորքը: Մոդուլին արտագրել եմ:
Մի քանի ամիս, ու ես կավարտեմ բուհս, կստանամ դիպլոմս ու կուղևորվեմ նոր կյանք, նոր հետաքրքրություններով ու փոփոխություններով արբած` ես կփորձեմ կառուցել կյանքս, նոր հիմքից նորովի կժպտամ ու կասեմ, որ եթե չլինեին այս 6 տանջալից տարիները, ես կյանքում շատ բաներ չէի հասկանա... Ես ուրախ եմ, որ անցել եմ այս ճանապարհը, ես վերջնագծին եմ հասել ու կարևորն այն է, որ հոգիս հանգիստ է... Ես նորից գտել եմ ինձ ու նոր էջից պիտի սկսեմ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ես` իմ չփոխվող տեսակով, իմ աշխարհի յուրահատկություններով, իմ հավատով ու հույսով...
Այսօր բուհից դուրս գալիս անհասկանալի մի զգացում ունեցա... Ես հասկացա, որ կյանքս շուտով կփոխվի ու որ այն երբեք այլևս առաջվանը չի լինի, որ շատ մարդիկ, որոնք պիտի չլինեին իմ կյանքում, չեղան, իսկ շատ մարդիկ, որոնք սիրում էին ինձ, մնացին... Ես տուն շտապեցի, որ գրեմ այս տողերը, գրեմ ու ապրածս հիշողություն դարձնեմ` թղթին հանձնած թանկ ու հարազատ մի հիշողություն, որ պիտի չհիշեմ հաճախ, բայց որն հավերժ պիտի ինձ հետ լինի...

Dec 14, 2014

Ու թե մի օր հիշես ինձ...


Ու թե մի օր հիշես ինձ, բռնիր փոքրիկիդ ձեռքը, միասին եկեք ինձ հյուր, իսկ մենք նրա մոտ կձևացնենք, թե հին ընկերներ ենք, ընկերներ, որոնք շարունակում են սիրել մեկը մյուսին, բայց ոչ երբեք իրար... Իսկ մենք նրա մոտ երկա՜ր-երկա՜ր կլռենք, չենք փորփրի անցյալի օրերն ու չենք ասի ամենակարևորը, որովհետև դա վաղուց արդեն կարևոր չէ ու չպիտի լինի... Իսկ մենք նրա մոտ թաքուն կնայենք իրար, մտովի կփարվենք մեկմեկու ու կաշխատենք լաց չլինել... Մենք կձևացնենք, թե վաղեմի ընկերներ ենք, ընկերներ, որոնք խելագարի նման պաշտել են մեկը մյուսին, բայց կորցրել են իրար... Որովհետև ժամանակին ևս ձևացրել են, չեն պայքարել մինչև վերջին շունչն ու համակարպվել սերը մոռանալու, սպանելու ու այն շատ խորը թաղելու մտքի հետ...
Արի ինձ հյուր, կնստենք միասին, սուրճ կխմենք, դու կպատմես, թե ինչպես է դասավորվել կյանքդ առանց ինձ, իսկ ես լուռ կժպտամ ու կձևացնեմ, թե այդպես էլ պիտի լիներ, թե այդպես ճիշտ էր, թե ես հաշտվել եմ, ուրախ ու երջանիկ եմ քեզ համար: Ես լաց չեմ լինի ու չեմ ասի, որ աշխարհն էլ շուռ կտայի, որ այսպես չստացվեր: Չեմ ասի, որովհետև դու էլ չես ասի: Որովհետև այդ խոսքերն այլևս ոչինչ չեն փոխի, որովհետև այդ խոսքերն ամեն ինչ կփչացնեն միայն, որովհետև երջանկության համար ևս ժամանակ կա, որովհետև այն ճիշտ պահին պիտի կառուցես: Արի ինձ հյուր, որ նայենք իրար: Ես կտեսնեմ, թե ժամանակն ինչպես է փոխել քեզ, դարձրել ավելի հասուն ու գրավիչ: Ես կտեսնեմ, որ աչքերդ կորցրել են նախկին սիրո փայլն ու այլևս չեն ժպտում: Ես կնայեմ փոքրիկիդ, նրա լուսե դեմքին ու մի պահ կփորձեմ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր փոքրիկը, ինչպիսի դիմագծեր կունենար ու ինչպես ինձ մայրիկ կասեր: Ես կհամբուրեմ քո անմեղ փոքրիկին, բայց չեմ ների քեզ, որ նա իմը չէ: Մենք կձևացնենք, թե մեր միջև ամեն բան պարզ է, բայց մեր միջև երբեք էլ ոչինչ չպարզվեց, մենք հիմարաբար կորցրինք իրար ու դա բարդեցինք ճակատագրի վրա: Սուտ էր, սիրելիս: Պայքարեինք պիտի: Ու հաղթեինք պիտի: Որովհետև կյանքում կիսաերջանիկ մարդիկ չպիտի լինեն: Իսկ դու մի ամբողջ հավերժություն պիտի նայես քո ուրիշին ու մտքումդ մեղադրես նրան այն բանի համար, որ ես չեմ քո առջև կանգնած...
Ու թե մի օր հիշես ինձ, իմացիր, որ ես երբեք, լսո՞ւմ ես, երբեք ոչ մի վայրկյան չեմ մոռացել քեզ: Իմացիր, որ այսպես սխալ էր: Կյանքում միայն մեկ անգամ են սիրուց խելագարվում, ու երանի այն մարդկանց, որոնք այդ սերը ճակատագիր են դարձնում: Որովհետև կյանքում ամեն այլ բան սուտ է ու կեղծ, որովհետև եթե գտել ես քո կեսին, պիտի ամուր բռնես նրան ու բաց չթողնես, թուլակամ ու անզոր չգտնվես: Այդպես են կառուցում երջանկություն կոչվածը: Իսկ մենք ստիպված ենք լինելու մի ամբողջ կյանք ձևացնել... 
Ու թե մի օր հիշես ինձ, թե պատկերս համառորեն չհեռանա աչքիդ առջևից, թե սերս նորից զարկի ու տակնուվրա անի հոգիդ, իմացիր, որ ամուսնության վկայականները չեն, որ ընտանիք են հիմնում: Իմացիր, որ ես միշտ քո ներսում եմ լինելու: Իմացիր, որ միշտ էլ պիտի հիշես ինձ, որովհետև ես էլ քեզ եմ հիշելու, որովհետև կյանքը կարող է բաժանել, բայց չի կարող ստիպել, որ մոռանանք իրար...
Ու թե հիշես ինձ, ժպտա, բայց լաց չլինես: Զանգիր, գրիր, հյուր եկ: Չէ՞ որ մենք հին ընկերներ ենք, ընկերներ, որոնք միշտ սիրելու են մեկը մյուսին, բայց ոչ երբեք իրար... Ընկերներ, որոնք քնելու և արթնանալու են մեկը մյուսի մասին մտածելով, բայց ոչ երբեք իրար հետ... Ընկերներ, որոնք միշտ իրար են երազելու, բայց մեկը մյուսին հիշելու իրավունք են ունենալու միայն...

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Անի Ղուլիջանյանին:

Dec 3, 2014

Վարագույր


Մոռացիր ինձ: Մոռացիր: Գիտե՞ս, թե այդ բառն ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ պիտի դառնաս այնպիսին, ինչպիսին նախքան իմ հայտնվելն ես եղել: Դա նշանակում է, որ պիտի պառկես քնելու առանց իմ մասին մտածելու ու երազելու, որ պիտի նայես այլ աչքերի մեջ ու աշխատես չփնտրել իմը, դա նշանակում է, որ ընդմիշտ պիտի կորցնես ինձ: Ընդմիշտ: Ետդարձ չի լինելու:
Երջանիկ եղիր: Բայց աշխատիր երջանկությունդ դեմքովս չշպրտել, աշխատիր այլևս երբեք չսողոսկել իմ կյանք ու չաղաչել ինձ, չպաղատել, որ հավատամ երջանկությանդ: Ես դրան չեմ հավատալու, կուզես խեղդիր ինձ, կուզես գոռա ու վանկարկիր, երեսիս նետիր դիմակդ ու դերասանի պես թատրոն սարքիր, թե իբր երջանկությունից կորցնում ես գլուխդ: Ես դրան չեմ հավատալու, կուզես մեղադրիր ու ատիր ինձ: Ես չեմ հավատալու, որ սիրում ես նրան, որովհետև չես սիրում: Ես չեմ հավատալու, թե ուզում ես կյանքդ նրա կյանքի հետ կապել, որովհետև չես ուզում: Գրողը քեզ տանի, դու դա չես ուզում, կուզես դատի տուր ինձ:
Մոռացիր ինձ: Մոռացիր: Մոռացիր, գրողը քեզ տանի: Ի՞նչ ես ուզում ապացուցել ինձ, ինչո՞ւ ես ուզում ապացուցել, դա ի՞նչ պիտի փոխի: Ես հոգնել եմ քո թատերական ներկայացումներից, սիրտս արդեն խառնում է քո կեղծությունից, վե՛ր կանգնիր, ահա աղերսս: Վե՛ր ելիր, լսո՞ւմ ես: Սա կյանքիդ վերջին հնարավորությունն է: Ավարտիր ամենը, բաց արա վարագույրը:
Երջանիկ եղիր: Բայց աշխատիր չգալ ու ծնկաչոք չաղաչել, որ հավատամ քո երջանկությանը: Ես դրան չեմ հավատալու, կուզես հենց հիմա սպանիր ինձ: Կուզես լաց եղիր, ա՜խ, երանի մի պահ լաց լինես ու հասկանաս, որ եկել էի, որ փրկեի, ոչ թե պատիժդ դառնայի: Վեր ելիր, ահա ամբողջը: Ահա թե ինչու էի եկել, եկել էի, որ ասեի` վերև նայիր ու Աստծուն լսիր, վեր ելիր այս աղբից, վեր կանգնիր, մաքրիր քեզ: Ու չասես, որ զառանցում եմ: Չասես, որ երջանիկ ես: Գրողը քեզ տանի, դու երջանիկ չես: Կուզես սպանիր երկուսիս, դու երջանիկ չես: 
Ես չեմ մահանա: Ուղղակի կհեռանամ, իսկ դու... Ծածկվիր երջանկության դիմակի տակ մի ամբողջ կյանք, մտովի ինձ հետ եղիր ու անիծիր քեզ, որ թուլամորթ ես: Որովհետև դու թուլամորթ ես: Ու չասես, որ զառանցում եմ: Ու չասես, որ քիչ է մնում մեռնես երջանկությունից: Ես դրան չեմ հավատալու, լսո՞ւմ ես, չեմ հավատալու: Կուզես խարույկի վրա այրիր ինձ, ես եկել եմ, որ օգնեմ քեզ: Ու չասես, որ երջանիկ ես: Ինձ քո դիմակներով չես խաբի:
Տղամարդկություն ունեցիր ու վարվիր այնպես, ինչպես դու ես ուզում, չէ՞ որ դու քեզ հենց այդպիսին էիր ներկայացնում. ամեն ինչ քո ասածի և ուզածի պես պիտի լինի: Ու չասես, որ սա էր քո ուզածը: Ու չասես, որ խելագար եմ: Ու չասես, որ զառանցում եմ: Ու չասես, որ ինքդ ես ընտրել ու երջանկությունից սավառնում ես վարդագույն ամպիկներում: Ես դրան չեմ հավատալու: Գրողը քեզ տանի, չեմ հավատալու:

Nov 28, 2014

Մեղքերիդ համար չեմ աղոթելու...


Խոնարհվիր: Սեփական կեղծության, ցածրության ու փոքրոգության ծանրության տակ կախիր գլուխդ, վար իջեցրու աչքերդ, դրանք հիմա լիքն են ամոթանքի ու անպատվության զգացումով: Թող աչքերդ չհանդիպեն քեզ դատապարտող իմ խիստ ու անգութ աչքերին, թող հայացքդ փախչի քեզ նսեմացնող իմ դաժան ու անողոք հայացքից: Ամաչիր չմտածված քայլերիդ հետևանքներից, քո ստորությունից, նենգությունից, հոգեկան ճղճիմությունից:
Ես քեզ վեր եմ կարծել ու երազել: Հիմա տեսնում եմ, որ քո ներսում առաքինի և ոչ մի հատկանիշ չկա, դու բարոյազուրկ ոչնչություն ես, փառքի տենչող անկուշտ խրտվիլակ: Ասում են` պաշտոնը մարդուն ավելի բարձր մարդ է դարձնում, իսկ ոչնչությանը` ավելի խորը ոչնչություն: Ես դա գիտեի, բայց չգիտեի, որ այս աստիճան կծախվես, որովհետև չնչին մի շնորհի դիմաց դու քեզ իսկապես ծախել ես մեծամեծերի փառասիրության տոնավաճառում...
Թող հոգիդ արտասվի կյանքում ինձ կորցնելու, չգնահատելու, կյանքում շնորհիվ ինձ լավը ու հոգով վեհ չդառնալու համար, այդպիսին դառնալ չձգտելու համար, թող հոգիդ արտասվի մեր բաց թողած երազանքների համար... Թող գժվես սեփական նվաստությունից ու հասկանաս, որ քեզ համար ոչ մի ներում գոյություն չունի, որ դու շատ խորը թաղվել ես մեղքերի մեջ, իսկ ես քեզ փրկել արդեն չեմ էլ ուզում, դու միշտ ցածր ես լինելու, իսկ այդ գիտակցումով ես դեմքիդ նայել իսկ անկարող եմ դառնալու... 
Ասում էի` իմ սերն ավելի հզոր է, քան ցանկացած տղամարդու խոսք: Տեսա՞ր, որ ճիշտ էի, տեսա՞ր, որ սպասում էի ու հավատում ստերիդ, տեսա՞ր, որ ամեն բան պարզվեց, որքան էլ չուզեիր, որքան էլ թաքնվեիր քո դիմակների ներքո, որքան էլ ջանայիր ամուր բռնվել ինձնից...
Ես մեղքերդ չեմ խնկարկելու, մեղքերիդ համար չեմ աղոթելու, հոգուդ համար փրկություն չեմ աղերսելու, ես քեզ մեն-մենակ եմ թողնելու, որ կյանքում ավելի ներքև իջնես ու ցած գլորվես, որ սուզվես քո ճահճում... Դու դրան ես արժանի...
Պարտվել ես: Իսկ հիմա գլխահակ կանգնիր ու իմացիր, որ հոգով ինձնից մի ամբողջ աշխարհ ցածր ես, իմացիր, որ ատում եմ էությունդ, աննկարագրելի նողկանք զգում քո հանդեպ, իմացիր, որ քո անհանգիստ ու անկայուն էությամբ թույլ ու անզոր ես իմ վեհության, բարձրության, անմեղության ու մաքրության առջև, իմացիր որ կյանքում ինձ պարտք ես մնացել, որ խիղճդ ծախել ու վաճառվել ես...

Nov 26, 2014

Նախկինը



Գնա: Ուղղակի գնա: Չշրջվես նույնիսկ: Չնայես վրաս: Անգամ թե վիրավորեմ քեզ, բղավեմ, որ վախկոտ ես, անգամ թե քարեր շպրտեմ քո ետևից, կամ թե աղաչեմ, որ հետ գաս: Չգաս, չլսես ինձ, կգնաս: 
Հեռացիր: Անգամ թե մի օր գժվեմ կարոտից, գամ կանգնեմ անդունդի եզրին ու ձեռքս քեզ մեկնեմ, չկառչես ինձնից: Հեռացիր, որ մաքրեմ հիշողություններս քեզնից ու նոր կյանք սկսեմ:
Չհիշես ինձ: Անգամ թե ինքս հիշեցնեմ քեզ իմ մասին, ներխուժեմ հոգիդ ու այն տակնուվրա անեմ: Ես դա կանեմ, բայց դու չհիշես ինձ: Ես կշարունակեմ գողանալ քեզ քեզնից, բայց դու չպիտի լսես ինձ, կարդաս կամ զգաս:
Գնա: Սիրտդ ինձ մոտ թող ու գնա: Իսկ դու դադարիր շնչել, շնչակտուր եղիր, բայց գնա, կործանվիր, բախվիր քո կառուցած ժայռաբեկորներին ու մնա դրանց ծանրության տակ: 
Տանջվիր, բայց գնա: Սիրիր, բայց գնա: Իմ մասին մտածիր, բայց հասկացիր, որ մտապատկեր էլ մնալու եմ, թաղվելու եմ անցյալիդ անդառնալի սխալների մեջ ու մի ամբողջ կյանք հոգեպես ու բարոյապես խեղդելու եմ քեզ ներսից: Գնա, բայց իմացիր, որ միշտ էլ ուզելու ես հետ գալ: Իմացիր, որ միշտ լինելու եմ` ոչ քեզ համար, այլ հանուն մեկ ուրիշի...
Կարծում ես` ցա՞վ եմ զգում: Չէ, հարգելի՛ս, ես մի անգամ արդեն եղել եմ դժոխքում, մահացել ու հոգի եմ համբարձել:
Ինչո՞ւ է այդպես: Քեզնից էի հիասթափվում, բայց քո տված ցավն այնքա՜ն աննշան էր, որ նորից նախորդի ցավն էր զարթնում: Նախորդի պատկերն էր խառնվում առօրյա օդին, նախորդի շունչն էր սավառնում ամենուրեք, նախորդի խոսքերն էին սկսում հնչել գլխումս, ես նախորդով էի ծածկում բոլորին... 
Երևի որովհետև կյանքում միայն մեկ անգամ են սիրում` ահա ամբողջը: Որովհետև այն մեկից հետո ամեն բան կեղծ է, ինքնախաբեություն, որովհետև ինձ նման աղջիկն իրոք լոկ մեկին կարող էր կյանքը նվիրել ու այն ետ ստանալ` մահանալ ու նորից ծնվել...
Դու սերդ ուրիշին տվեցիր, իսկ ես իմ նախկինին հիշեցի...
Նրանից ոչնչով առավել չես, բայց պարզվեց, որ անգամ պակաս էլ ես...

Nov 11, 2014

100 տարի անց (Մաս 1)



Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ


Իմ պատուհանից բացվող ու նահանջի ճամփան երբեք չբռնող Մասիսի սպիտակափառ գագաթն է, որն իր խորհրդավոր փայլով դարերի ու հազարամյակների պատմություն է ամփոփում:
Ես հայ եմ` արմատներով սասունցի: Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Սասուն աշխարհի զավակ լինելով ու իմ մեջ նախնիներիս շունչը կրելով` դեռ մանկուց բազում պատմություններ էի լսել Էրգրի կարոտի, Սասունից բռնագաղթված ու հայրենի եզերքը հեռվում թողած հորս պապի` Խաբլջոզի Մանուկի և շատ ուրիշների մասին: Ճակատագրի հարկադրանքով խաթարված կյանք, ավերված գյուղեր, բնաջնջված հայեր…
Արևելյան Հայաստանում ապաստան գտած շատ-շատերը դեռ չխամրող հույս ունեին. վերադառնալ: Հայի անկախ, ինքնիշխան ու երբեք չընկճվող ոգին անկոտրում էր ամենադաժան արհավիրքներից հետո անգամ…
Սակայն… «Արևմտյան Հայաստան» երազանքը սահմանից անդին է դեռ…

***
2014 թվական: Երևան: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Սեպտեմբեր: Մագիստրատուրա 2-րդ կուրս: Համընդհանուր ժխոր, 80 րոպե տևող բուռն քննարկումներ: Դասախոսը մեջբերում է անում հայտնի հոդվածից.
- Թուրքիայի նախկին վարչապետ (ներկայիս նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014 թ.-ի ապրիլի 24-ի նախօրեին պատմության մեջ առաջին անգամ իր պետության անունից ցավակցել է 20-րդ դարասկզբին իրենց կյանքը կորցրած հայերի թոռներին:
- Հայերը ոչ թե պարզապես «կորցրել են իրենց կյանքը», այլ դաժանորեն ցեղասպանվել հենց թուրքերի կողմից,- ասում եմ ես:
- Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի Հանրապետությունը 1915-ի դեպքերը գիտականորեն հետազոտելու համար կոչ է արել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Թուրք, հայ և օտարերկրյա պատմաբանների աշխատանքը 1915-ի դեպքերի վրա լույս սփռելու և պատմությունը ճիշտ հասկանալու գործում կարևոր դեր կխաղա:
- Ցինիկ հնարք, հերթական ժխտողական քաղաքականություն: Չի՛ կարելի խեղաթյուրել բոլորին հայտնի պատմական իրողությունը,- շարունակում եմ ես:
- Լուսինե՛, իսկ ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է: Գուցե չի եղել: Ես այնքան էլ հավատ չեմ ընծայում մեր պատմաբաններին, հակառակ կողմին էլ կարելի է լսել, թե չէ մենք մերն ենք ասում, նրանք` իրենցը, լավ կանեինք մոռանայինք այս հարցի մասին,- ասում է համակուրսեցիներիցս մեկը:
- Ինչպե՞ս թե «ինչո՞ւ ես այդքան վստահ, որ ցեղասպանություն իրոք եղել է»: Դու Արևմտյան Հայաստանից գաղթած ազգականներ, ծանոթներ ունեցե՞լ ես: Որևէ վկայություն կարդացե՞լ ես: Երբևէ տեսե՞լ ես, թե ինչ ցավով, մրմուռով են խոսում ու վերապրում 100 տարվա վաղեմության ոճիրը: Ավելի քան 1.500000 հայեր տեղահանվել են, գազանորեն սպանվել, գլխատվել: Երիտթուրքական կառավարության նպատակը հայերին ոչնչացնելն է եղել, արևելյան Անատոլիան հայերից դատարկելը: Թալեաթ փաշան Աբդուլ Համիդի սկսած զանգվածային ջարդերի շարունակողն է եղել, իսկ այդ եղեռնագործ սատանայի ահեղ դատաստանը հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանն է կայացրել, մի մարդ, որն իր աչքերով է տեսել այդ անհավատալի արհավիրքն ու սարսափը: Իսկ դու ու, ցավոք, քեզ պես շատ ուրիշներ դեռ կասկածում ու թուրքական քարոզչամեքենայի զոհն են դառնում: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե թուրք պատմաբաններն ինչ ստեր են ասում ու գրում: Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր Թուրքիայի կողմից, չէին լինի Բաքվի և Սումգայիթի ջարդերը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Գուրգեն Մարգարյանի բարբարոսական կացնահարումը, Հրանտ Դինքի սպանությունը, հայկական եկեղեցու պայթեցումն ու քեսաբահայության տարհանումը: Թուրքը մնում է թուրք` քանի հազար տարի էլ անցնի:
Բոլորը միանգամից լռեցին: Դասախոսը նույնպես ոչինչ չասաց: Չդիմացա: Ընդհանրապես ես անարդարություն չհանդուրժող եմ, համարձակ: Ասացի ու հետո ամբողջ դասի ընթաքցում այլևս չխոսեցի: Սուս-փուս նստել էի, մտովի մեր գյուղն էի հիշել, հորս հայրական տունը: Զգացի, որ կարոտել եմ տատիկիս: Պապիկիս չեմ տեսել, իմ ծնվելուց շատ տարիներ առաջ է մահացել:

***
Խաբլջոզի Մանուկը զվարճախոս կենսափիլիսոփա է եղել: Խորախորհուրդ խոսքն ու զրույցը, հրաշալի պատմություններն ու զվարճապատումներն անպակաս են եղել նրանից:
Նվիրական Էրգիրը կարոտով ու մորմոքով էր թողել... Կնոջը` գեղեցկուհի Մարիամին այրել էին: Գաղթի դժվարին ճանապարհին դստերը` փոքրիկ Իզմիրին հանձնել էր մի քրդի: Ետ դառնալու հույս էր ունեցել, սակայն...
Թալինի շրջանի Աշնակ գյուղում պատսպարված ու նոր կյանք սկսած, նոր տուն-տեղ դրած` նա շարունակել էր պահպանել հայրենասիրական շունչն ու կորովը, հետևել նահապետական վեհ ու առաքինի պատգամներին:
Երեք որդի ունեցավ` Պերճ, Աշոտ և Թովմաս: Աշոտ Թովմասյանը պապիկս է եղել: Տարիներ անց Իզմիրի և Մանուկի որդիների միջև նամակագրական գաղտնի կապ է հաստատվել: Թուրքերեն իմացող մեկի միջոցով հայերեն գրվածի թուրքերեն թարգմանում և հակառակը, վախ, սպասումներ, թաքուն ընթերցումներ, խոսակցություններ: Մի քանի լուսանկարներ ու նամակներ` պապիկիս դարակում խնամքով պահված, որոնք վկայում են անցյալի չմոռացվող էջերի ու ապրած տանջալից տարիների մասին: Նրա մահից հետո, ցավոք, կապը գրեթե խզվել է… 

***
2014 թվական: Երևան: Նոյեմբեր:
Գրասեղանիս կույտերով գրքեր են դրված: Դրանք այն գրքերն են, որոնք հերթով պիտի կարդամ: Հայրս շատ հաճախ գրքերի մի կապոց ձեռքում բռնած տուն է գալիս, մտնում իմ սենյակ ու ծանոթացնում ինձ հին կամ նոր, մոռացված կամ թե երբեք չհնացող էջերի անվերջությանը, որոնք տարբեր երկրների ու թագավորությունների, ազգերի ու ժողովուրդների, աստվածների ու հավատալիքների, Ռոմեոների ու Ջուլիետների պատմություններ են ամփոփում... Այնպես որ իմ կույտը պարբերաբար թարմացվում է. պակասում, ապա համալրվում նոր գրքերով:
Ու մի օր աչքովս մի գիրք է ընկնում. Ֆեթհիյե Չեթին - «Մեծ մայրս»: Հետաքրքրությամբ վերցնում եմ ու սկսում թերթել: Որքան ժամանակ է այս գիրքը դրված է իմ առջև, իսկ ես նոր եմ միայն նկատում այն:
Սկսում եմ ընթերցել: Սկզբնական «միայն մի քանի էջ թերթելը» վերածվում է ինքնամոռացության ու ինքս էլ չեմ նկատում, թե ինչպես եմ խորասուզվում ու խորտակվում հեղինակի հուշագրական վիպակի մեջ: Պատմում է իր տատի կյանքը, որը խոստովանել է հեղինակին իր հայ և մինչև 1915 թվականը քրիստոնյա լինելը: Ուշագրավ տողեր տեղահանման, կոտորածի ու աքսորի վերաբերյալ, որոնք բորբոքում են սեփական հուշերս…
Հորս հորեղբոր` Պերճ Թովմասյանի թողած գրական հարուստ ժառանգության մեջ ևս պատկերվում են Սասուն-Մուշ աշխարհը, գաղթյալ ժողովրդի զավակները` Խաբլջոզի Մանուկը, Համզե Բջուկը, Դավոն, դարբին Գրիգորը, Խուկեն, Ջուլհակ Կարապետը, Սրնգահար Արեն, Խոթա Միրոն, Բջե Ավեն, Տալվորիկցի Գաբրիելը, Փոփե պապը և շատ ուրիշներ...
Մի կողմ եմ դնում գիրքն ու սկսում մտածել… Իսկ որքա՜ն շատ հայեր են մնացել Թուրքիայում, դարձել մուսուլման, թրքացվել: Ինքս էլ այնտեղ վաղուց կորած ու մոռացված ազգականներ ունեմ: Երբ փոքր էի, Թուքիայից մի մարդ էր եկել գյուղ: Ասում էին` Իզմիրի բարեկամներից է: Մահմուդ էր անունը:
Տեսնես նա կա՞ Ֆեյսբուքում: Այ թե միտք ծնվեց գլխումս: Ֆանտաստիկ կլիներ, եթե կարողանայի գտնել նրան, իսկ նրա միջոցով` Իզմիրի թոռներին կամ ծոռներին: Վստահ եմ, որ նրանցից գոնե մեկը գրանցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցում: Ի՜նչ լավ կլիներ, եթե այն ժամանակներում համացանցը գոյություն ունենար: Կապը չէր կորի: Թեկուզ հեռու և օտար` նրանք միշտ աչքիդ առաջ կլինեին, կտեսնեիր, թե ինչպես են ապրում, ինչով են զբաղվում: Հա՞յ են, թե…
Սեդա տատիկս պատմում է, որ Իզմիրը խութեցի հայի հետ է ամուսնացել, սակայն ապրել են որպես ծպտյալ հայեր, դարձել մուսուլման: Հինգ երեխա են ունեցել` երկու տղա, երեք աղջիկ. նրանց երակներում հայի արյուն է հոսում:
Հիշում եմ, որ տարիներ առաջ գյուղում տատիկս ինձ մի լուսանկար ցույց տվեց: Իզմիրի քսանմեկ թոռնիկներից մեկին` տասներեքամյա Հերիքնազին ինձ էր նմանեցրել: Լուսանկարի աղջնակն իսկապես նման էր ինձ` սևագանգուր մազերով, սևաչյա փոքրիկ գեղեցկուհի էր:
Իզմիրի թոռները հիմա արդեն բավականին մեծ են, իրենց երեխաներն ունեն: Գուցե թուրքի հետ են ամուսնացել: Հայի արյանը թուրքի արյուն է միախառնվել: Տեսնես այդ արյուններն ինչպե՞ս են միաժամանակ հոսում երակներով, չե՞ն բախվում իրար, մերժում, դատապարտում: Ներքին խռովք ու ընդվզում չե՞ն փոթորկվում ու դուրս գալիս ափերից: Ինչպե՞ս են իրենց ներսում կրում հային ու թուրքին: Պատերա՞զմ են մղում սեփական եսի դեմ, թե՞ վաղուց հաշտության պայմանագիր են կնքել: Հաշտությո՞ւն: Ի՞նչ հաշտություն կարող է լինել հայի և թուրքի միջև:
Ուզում եմ գտնել նրանց: Շատ եմ ուզում: Բնավորությամբ զգացմունքային եմ, համառ, ուժեղ և հաստատակամ, ասածս անող, խոսքս ու ցանկությունս պնդող, ուզածիս հասնող: Չէ՛, պիտի կարողանամ կապող մի թել գտնել: Եթե ե՛ս դա հիմա չանեմ, ինձնից հետո ոչ մեկ չի անի:
Իսկ եթե իրոք գտա՞: Ի՞նչ պիտի անեմ: Նամա՞կ գրեմ: Բարև, մենք ազգականներ ենք: Ուղղակի ես հայկական ազգանուն ունեմ, իսկ դու թուրքական: Ուղղակի 100 տարի առաջ ցեղասպանություն է տեղի ունեցել, ու հիմա մենք տարբեր աշխարհներում ենք ապրում: Ուղղակի ես քրիստոնյա եմ, իսկ դու` մուսուլման: Ուղղակի ես հայ եմ, իսկ դու…
Ի՞նչ կզգամ այդ պահին, երբ գտնեմ ու սկսեմ զննել նրանց: Տեսնես անուններն ի՞նչ են, ի՞նչ տեսք ունեն, ինչպիսի՞ն են: Գիտե՞ն, որ իրենց ներսում, ենթագիտակցության ակունքներում խորը թաղված հայ կա: Գիտե՞ն ու ճանաչո՞ւմ են, թե՞ ստիպված են եղել խեղդել իրենց մեջ ալիքվող հայի ոգին:
Չնայած… Հնարավոր է, որ հայն իրենց հոգում շատ ավելի վառ է, քան այժմ Հայաստանում ապրող շատ-շատերի մեջ, որոնք մոռացել են իրենց պատմությունն ու անցյալի դասերը: Հնարավոր է, որ հայն իրենց մեջ ապրում ու զարկում է ուժգնորեն, խելահեղ ու կատաղի, ով գիտի…

***
- Արմինե հորաքույր, բարև: Ինչպե՞ս ես: Նոր մտքովս տարիներ առաջ Թուրքիայից եկած Մահմուդ անունով մեր ազգականն անցավ: Որևէ տեղեկություն ունե՞ս նրանից: Կապ կա՞: Ուզում եմ գտնել նրան Ֆեյսբուքում ու Իզմիրի երեխաներից, թոռներից կամ ծոռներից հարցուփորձ անել:
- Մհեր հորեղբայրն է Մահմուդի հետ կապ պահում: Հիշո՞ւմ ես` Մայիսի 27-ին Աշնակում տեսանք նրան երկու տղամարդկանց հետ: Այդ մարդիկ Մահմուդի բարեկամներն են, նրանցից մեկը կա ֆեյսբուքյան ընկերներիս ցուցակում:
- Հա, լավ եմ հիշում: Շնորհակալ եմ հորաքույր, հիմա կգտնեմ այդ մարդուն ու նամակ կգրեմ: Երբ նորություն ունենամ, կասեմ:
Աստվա՜ծ իմ: Իսկապես: Մայիսի 27-ին` հայտնի հայդուկապես Գևորգ Չաուշի մահվան օրը, որն այժմ նշվում է որպես ֆիդայատոն, գյուղում` հորս հայրական տանը Մհեր հորեղբոր և նրա երկու հյուրերի համար սուրճ պատրաստեցի: Նաև հիշում եմ, որ սուրճը մատուցելիս նրանցից մեկը շնորհակալություն հայտնեց` ասելով «şükür»: Երբ այդ բառը լսեցի, մի պահ սառեցի, ապա արագ հեռացա: Հասկացա, որ ասվածը թուրքերեն էր:
Ինչևէ, կգտնեմ այդ մարդուն ու նամակ կգրեմ, հայերեն դժվար թե հասկանա, այնպես որ անգլերեն կգրեմ:
Ահա նա` թուրքին բնորոշ դիմագծերով ու արտաքինով: Մեր գյուղում արված լուսանկարներ էլ ունի` Վրեժ Իսրայելյանի` «Առանց սասունցու աշխարհը տխուր կլինի» հայտնի ու սիրված խոսքերի առջև: Ի՞նչ անեմ: Նախ հայրիկին ասե՞մ, հետո՞ գրեմ նրան: Չէ՛, թող հայրիկը դեռ չիմանա…
Ուղարկեցի: Ակնթարթային արագությամբ նամակս կհասնի նրան, իսկ նախկինում որքա՜ն ջանք են թափել իրար հետ հաղորդակցվել կարողանալու համար:
Ժամեր են անցել: Նա կարդացել է նամակս, բայց չի պատասխանել: Ինչո՞ւ: Հնարավոր է, որ անգլերեն չի հասկանում: Բայց ես հանձնվողը չեմ, թուրքերեն կգրեմ: Ի՞նչ է, մի թարգմանիչ չե՞մ կարող գտնել:
Գրառում հրապարակեցի Ֆեյսբուքում: Մի քանի աղջիկներ միանգամից արձագանքեցին, ու հաշված րոպեների ընթացքում անգլերեն գրված նամակս դարձավ… թուրքերեն…
Գիտե՞ք, թե ինչ զգացի, ես նայեցի թուրքերեն գրված տողերին, երբ լեզվաբանի աչքերով տնտղեցի թարգմանվածն ու փորձեցի հասկանալ բովանդակությունը: Ես նողկանք զգացի, լցվեցի ատելությամբ ու թշնամությամբ, ինքս ինձ հետ կռիվ տալով` դա Մահմուդի ազգականին ուղարկեցի ու սկսեցի սպասել…
Պատասխանեց: Գրել էր, որ հորեղբայրներս նույնպես հարցրել են իրեն Իզմիրի մասին, ու ասաց, որ կփորձի մի բան իմանալ ու կտեղեկացնի ինձ:
Ուրախացա, հոգեպես հուզվեցի ու ինքս իմ մեջ հստակ որոշեցի, որ այնքան ժամանակ կանհանգստացնեմ այս մարդուն, մինչև նա իրոք որևէ բան իմանա ու ասի ինձ: Անգամ եթե սպասումներս դրական լուծում չստանան ու պարզվի, որ Իզմիրի սերունդներն այլևս թուրք են ու չգիտեն նույնիսկ, որ իրենց նախնիները հայ են եղել: Անգամ եթե նամակիս չպատասխանեն, կամ ասեն, որ մեզ հետ ոչ մի կապ չեն ուզում ունենալ…
Ես ուղղակի ուզում եմ իմանալ, որ փորձել եմ…

***
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից անցել է ուղիղ 100 տարի…
Նախախնամությո՞ւն էր, արյան կա՞նչ, թե՞ հոգու պարտք, որ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի հենց նախաշեմին հանկարծ պիտի որոշեի գտնել իրենց ակունքներից զրկված ազգականներիս, ազգականներ, որոնք երբեք էլ հարազատներ չեն դառնա` որքան էլ ուզենք: Ինչո՞ւ հենց հիմա հիշեցի նրանց, չէ որ գրքի ընթերցումն այն կայծը չէր, որ պիտի իմ ներսում մղում շնչավորեր:
Ուզում եմ հավատալ, որ մի գեղեցիկ օր նամակ կստանամ, որով ինձ կտեղեկացնեն, որ այն մարդիկ, որոնց փնտրում եմ, գտնվել են: Ուզում եմ հավատալ, որ հոգումս ծնունդ առած ճիչն իր դրական արձագանքը կստանա...
Երբ աշխարհասփյուռ հայությունը ոտքի կանգնի ու միահամուռ ուժերով լծվի Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման գործին, այլևս ոչ մի թուրք չի համարձակվի ձեռք բարձրացնել հայի վրա: Պահանջատեր լինենք ու կրենք մեր ժողովրդի պատվի դրոշը, ճանաչենք մեր պատմությունն ու անցյալը, համախմբվենք ու միասնական լինենք... Այդժամ միայն կհաղթանակենք...
Ու ես վստահ եմ, որ մի օր մեր պապերի երազանքի Էրգիրը մեր է լինելու: Մի օր գնալու ենք այնտեղ ոչ իբրև զբոսաշրջիկ, այլ իբրև տեր` ի վերուստ մեզ վիճակված հողի վրա սասունական խենթ սիրով ու ջերմաշունչ կարոտով կառուցելու, շենացնելու ենք գյուղեր ու քրիստոնեական սրբանվեր եկեղեցիներ...

***
Իմ պատուհանից բացվող ու նահանջի ճամփան երբեք չբռնող բիբլիական Մասիսի ձյունաճերմակ գագաթն է, որն իր հերոսական լույսն է տարածում ողջ Հայաստան աշխարհով մեկ…

Nov 3, 2014

Այլևս ինձ չես զանգում...


Այլևս չունեմ քեզ: Էլ իմը չես: Այլևս չեմ շնչում ու արտաշնչում անունդ մտքումս հազար անգամ կրկնելով ու այդ անվամբ հիանալով: Այլևս մեռել ենք իրար համար: Ատո՞ւմ ես ինձ:
Այլևս չունեմ քեզ: Էլ իմը չես: Չես էլ եղել: Ո՛չ նախորդ կյանքում, ո՛չ անցյալ տարի: Երբեք էլ ինձ չես պատկանել, երբեք չեմ զգացել վերնաշապիկիդ բույրն ու չեմ գժվել այդ բույրից, երբեք չեմ դիպչել իմ երազած մատներին ու չեմ հալվել քեզ գրկելուց: Երբեք: Այլևս թշնամիներ ենք` իրարից մի ձմեռ հեռու, իրարից նեղացած ու այդպես էլ իրար չներած: 
Այլևս ինձ չես զանգում... Այլևս չեմ լսում կարոտից խեղդվող շնչառությունդ, չեմ լսում կատարյալ լռության մեջ չարտասանած բառերդ, բառեր, որոնք գուցե փոխեին ամեն ինչ... Այլևս չես զանգում, մեռել ենք իրար համար, ես քեզ վաղուց, շատ վաղուց եմ թաղել: Ինձ խեղդե՞լ ես քո մեջ, ստացվե՞լ է:
Չկանք: Մենք երբեք ֆիզիկապես կողք-կողքի չենք եղել, բայց քարկապել ենք մեր հոգիներն իրար ու հույսով սպասել` Աստված գիտի, թե ինչին: Չկանք էլ իրար համար, հիմա ներսումս ուրիշ անուն եմ դրոշմել, քեզ պատռել եմ իմ սրտից, հանել ու դուրս շպրտել: Մենք աշխարհի ամենաօտար մարդիկ ենք` իրարից մի աշուն ուշացած, իրար չհասած, իրար չմոռացած... Ես դեռ լսում եմ այն մեղեդին, գիտե՞ս: Ես դեռ փորփրում եմ անցյալի թղթերս, գտնում քեզ ու...
Չկաս: Էլ ինձ համար չկաս: Այլևս չես կառավարում մտքերս, այլևս փոշի ես, իսկ քամին քեզ վաղուց է քշել ու տարել:
Ես չներեցի քեզ: Գրողը տանի, չկարողացա: Չուզեցի: Չստացվեց: Դու հավետ թշնամի դարձար, որին մի ժամանակ կյանքիցս շատ եմ սիրել, կյանքիցս վեր եմ դասել, Աստված եմ կարգել երկրիս երեսին... Չներեցի, ես այդքան ուժ չունեցա, որ քեզ ներեմ: Դու շրջվեցիր ու ուրիշներին լսեցիր: Ահա թե ինչը չներեցի, չներեցի, որ ինձ համար նախատեսված սերն ուրիշին նվիրեցիր, որ ուրիշը շնչեց վերնաշապիկիդ բույրն ու գժվեց: Իսկ ես քեզ ազատ արձակեցի․․․
Թող նա շնչի քեզ: Թող սիրի, թող վայելի քեզ: Խնդրեմ: Այդ պահին փակիր աչքերդ ու պատկերացրու, որ ինձ էլ են սիրում: Ու ոռնա քո հիմարությունից ու անզորությունից, տառապիր ու լցրու աչքերդ իմ անցյալի սիրո արցունքներով, գոռա, ողբա ու հասկացիր, որ երբեք, այլևս երբեք ձայնս չես լսելու գիշերային մթության մեջ, որ այլևս մեռել ենք իրար համար, թաղել իրար ու հոգեհանգիստ կազմակերպել: Ատո՞ւմ ես ինձ: Ես քեզ ավելի շատ...

Oct 4, 2014

Նամակ ինքս ինձ` 20 տարի անց


Չգիտեմ էլ` ինչպես կարելի է սկսել մի նամակ, որն հասցեագրված է ինքս ինձ... Բարև, Լուսինե... 
Դու դեռ նո՞ւյնն ես: Դե՛, նկատի ունեմ դու նույն Լուսինե՞ն ես` հենց այն նո՞ւյնը, քո մեջ ոչինչ չի՞ փոխվել... Երանի այս տողերը կարդալիս չհուզվես, այլ լուռ ժպտաս ու մտքումդ ասես, որ կյանքը չկարողացավ հաղթել քեզ...
Դեռ գրո՞ւմ ես: Գրքե՞ր: Ա՜խ, երանի շուտ մեծանամ ու հասնեմ քո տարիքին: Իսկ եթե չես գրում, ես կնախընտրեմ բնավ չզգալ, թե ինչ է նշանակում ապրել առանց հույզերն ու ապրումները թղթին հանձնելու: Ընթերցողներ շա՞տ ունես: Քեզ սիրո՞ւմ են...
Իսկ վարսերդ ներկե՞լ ես, թե՞ դեռ նույն սևագանգուրներն են: Իսկ դու քանի՞ կիլոգրամ ես, դե ես հույս ունեմ, որ շատ չես գիրացել: Հիմա ես երազում եմ չաղ ու բախտավոր լինելու մասին, դու բախտավո՞ր ես: 
Հույս ունեմ, որ կամային հատկանիշներդ, կյանքի հանդեպ տենչն ու ձգտումը չեն կոտրվել: Ես հույս ունեմ, որ դու նույն ուժեղ, համարձակ և ուրախ աղջիկն ես: Բայց նաև ես կյանքի չափ ուզում եմ հավատալ, որ հոգիդ այժմ ուրախ է, ուզում եմ հավատալ, որ ներսիցդ բաց ես թողել բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ ցավ են պատճառել քեզ: Ներե՞լ ես նրանց: Ես չեմ կարողանում:
Ասա, որ երջանիկ ես: Եթե երջանիկ չես, ես չեմ ապրի այդքան: Հիշո՞ւմ ես` երդվել եմ կյանքի գնով էլ լինի գտնել իմ երջանկությունը, միայն թե չասես, որ հիմարի պես հանձնվել ես: Ես քեզ դա երբե՛ք չեմ ների: Լավ հիշիր քեզ քսան տարի առաջ, հիշի՛ր, թե որքան էիր ուզում ապրել ու արարել, կանգ չես առել, չէ՞:
Ո՞ւմ հետ ես ամուսնացել: Նրա, որին դո՞ւ էիր սիրում, թե՞ նրա, որը քեզ էր սիրում: Թե՞ լրիվ անծանոթ մեկի հետ: Ամեն դեպքում դու պարտավոր ես երջանիկ լինել, լսո՞ւմ ես, անգամ եթե կյանքը չի դասավորվել այնպես, ինչպես ես եմ երազում ու ցանկանում: Թքա՜ծ: Ընդունի՛ր կյանքի մարտահրավերը, գլուխդ վերև բարձրացրու ու ասա աշխարհին, որ կհաղթես ցանկացած փորձություն, որովհետև դու` այսինքս ես, շատ եմ տանջվել, կյանքից մի կյանք հիասթափվել, դարձել եսասեր ու անտարբեր բոլորի ու ամեն ինչի հանդեպ: Ասա, որ երջանիկ ես, ուղղակի ջերմորեն ժպտա երեխայիս նամակին, համբուրիր ճմրթված թուղթն ու գրկիր տարիներդ:
Դու հիմա գեղեցիկ, հասուն ու կայացած կին ես: Այդտեղ` ապագայում, ամեն բան լա՞վ է: Հարազատներդ կողքի՞դ են: Լսիր, դու ընդհանրապես Հայաստանո՞ւմ ես:
ԱՄՆ-ում եղե՞լ ես: Եթե ոչ, ապա շտապիր հասնել երազանքիս ետևից, կյանքը կարճ է, խնդրում եմ չմերժես ինձ: Տա՛ր ինձ ԱՄՆ, ցույց տուր երազանքներիս երկիրն ու լուսանկարվիր: Շա՛տ լուսանկարվիր:
Ազգանունդ չես փոխել, չէ՞: Թովմասյա՜ն: Պաշտո՜ւմ եմ այս ազգանունը: Հայրիկը երբեք ինձ չի ների, եթե պարզվի, որ դու հետո այն փոխել ես: 
Անհամեստ մի հարց` արդուկել սովորեցի՞ր, թե՞ դեռ այրում ես մատներդ: Ի դեպ, տնային գործերի՞ց ինչպես ես:
Իմ աղջիկն ո՞ւմ է նման: Իմ Լաուրան գեղեցիկ, շնորհալի ու առանձնահատուկ աղջիկ է, այնպես չէ՞: Թող նա ինձ պես երազկոտ ու ռոմանտիկ չլինի, թող աշխարհներ գրավի, մեծ բարձունքների հասնի: Նա դափնեկիր է` լաուրեատ: Աղջիկս պետք է աշխարհում լավագույնը լինի: Իմ պատկերացումներում նա այդպիսին է...
Ամուսինդ սիրում է քեզ, ուզում եմ հավատալ: Դե՛, սիրում է ոչ այնպես, ինչպես մնացած բոլոր ամուսիններն են սիրում իրենց կանանց: Նա քեզ անսահման շատ պիտի սիրի, խենթանա, նա պիտի ապրի քեզնով ու քո պաշտպանը լինի: Հավետ: Պիտի ամո՜ւր-ամո՜ւր բռնի ձեռքդ, բաց չթողնի ու թույլ չտա, որ դո՛ւ բաց թողնես: Եթե նա քեզ չի սիրում այսպես, ապա պետք չէր ամուսնանալ:
Քսան տարի անց... Ոչ ոք չի կարող ասել, թե կյանքն ինչպես կդասավորվի, բայց ես ուզում եմ իմանաս, որ ես միշտ սիրելու եմ քեզ` այսինքն ինձ, ուզում եմ իմանաս, որ ինչ էլ պատահի, ես քեզ երբեք-երբեք չեմ մեղադրի, հավատա՛, ես գիտեմ, որ քո ցանկացած ընտրություն Աստծո կամքն է եղել, ես գիտեմ, որ խղճիդ առաջ մաքուր ես, գիտեմ, որ նույն բարին ես, նույն լույսը: Լաց չլինես, եթե քո կյանքում որևէ բան դեռ այնպես չէ, եթե դեռ չես գտել ինքդ քեզ, ապա գրիր, ինչպես հիմա ես եմ գրում, գրիր, անպայման գրիր, երբեք չդադարես... 
Սիրում եմ, գրկում և համբուրում: Ես միշտ կողքիդ եմ լինելու...

Oct 3, 2014

Ամենաբարի մարդը


Բարև, սիրելի՛ ընթերցող: Եթե բլոգիս նոր տեսքը զարմացնի քեզ, ապա պատմությունը, որն այժմ կպատմեմ, կհուզի և անհավատալի կթվա...
Հրաշքներ չե՞ն լինում: Լինում են... Հրաշքները հետապնդում են լավ մարդկանց, ակնթարթորեն ներխուժում նրանց կյանք ու ստիպում հավատալ, որ անհնարին ոչինչ չկա...
Պատմությունս ինձ երբևէ հանդիպած ամենաբարի մարդու մասին է: Նա Կարեն Հովսեփյանն է, քսան տարեկան, մասնագիտությամբ վեբ դիզայներ, ծրագրավորող, լրագրող: Նա անսահման բարի, խելացի ու բարեկիրթ, անշահախնդիր ու պատրաստակամ, պատասխանատու և պարտաճանաչ երիտասարդ է, որն անվարձահատույց կերպով գիշերը լուսացրեց բլոգս ձևափոխելով, մինչ ես քնած էի: Նա օգնության ձեռք մեկնեց, բարեգործի նման կատարեց բոլոր բծախնդիր ցանկություններս ու խնդրանքներս, նա արեց ինձ համար այն, ինչը շատ հաճախ անգամ մեր ընկերները, մոտ բարեկամներն ու հարազատները չէին անի, նա արեց դա մի աղջկա համար, որի հետ ժամեր առաջ էր ծանոթացել, այն էլ` Ֆեյսբուքով...
«Օգնություն բոլոր բլոգգերներին» ֆեյսբուքյան խմբում օգնություն էի խնդրել, ու Կարենը միակն էր, որ արձագանքեց: Մեր պատահական ծանոթությունից ժամեր անց բլոգս նոր կյանք ու շունչ ստացավ: «Ի՞նչ մեծ բան է որ»` կմտածես դու, սակայն ես ուզում եմ, որ բոլոր-բոլոր ընթերցողներս իմանան, որ իմ բլոգն իմ ուրիշ աշխարհն է, իմ միտքն ու գոյությունը, իմ սիրտն ու հոգին, այն միջավայրը, որտեղ ես ապրում և երազում եմ...
Երբ Կարենին կատակով հարցրի, թե վերջում ի՞նչ մաղարիչ պիտի անեմ, նա ասաց.
- Ի՞նձ: Ես պետք է մաղարիչ անեմ, որ վերջապես հին մասնագիտությունս այսօր ահագին վերհիշեցի: Երկար ժամանակ էր, ինչ նման աշխատանք չէի արել բլոգգերում: Սա ինձ համար գործերից կտրվել է:
Ապա բլոգում որոշ փոփոխություններ անելուց հետո, երբ հասկացա, որ աշխատանքը ծավալուն է ու բարդ և շատ ջանքեր կպահանջի, ես խնդրեցի նրան դադարեցնել աշխատանքը, իսկ նա հետևյալն ասաց.
- Ոչինչ: Ես շա՜տ եմ ուզում, որ բլոգը լավ սարքենք: Լավ մարդկանց օգնելը շա՜տ, շա՜տ լավ է: Մանավանդ, որ լավ մարդիկ քիչ են: Կարող ես հանգիստ ասել առանց քաշվելու, ես ասել եմ չէ՞, երբ իմ օգնության կարիքը ունենաս, դիմիր: Միշտ պատրաստ եմ քեզ օգնել, դա հաճույք է: Մանավանդ այդ վերջին շնորհակալություն բառը, դա ամենալավն է` անկեղծ շնորհակալությունը: 
Ահա և վերջ: Կարենը դարձավ բլոգիս վեբ դիզայները: Մի քանի օր շարունակ էկրանից-էկրան ես ասում էի նրան, թե բլոգի որ հատվածն ինչպիսին եմ ուզում, որ լինի, ու նա համբերատար կերպով կատարում էր բոլոր ցանկություններս: Ես նրան խոստացա, որ երբ հարստանամ, հենց իրեն կդիմեմ կայք ստեղծելու համար: Վստահ եմ` Կարենը լավագույն մասնագետներից է, իր գործի վարպետն ու սիրահարը և դիմացինի ցանկացած խնդրանք կկատարի մեծ սիրով ու նվիրվածությամբ:
Հարգելի՛ Կարեն, ես մաղթում եմ քեզ կափ-կանաչ ճանապարհներ, մեծ բարձունքներ, թող որ կյանքի կոչես բոլոր երազանքներդ ու դափնիներ վաստակես... Դու արժանի ես լավագույնին, իմ լավ ու ամենաբարի ընկեր...

Հ.Գ. Բլոգի HTML կոդն է: Կարենն է գրել, պատահաբար տեսա...

Sep 27, 2014

Ահա այսպես ստացվեց


Դու կարծես բարձրագույն մաթեմատիկայի դասագրքի ամենաբարդ խնդիրը լինեիր, իսկ ես դեռ մանկուց պարզագույն թվաբանություն չէի սիրում... Դու նման էիր խրթին գլուխկոտրուկի, որի շուրջ մարդիկ տարիներով մտատանջվում են, մեկ էլ հանկարծ... Հայտնվում է բանից անտեղյակ մի մարդ, նայում-նայում է հանելուկին ու առաջին հայացքից պարզամիտ թվացող պատասխան առաջարկում: Սկզբում բոլորը ծիծաղում են, ապա ընկնում մտքերի մեջ ու հասկանում, որ շատ հաճախ կյանքն իր սեփական հանելուկներն ունի...
Այսպես ես գտա քեզ... Մինչ բոլորը գլուխ էին ջարդում, ես, որ մաթեմատիկա կոչվող գիտությունից միայն թվերը գիտեմ, գումարել, հանել, մի փոքր էլ բաժանել ու բազմապատկել, սիրահարվեցի աշխարհի բարդագույն խնդրին: Ահա այսպես ստացվեց:
Հիշում եմ, որ փոքր տարիքում խելոք խաղում էի խաղալիքներիս հետ ու երբեք չէի վնասում, չէի կոտրում դրանք: Մինչ մյուս երեխաները մասնատում էին իրենց խաղալիքները, փորձում հասկանալ դրանց իմաստը, էությունն ու աշխատելու մեխանիզմը, ես ուղղակի խաղում էի: Ինձ այնքան էլ չէր հետաքրքրում, թե ինչ կա նրանց ներսում...
Հետո մեծացա, բազում տղաների հանդիպեցի, որոնցից քչերն էին գրավում ուշադրությունս: Ես անտարբեր մարդ եմ, մարդկանց ուսումնասիրելու ժամանակ չունեմ, ես չափազանց տարված եմ սիրելիներիս սիրելով...
Դու խնդիր էիր` ծանր, դժվարին, խճճված: Քեզ լուծել էր պետք. ես դա զգացի, հենց քեզ տեսա, առաջին իսկ ակնթարթից: Թող մյուսները գլուխ ջարդեին, բայց էությունդ, տեսակդ, մեխանիզմդ, մտքերդ, հոգիդ ու կյանքդ հասկացողը ե՛ս պիտի լինեի...
Ծանր էր, իսկապես շատ ծանր: Ես անգամ թվերից գլուխ չեմ հանում, էլ ուր մնաց բանաձևերից, լոգարիթմներից, սինուս, կոսինուսից: Աստվա՜ծ իմ, միայն թե դու կարողանայիր պատկերացնել, թե ինչպիսի ցավ եմ զգում այս բառերը գրելիս: Բայց դա քեզ հետ ոչ մի կապ չուներ... Դու այն խնդիրն էիր, որն ինձ երջանկություն էր բերելու... Դու այն տղան էիր, որի սիրտը պիտի շահեի, երբ ամեն ինչ ավարտվեր...
Շատերն ասում էին, որ քեզ գրավելուց հետո զգացմունքներս կփոխվեն, մարդիկ կարծում էին, թե դու ուղղակի սկզբունքի հարց ես ինձ համար: Հիմարնե՜ր: Մարդիկ որքա՜ն են սիրում անտեղի ու սխալ ենթադրություններ անել: Թող խոսեին, ես թքած ունեի, կարևորն այն էր, ինչ ես էի զգում ամբողջ սրտով...
Բայց... Ես չկարողացա գտնել գլխավոր դուռը բացող բանալին, վերջին պահին ես սխալ թիվ գումարեցի, սխալ բանաձև օգտագործեցի, ես արթնացրի քեզ խորը քնից, ես քեզ ապագայի վառ հույսեր տվեցի, բայց ի վիճակի չեղա ամեն ինչ իր ավարտին հասցնել...
Փակեցի գիրքը, նետեցի մի կողմ, արկղեցի, սոսնձեցի, որ մոռանամ, չհիշեմ գոյությանդ մասին, ես ջնջեցի քեզ հետ կապված ամեն-ամեն ինչ, ես պատռեցի բոլոր թղթերն ու խորը շունչ քաշեցի, բայց հենց այդ պահին ինձ սկսեց թվալ, թե ուր որ է կխեղդվեմ...
Չգիտեմ, թե ով երբևէ կլուծի այնքան գեղեցիկ քեզ` այնքան բարդ, այնքան անհասկանալի ու չափազանց զգայուն քեզ... Կամ կլուծի՞ երբևէ... Ես չգիտեմ էլ` հիշո՞ւմ ես ինձ, հիշո՞ւմ ես, թե ինչպես էի ամիսներ շարունակ աշխատում ու փորձում ելքեր գտնել... 
Ես փակել եմ գիրքը, որ ոչ մի թիվ կամ բանաձև նորից շունչ չառնի, չմտնի իմ կյանք... Ես ուղղակի սպասում եմ, մինչ մի գեղեցիկ օր գիրքն ինքն իրեն բացվի, հանելուկն ինքն իրեն լուծվի, որ նայեմ քեզ, ժպտամ ու հասկանամ, որ դու բնավ էլ այդքան բարդ չէիր... Համենայն դեպս` ինձ համար...

Sep 26, 2014

Հուշերի կապոց


Ձեղնահարկի ամենամութ անկյուններից մեկում ամուր արկղված հուշերի կապոց կա` բոլորի կողմից վաղուց մոռացված մանկական խաղալիքներ, մի քանի գրքեր, տետրեր, լուսանկարներ, ձայնասկավառակներ, պատանեկության տարիներին գրված սիրային նամակներ...
Հերթական անգամ բաց եմ անում հուշերիս կապոցն ու մտովի տեղափոխվում անցյալ: Կյանքն ի՜նչ արագ է սահում, անցնում: Այսօրը շուտով երեկ է դառնում, այդ երեկները գումարվում են իրար ու անցյալի էջեր ստեղծում: Ամեն ինչ փոխվում է մեր կամքից անկախ, իսկ մեղավորնե՞ր... Չկան...
Ձեռքս եմ առնում դպրոցական լուսանկարների ալբոմը, թերթում, ժպտում կարոտով ու զգում, որ սիրում եմ լուսանկարում պատկերված ամեն-ամեն ինչ, դպրոցիս գունազրկված պատերն անգամ: Համադասարանցիներս հիմա բոլորովին այլ տեսք ունեն, մեծացել են, հասունացել, բայց իմ հիշողության մեջ նրանք հավետ մնալու են այնպիսին, ինչպիսին այս տարիների լուսանկարներում են: Կյանքի այս փուլում ապրած պահերն ամենաթանկն են, վստահ եմ:
Ձայնասկավառակներ... Հին երգեր, որոնց մեջ այնքան չհնացող խոսքեր ու իմաստներ կան, երգիչներ, որոնք հիմա այլևս չեն երգում, հնչյուններ, որոնք սրտումս քաղցր հուշեր են արթնացնում... Հին ու բարի երգեր, որոնք հիմա արդեն ոչ մեկ չի լսում, որոնց գոյության մասին շատ-շատերը մոռացել են, իսկ նրանք հավերժ ապրելու են իմ ձեղնահարկի արկղված տուփերում...
Խնամքով պահված նամակներ, որոնք կարդալու իրավունք, թերևս, արդեն չունեմ... Այս` այնքան գեղեցիկ ձեռագրով շարադրված տողերի մեջ մեծ սեր կա, քնքշություն, ջերմություն... Բայց այս տողերի հեղինակը ցավոք այլևս չի զգում այն, ինչի մասին գրելու քաջություն է ունեցել երբևէ... Հիմա նա ուրիշին է սիրում... Ձեռագիրն էլ է փոխվել երևի...
Ի՜նչ տարօրինակ է... Որևէ մեկը կարող է կարդալ ու շփոթության մեջ ընկնել... Չէ որ այս տողերը լցված են ամենամաքուր ու գեղեցիկ զգացմունքներով, ես եմ միայն, որ գիտեմ, որ այս զգացմունքներից հիմա ոչինչ այլևս չի մնացել: Այդ որևէ մեկի մտքով չի էլ անցնի, որ կյանքը կարող էր բաժանել իրար այսչափ հավատարիմ սրտեր... Կյանքը փոփոխություններ է սիրում, ուղղակի մի բացթողում, թերություն կա... Հին օրերը, հիշողությունները, ապրած ակնթարթները փոխել չի լինի... Կյանքում մենք միասին չենք, իսկ լուսանկարում մենք հավերժ միասին ենք լինելու, գրված նամակները միշտ նույն զգացմունքն են ամփոփելու, այստեղ երբեք ոչինչ չի փոխվի, ոչ ոք երբևէ չի կարողանա հեռացնել մեզ իրարից...
Ձեղնահարկի ամենամութ անկյուններից մեկում ամուր արկղված հուշերի կապոցը իմ ապրած կյանքի փաստացի ապացույցն է, կյանք, որն հիմա բոլորովին այլ տեսք ունի...

Aug 21, 2014

Ես սիրում եմ քեզ, որովհետև ըղձականը ներկա դարձրիր ու խոստացար մեծ ապառնի...


Լուսաշող մի օր կանգնել ես ճամփիս, ստիպել խոնարհվել սեր խոսքի մասի առջև... Ստորադասվել է ամեն ինչ. դու դարձել ես գերադաս օրերիս շունչն ու հոգին: Դու դարձել ես ամրոց, հանգրվան ես տվել ինձ, օդ ես բովանդակել, անթև պատրանք հորինել... 
Չափ ու քանակի մակբայներն անկարող են նկարագրել սիրուդ մեծությունը. բառերը սկսել են քիչ թվալ, նույնական ու այնքա՜ն պարզ. մեր սիրո համար մի նոր լեզու է հարկավոր...
Շփոթվե՜լ եմ... Հետադաս ու նախադաս ապրումների տարափի մեջ կորցրել եմ գլուխս, հոլովվել քեզ, ձուլվել, հեքիաթի պես ինչ-որ հույսով քեզնով մեկտեղվել ու ամբողջացել... Ա՜խ, ների՛ր, ախր ես անկանոն բայ եմ եղել, ես ազատ եմ եղել, անհնազանդ ու փոթորկուն... Ես օրենքներ չեմ ճանաչել, չեմ սիրել: Հոգիս չեզոք է եղել, հիմա հանկարծ կրավորական է դարձել ու սիրվելու պաշտոնն ինձ շղթայել...
Պատկանելությունս քոնն է, հատկացուցի՛չ իմ սիրելի: Ես անզոր եմ: Քո պարզ ընդարձակ սիրո դեմ ես անուժ եմ, այն այնքա՜ն բարդ է ինձ համար, իսկ ես սիրաշարահյուսական վերլուծություններին սովոր չեմ...
Սիրում եմ քեզ: Սկզբում մի քիչ հրամայական, ապա արդեն հարկադրական, հետո թեպետ պայմանական, սակայն շուտով շատ ըղձական ու վերջապես սահմանական... Ես սիրում եմ քեզ, որովհետև ըղձականը ներկա դարձրիր ու խոստացար մեծ ապառնի... Դու անցյալի փոշին տարար, ներկաս լցրիր վառ գույներով ու լույս գարուն ավետեցիր...
Սիրում եմ քեզ: Սկզբում մի քիչ անիրական, ապա անչափ երազական, շատ խենթաբար, շատ հուզաբար... Դու դրախտի դուռն ես բացել, ներկան կանաչ ես ներկել ու ապառնի որոշել... Ասում եմ. այո...
Սիրում ես ինձ: Գուցե մի քիչ տիրաբար, ապա արդեն հանդարտաբար, պատրանքային, երազային, տենչագին ու բաղձագին...
Տեղի ու ժամանակի մակբայները կանգ են առել, անշնչացել, արձանացել... Տեղն իմ սիրտն է, իսկ ապառնին հավերժական սեր է օրհնում...
Դու երազանքս իրական դարձրիր, մտար իմ կյանք ու մնացիր...

Գրառումը նվիրվում է մրցույթի հաղթող Անի Հակոբյանին:

Jul 20, 2014

Ես ապրում եմ Կենտրոնում



Ես ապրում եմ Կենտրոն վարչական շրջանում և.
  1. Գրեթե ամեն տեղ ոտքով եմ գնում:
  2. Համերգներն ու հրավառությունները պատուհանից եմ դիտում:
  3. Երբեմն ալարում եմ անգամ պատուհանից դիտել:
  4. Կենտրոնի գրեթե բոլոր բնակիչները տառապում են մի հիվանդությամբ. նրանք չեն կարող և չեն ուզում Կենտրոնից հեռու ապրել:
  5. Կենտրոնի բնակիչներին զարմացնում է «քաղաք իջնել» արտահայտությունը:
  6. Կենտրոնի գրեթե բոլոր խանութներում գները համեմատաբար ավելի բարձր են:
  7. Չգիտես ինչու բոլորին թվում է, որ եթե Կենտրոնում ես բնակվում, ապա ամբողջ օրը պիտի զբոսնես Օպերայի տարածքում կամ Հանրապետության հրապարակում:
  8. Կենտրոնում կյանքը չի քնում... Աշխուժություն, եռուզեռ, երթևեկություն, աղմուկ, լուսավորություն` օրվա բոլոր ժամերին:
  9. Ամռանը Կենտրոնում անտանելի շոգ է:
  10. Կենտրոնի բնակիչները հարուստ, գոռոզ ու մեծամիտ չեն և առանձնապես մեծ արտոնություն չեն համարում Կենտրոնում բնակվելը:
  11. Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման կետում մի մարդ միշտ կարծում է, թե դու պատրաստվում ես Էջմիածին գնալ:
  12. Կենտրոնը բուհերի օրրանն է, երիտասարդության զարկերակը:
  13. Կենտրոնն ամենագեղեցիկ ու ամենաբարեկարգ վարչական շրջանն է:
  14. Կենտրոնը քաղաքամայր Երևանի սիրտն է:

Jul 17, 2014

Նա սիրում էր...



Նա սիրում էր սևագանգուր մազերս ու այն, երբ բողոքում էի, թե ինչու ուղիղ մազեր չունեմ: Նա սիրում էր փոփոխական տրամադրությունս, բորբոքուն հույզերս, զարմանալի համարձակությունս, մտախոհ հարցերս, կտրուկ որոշումներս:
Նա սիրում էր սև աչքերս, թուխ մաշկս, մանկական դիմագծերս: Նա ուղղակի սիրում էր ինձ հենց այնպիսին, ինչպիսին ես կայի` չշպարված, կիսահարդարված, ջինսե տաբատով ու առօրյա թեթև բլուզով: Նա ասում էր, որ ես գեղեցիկ եմ, ես էլ լռում էի...
Նա սիրում էր հոտառություն չունենալս, բարձր ու զրնգուն ծիծաղս, անհեթեթ թվացող մանրուքներով ուրախանալս, մանկական պարզամտությամբ հրաշքների հավատալս, անեկդոտներ պատմել ստիպելս, մելոդրամաներից հուզվելս, գերազանց սովորելս ու ինձ հետ կապված ամեն-ամեն ինչ...
Նա սիրում էր այն, որ ես արդեն որոշել էի, թե հարսանյաց ինչ զգեստ եմ կրելու հարսանիքիս, որ եկեղեցում եմ պսակադրվելու և երեխաներիս անուններն ինչ եմ դնելու... Նա սիրում էր այդ անուններն ու հոգու խորքում թաքուն հույս փայփայում, թե այդ երեխաների հայրն ինքն է լինելու... Նա սիրում էր ինձ այնպես, ինչպես երազել անգամ չէի կարողանա...
Նա սիրում էր սիրո մասին պատկերացումներս, անմնացորդ նվիրվելս ու անկեղծությունս: Նա սիրում էր ջուր խմել չսիրելս, սիրային գրքեր կարդալս, բարդույթներ չունենալս, բարի ու ներողամիտ, բոլորի հանդեպ կամեցող ու սրտաբաց լինելս... 
Նա սիրում էր հոգիս իր ողջ խորությամբ... Նա այն միակն էր, որին այնքան շատ էի ինձ մոտ թողել...
Նա գիտեր, որ ես այն աղջիկներից չեմ, որոնք հենց այնպես ծանոթանում են, հենց այնպես շփվում, հենց այնպես ընկերություն անում: Նա գիտեր, որ ես ժամ առաջ երազում եմ գտնել այն միակին, որին մի ամբողջ կյանք պիտի սիրեմ, ու նա թաքուն երազում էր այդ միակը լինելու մասին...
Նա չէր սիրում, երբ ես ուրիշ տղաների մասին էի խոսում, դա նրան ուղղակի հունից հանում էր... Այդպիսի պահերին երևի ինձ վանդակի մեջ դնելու անզուսպ ցանկություն էր ունենում:
Նա սիրում էր օգնել ինձ, խորհուրդներ տալ, լուծել խնդիրներս ու միշտ ասել, որ ինձ նման երկրորդը չկա: Նրան դուր էր գալիս ռոմանտիկ լինելս, կարմիր ակնոցով աշխարհին նայելս ու երաժշտությամբ ապրելս:
Նա սիրում էր այն, որ առավոտյան ինձ ժամեր էին պետք լինում արթնանալու համար, սիրում էր ինձ` բարկացած, հուզված, ոգևորված, նա ինձ ամեն կերպ էր սիրում...
Նա սիրում էր ինձ այնպես, ինչպես տղան կարող է սիրել այն աղջկան, որի հետ ուզում է ընտանիք կազմել...
Բայց ես նրան չէի սիրում...

Jul 15, 2014

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՎԱՀԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...



Վահան Արկադիի Հովհանիիսյան (Հունիսի 7, 1980 - Հուլիսի 25, 2013)

Ասում են` մարդը շարունակում է ապրել այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են... Իսկ քեզ մենք ոչ մի վայրկյան չենք մոռացել...
Դու հիմա այնտեղ ես` Աստծո մոտ, երկնային արքայությունում: Նա տարավ քեզ ֆիզիկապես, գողացավ ու ընդմիշտ խլեց քեզ մեզնից: 
Ես ամբողջ աշխարհն էլ կտայի քեզ գեթ մի պահ կրկին տեսնելու համար, ներկայությունդ կողքիս զգալու, ամուր գրկելու և ասելու, թե որքան շատ եմ կարոտել, որ առանց քեզ կյանքն այլևս առաջվանը չէ, որ առանց քեզ ոչ ոք ու ոչինչ այլևս առաջվանը չեն... Աշխարհը փոխվել է, դատարկվել, մի տեսակ ամայացել, խամրել... Դու չկաս, էլ չես լինի...  
Անողոք պատահականության զոհը դարձար, որը մարդկային կյանք խաթարեց, փոխեց մի ողջ ընտանիքի ճակատագիր, պատահակություն, որն այդպես էլ անպատիժ մնաց... Երկնակամարից մի վառ աստղ պակասեց, ընկավ, անհետացավ: Աստված քեզ իր մոտ տարավ, տարավ վաղաժամ, անվերադարձ, արցունք ու լաց բերեց... Ասում են` կյանքը շարունակվում է... Այն շարունակվում է հանուն մեր երկու փոքրիկների, որոնց ինձ նվեր թողեցիր:
Մեծ սիրտդ` ողջ էությամբ նվիրվող, հայրենասեր, շատ ընկերասեր, խելացի, կարդացած, առատաձեռն, աշխատասեր, նրբանկատ, շատ նեղացկոտ ու զգայուն... Չի բաբախում, չի զարկում, չի ապրում... Դու այլևս մեր կողքին չես...
Ոչինչ չէիր խնայում մեզ համար, անում էիր ամեն ինչ լավ ու ապահով կյանք ստեղծելու համար: Դու մեր միակ հույսն էիր, մեր լույսը, մեր միակ հանգրվանը... Մեր դստրիկների կողքին դու ամենաբարի մարդն էիր, իդեալական հայր: Խելագարի նման սիրում էիր մեզ: Որոշել էիր միշտ պաշտպանել նրանց, աջակցել, լինել նրանց ուղեկիցն ու խորհրդատուն...
Երազանքներդ ցավոք ընդմիշտ անկատար մնացին... Դու այնքան տխուր ու հիասթափված հեռացար...
Մենք առանց քեզ կիսատ մնացինք... Այն կեսը, որի հետ պիտի մեծանայի, ընդամենը 33 տարի ապրեց... Ես ուզում եմ իմանաս, որ ես միշտ սիրելու եմ քեզ, կարոտելու և սպասելու եմ` նույնիսկ երկնքում...
Անցել է 1 տարի... Ամեն օր թվում էր` շուտով վերադառնալու ես... Իսկ մենք դեռ մի ամբողջ կյանք առանց քեզ պիտի փորձենք ապրել... Դու մեզ հետ չես, վաղն էլ չես լինի, բայց դու միշտ մեր սրտերում կմնաս, մեր հիշողության մեջ... Քո հիշատակը մենք վառ կպահենք...
Հիմա դու երկնքում ես` այնտեղ, որտեղից տեսնում ես մեզ, մեղմ ժպտում ու պահպանում... Կյանքն ընդամենը սկիզբն է...

Նյութը գրվել է բլոգի ընթերցող Հասմիկ Սաֆարյանի խնդրանքով:

Jul 3, 2014

Ես սովորում եմ Բրյուսովում



Ես սովորում եմ Բրյուսովում ու.
  1. Ես պարտավոր չեմ ճանաչել 3-րդ կուրսեցի Աննային:
  2. Ես էլ ունեմ Բրյուսովի արձանի մոտ արված ավանդական լուսանկարից:
  3. Որքան ուզում են փոխեն այդ ֆակուլտետի անունը` ՄՀՖ, ԹՄՀՖ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԼՄՀ Է:
  4. Մենք ատում ենք մաթեմատիկան:
  5. Մենք չունենք ստուգարքներ, քննություններ: Մենք ունենք միայն մոդուլներ:
  6. Մեր բուֆետում խստիվ արգելվում է դաս անելը:
  7. Բրյուսովում սովորող գրեթե բոլոր տղաներն ազդում են մեր նյարդերի վրա:
  8. Մեր բուհը թեթևաբարո աղջիկների հավաքատեղի չէ: 
  9. Բրյուսովի մուտքերի մոտ կանգնող գրեթե բոլոր տղաներն էլ են ազդում մեր նյարդերի վրա:
  10. Լսարանում աղջիկներով կարող ենք խոսել բացառապես ամեն ինչի մասին:
  11. Բողոքել ենք, բողոքում ենք և դեռ շարունակելու ենք բողոքել բացթողումների և թերությունների շտկման համար:
  12. Մենք բուհ ենք մտնում սելեկտիվ քարտերով:
  13. Սելեկտիվ քարտը պայուսակից հանելու պահին մեր բուհի անվտանգության աշխատակիցներն այնպես են մեզ նայում, կարծես մենք տեռորիստ ենք ու զենք ենք հանելու պայուսակից:
  14. Մենք բոլորս ճանաչում ենք ժաննային և Արշակին:
  15. Բրյուսովը ՀՀ ամենաարդար բուհն է:
  16. Մեր դասախոսների մեծ մասը շատ լավն են: 
  17. Մեր բուհում ավանդական զանգի փոխարեն ռոմանտիկ երաժշտություն է հնչում: Երբեմն այն այնքան էլ ռոմանտիկ չէ, բայց...
  18. Եթե մենք ամուսնանում ենք, ապա պարտավոր ենք մեր հարսանիքին հրավիրել Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ առարկայի դասախոս պարոն Սահակյանին: Չէ՞ որ ստուգարքը նշանակելիս նա հենց այդ պայմանն է դրել մեր առջև:
  19. Բրյուսովի գրադարանից որևէ գիրք վերցնելու համար այն հարկավոր է պատվիրել: Նախապես: Մի քանի շաբաթ առաջ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերցնել գիրքը: Գուցե:
  20. Բոլորը ունեն լուսանկար` արված Բրյուսովի բակի պատի մոտ, որտեղ գրված է YSLU: Նոր հիշեցի, որ ես չունեմ:
  21. Բոլորս էլ թեկուզ մեկ անգամ եղել ենք մեր բուհի դիմացի մայթին գտնվող «Ջազվե» սրճարանում:
  22. Մեր բուհը ամենապայծառ, ամենալուսավոր ու ամենագեղեցիկ բուհն է:
  23. Մենք բոլորս անչափ սիրում ենք մեր Բրյուսովը:

Jun 22, 2014

ԻՄ ՍԵԴԱ ՏԱՏԻԿԻՆ



5 երեխա, 12 թոռ, 8 ծոռ... Ու մի ամբողջ պատմություն, մի հարուստ կյանքի պատմություն...
Իմ սիրելի՛ Սեդա տատիկ, երբ քեզ հանձնեմ այս տողերն, ու դու սկսես ընթերցել, ես երևի թաքնվեմ մի անկյունում, որ չտեսնես արցունքներս...
Քո երկար կյանքի ընթացքում բազում դժվարություններ տեսած ու փորձություններ հաղթահարած, տարիներ ապրած ու ճերմակած իմ անգի՛ն տատիկ, այսօր կյանքիդ ժապավենն իր ութսունհինգերորդ գույնն է ստանում... 
Էջմիածնի Հայթաղ գյուղում ծնված, մեծացած ու նախախնամության ձեռքով Թալինի շրջանի Աշնակ գյուղ` Սասունից գաղթած Խաբլջոզի Մանուկի տուն հարս եկած, Աշոտ պապիս կյանքի ուղեկից դարձած, մի կյանք, որ ճակատագրի կամոք վաղաժամ ընդհատվեց...
Ձեր մեծ սերն ապրեց ու հարատևեց, չխաթարվեց բախտի անգութ հարվածներից: Քո մեծ վիշտը սրտումդ պահած` դու տարիներ շարունակ վառ պահեցիր նրա հիշատակը, փայփայեցիր նրան քո հոգում ու շարունակեցիր սիրել նրան այնպես, ասես նա ողջ լիներ... Ու նա ողջ մնաց քո սրտում, նա դաջվեց բոլորիս հիշողության մեջ ու... Ու ապրեց...
Դու սերունդներ ես կրթել, դաստիարակել ու օրինակ ծառայել: Այսօր էլ` տասնամյակներ անց, գյուղացիները քեզ տեսնելիս ջերմ ողջունում ու ընկեր Միսակյան են դիմում, բարի խոսքեր ասում իրենց առաջին ուսուցչուհուն...
Աշոտ Թովմասյանից հետո բոլորին միավորող ու համախմբող Թովմասյաններ գերդաստանի հիմնական սյունը դու դարձար, մեր մեծ տան հիմնաքարը, մեր տան ծուխն ու օրրանը...
Քո այնքան սրամիտ հումորները, քո հետաքրքիր պատումները, քո վարակիչ ծիծաղը, քո մաքուր ժպիտն ու փայլուն աչքերը, քո խաղաղասեր բնավորությունը, քո արտաքին հանգստությունն ու ներքին անհանգստությունը, քո ջերմությունն ու լույսը...
Քո թխած անուշաբույր հացը` թոնրի բոքոնը, լավաշն ու խորիզով գաթան, աշխարհում ամենահամեղն են ինձ համար` կարմրաթուշ, անմահական, ախորժաբույր... 
Այսօր փորձում եմ թղթին հանձնել այն ամենն, ինչ երբեք չեմ կարողացել ասել, ամուր չեմ գրկել ու խոստովանել, թե որքան շատ եմ քեզ սիրում, թե որքան եմ ուզում, որ առողջ լինես ու երկար-երկար կյանք ունենաս...
Մեր պապական տունը մտնելիս ու քեզ այնտեղ նստած տեսնելիս հոգիս լցվում է հաճելի ջերմությամբ, անպատմելի խաղաղությամբ ու անասելի բերկրությամբ...
Սիրելի՛ տատիկ, այսօր կյանքիդ ութսունհինգերորդ ամառն է` քեզ պես բարի, պայծառ, ժպտուն: Թող առողջ լինես, թող Թովմասյաններ գերդաստանի կողքին լինես` որպես ավագ ու առաջնորդ...
Քո զավակներն ու թոռները, փոքրիկ ծոռները քեզ անչափ սիրում ու հարգում են: Բոլորիս անունից ասում եմ. ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, իմ թանկագի՛ն Սեդա տատիկ...

22.06.2014 թ.

Jun 2, 2014

Կարուսել


Ես ուշացել եմ, ես 14 տարով ուշացել եմ...
Սպասում ես, որ ես է՞լ ապրեմ այդ գրողի տարած 14 տարին... Կապրեմ, իհարկե կապրեմ, բայց գուցե ուրիշի կողքին...
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես չուշանայի այդքան, գուցե քեզ ավելի շուտ տեսնեի, կամ գուցե ընդհանրապես չտեսնեի...
Իսկ նա գեղեցի՞կ է... Դե նա, որի հետ ինձ միշտ համեմատում ես... Տեսնես նա է՞լ է մտածում, որ հիմար ես, թե՞ 14 տարով փոքր լինելս է ինձ թույլ տալիս քեզ այդպես անվանել... Նա երևի չի ուշացել...
Իսկ դու սիրո՞ւմ ես նրան այնպես, ինչպես ֆիլմի տղան է սովորաբար սիրում, թե՞ դա միայն ինձ պես 14 տարով փոքրերին է հատուկ...
Նա է՞լ է դիտում կիրակնօրյա Հորիզոնը… Բայց նա դժվար թե լաց լինի, երբ արհամարհես իրեն, նա դժվար թե շորերդ արդուկելիս ձեռքերն այրի, նա չի գրի այնպիսի տողեր, որոնք կարդալիս կուզենաս սպանել իրեն, ինչպես երբեմն ինձ...
Ու նա ճիշտ կանի... Քեզ գրավելու համար պետք է ունենալ բավականաչափ ուժ և համբերություն` կիրակնօրյա Հորիզոնը դիտելու համար, լինել քարի, պողպատի և այլ մետաղների խառնուրդ, լինել մեծ աղջիկ, դե այն աղջիկներից, որոնք ինձնից մի ամբողջ 14 տարով մեծ են...
Ես երեխա եմ, ու դա անհերքելի փաստ է... Ես ուշացել եմ, բայց կարողացել եմ սիրել քեզ այնքան, որ հիմար անվանեմ...
Իսկ դու պատրա՞ստ ես նրա հետ նարդի ու ֆուտբոլ խաղալ, նրան կարուսել տանել, քննությունից առաջ զանգել ու ասել, որ հավատում ես իր ուժերին, վազել նրա հետ, ամուր գրկել, բարձրաձայն ծիծաղել, անեկդոտ հորինել, երբ նա տխուր կլինի, պատրաստ կլինե՞ս գործերդ կիսատ թողնել ու նրա մոտ շտապել, երբեք չդավաճանել ու միշտ նրան այնպես նայել, ասես առաջին անգամն է...
Չէ, նա դժվար թե այլևս որևէ քննություն ունենա, այդ ես եմ, որ ուշացել եմ, այն էլ՝ մի ամբողջ 14 տարով...
Տեսնես դու ո՞ւմ ես անվերջ պարտեցնում այդ համեմատության մեջ...
Թող նա չիմանա, որ ես քեզ հիմար եմ անվանել, թող նա երբեք էլ ոչինչ չիմանա, թող շարունակի դիտել իր կիրակնօրյա Հորիզոնը, օրը 24 ժամ պտտվի շուրջդ ու հետո ինձ դատի չտա, չէ որ ես դեռ երեխա եմ՝ 14 տարով ուշացած, դա անհերքելի փաստ է...
Իսկ ինձ դու ստիպված էիր լինելու կարուսել տանել...

May 30, 2014

Ես կորցրել եմ


Ես կորցրել եմ: Ես բաց եմ թողել: Ես ձևացրել եմ, թե անտարբեր եմ: Ես սեր չեմ տվել: Ես հպարտ եմ խաղացել: Ես ետ եմ կանգնել: Ես հրաժարվել եմ: Ես ձևացրել եմ, թե քար եմ: Ու ես կորցրել եմ... Ես կյանքիս մեծագույն սերն եմ կորցրել: Ու թքած, որ նա իմ բախտը չէր, ես նրան կյանքիցս առավել եմ սիրել, ես այդ սիրուց գժվել եմ, ես հոգիս եմ ողջակիզել ու մի մեծ սեր եմ թաղել... Ես իմ սերը սպանել ու երկար ժամանակ մեռած եմ եղել...
Ես չեմ պայքարել, ես լռել ու կորցրել եմ նրան այնպես, ինչպես դու ես հիմա ինձ կորցնում...
Ես այն ձմեռն եմ կորցրել, այն դեկտեմբերը, ես ինքս ինձ եմ կորցրել: Ես սիրել եմ, ես նրան ինձնից էլ շատ եմ սիրել, ես իմ սիրտն եմ նրան տվել, ես նրա աչքերն եմ պաշտել... Ես բաց եմ թողել, ես հիմարաբար կորցրել եմ... Ես իմ սիրո հետ այնպես եմ վարվել, կարծես նա տարիներով պիտի իմ նազը քաշեր, սպասեր ինձ... Ու ես ինձ չեմ ներել... Դու երբեք էլ չես հասկանա, թե ինչ մեծ ցավ կա իմ ներսում... Նա սպանել է ինձ, իսկ դու կյանք չես տվել...
Ես քո պատճենն եմ եղել, ես քեզնից էլ հպարտ ու սառն եմ եղել...
Համբերությանս բաժակը լցվել է, հոգիս նորից ծածկվել է ծակող փշերով, սերս բախվել է քո կառուցած ժայռին, գլորվել ու անդունդն է գահավիժել: Իմ սերը, որն այնքան ուզում էի, որ ապառնի դառնար, այլևս անցյալ անկատար պիտի կոչեմ:
Ես այս ամենը տանելու ուժ չունեմ, ես այս սերն իմ մեջ կրել այլևս չեմ կարող: Թող Աստված ների մեզ...
Անհաջող էր վերջին անգամ սիրել ցանկանալու մոլուցքս. դու ինձ չես սիրում: Որքան էլ փորձեմ արդարացնել արածներդ ու չարածներդ, ներսումս միայն ցավ կա, մի մեծ տխրություն ու փշուր-փշուր եղած հույսեր... 
Ես երեխա չեմ, ես փոփոխամիտ ու փոփոխական չեմ, ես միշտ միայն մի բան եմ ցանկացել, ես անչափ ուզեցել եմ, որ մենք երջանիկ լինենք... Միասին չի ստացվի, շարունակ ապացուցում ես... 
Դու կորցնում ես ինձ, ամեն վայրկյան, ամեն ժամ ու ամեն օր ավելի շատ... Քո այս ուղին դեպի ինձ չի բերում, քո այս ուղին իմ սերն է սպանում...
Սխալ էր, արածս ամեն քայլը սխալ էր: Իմ ներսում կյանք չես թողել, դու ողջ-ողջ թաղել ես սերս, դու ինձ չես սիրել... Փակվիր քո մեջ, դատիր ինձ, մեղադրիր... Քեզ սիրելու ուժ ես այլևս չունեմ... Թող Աստված ների քեզ...
Դու կորցրել ես: Դու բաց ես թողել: Դու ձևացրել ես, թե անտարբեր ես: Դու սեր չես տվել: 

May 23, 2014

Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի


Որպես նախաբան

Երբևէ մտածե՞լ եք, որ խոսքը մեծ ուժ ունի:
Հերոսուհու «Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի» նախադասությունը դառնում է պատմվածքի առանցքը: Առանց որևէ դիտավորության ասվածը մոգական զորություն է ստանում. հերոսն առավոտյան արթնանում է և չի հիշում հերոսուհուն...





Գլուխ 1.  Տիգրան


Երիտասարդը մոտեցավ հայելուն, մի պահ լուռ կանգնեց, ապա սկսեց զննել իր դեմքը` մի քանի օր չսափրած ու հոգնությունից ընդարմացած: Արտաքուստ հանգիստ թվացող բաց շագանակագույն աչքերը մի տեսակ այլ երանգ էին ստացել: Տարօրինակ զգացողություն ուներ. ներսում կարծես ինչ-որ բան կոտրված լիներ:
Տիգրանը բարձրահասակ էր, ուներ գեղեցիկ կազմվածք: Սև մազեր, լայն ճակատ, խորը աչքեր, ուղիղ քիթ, համաչափ բերան, հմայիչ դիմագծեր. ահա թե նրան նայելիս ինչ կարող էին տեսնել մարդիկ առաջին հայացքից: Նա բարի էր, ընկերասեր, ուներ անարատ ու լուսավոր հոգի: Նրան սիրում էին բոլորը:
Երբեք երկար քնել չէր կարողանում. այսօր առավոտյան էլ շուտ արթնացավ: Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր: Փոքր տարիքում երազում էր հասկանալ բոլորին. հետո մեծացավ ու ցանկացավ, որ իրեն հասկանան:
Մի գավաթ դառը սուրճ խմեց, ապա արագ հագնվեց ու դուրս եկավ տանից: Շքամուտքի մոտ կանգ առավ, շուրջը նայեց, հետո քայլերն ուղղեց դեպի համալսարան: Առավոտյան կիսադատարկ փողոցն այլ հոտ ուներ:
-  Ողջույն Տիգրան, - լսվեց ընկերոջ ձայնն ու կտրեց Տիգրանին իր մտքերի անվերջանալի պտույտներից:
-  Հա, բարև:
-  Մտախոհ տեսք ունես, ամեն ինչ կարգի՞ն է:
-  Ուղղակի լավ չեմ քնել:
-  Էլի այն աղջկա մասի՞ն ես մտածել:
-  Ի՞նչ աղջիկ:
Տիգրանն ու Միքայելը վաղեմի ընկերներ էին: Միասին սովորել էին դպրոցում, այժմ էլ համակուրսեցիներ էին: Միքայելը թուխ մաշկով, սև մազերով ու սև աչքերով, բարի դիմագծերով համակրելի երիտասարդ էր:
-  Շտապենք, թե չէ կուշանանք, փիլիսոփայության դասախոսին էլ հո գիտես. էլի մեզ ներս չի թողնի:
Նրանք մտան համալսարան, բարձրացան աստիճաններով, թեքվեցին աջ ու շուտով հայտնվեցին առաջին հարկի ամենամեծ լսարաններից մեկի առջև: Բոլորն իրենց մշտական տեղերում նստած սպասում էին դասախոսին: Տիգրանն ու Միքայելը քայլեցին դեպի վերջին շարքն ու նստեցին կողք-կողքի:
-  Լսիր, այդ ի՞նչ աղջկա մասին էիր ասում:
Միքայելը զարմացած հայացքով նայեց ընկերոջը, անտարբեր շարժեց գլուխն ու ասաց.
-  Ինչպե՞ս թե «ի՞նչ աղջկա մասին էիր ասում»: Դու վերջին մեկ ամիսը գլուխս տարար նրան գովերգելով, հիմա հարցնում ես, թե այդ ինչ աղջիկ է:
Տիգրանը չհասցրեց պատասխանել. ներս մտավ փիլիսոփայության դասախոսը, ու լսարանում տիրեց քար լռություն: Դասն սկսվեց, իսկ Տիգրանը խորասուզվեց մտքերի մեջ ու փորձեց հասկանալ. չի՞ կատակում արդյոք ընկերը: Այդ ի՞նչ աղջիկ է, ինքը ոչ մեկին էլ չի հիշում:
-  Հա՜, դու առաջին շարքում նստող Անիի՞ն նկատի ունես, - Միքայելի ականջին փսփսաց Տիգրանը, - դա անցյալ տարի էր, նա հիմա կարծեմ նշանվել է:
-  Այդ մասին ինքս եմ քեզ ասել: Դու այդպես հե՞շտ մոռացար քո Մարիամին, թե՞ ինձ ես հիմարի տեղ դնում,- ասաց Միքայելն ու բարկացած նայեց ընկերոջը:
Այլևս խոսել չէին կարող: Տիգրանը փորձում էր ձևացնել, թե լսում է շարունակ իրեն նայող դասախոսին, բայց իրականում ձգտում էր մտաբերել իր ծանոթ բոլոր Մարիամներին: Հերթով անցավ հիշողության տարբեր ուղիներով. հիշեց մորաքրոջը, հորեղբոր հարևանի կնոջը, դասընկերուհուն: Սևեռուն հայացքը դասախոսի գունատ դեմքին հառած` ջանաց գտնել գեթ մի Մարիամի, որը կարող էր իրեն դուր եկած լինել:
-  Տիգրանն այսօր կարծես լսարանում չլինի,- լսվեց ընկեր Համբարձումյանի թավ ձայնը:
-  Չէ՛, այստեղ եմ:
-  Մի՞տքդ ինչով է զբաղված:
-  Փորձում եմ մարիամներին հաշվել:
Լսարանը թնդաց բարձրաձայն ծիծաղի պոռթկումից: Միքայելը ոտքով հարվածեց Տիգրանին: Դասախոսը որոշեց ավարտել իր սկսածը:
-  Իսկ եթե ավելի լո՞ւրջ:
-  Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես կասեմ, որ բնավ ծիծաղելի չէ այն, որ արթնանում ես կիսամեռ վիճակում, զգում կիսախորթ դատարկություն ու չես կարողանում հիշել Մարիամ անունով մի աղջկա, որին ընկերոջդ հավաստմամբ արդեն մեկ ամիս է, ինչ սիրում ես:
-  Փաստորեն լուրջ բան չկա, ֆանտաստիկ ֆիլմ ես դիտել: Լավ, շարունակում ենք դասը:


***
  
-  Կպատմե՞ս ինձ նրա մասին,- աղերսագին խնդրեց Տիգրանը, երբ դասերից հետո երկուսով ուղղվեցին դեպի գրադարան` տրորելով ոտքերի տակ թափված աշնանային տերևները` խամրած, գունազրկված, անշնչացած:
-  Դե՛, ես շատ բան չեմ կարող պատմել: Առաջին անգամ սեպտեմբերին էիք հանդիպել: Մի լուսանկար եմ տեսել միայն: Նա իսկական գեղեցկուհի է` սև աչքերով, սպիտակ մաշկով, բարձրահասակ: Ի՞նչ է, ընդհա՞նրապես չես հիշում:
-  Ոչ, կարծես ուղեղս սրբած լինեն: Իսկ ի՞նչ էի պատմում նրա մասին:
-  Դե դուք ուզում էիք ամուսնանալ:
-  Ամուսնանա՞լ,- ողջ փողոցով մեկ գոռաց Տիգրանը:
-  Հա՛, ընկե՛րս, հանգստացիր: Երևի նախորդ գիշեր խմել ես:
-  Խմե՞լ: Ես կաթիլ անգամ չեմ խմել, ես չեմ խմում, դա էլ հո լավ եմ հիշում:
-  Լավ, դու գնա տուն, իսկ ես միայնակ կգնամ գրադարան: Կքնես, կարթնանաս, կհիշես:  
Տիգրանն ու Միքայելը բաժանվեցին` յուրաքանչյուրը պաշարված սեփական մտատանջություններով: Միքայելն այնքան էլ չէր հավատում ընկերոջը: Ինքն իրեն համոզում էր, որ այս ամենը Տիգրանի նախորդ կիսաքուն գիշերվա հիվանդ երևակայության զառանցանքն է:
Տիգրանը մտավ տուն, հանեց կոշիկները, փլվեց բազմոցին, գլուխն առավ ձեռքերի մեջ ու սկսեց մտածել այդ հանելուկի մասին: Գուցե Միքայելը կատակո՞ւմ է: Նա աշխույժ, ուրախ տղա է, կարող է և հորինած լիներ այս պատմությունը իր հոգու հետ խաղալու համար: Բայց նա շատ լուրջ էր խոսում. չէ՛, դժվար թե կատակ լիներ: Բայց ինչո՞ւ ինքը ոչինչ չի հիշում: Սեպտեմբեր Այդ ե՞րբ են հանդիպել, որտե՞ղ: Քաոս
Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես քնեց, բայց երբ բաց արեց աչքերը, դրսում արդեն երեկո էր` մութ, տխուր, խորհրդավոր: Սարսափելի գլխացավ, սրտխառնոց, անորոշ ու մշուշոտ հոգեվիճակ: Վեր կացավ ու որոշեց փորփրել իր թղթերը` որևէ հետք գտնելու հույսով: Մարիամ Գեղեցիկ անուն է: Գոնե նրա հեռախոսահամարը պետք է որ պահպանված լինի իր հեռախոսի մեջ: Բայց գտնելու դեպքում հո չի՞ կարող զանգահարել ու ասել` «Բարև, Մարիա՛մ: Պարզվում է, որ դու ընկերուհիս ես, բայց ես քեզ չեմ հիշում»: Նզովվես, Միքայե՛լ:
Հեռախոսի մեջ Մարիամ անունով և ոչ մի հեռախոսահամար չկար: Տիգրանն իր ամբողջ սենյակը գլխիվայր շուռ տվեց, հերթով ուշադիր զննեց բոլոր իրերը, գրքերը, տետրերը: Գուցե նա իր ֆեյսբուքյան ընկերների ցուցակո՞ւմ լինի: Հապշտապ միացրեց համակարգիչը, ուշադիր զննեց իր էջը, իր բոլոր ընկերներին, դիտեց վերջերս իր ներբեռնած բոլոր լուսանկարները: Չկար, ոչ մի Մարիամ էլ չկար:
Նա ամբողջ գիշեր չքնեց: Անկողնում պառկած մտովի ետ թերթեց օրերը` ջանալով գեթ մի կապ գտնել, մի թել, մի հանգույց: Երբվանի՞ց է, որ չի հիշում այդ աղջկան: Կամ ինչո՞ւ Հիշողության կորո՞ւստ է Ինչպե՞ս է դա հնարավոր: Գուցե առավոտյան բժշկի՞ գնա

***

- Ոչ մի լուրջ բան չկա, թեթև մրսածություն է, կանցնի,- ասաց կապույտ համազգեստով միջահասակ բժիշկը:
-  Լսե՛ք, իսկ հիշողությանս հետ որևէ խնդիր չկա՞:
-  Կա, ես հենց նոր Ձեզ ասացի, որ ամեն բան կարգին է, իսկ Դուք մոռացաք:
Տիգրանը դուրս եկավ բժշկի սենյակից, երկար միջանցքով քայլեց դեպի աստիճաններն ու շուտով հայտնվեց մաքուր օդում: Բժիշկներ, բժիշկներ: Փիլիսոփայության դասախոսը թերևս ավելի շատ հավատաց իրեն:
Վառեց ծխախոտը, որպեսզի թեթևանա հոգեկան ճնշվածությունից: Այս ի՞նչ դատարկություն է, որ չի ուզում լցվել: Ներսում ամեն ինչ խառնվել է իրար, ինքը կարծես էլ ինքը չլինի, ուրիշ Տիգրան էր երեկ իրեն նայում հայելու միջից ` սառն աչքերով, մի տեսակ մռայլ, ցամաք, անսեր
Փաստորեն մի լուսանկար է ունեցել Որտե՞ղ ես հիմա դու, լուսանկա՛ր

***

Փոքր տարիքում Տիգրանը դասարանի ամենախելոք տղան էր: Սովորում էր գերազանց, սիրում էր կարդալ, նկարել: Հաճախ նաև փոքրիկ բանաստեղծություններ էր գրում: Սիրում էր մտածել կյանքի, նրա էության, խորության, տևողության մասին: Կարող էր ժամերով նստել մի անկյունում ու փիլիսոփայական մտքեր հորինել:
Նա երբեք ոչ մեկին իսկապես չէր սիրել: Դպրոցական տարիներին մեկ-երկու անգամ հրապուրվել էր, բայց հետաքրքրությունը վաղանցուկ էր եղել և շուտ մոռացվել էր: Աղջիկների արտաքին գեղեցկությամբ չէր տարվում, սակայն միշտ ուշադրություն էր դարձնում նրանց աչքերին: Մի անգամ յոթերորդ դասարանում մի աղջիկ հարցրեց նրան.
-  Ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որպեսզի սիրես նրան:
- Նա իմ աչքերից կունենա, ես էլ մի անգամ շատ խորը կնայեմ այդ աչքերի մեջ ու կհասկանամ, որ գտել եմ:
-  Այ քեզ հիմարություն: Ու քանի՞ այդպիսի աչքեր ես տեսել:
-  Ոչ մի:
Համալսարանում սովորելու երեք տարիների ընթացքում մի քանի աղջիկներ գրավեցին Տիգրանի ուշադրությունը` հատկապես իր համակուրսեցի Անին` խելացի, հմայիչ ու բարի: Բայց Անիի աչքերում նա այդպես էլ երբեք չկարողացավ տեսնել ու զգալ ինքն իրեն
Տիգրանի փակ ներաշխարհը շատերին կարող էր արտասովոր թվալ: Կյանքն ու հոգին լոկ մեկի առաջ են բացում, ի՞նչ կարիք կա ամբողջ աշխարհով մեկ գոռալ, թե ինչ կա ներսում: Մեկ է` ոչ ոք չի հասկանա քեզ

***

-  Պետք է օգնես ինձ: Ես ամբողջ տունը տակնուվրա եմ արել, չեմ գտել ո՛չ այդ Մարիամի հեռախոսահամարը, ո՛չ էլ լուսանկարը: Երեկ բժշկի եմ գնացել, ասաց, որ հիշողության հետ ոչ մի խնդիր չունեմ: Բայց մի բան այն չէ: Ե՞րբ եմ վերջին անգամ խոսել նրա մասին,- շշնջաց Տիգրանը Միքայելի ականջին, երբ վերջինս դասից քսան րոպե ուշացումով ներս մտավ լսարան ու նստեց իր կողքին:
-  Ընկերս, դու իսկապե՞ս չես կատակում:
-  Ոչ, չեմ կատակում: Ես վերջին անգամ ե՞րբ եմ կատակել:
-  Չեմ հիշում:
-  Պատմիր ինձ ամեն ինչ ու ինքդ կհամոզվես, որ ես ոչինչ չեմ հիշում:
-  Անունդ ի՞նչ է:
-  Հիմա՛ր, ես միայն այդ Մարիամի հետ կապված ոչինչ չեմ հիշում:
- Լավ, մի բարկացիր: Դասերից հետո կխոսենք: Ես մի ծանոթ ունեմ, ուժեղ զգայական հակումներ ունի, կգնանք նրա մոտ, կզննի քեզ, գուցե որոշ բաներ կարողանա ասել:
-  Չլինի՞ հոգեբույժի մոտ ես ուզում տանել ինձ:
-  Չէ՛, նա սովորական մարդ է, քրոջս ամուսնու ընկերն է: Ուղղակի կխոսի քեզ հետ, կասի` ինչն ինչոց է:
-  Իսկ քո կարծիքով որտե՞ղ կարող է լինել այդ աղջկա լուսանկարը:
- Որտե՞ղ: Ես քո պահապան հրեշտա՞կն եմ, ի՞նչ է: Ի՞նչ իմանամ, մի տեղ պահած կլինես: Գուցե Գագիկը կարողանա ասել, թե որտեղ է:


***

Նեղ միջանցքի գրապահարանն հուշում էր տանտիրոջ ընթերցասեր լինելու մասին: Գագիկի աշխարհը սահմանափակվում էր ընկերների հետ հանդիպումներով, աշխատանքի գնալ-գալով, ֆուտբոլ դիտելով: Իսկ կանա՞յք: Հազիվ թե: Երբ գիտես, թե ինչ է սերը, հասարակ հրապուրանքով կյանք չես անցկացնի: Իսկ Գագիկը մեկն էր այն եզակի պոետիկ էություններից, որոնք սերն ապրում են բառիս ողջ խորությամբ:
Մի անգամ` տաս տարեկան հասակում, նա կանխազգացել էր, որ դիմացի փողոցով քայլող կինը վրաերթի է ենթարկվելու: Դա մի պահ էր տևել միայն, ապա գլուխը շրջել էր ու տեսել, թե ինչպես են մարդիկ հավաքվում խեղճ կնոջ շուրջը: Այդ օրվանից նա սկսեց հասկանալ, որ կանխազգացումը բարդ, սակայն իրական երևույթ է:
Տիգրանն ու Միքայելը մտան ներս, ողջունեցին իրենց սպասող Գագիկին, մտան հյուրասենյակ ու նստեցին բազմոցին: Բավական էր միայն նայել Տիգրանի դեմքին` անհանգիստ, լարված, ընկճված, հասկանալու համար, թե ինչ էր կատարվում նրա հոգում: Նա եկել էր գեթ մի հուշում ստանալու ակնկալիքով, սակայն մեծ հույսեր չուներ:
-  Դե՛, ինչո՞վ կարող եմ օգնել ձեզ,- խոսեց Գագիկը:
-  Ընկերս ասում է, թե ես ընկերուհի ունեմ, բայց ես նման բան չեմ հիշում: Երեք օր առաջ արթնացել եմ տարօրինակ ծանրություն զգալով: Հիշողությունս տեղն է. բժիշկն ասաց: Բայց մի բան այն չէ, ես ինձ լավ չեմ զգում, ինչ-որ բան է տանջում ինձ ներսից, ինչ-որ դատարկություն, սառնություն
Գագիկը մոտեցավ ու նստեց Տիգրանի կողքին, փակեց աչքերն ու խնդրեց քար լռություն պահպանել: Մոտ տասնհինգ րոպե այդպես նստեց: Ու միայն Աստված վերևում իմացավ, թե ինչ զգաց Գագիկը
-  «Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի». ահա թե ինչ է ասել քեզ այդ աղջիկը. ասելիս էլ նայել է ուղիղ աչքերիդ մեջ,- կցկտուր ասաց նա:
-  Այդ ինչպե՞ս: Իսկ հետո՞:
-  Քո ներսում մեծ սեր կա, ահա թե ինչու ես ծանրություն զգում:
-  Իսկ այդ աղջկա մասին ի՞նչ կարող ես ասել:
-  Անունը Մարիամ է, ուսանողուհի է: Նա քո մեջ է, քո խորքում, քո ստվերում, քո ամեն մի շնչում:
-  Իսկ ես ինչպե՞ս կարող եմ ամեն ինչ հիշել ու գտնել նրան:
-  Եթե Աստված կամենա, ապա մի միջոց կհնարի քեզ օգնելու համար:
-  Իսկ ապագա՞ն: Ապագան կանխազգալ չե՞ս կարող: Դեռ տեսնելո՞ւ եմ նրան:
-  Հանդիպում կա, չգիտեմ, խորհրդավոր մի բան: Ուշադիր եղիր ազդանշանների հանդեպ:
-  Ազդանշաննե՞ր: Ի՞նչ ազդանշաններ:
-  Այլևս ոչինչ ասել չեմ կարող:
-  Իսկ նրա լուսանկա՞րը: Միքայելն ասաց, որ մի լուսանկար եմ ունեցել: Որտե՞ղ է այն հիմա:
-  Չգիտեմ, էլ ոչինչ չեմ տեսնում:

***

Գիշեր է: Լուռ ու խոնջացած պատկերներ, որ լողում են Տիգրանի աչքերի առջև, ձուլվում իրար, տարրալուծվում: Մշուշված մտքեր, դող, տագնապ: Որտեղի՞ց է սկսվել այս քաոսը: Համատարած անդունդ է, կարծես միտքը դատարկված լինի, կողպված, անզգայացած: Մի կաթիլ տխրություն, որն հիմա տարածվել է երակներով մեկ, տարտամ ու անորոշ բեռ դրել իր սրտում: Սերն այսպե՞ս է լինում
Ինչպե՞ս կարող է հիշել նրան` Մարիամին: Որտեղի՞ց է պետք սկսել, որտե՞ղ կարելի է փնտրել որևէ հուշում, որևէ ելք: «Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի». այ քեզ հիմարություն: Այսպե՞ս էր սիրում իրեն այդ Մարիամը
Կյանքն իր մեջ կանգ է առել: Ցուրտ է: Ինքը կորցրել է մի կարևոր բան, առանց որի մարդիկ կիսատ են: Կորցրել է մեկին, որին հիմա չի էլ կարողանում հիշել, որը գուցե սիրելի էլ չի եղել այն աստիճան, որքան իրեն է թվում հիմա: Իսկ ներսում իրար դեմ հակամարտող հազարավոր ակնթարթներ` իրարից անջատ, իրարից բաժան, որ դեմ են առել կյանքի մեջտեղում ու թույլ չեն տալիս առաջ անցնել:
«Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի». ավելի ճիշտ կլիներ այսպես. «Կարթնանաս ու այլևս չես կարողանա ապրել…»



Գլուխ 2.  Մարիամ


Օրիորդը մոտեցավ հայելուն ու սկսեց սանրել սաթի պես սև մազերը` երկար, փայլուն, առողջ: Նա բարձրահասակ էր, սլացիկ ու նուրբ կազմվածքով: Սև աչքերի անդիմադրելի փայլը, սպիտակ մաշկը, այտերի շառագույնը, փոքրիկ քիթը, գեղեցիկ շրթունքները բովանդակում էին նրա համաչափ ու այնքան թովիչ դեմքը: Այդ օրիորդը Մարիամն էր:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի էրՍովորում էր գերազանց, աշխատում ջանասիրաբար ու մեծ պատրաստակամությամբՄարիամը կամեցող էրարդարամիտհամեստվեհ ու առաքինիՆրանով հիանում էին բոլորը:
Փոքր տարիքում անխորտակ համոզմունքով ու հավատով լցված` երազում էր իր առասպելական դյուցազնի մասին: Մեծացավ ու հասկացավ, որ հերոսական կերպար կրողները միայն գրքերում գոյություն ունեն: Չնայած
Տիգրանի լուսանկարն ընկավ աչքին: Այդ երիտասարդն այն միակն էր, որը կարողացավ խռովել Մարիամի հանդարտությունը, փոթորկել նրա մտքերն ու զգացումները, սեր արթնացնել ներսում: Աղջիկը երկար-երկար նայեց Տիգրանի վայելուչ պատկերին, մտովի համբուրեց այնքա՜ն սիրելի աչքերը: Լուսանկարում տղան մեղմ ժպտում էր, իսկ Մարիամը սկսեց լաց լինել:
Որտե՞ղ է հիմա Տիգրանը: Ի՞նչ է անում: Ինչո՞ւ է լռում: Արդեն երկու շաբաթ է, ինչ նրանից ոչ մի լուր, ոչ մի զանգ, ոչ մի նամակ: Մի՞թե չէր սիրում, մի՞թե այս սերը կործանման է դատապարտված: Իսկ եթե ի՞նքը զանգահարի նրան: Ո՛չ, ո՛չ, ոչ մի դեպքում: Դե եթե «հպարտ-հպարտ» են խաղալու, ապա հաղթողն ինքն է լինելու:


***

-  Ցեղակից կարող ենք համարել այն լեզուները, որոնք ունեն հիմնական բառաֆոնդի ու քերականության որակ կազմող ծագումնաբանական ընդհանրություններ: Ցեղակից լեզուները ծագել են մեկ ընդհանուր հիմքից…,- թելադրում էր լեզվաբանության դասախոսը, իսկ երրորդ շարքում նստած Մարիամը ոչ մի կերպ չէր կարողանում կենտրոնացնել իր ուշադրությունը որևէ բանի վրա: Վերջերս մտացրիվ էր դարձել, ինքնամփոփ, թախծոտ:
-  Մա՛ր, արթնացի՛ր: Ինչո՞ւ ես այդքան տխուր,- շշնջաց Մարիամի կողքին նստող նրա հավատարիմ ընկերուհին:
-  Լո՛ւս, Տիգրանից ոչ մի նորություն չկա, պատկերացնո՞ւմ ես: Նա չի զանգել, անգամ մի հաղորդագրություն չի ուղարկել: Արդեն սկսում եմ անհանգստանալ: Չլինի՞ իսկապես մոռացավ ինձ այսքան շուտ:
-  Մոռանա՞լ: Չեմ կարծում, չէ՛, հաստատ չէ: Նա քեզ շատ է սիրում, այ կտեսնես` շուտով կհայտնվի:
-  Չգիտեմ, գուցե նեղացել է ինձնից:
-  Բայց ի՞նչ էր պատահել, այդպես էլ չպատմեցիր ինձ:
-  Վերջին անգամ, երբ տեսա նրան, միասին երկար զբոսնեցինք, հետո մտանք մոտակա սրճարանը` թեյ խմելու: Սկսեց անձրև գալ, փողոցն ամայի դարձավ: Պատուհանի մոտ նստած հետևում էի թափվող կաթիլներին: Տիգրանը զվարթ տեսք ուներ. կատակում էր, փորձում ձեռքս բռնել: Հանկարծ սրճարանի մոտ մի մեքենա կանգնեց, մի աղջիկ դուրս եկավ, ապա մի տղա: Աղջիկը լաց էր լինում: Նրանք սկսեցին վիճել, տղան գոռում էր: Վերջում էլ հրեց խեղճ աղջկան, նստեց մեքենան ու հեռացավ: Աղջիկը մնաց մայթեզրին կանգնած` միայնակ, լքված, հուսահատ: Ես ու Տիգրանը զարմացած նրան էինք նայում, մինչ նա դանդաղ քայլերով, գլխահակ ու դողահար անհետացավ մեր տեսադաշտից: Ես այնքա՜ն ազդվեցի: Այդ աղջիկը մինչև հիմա էլ կանգնած է աչքիս առջև` արցունքներից ուռած ու կարմրած աչքերով, թևաթափ, դժբախտ: Մի քանի րոպե լուռ էինք. ապա դուրս եկանք սրճարանից: Տիգրանն ինձ տուն ճանապարհեց: Երբ արդեն պետք է բաժանվեինք, չգիտես ինչու ես ասացի. «Գուցե դու էլ մի օր ինձ հետ այդպես վարվես»: Տիգրանը սկսեց ծիծաղել, իսկ ես ավելի տխրեցի: Բարձրացրի գլուխս, շատ խորը նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ ու ասացի բավականին հուզված ձայնով. «Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի», ապա արագ շրջվեցի ու հեռացա` նրան թողնելով կատարյալ շփոթության մեջ: Չգիտեմ, Լո՛ւս, չգիտեմ, նա չկա, հօդս է ցնդել:
-  Դե լավ, լուրջ բան չկա, երևի ուղղակի նեղվել է, որ նման բան ես ասել: Մի՛ անհանգստացիր, վստահ եմ, որ նա չէր արթնանա ու մոռանա քեզ

***

Մութ սենյակի անլույս պատերից այս կողմ նստել էր Մարիամը: Գրասեղանին` կույտերով գրքեր, տետրեր, գրենական պիտույքներ: Ձեռքում մի գիրք բռնած փորձում էր ամեն կերպ հասկանալ կարդացած բառակույտը: Չէր ստացվում: Չէր էլ ստացվելու: Երբ մարդկային հոգին է ցավում, դրա դեմ ոչ մի փրկություն չկա:
Արցունքի մի կաթիլ թրջեց աղջկա այտը, սահեց, ընկավ ու քարացավ: Երանի ցավն էլ դուրս պրծներ իրենից, երանի իրեն պատառ-պատառ անող սերն էլ գրողի ծոցը կորչեր, որ կարողանար ազատվել, վերջ տալ իր մտքի դեգերումներին: Սերը տառապանք է, տանջանք, ցավ, դժբախտություն: Ինչո՞ւ Աստված տվեց իրեն այդ սերը, իր ինչի՞ն էր պետք այն: Երկի՛նք, բավ է ծանակես, բավ է փորձություն ուղարկես: Ինչո՞ւ է երջանկությունը միշտ բարդությունների, բաժանումների ու տառապանքների գնով ձեռք բերվում
Մարիամը կուչ էր եկել մի անկյունում. դուրս հորդացող արցունքները խեղդում էին նրան: Նա չկա, չկա, չկա: Անգույն աշխարհ, մռայլ երկինք, ցուրտ աշուն: Կդիմանա՞
Տիգրանի լուսանկարի առջև աղոթք մրմնջաց, աղաչեց, պաղատեց, որ Աստված լսի իրեն ու օգնի

***

Անցավ մեկ ամիս Մարիամի կյանքում ոչինչ չփոխվեց. նա նույն հուսահատ ու անկյանք կերպով շարունակեց քնել ու արթնանալ, գնալ դասի, գալ տուն, պարապել, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, կարծես կյանքը միայն նույնատիպ մեխանիկական գործողություններից է բաղկացած:
Մի օր փողոցում պատահաբար տեսավ Տիգրանին: Նրանք գրեթե իրար կողքով անցան: Մարիամը միայնակ էր, քայլում էր դանդաղ ու գլուխը կախ: Միայն վերջին պահին բարձրացրեց աչքերն ու ճանաչեց դիմացից եկող բարձրահասակ տղային: Նա էր: Անկասկած: Իրեն չէր նայում, հայացքն այլ կողմ դարձրած` շտապում էր ինչ-որ տեղ: Գուցե տեսել էր իրեն ու արագ շրջել հայացքը: Մարիամը քարացավ. ուզում էր մոտենալ, խոսել, բայց Նա այնքա՜ն օտար թվաց Տիգրանը գնաց, անհետացավ, իսկ Մարիամը երկար-երկար անշարժ կանգնել ու նրա անցած ճանապարհն էր դիտում, առաջին ձյան վրա թողած նրա թարմ ոտնահետքերը, որոնք ծածկվում էին բազում այլ ոտնահետքերով ու ջնջում Տիգրանինը: Շատ ժամանակ է անցել, Տիգրանը գեղեցիկ տղա է, գուցե նրա կյանքում հիմա այլ աղջիկներ են հայտնվել: Իսկ ի՞նքը: Նա իրեն ավելորդ զգաց: Ինքը գիշերուզօր նրանով է ապրում, նրա զանգին է սպասում, իսկ Տիգրանն իրեն չի էլ հիշում, տեսնելիս էլ անտեսում է, կարծես իրենց մեջ երբեք ոչինչ չի եղել, կարծես երբեք իր ձեռքը չի բռնել, չի համբուրել իրեն:
Գիշեր է: Տեսնես երբևէ կտեսնի՞ նրան
Ձմեռ: Սահմռկեցուցիչ: Դաժան: Անողոք: Իր սրտում էլ է ձմեռ, իր երակներում էլ սերն է սառել, քարացել, բյուրեղ-բյուրեղ դեմ առել սրտի զարկերին: Կյանքն ապրել է պետք, Տիգրանին մոռանալ է պետք, ինչպես որ նա կարողացավ այդպես հեշտ լքել իրեն ու մոռանալ: Տիգրանին ջնջել է պետք, այնպես, ինչպես նա իրեն ջնջեց իր կյանքից, անպետք իրի պես դուրս շպրտեց իր հոգուց



Գլուխ 3.  Երազը


Գարուն էջերմ ու տաք, վառ ու կանաչ, լուսավոր ու թարմ: Տիգրանի սրտում բույն դրած ձմեռը կամաց-կամաց նահանջում է: Արգելել է պետք այդպիսի ձմեռը. մարդու հոգին չպետք է սառչի…
 Բազմահարկ շենքի չորրորդ հարկի պատուհանից այս կողմ նստել էր Տիգրանն ու մտածում էր իր կուրսային աշխատանքի մասին, մինչ Միքայելը հեռախոսով զրուցում էր: Վերջինիս սենյակում կարող էիր գտնել բոլոր ժամանակաների լավագույն ֆիլմերի տեսականին:
-  Վերջ, ես վերջացրի, կարող ենք գնալ, երրորդ դասի սկսվելուն դեռ ժամանակ կա:
-   Ի՞նչ դաս է,- անտարբեր հարցրեց Տիգրանը:
-  Փիլիսոփայություն:
Այդ բառը խուժեց ներս, խառնեց մի կողմում թողած-մոռացվածը: Հոգին մթագնեց: Փիլիսոփայություն: Այն օրվանից ի վեր, ինչ «իմացել էր» Մարիամի գոյության մասին, այդ դասաժամերին կենտրոնանալ չէր կարողանում: Իսկ եթե ավելի հստակ, ապա նա առհասարակ այլևս կենտրոնանալ չէր կարողանում: Պատճառը խորն էր, մի այնպիսի բան, որն ամենամոտ ընկերոջն անգամ խոստովանել չէր կարող: Նա սաստիկ կարոտ էր զգում, պակաս, անզուսպ ու անհագ ցանկություն: Ու միայն Աստված գիտի, թե ում հանդեպ: Ներսից ռումբի պես պայթող մի բան, որ սեր են անվանում: Ընդունենք, որ սեր բառը հնացել է: Այդ զգացմունքին ավելի բնորոշ անուն է պետք մտածել:
-  Էլի՞ վերացար աշխարհիս երեսից: Բարեկա՛մս, մի՛ տանջիր ինքդ քեզ: Անգամ նրա դեմքը չես հիշում, էլ ինչպե՞ս կարող ես մինչև հիմա սիրել նրան:
-  Իսկ քեզ ո՞վ ասաց, որ ես նրա մասին եմ մտածում:
-  Դե դժվար թե Համբարձումյանի պատճառով այսպիսի սիրատոչոր հայացք ընդունեիր:
-  Լավ, ավելի լավ է գնանք, ժամանակն է:


***

Դասերից հետո համալսարանի բակն, ինչպես միշտ, բազմամարդ էր: Այս ու այն կողմ շտապող ուսանողներ, խոսակցություններ, աղմուկ, ծիծաղ: Ուռենիներից մեկի տակ կանգնել էին Միքայելն ու Տիգրանը: Գարնանային մեղմ քամի, նոր բացված ծաղիկների անուշաբույր, թեթև ու հանգիստ մթնոլորտ. կարծես զարթոնք լինի: Կյանքը ինքն է ստիպում ապրել…
-  Տրամադրությունդ բարձրացավ չէ՞:
-   Հա՛, ամեն ինչ կարգին է:
Նստեցին նստարանին, Տիգրանը վառեց ծխախոտն ու լուրջ հայացքով դիմեց ընկերոջը.
-  Մի՛ք, Աստծուն հավատո՞ւմ ես:
-  Հա՛, իհարկե:
-  Իսկ ճակատագրի՞ն:
-  Հա՛, իհարկե:
-  Իսկ Ձմեռ պապիի՞ն:
-  Հա՛, իհարկե,- կրկին ասաց Միքայելը, ու երկուսով սկսեցին ծիծաղել:
-  Տարօրինակ կանխազգացում ունեմ, կարծես այսօր ինչ-որ էական բան է լինելու:
-  Դե գնա տուն ու տնից դուրս չգաս:
-  Դա ի՞նչ կապ ունի: Է՛հ, ինձ չես հասկանա:
-  Ընկե՛րս, քեզ անգամ դու չես հասկանա, էլ ուր մնաց` ես:


***

Կիսախավար գիշերում ամեն երազ կյանք է ստանում, թևեր առնում, լցնում տան օդը, ներկում սենյակի կիսաշունչ պատերը, գունավորում առաստաղն ու կախարդանք դառնում: Դյութի՜չ, թովի՜չ: Գիշերն իր հեքիաթն ունի: Իսկ այդ հեքիաթը կյանքում լոկ մեկ անգամ է տրվում:
Տիգրանը պառկել էր իր անկողնում ու մտածում էր: Աչքերի առջև պտտվող պատկերներ, մարդկային կերպարանքներ, դեպքեր ու իրադարձություններ, մի իսկական խառնաշփոթ: Դեռ առավոտից իրեն մտահոգող անհանգստությունը մի փոքր մեղմացել էր, միայն սիրտն էր արագ զարկում: Ամեն ինչ կարծես թե լավ էր, ոչ մի բանի պակաս չուներ: Ուրեմն որտեղի՞ց է լսվում անողոք մի ձայն, որն անվերջ ու առանց դադարի կեղեքում է իրեն ներսից, տանջում ու տխրություն հաղորդում իր օրերին: Իրեն շարունակ հետապնդող մի հիշողություն, որը ջնջվել էր, սակայն պահպանվել ներկայի ու ապագայի հատման կետում, համառորեն տեղավորվել առաջ ընթացող գնացքի մեջ: Ո՞ր մեղքի համար: Հիշողություն, որն այլևս վերականգնել չի լինի, որն հավիտյան այլևս իր սեփականությունը չէ: Այսպես դեպի ո՞ւր…
Տիգրանի գալարվող ու մղձավանջային մտքերը` իրար հերթ ու հաշիվ չտվող, մեկ շատ հարազատմեկ սաստիկ օտար, միանման ու այնքան տարբեր: Իսկ ինքը ոչինչ չի հիշում: Չի հիշում մի աղջկա, որին հավանաբար համբուրել է: Տեսնես ի՞նչ է զգացել այդ պահին: Չի հիշում մեկին, որն իր կյանքի կեսն է եղել, իսկ հիմա դեմք չունի անգամ, թեկուզ լոկ մի պատկեր, գեթ մի ուրվագիծ` մշուշված ու քողարկված:
Գլխացավ: Հակասական մտքերն ու զգայությունները հեղեղել են հոգին, իսկ ելք… չկա: Ինչո՞ւ, Աստվա՛ծ… Քնել է պետք, անջատել բանականությունն ու քնել, տրվել պահին, չմտորել, չափսոսալ, ուղղակի քնել: Քնել ու լողալ երազների հրաշագեղ աշխարհում, արթնանալ վերածնված…

***
Տիգրանը քնեց շատ խորն ու շատ երկար: Երբ բացեց աչքերը, ժամը տասն էր: Ուշացել էր դասից: Արթնացավ բավականին դժվարությամբ, գրեթե ուժասպառ: Քրտնած ու դողացող ձեռքերով մի կողմ նետեց ծածկոցը, նստեց անկողնում ու փորձեց կենտրոնանալ:
Երազը: Աստվա՜ծ: Երազ է տեսել ու այն էլ ի՜նչ երազ: Սպասեք, սպասեք, այդ ամբողջը դեռ հիշել է պետք, հասկանալ, վերլուծել: Մի քանի վայրկյան էր տևել միայն. ինքը կանգնած էր ինչ-որ պատուհանի առջև ու դուրս էր նայում: Դրսում զմայլելի բնություն էր` փարթամ ծառեր, երփներանգ ծաղիկներ, մաքուր ու պարզ օդ: Իսկական դրախտ: Մեջքի ետևում մի պահ զգաց մեկի ներկայությունը, բայց չգիտես ինչու չշրջվեց: Մի փոքրիկ երեխա էր. հոգի ճմլող իր նուրբ ձայնով արագ շշնջաց հետևյալն ու անհետացավ. «Այսօր` ժամը 12:00-ին, կլինես Էջմիածնի Մայր Տաճարում: Մարիամն էլ է գալու: Կփնտրես նրան: Աղջիկներ շատ կտեսնես, բայց դու ուշադիր նրանց աչքերին կնայես: Հենց գտնես նրան, ամեն ինչ միանգամից կհիշես»:
Հիսո՜ւս Քրիստոս…
Դա ազդանշան էր, օգնություն: Մի՞թե հնարավոր է: Կյանքում նման բաներ իսկապե՞ս լինում են: Ահա՜ թե ինչու էր այդ ինքնազգացողությունը: Կգնա, պարտավոր է, պետք է, ուզում է: Այլ կերպ վարվել չի կարող: Երբ կյանքն ինքն է որևէ բան հուշում, չլսելն առնվազն անմտություն կլինի:
Ժամանակ դեռ կա, պետք է նախ ուշքի գալ: Մարմնով մեկ անսովոր սարսուռ անցավ: Հոգին արթնացավ, լցվեց անուն չունեցող մի քնքուշ մեղմությամբ: Հանդիպման պահը մոտ է… Երևի թե պետք է ապրել նման պահ հասկանալու համար, թե ինչ են զգում սիրահարները:
Տիգրանը լվացվեց, սափրվեց, արագ հագնվեց: Սև շալվար, բաց կապույտ վերնաշապիկ: Հիշո՞ւմ է իրեն Մարիամը: Օծանելիք, ժամացույց, գուցե նաև փողկա՞պ: Չէ՛, շատ պաշտոնական կլինի: Մարիամը ծաղիկներ սիրո՞ւմ է: Սուրճ խմեց, այդ ընթացքում մոտ տասն անգամ գնաց այս ու այն կողմ, ողջ սենյակով մեկ շրջեց: Տանը ոչ ոք չկար: Հայրն ու մայրն աշխատանքի էին, իսկ քույր ու եղբայր չուներ: Մարիամը կցանկանա՞ իրենց տանն ապրել:
Ոգևորված, խանդավառված ու սաստիկ հուզված` Տիգրանը տանից դուրս եկավ: Ժամը տասնմեկն էր: Դրսում արևոտ ու շողշողուն եղանակ էր` եթերային ու հոգեթով: Տիգրանն այսօր այլ էր` հմայված, գերված: Լիարժեք ապրելու համար սիրել է պետք:
Արագ անցավ փողոցն ու տաքսի կանգնեցրեց: Էջմիածին…


***

Աստվածային առեղծվածի մի ուրույն դրսևորում` Էջմիածին: Եկեղեցիների քաղաք` սրբանվեր, աստվածաշունչ, հոգևոր մշակույթի անփոխարինելի ու յուրահատուկ զարկերակ, որը բաբախում է ողջ հայության սրտում: Հոյակերտ կոթողների օրրան, որն հարուստ է իր համազգային արժեքներով, սրբազան ոգով, քրիստոնեական հավատի մշտավառ լույսով…
Սուրբ քաղաք տանող մայրուղին գարնան վառ ու ավետաբեր շղարշ էր հագել: Ծաղիկների արբեցնող բուրմունք, որը լցվում է թոքերդ, հաճելի ու կազդուրիչ հովով պարուրում հոգուդ ամեն ծալք ու արահետ: Հրա՜շք, դու գոյություն ունես…
Մեքենան սլանում էր հարթ ճանապարհով: Տասնհինգ կիլոմետրը Տիգրանի աչքերում երկարում էր, կրկնապատկվում: Պատուհանից դուրս խճանկար կազմող փողոցներ էին, շենքեր, մարդիկ, մի ամբողջ բովանդակ ու համընդհանուր ժապավեն, որն հենց ինքը կյանքն է: Երկնային անպատմելի, անմեկնելի, անձեռակերտ մի հուշարձան, որ ճակատագիր են կոչում:
Դող, թրթիռ, սպասում:  Քամու անտես հովը մեղմ շոյում էր Տիգրանի` անհամբերությունից լարված դիմագծերը, անուշ մի դրոշմ թողնում նրա բաց շագանակագույն սիրահարված աչքերի խորքերում: Երկար սպասված պահը մոտ էր: Իր մտքերում այդ հանդիպմանն անվերջ սպասել ու հավատացել էր: Երևակայական ու անգամ կիսադեմ չունեցող ցնորքների դիցուհին այլևս իրականություն պիտի դառնար, պիտի մտներ իր կյանք, դառնար իրենը: Կյանք, դու հրա՜շք ես…

***

Տիգրանի առջև Սրբություն Սրբոց Էջմիածնի Մայր Տաճարն էրՀայ առաքելական եկեղեցու  կրոնական գլխավոր կոթողներից մեկը: Ըստ ավանդության` Աստծո որդին այդ վայրում էր պատվիրել կառուցել եկեղեցին: Աշխարհի առաջին գմբեթավոր եկեղեցին, որը քրիստոնեական հավատի, հոգևոր ժառանգության նշանակալից արտահայտությունն է` կաթողիկոսության կենտրոնը:
Կեսօր էր: Արևն այնքան ուրախ էր, որ տարածում էր իր համայն լույսը, շողում ու շողարձակում, ժպտում ու ջերմացնում: Երկինքը կարծես տոնում էր իր հաղթանակը. այն, ինչ վերևում վաղուց որոշված էր, լինելու իր ուղին էր գտել: Երազանքներն իրականանում են
Ոտքերն հազիվ էին առաջ շարժվում: Հուզմունքից իրեն կորցրած Տիգրանը ներքին մղումով քայլում էր դեպի եկեղեցի: Բնություն` ծառեր, ծաղիկներ, խոտ ու կանաչ` ծաղկած, բողբոջած, փթթուն: Մի իսկական եդեմ է, բուրաստան, դրախտային հանգստավայրԵրկնի լազուրում Աստծո տաճարի վեր խոյացող հոյակերտ գմբեթն է` Աստծո խորհուրդն ու պատվիրանը
Տիգրանը մտավ եկեղեցի: Լուռ ու պերճախոս անձայնություն, ոչ մի բառով չնկարագրվող խնկաբույր, երիտասարդ ու ալեհեր, մանուկ ու զառամյալ:
Լսվում է քահանայի ձայնը. «ՕՐՀՆՅԱԼ ՏԵՐ ՄԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՄԵՆ, Հայր մեր, որ յերկինս ես...»: Նախագավթում հարյուրավոր մոմեր են վառվում: Մարդիկ ամեն օր իրենց բազմաբովանդակ ու արտասովոր խնդրանքի ու երախտագիտության խոսքն են ուղղում առ Աստված՝ լի անմար ու անշեջ հավատով, որ իրենց սրտից բխող անկեղծ խոսքը կհասնի Աստծուն...
Տիգրանը մոտեցավ մոմավաճառին, մի մոմ գնեց ու վառեց: Թող կատարվի…
Շուրջբոլորն աղջիկներ էին: Հայացքով երկար-երկար զննեց բոլորին, ուշադիր նայեց նրանց աչքերի մեջ: Մի կողմում կանգնած անտես փնտրտուք, հիշողության ազդակներ, սպասումի ու անհամբերության տանջալից րոպեներ: 
Որտե՞ղ ես, Մարիա′մ…
12:30 էր: Տիգրանը դուրս եկավ եկեղեցուց, սկսեց պտտվել ողջ տարածքով մեկ: Ամեն քայլափոխին հանդիպող աղջիկներ, կանայք, երեխաներ, տղամարդիկ` բոլորն անհոգ ու զվարթ: Խոսակցություններ, շշուկներ, ծիծաղ, մարդկային դեմքեր` միանման աչքերով: Չնայած աչքերը միանման լինել չեն կարող, ուղղակի իր փնտրածն ուրիշ աչքեր են…



***

14:00 էր: Հոգնած, հուսահատված, սպառված ու վերջացած: Ողջ տարածքով մեկ ման եկավ, քայլեց, ետ ու առաջ գնաց, նստեց, կանգնեց, եկեղեցու մուտքերի մոտ աղոթք ասաց ու… Ու որոշեց վերադառնալ Երևան…
Ի՜նչ հիմարություն արեց: Հավատալ երազի՜ն…
Մի վերջին հայացքով ընդգրկեց այսօրվա տեսածն ու երբ զանգակատան մուտքի մոտ կանգնած շրջվեց ու պատրաստվում էր հեռանալ, այդ պահին իրեն մի աղջիկ դիպավ: Մինչ երկուսն էլ ուշքի կգային, Տիգրանը սրտի տրոփյունով նայեց իրեն հանդիպած գեղեցիկ աղջկա աչքերին…
Աստվածնե՜ր, աստվածնե՜ր, անհնարին ոչինչ չկա…
Աղջկա սև աչքերի խորտակելի հրապույր` իրեն այնքա՜ն հարազատ, այդ աչքերի աստվածային հրաշագործ զորություն: Բավական էր միայն մեկ անգամ նայել այդ աչքերին ու տեսնել այն, ինչ կյանք են անվանում: Տիգրանը քարացած, ոգևորված, աշխարհով մեկ եղած կանգնել էր լուռ ու արտասվում էր…
Մարիամը ցնցվեց: Այդքան ամիսներ չխոսել Տիգրանի հետ, նրանից և ոչ մի լուր չունենալ, գալ հասնել Էջմիածին ու Մայր Տաճարի մուտքի մոտ հանդիպել նրան:
Ու Տիգրանը հիշե՜ց, հիշե՜ց, ամե՜ն ինչ հիշեց: Բոլոր անթեղված հույզերը վերածնվեցին, բջիջներն արթնացան, կորածը գտնվեց: Նրա շփոթված աչքերի առջև ընդամենը մեկ րոպեում շարվեցին մոռացված հիշողությունները, միասին անցկացրած բոլոր ժամերն ու րոպեները, վայրկյաններն ու ակնթարթները, խոսակցությունները, ժպիտները, խենթ վեճերն ու համբույրները, ամե՛ն-ամե՛ն ինչ:
Սեպտեմբերի տասն էր: Հանդիպել էին Սևանում: Հայաստանի գեղեցկուհին ծիծաղածուփ ժպիտով ու փիրուզե մակերևույթով կախարդական հայելու պես իր մեջ բազում գաղտնիքներ էր ամփոփում: Հիրավի երկնքի մի կտորն էր երկրի վրա: Արևի ճառագայթները ոսկևորել էին Մարիամի դեմքը, նրա աչքերը լցված էին սիրով, քնքշությամբ ու քաղցր մեղմությամբ: Բլրի վրա գտնվող եկեղեցիներից մեկի առջև Տիգրանը մոտեցավ Մարիամին ու սկսեց զրուցել:
-  Լևոն Շանթի «Հին աստվածները» կարդացե՞լ եք:
- Իհարկե: Իմ սիրելի գրքերից մեկն է: Իջեք, իջեքերազներ, իջեք զգո՜ւյշերազներ, շոյողանո՜ւշերազներիջեք քնքո՜ւշ երազներ:
- Մարիամ իշխանուհու և վանահոր սիրո պատմություն, որի դրսևորումն ահա այս եկեղեցին է:
-  Այո, ճակատագրի բերումով խաթարված սեր, որը սակայն չի մեռնում նրանց սրտերում
-  Ես Տիգրանն եմ, շատ ուրախ եմ ծանոթության համար:
-  Անունս Մարիամ է, ինչպես իշխանուհունը,- ասաց աղջիկն ու ժպտաց:
Այդ օրը երկար զբոսնեցին, խոսեցին ամեն ինչից` գրքերից, երաժշտությունից, արվեստից: Միասին էլ վերադարձան Երևան Հեռախոսազանգեր, հանդիպումներ, սիրահարներին բնորոշ խենթ արարքներ Մի սեր, որը փոխեց երկուսին էլ


***

-  Ի՞նչ է կյանքը,- մի օր հարցրեց Տիգրանը:
- Տեսնո՞ւմ ես ա՛յ այն փոքրիկին, որը վազվզում է, փորձում թիթեռ բռնել, կամ ա՛յ այն պապիկին, որը թերթ է կարդում, կամ մեր առջևի ծիրանենին: Ահա կյանքը,- պատասխանեց Մարիամն ու փակեց աչքերը:
-  Աստծուն հավատո՞ւմ ես:
-  Հա՛, հավատում եմ:
-  Իսկ ճակատագրի՞ն:
- Ճակատագրին էլ: Ոչինչ հենց այնպես չի լինում: Գուցե երբեմն ուղղակի չենք հասկանում, բայց որոշ ժամանակ անց բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչու որևէ բան եղավ, կամ չեղավ, վիճակված էր, թե ոչ:
-  Ինչո՞ւ ես աչքերդ փակել:
- Ուզում եմ մեր ապագան պատկերացնել. կլինե՞ս կողքիս, թե՞ մի օր կբաժանվենք: Փորձում եմ մեկ ուրիշին պատկերացնել քո կնոջ դերում,- ասաց Մարիամն ու բաց արեց աչքերը:
-  Ու ստացվե՞ց:
- Չգիտեմ, աղոտ: Չկարողացա քեզ հեռացնել ինձնից: Բոլոր ցանկություններս ու երազանքներս քեզ հետ են կապված, եթե դու չլինես, չգիտեմ էլ, թե ինչ կլինի ինձ հետ:

***

-  Աչքերդ շատ եմ սիրում,- ասաց Տիգրանը, երբ մի օր առավոտյան զբոսնում էին Սիրահարների այգում:
-  Այդ ի՞նչ ես գտել իմ աչքերի մեջ:
-  Չգիտեմ: Կարծում եմ` մարդիկ երբեք ստույգ չեն կարողանա ասել, թե ինչ են գտել դիմացինի մեջ, ինչու են սիրահարվել հենց ա՛յդ մեկին: Ես ուղղակի առաջին իսկ օրվանից զգացի, որ դու ուրիշ ես, ուրիշ: Այս խոսքերը յուրաքանչյուր սիրահար ասում է, սակայն հիմա եմ հասկանում, որ դրանք լոկ խոսքեր չեն: Քո աչքերում ես ինքս ինձ եմ տեսնում, մեր ապագան, մեր անբաժան ուղին, որ դեռ պիտի քայլենք միասին: Ասում եմ` ամբողջ հոգով զգալով ասածիս ողջ խորությունն ու էությունը: Ու այսպիսի բան ասում են կյանքում միայն մեկին
                                                                
                                                                 ***

Մի օր, Մարիամի հետ ձեռք-ձեռքի տված, նստել էին այգու նստարանին: Մարիամի հագին բաց վարդագույն գեղեցիկ զգեստ էր, շատ պարզ, բայց չափազանց նուրբ: Նա երեխայի պես ժպտում էր, ուրախանում, խոսում, աղմկում, ինչ-որ բաներ պատմում` երբեմն զավեշտալի, երբեմն անհեթեթ: Օդը լցվում էր Մարիամով, սկսվում այնտեղից, որտեղ նա էր, կլանում նրան, դառնում նա:
-  Տիգրա՛ն, ա՛յ Տիգրան, սերն ի՞նչ է:
-  Սերն այն է, որ դու կտրվում ես քո սեփական եսից ու տենչում ձուլվել նրա եսին:
-  Լավ էլ երևաց, որ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ես սովորում:
- Սերն այն է, երբ դու գիշերը չես քնում, մտածում ես նրա մասին, պատկերացնում, թե նա ինչպիսի ծնող կլինի, ինչպիսի կին կլինի, ինչպիսի
-  Հիմա էլ երևաց, որ ռոմանտիկ ես:
- Սերն այն է, երբ ինքդ քեզ խոստովանում ես, որ մահու չափ վախենում ես նրան կորցնելուց, երբ գիտես, որ նա կյանքի չափ թանկ է, կարևոր, ցանկալի, անփոխարինելի
-  Կամուսնանա՞ս ինձ հետ:
-  Խնդրեմ, մի քանի գեղեցիկ նախադասություն, և աղջիկը պատրաստ է ամուսնանալ քեզ հետ:
- Սրիկա: Ճի՞շտն ասեմ: Սերն այն է, երբ նա սկսում է քեզ գրավելու համար աղջկական սենտիմենտալ խոսքեր ասել, իսկ դու մտքումդ ծիծաղում ես, քանի որ չես սիրում լսել նման խոսքեր, ու քանի որ դու նախքան այդ էլ լավ էլ գրավված ու գերված էիր, բա՜, սիրելի՛ս
-  Լավ, կամուսնանամ քեզ հետ, համոզեցիր


***

Աշնանային դեղնականաչ տերևներ, որ, օդում թեթև պտույտեր գործելով, հայտնվում են անձրևից թրջված գետնին, անձրևին հաջորդող մաքուր օդ, որ ներս ես քաշում թոքերով մեկ, շնչում ու շնչում:
Մարիամն այդ օրն իր լուսանկարը նվիրեց Տիգրանին: Վերջինս երկար-երկար նայեց աղջկա չքնաղ պատկերին ու մտքում ասաց` «Երկնային մշտավառ լույս, տեսնես ի՞նչ հրաշքով եմ արժանացել քեզ ունենալու բախտին»:
-  Հավանո՞ւմ ես լուսանկարս:
-  Հա՛, շատ գեղեցիկ ես:
-  Կտանես տուն ու պինդ-պինդ կպահես,- կատակեց Մարիամը:
-  Որտե՞ղ խորհուրդ կտաս պահել այն:
- Հըմմ, սպասիր մտածեմ. դիր մի այնպիսի տեղ, որ ոչ մեկի մտքով երբևէ չանցնի, որ այնտեղ կարող ես ինչ-որ բան դրած լինել:
-  Օրինա՞կ:
-  Դե օրինակ պահիր մի դարակում, որը երբեք չես բացում:
-  Ինչո՞ւ:
-  Դե որ սկսես բացել:
Տիգրանը բարձրաձայն ու լիաթոք ծիծաղեց:
-  Լավ, կդնեմ իմ հին խաղալիքների դարակում
Ու հիշեց, Տիգրանը հիշեց, որ լուսանկարը փնտրելիս հենց միայն այդ դարակը չէր բացել, մտածել էր, որ այնտեղ ինքը երբեք լուսանկար չէր պահի


***

-  Բարև, Մարիա՛մ,- խոսեց Տիգրանը:
-  Բարև,- հուզված ձայնով ասաց Մարիամը:
Հանդիպումն անսպասելի էր: Ինքն արդեն համակերպվել էր նրան մոռանալու մտքին, մեկ էլ հանկարծ անցյալը դառնում է ներկա, կանգնում աչքի առջև, նյութ ստանում ու ոգի առնում:
- Վերջին անգամ, երբ տեսանք իրար, սրճարանը, այն աղջիկն ու տղան, քեզ տուն ճանապարհելը, հիշո՞ւմ ես: Բաժանվելիս դու խորը նայեցիր ուղիղ աչքերիս մեջ ու ասացիր. «Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի», ապա շրջվեցիր ու հեռացար, հիշո՞ւմ ես:
-  Հա, հիշում եմ, ինչո՞ւ,- պատասխանեց ու քարացավ: Տե՜ր Աստված, մի՞թե
- Կատարվեց, այդ գրողի տարած «Կարթնանաս ու այլևս ինձ չես հիշի» միտքդ կատարվեց: Մի զարմացիր, հաջորդ օրը ես արթնացա, նայեցի հայելու մեջ ու սառնություն նկատեցի աչքերումս, մի անդունդ` օտար ու ցուրտ: Կատարվեց, Մարիա՛մ, հավատո՞ւմ ես ինձ, կատարվեց:

***

Խոսքը մեծ ուժ ունի: Այն մարդկային բարձրագույն հոգեկան արտահայտչամիջոց էհզոր, ազդեցիկ, ներգործողԽոսքային դրսևորման ներքին ձևավորման մեխանիզմը հոգու կանչն է, սրտի թելադրանքը:
Մենք ասում ենք, խոսում, գրում, արտահայտվում, դատարկում մեզ բառերից ու մտքերից: Ու դրանք դառնում են կա՛մ պատիժ, կա՛մ էլ` փրկություն
Հաճախ մենք ասում ենք այն, ինչ ասել չի կարելի, գրում ենք այն, ինչ գրել չի կարելի: Մեր խոսքով մենք կարող ենք նեղացնել դիմացինին, խաղալ նրա ամենանուրբ զգացմունքների հետ, փշրել նրան: Հակառակն էլ կարող ենք անել. օգնել, աջակցել, գովել, քաջալերել, վեր բարձրացնել: Ամենակարևորը` սահմանագիծը չհատել կարողանալն է, հենց այն սահմանագիծը, որից հետո այլևս ոչինչ չի մնա, երբեք-երբեք, որից հետո կոտրածը նորոգել չի լինի, կորցրածը հետ բերել չի լինի, որից հետո ներկան անցյալ կդառնա, սերը` ցավ պատճառող հուշ, հիշողություն
Մեր ասածները մենք հետագայում հնարավոր է, որ մոռանանք: Բայց դիմացինը, որին ուղղված է եղել այդ խոսքը, բառ անգամ չի մոռանա, ծակող փշի նման կկրի իր հոգում, գուցե ների, գուցե ժպտա, բայց Բայց չի մոռանա: Մարդիկ մեծանում են, սակայն մանուկ հասակում ստացած սպիերը միշտ էլ մնում են
Ասում են` մարդու երեսին բառ ես շպրտում, իսկ նա հետո հիշում է դա ու ամբողջ գիշեր չի քնում
Ու Տիգրանն ու Մարիամը հասկացան, որ գերբնական սեր հրաշքը պետք է պահել, պահպանել, խնամել, փայփայել: Չի կարելի նայել քո աչքերում իրեն տեսնող դիմացինի աչքերի մեջ ու ասել մի բան, որը չես էլ ցանկանում ասել, ուղղակի ստացվում է: Պետք չէ, նա դա երկար կհիշի, կհուզվի, լաց կլինի, կնվաղի ու կհանգչի
-  Ներո՞ւմ ես ինձ,- լացակումած շշնջաց Մարիամն ու փարվեց դողացող Տիգրանին:
- Դու մեղք չունես, դա սերն էր, որ որոշեց փորձել մեզ, բաժանել իրարից, տանջել: Սիրում եմ քեզ:
-  Դե որ այդպես է, «Կամուսնանանք ու անսահման երջանիկ կլինենք…»