Aug 24, 2013

Սիրո և պաշտամունքի նախարարություն



Պահանջում եմ ստեղծել նոր նախարարություն` Սիրո և պաշտամունքի: Այն կլինի Հայաստանի Հանրապետության լավագույն և ամենաքնքուշ կառույցը: Շենքը կլինի վարդագույն և կգտնվի Անձնուրացության փողոցում: Նախարարությունը կունենա կառուցվածքային ստորաբաժանումներ` վարչություններ և բաժիններ: Կլինեն Ծնողական և որդիական սիրո, Հայրենասիրության, Ծանոթություն հաստատելու և խնամախոսության, Հարաբերությունների անվտանգության, Անպատասխան սիրո, Կոտրված սրտերի, Առաջին սիրո, Ամուսնության, Ընտանեկան պաշտպանության, Հավատարմության, Վեճերի հարթման և հաշտեցման վարչություններ, որոնք իրենց հերթին կունենան մի քանի բաժիններ:
Նախարարության հիմնական գործառույթները կլինեն հետևյալը` 1. Կազմակերպել սրտերի հանդիպում և բարեխոսում, 2. Նվազեցնել հնարավոր երկրորդ կեսերի ցուցակը և օգնել ճիշտ ընտրություն կատարելու հարցում, 3. Սերմանել սիրո, հարգանքի և բարեբախտության տարրեր, 4. Բուժել կոտրված սրտերը և բերել նախկին ռիթմին, 5. Չար աչքերից հեռու պահել սիրող զույգերին և նրանց հավերժ շղթայել միմյանց, և այլն:
Պետք է մշակել և իրականացնել սիրո և պաշտամունքի քաղաքականություն, սիրո և գորովանքի հայեցակարգ, խանդաղատանքի և հրայրքի ռազմավարական ծրագրեր: Սիրո ոլորտում պետական քաղաքականությունը կիրականացվի սիրո մասին ՀՀ օրենքի համաձայն: Նախարարության անձնակազմը բաղկացած կլինի միայն բարեհոգի և առաքինի մարդկանցից: Պատգամախոսները կընտրվեն մանրազնին քննության արդյունքում: Սահմանված կլինի հատուկ համազգեստ` աղջիկները կկրեն գունագեղ կիսաշրջազգեստներ` սրտիկներով և ծաղիկներով զարդարված, իսկ տղաները կկրեն ասպետական կոստյումներ: Շենքում միշտ կհնչի մեղմ երաժշտության հոգեզվարթ դայլայլը, կտիրի եթերային ու ջերմաշունչ տրամադրություն: Կկազմակերպվի բաց դռների օր միայնակ սրտերի համար...
Նախարարը կլինեմ ես... Կունենամ տեղակալներ, օգնականներ, խորհրդականներ, աշխատակազմի ղեկավար, մամուլի քարտուղար, սիրո բարեխոսներ, պահապան հրեշտակների մի ողջ բույլ, ծաղիկներ բաժանողներ, սերենադա նվագողներ, հարսանյաց հանդեսների կազմակերպիչներ...
Ես բարեխղճորեն կկատարեմ պարտականություններս... Խոստանում եմ...

Aug 14, 2013

Մի գավաթ սուրճ



Կոֆեինի` սովորություն ու անհրաժեշտություն դարձած հերթական չափաբաժին, որն իր խթանիչ կարողությամբ վերակենդանացնում է մարդկային թմրած ու սպառված մարտկոցները: Կես թեյի գդալ շաքարավազի, մեկ թեյի գդալ սև սուրճի և մեկ գավաթ ջրի համամասնությունը հրաշքներ է գործում, բարձրացնում աշխատունակությունն ու էներգիա հաղորդում: Չպետք է մոռանալ այս ամենին միախառնել մի գդալ սեր ու բարձր տրամադրություն:
Սուրճը տարրալուծվում է ջրում, բարձրացող պղպջակները գնալով ավելի ուժգին են բլթբլթում, ևս մի քանի վայրկյան, ու այս ազդեցիկ ըմպելիքը պատրաստ է:
Զգլխիչ բույրը տարածվել է շուրջբոլորը, բարձրացող գոլորշին դեմքիս է փչում թմրանյութ թվացող, բայց անվնաս բուրմունքը:
Մի գավաթ սուրճ ու մի ամբողջ փիլիսոփայություն: Զանազան կոնֆետներ` շոկոլադե, կաթնային, ջնարակապատ, մրգային միջուկով, վաֆլե լցոնով, հրուշակեղեն, քաղցրեղեն, մարմելադ, թխվածքաբլիթներ, խմորեղեններ, տորթեր, մրգեր, պաղպաղակ:
Տաք հեղուկը կայծակնային արագությամբ գործի է դնում իր հմտությունները: Չեմ հասցնում աչքս էլ թարթել, երբ արդեն լցվում եմ կենարար ու կենսական ճառագայթումներով:
Շրջում եմ գավաթը... Մրուրը հաճախ ճշմարիտ է լինում: Յուրովի մոտեցումներ ու մեկնաբանություններ, զարմանահրաշ ու միայն ինձ հայտնի բացահայտումներ ուրիշի շուրթերից ու անսպառ ծիծաղ:
Ընդամենը մի գավաթ սուրճ... բայց մի ամբողջ ստեղծարար արվեստ...

Aug 13, 2013

Ինչ կարող ենք սովորել 1 տարեկան փոքրիկից


Անուշիկ, համով, փափուկ, հրեշտակային փոքրիկ արարածներ, որոնք կարող են անխղճորեն տակնուվրա անել ձեր ողջ տունը: Մանկական հագուստ` այնքան պստլիկ, որ ամեն անգամ տեսնելիս սիրտս ճմլվում է հրճվանքից, խաղալիքներ` զնգզնգուն ու գունավոր, որ կարող ես տան ցանկացած հատվածում գտնել: Քանդված դարակներ, շուռ տված սփռոցներ, թափթփված սենյակներ, ամեն հնարավոր ու անհնար իրերից գոյացած կույտեր: Այո, մեր ցմփորիկ ավազակները ժամանակը զուր չեն վատնում: Չես հասցնում կարգի բերել սենյակը, երբ այն կրկին նույն վիճակում է հայտնվում: Մի պահ բարկանում ես, բայց նա այնքան անմեղորեն է նայում քեզ իր պայծառ աչուկներով, որ միայն գրկում ես ու ուժեղ համբուրում:
Որքան են փոխում ու կյանքով լցնում մեզ այդ երկնային մանկիկները: Նրանք ներկում են մեր հոգու ամեն անկյունն ու, ինչու չէ, պատերի պաստառները:
Նա վազվզում է, ծիծաղում, հարցեր տալիս, կծում, թոթովում, ցատկում, սրբում հատակի փոշին, փորձում ձեռք տալ ամեն ինչին: Կանոններ չկան, ու աշխարհն էլ արդեն ոչ թե յոթ հրաշալիք ունի, այլ` յոթ միլիոն:
Նա քնում է: Անդորր, լռություն: Բայց դա երկար չի տևի, չէ՞ որ նա երկար քնել չի սիրում: Եվ ինչպե՞ս կարող է նա քնել, երբ արթուն են բոլորը:
Որքան քնքշանք կա յուրաքանչյուր չարաճճիության մեջ, որքան վառվռուն եռանդ կա այդ մի քանի կիլոգրամների մեջ:
Երանի մենք` մեծերս էլ կարողանանք նույնքան զվարթ ու արթուն լինել: Չէ, մենք սովորելու շատ բաներ ունենք 1 տարեկան փոքրիկից, դե օրինակ ինչպես մեկ վայրկյանում անջատել ու միացնել լույսը, էլի անջատել ու միացնել, հետո էլի անջատել ու միացնել: Պետք է սովորենք նրանց նման անհոգ լինել, ուրախանալ ամեն ակնթարթով ու աշխարհին նայել ոչ թե վարդագույն ակնոցով, այլ` կարմիր:
Երբ հոգնած ես, երբ արդեն անգիր ես արել մուլտֆիլմի բոլոր սերիաները, երբ չկա ժամանակ, երբ սկսել ես փողոցում էլ խոսել նրա լեզվով, երբ պայուսակից բացակայում է շրթներկը, որն հավանաբար մահճակալի տակ է... Բայց դու երջանիկ ես...

Aug 11, 2013

Թե լռելու ես



Թե լռելու ես, լռիր այնպես, որ մոլեգնող տարերք դարձած չարձագանքես ու չզարնվես սրտիս մորմոքող պատերին: Լռիր այնպես, որ քնած թե արթմնի քեզնով չապրեմ, չերկրպագեմ շունչդ ու հոգիդ: Լռիր այնպես, որ գիշերային լռության մեջ չլսեմ շշուկդ, մտասույզ հառաչդ, քեզ տանջող ու փորձող պատիժ դարձած պարգևդ: Թե լռելու ես, լռիր այնպես, որ հավիտյան, որ անտրտունջ, որ անվերադարձ, անողոք ու աներևույթ...
Իսկ թե ուզես սիրել, սիրիր այնպես ուժգին, որ քեզնով հարբեմ ու լիանամ, սիրիր այնպես վեհանձնորեն ու ինքնամոռաց, անդավաճան ու անմնացորդ, որ սիրուդ առաջ աստվածներն անգամ ծնկի գան, սիրիր այնպես իրական, այնպես խենթացած, ինչպես երբեք չես սիրել...
Թե ուզես սիրել, սիրիր անգթորեն, աննկուն, առանց ետ նայելու` այրելով ամեն կամուրջ ու ջարդուփշուր անելով ամեն պատնեշ, սիրիր այնպես, որ հիանամ, որ ապշեմ ու սքանչանամ, այնպես, որ շնչահեղձ լինեմ ու վերստին քեզ երազեմ...
Թե ուզես հեռանալ ու մոռանալ, գնա այնպես, որ սրտումս հետք չթողնես, որ ամեն վայրկյանը չնզովեմ, չանիծեմ ու հուշարձան սիրուս չողբամ, գնա այնպես, որ աննկատ, որ անաղմուկ, այնպես, որ կորչես ու հառնես, հեռու-հեռու...
Իսկ թե ուզես մնալ, մնա այնպես, որ օրս քաղցրանա, մեղմով հյուսվի ու վեհանա, մնա այնպես, որ աղոթեմ գոյությունդ, շնչեմ, հալչեմ ու ամուր փարվեմ քո թևերին, մնա այնպես, որ կեսս դառնաս, ինձնով լցվես ու ամբողջանաս, մնա այնպես, որ չգնաս...
Ու թե շարունակելու ես լռել, ապա լռելու ես ընդմիշտ...
Իսկ թե սիրելու ես, ապա սիրելու ես ինձ պես...

Aug 2, 2013

Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ


Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Հովհաննես Շիրազ

Եթե ինձ հարցնեին, թե որ բառն է իր հնչերանգով, բովանդակ էությամբ ու շարահյուսական պաշտոնով ամենանշանակալիցն ու քաղցրն իմ սրտում, ես առանց մի պահ վարանելու կասեի` «Մամա»:
Ինձ կյանք պարգևած ու լույս աշխարհ բերած, ինձ քո մեջ կրած ու անունիդ թարգմանությունը տված իմ անգին մամա, աշխարհիս երեսին և ոչ մի բառ չի կարողանա նկարագրել ու պատկերել իմ անսահման սիրո դրսևորումներն իրենց ողջ խորությամբ, լայնքով ու երկայնքով:
Իմ բարեսիրտ, կամեցող, ազնիվ ու անկեղծ, ջինջ ու մաքուր, ծայրահեղության հասնող հոգատար և ուշադիր, համբերատար, նվիրվող, մեծահոգի, զգացմունքային, հանդուրժող ու ամեն ինչ ներող, հեռատես ու զգույշ, արդարամիտ, խորունկ սիրով ու անհատնում ջերմությամբ լեցուն...
Դու ողջ կյանքդ ես մեզ նվիրել, ու, ցավոք, բազում զոհողությունների գնացել հանուն մեզ: Դժվարին պայմաններում մեկ սենյականոց բնակարանում երեք երեխա մեծացնել ու դաստիարակել, սովորեցնել ու օրինակ ծառայել, բայց երբեք չտրտնջալ... Դու և հայրս պատվով ու հետևողական պատասխանատվությամբ եք կատարել ձեր առաքելությունը:
Քո տված մայրական խորհուրդներն ու խրատները միշտ շատ ճշմարիտ են, քո` երբեմն խիստ տոնով ասված, բայց հորդացող սիրո ճառագայթներ պարունակող խոսքերը չափից դուրս իրական են ու կազդուրիչ: Իմ զվարճալի հարցերին էլ ավելի զվարճալի պատասխաններ գտնող, ինձ իրապես սիրող, երազային էությունս հասկացող ու ընդունող, ինձ պաշտպանող ու աջակցող, կողքիս կանգնած իմ պահապան հրեշտակ, դու իմ լույսն ես...
Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ... Ես ՔԵԶ նման մայր եմ ուզում լինել...
Ներիր, որ երբեմն բարկացնում եմ քեզ: Ներիր չմտածված խոսքերիս ու արարքներիս համար, ներիր, եթե երբևէ տխրեցրել եմ քեզ:
Ես երբեք էլ չեմ կարողանա քեզ արժանին փոխհատուցել, քո տվածը` հոգուս թևեր ու կյանքիս իմաստ հաղորդած անչափելի, անշոշափելի ու անմեկնելի մի վիթխարի կարողություն է: 
Սիրում եմ քեզ, իմ թանկագին Մամա: Ու չնայած որ ես արտաքնապես ավելի շատ հայրիկին եմ նման ու «Պապայի աղջիկն» եմ, ներքուստ ես քո կերպարն եմ կրում իմ մեջ` հայ կնոջ ու անձնազոհ մոր հավաքական կերպարը...
Դու այնքան ես անհանգստանում յուրաքանչյուրիս համար, մեզ հետ միասին տխրում, մեզ հետ միասին ուրախանում ու հպարտանում մեր ձեռքբերումներով: Քեզնից անհնար է որևէ բան թաքցնել, դու միշտ նկատում ես ամեն ինչ` ժպիտի տակ քողարկված տխրություն, չարտասանված մտքեր, ոչինչ չասող, բայց քեզ համար պերճախոս հայացք: Հա, մամ, քո սերը սահմաններ չունի...
«Զգույշ կլինես»«քաղցած չե՞ս»«դուռը ոչ մեկի առաջ չբացես»«մի բան հագիր, որ չմրսես»«շուտ կգաս, չուշանաս»«հենց տեղ հասնես, զանգիր» ու մի շարք նման արտահայտություններ անբաժան են մեզնից: Քո պատրաստած անմահական, ախորժելի ու անուշահամ ուտեստները անտարբեն չեն թողնում և ոչ ոքի: Դու, երբեմն անսալով իմ` «Մամ, սուրճիս բաժակը նայիր էլի» թախանձանքին, չնայած բնավ չտիրապետելով այդ «գիտությանը», ճշմարտանման ու լուսավոր խոսքեր ես շռայլում և ուրախությամբ լցնում բոլորիս:
Շնորհավոր Ծնունդդ, իմ աստվածային էակ... Ուզում եմ, որ քեզ երբևէ բաժին հասած խնդիրներն իբրև պարգև բազմապատկված փոխհատուցվեն: Ես աղոթում եմ, որ դու երկաթյա առողջություն ունենաս, ապրես անհոգ ու հանգիստ: Ուզում եմ, որ միշտ ժպտաս, ես էլ ամուր փարվեմ քեզ ու միշտ ինձ քո փոքրիկ աղջիկը զգամ... Աստված քեզ պահապան...
Քո ներկայությամբ մեզ ամբողջացնող ու լիարժեք դարձնող իմ պայծառ առավոտ, դու մեր տան մշտավառ լույսն ես, մեր տան անխախտ սյունն ես, մեր ջերմաշունչ ու կաթոգին գոյությունն ես: 
Ամեն վայրկյան արթուն մեզ քաջալերելու, ապաքինելու ու փրկելու` թեկուզ միայն մի բառով կամ էլ հայացքով...
Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ... Ես քեզ կափ-կանաչ գարուններ եմ մաղթում, բերկրալից ու ծաղկալից բազում պահեր, ժիր ու կայտառ թոռնիկներ, հեշտ ու խաղաղ կյանք...


02.08.2013