Jul 31, 2013

Ամուսնանում ես...

Ընդարձակ ու լուսավոր դահլիճ, հարյուրավոր հյուրեր, բազմերանգ ծաղիկներ, խինդ ու ծիծաղ, շքեղ հարսանիք: Դու ամուսնանում ես...
Հիշո՞ւմ ես մեր մանկությունը: Ես այնքան էի երազում տեսնել քեզ սև կոստյումով, իսկ դու անվերջ ասում էիր, թե ես որքան գեղեցիկ հարսնացու կլինեմ...
Հուզմունքը դողի նման համակել է ինձ, փորձում եմ խեղդել արցունքներս սպիտակ վարդերի մեջ, ես պարտավոր եմ ժպտալ ու ցույց տալ բոլորին, որ երջանիկ եմ քեզ համար...
Նա գեղեցիկ է: Ու չափազանց ուրախ: Իմ երազանքն իրականացավ, ուղղակի ոչ ինձ մոտ...
Ինչո՞ւ ես մեղավորի պես կանգնել ու լռում: Դո՞ւ չէիր ասում, որ սերը չէ գլխավորը: Դե հիմա ամուսնացիր ստով ու կեղծիքով լցված սնդուսափայլ տոպրակի հետ: Ինձ մի փնտրիր նրա մեջ, ես այնտեղ չկամ:
Դու ամուսնանում ես... Բայց ուրիշի հետ...
Անիմաստ կենացների տեղատարափ, մի բարձի ծերանալու կոչեր, հարբած ու խղճուկ ամբոխ... Ու դու` տխուր, անորոշ, հուսահատ, նիրհի մեջ անվերջացած ու ոչնչացած:
Ճիշտ էիր ասում` ես ավելի լավին եմ արժանի: 
Ինչպե՞ս կարող եմ ուրախ լինել քեզ համար, երբ անգամ դու ուրախ չես: Ինչպե՞ս կարող եմ ձևացնել, երբ ներսումս ոռնում ու մոլեգնում է մրրիկը:
Բեմադրված ներկայացում, ու բոլորն անթերի են կատարում իրենց դերերը: Երջանկություն, Աստված իմ, ահա այն...
Դատարկ էր, մերկ, սառնաշունչ, մեռելային ու չարագուշակ...
Հիշո՞ւմ ես մեր մանկությունը: Ասում էիր, որ ինձ բաց չես թողնի, միշտ կսիրես: Մոխրացած եղելությունդ թափվեց գլխիդ...
Դու ամուսնանում ես... Ընտրողը դու չէիր, բայց դու թույլ տվեցիր, որ քո փոխարեն ընտրեն...
Նա գեղեցիկ է: Ու արժանի քեզ...

Jul 18, 2013

Ընկերներ ենք


Մենք ուղղակի ընկերներ ենք` սրտակից ու բազում նմանություններով, և ուրիշ ոչինչ:
Երբեք մտքովս անգամ չէր անցնի, որ կարող եմ տղա ընկեր ունենալ: Դե նրանք կամ սիրահարվում էին ինձ ու փորձում ժամադրել, կամ էլ վիճում էինք ու դադարում ընկերներ լինելուց:
Ես քեզ այնքան լավ եմ ճանաչում, ու, կարծում եմ, հենց այդ պատճառով էլ չսիրահարվեցի քեզ: Ես այդպիսին եմ, բոլորովին անծանոթներին եմ սիրահարվում:
Մենք նույն ոճի երաժշտություն ենք լսում, միևնույն ֆիլմերն ենք դիտում, մեր նախասիրությունները գրեթե համընկնում են: Ես գնահատում եմ չափից դուրս անկեղծությունդ` դու չես ամաչում ինձ պատմել, թե ինչպես է քեզ հուզել որևէ ֆիլմ, չես թաքցնում, որ կարող ես արտասվել փոքրիկ երեխայի պես, կամ թե ինչ ես մտածում առհասարակ:
Դու պատրաստ ես օգնել ինձ ցանկացած հարցում, անգամ եթե գիշերվա ժամը 5-ը լինի, կամ եթե երթուղայինի մեջ լինես, կամ էլ թե քննության ժամանակ: Դու մինչև հոգուդ խորքը նվիրվում ես, իսկ սիրտդ շատ խորն է, չափազանց խորը:
Միշտ նկատում ես տխրությունս, խորհուրդներ տալիս, հուսադրում: Հաճախ քեզ տղաների նկարներ եմ ցույց տալիս, բայց դու երբեք նրանցից և ոչ մեկին չես հավանում` մեկն ինձ արժանի չէ, մյուսը մեծամիտ է, մեկ ուրիշը չափազանց մեծ ինձնից: Դու ծաղրանուններ ես հորինում նրանց համար ու փորձում բաց անել աչքերս:
Աշխարհն ավելի լավը կլիներ, եթե քեզ նման մարդիկ շատ լինեին, հավատա: Ազնիվ, աշխատասեր, կամեցող, ռոմանտիկ, պարզ ու հասարակ, հումորով ու մի փոքր խենթ:
Միշտ հաճույքով կարդում եմ քո գրած շարադրությունները` համեմված քո ուժեղ ու համառ բնավորությամբ: Սիրում եմ զրուցել քեզ հետ ու որևէ բան քննարկել:
Իմ լավ ընկեր, ուզում եմ միշտ կողքիս լինես: Ես շատ ընկերներից եմ հրաժարվել, բայց քեզ չեմ կարող կորցնել:
Ուզում եմ, որ գտնես երջանկությունդ, որովհետև դու արժանի ես ամենամեծ ու անդավաճան սիրուն: Ուզում եմ, որ քեզ վսեմացնող որակներդ միայն ավելի ծաղկեն ու զորանան: Ուզում եմ, որ անհաս բարձունքներ նվաճես, բայց միշտ մնաս հենց այսպիսին...

Jul 12, 2013

ԻՄ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄ

Կարծես երեկ լիներ, երբ ջանասիրաբար ու խանդավառությամբ տոգորված պարապում էի բուհ ընդունվելու համար: Կրկնուսույցներ, իմ պաշտելի տիկին Բաբայանը, որին ողջ կյանքս պարտական եմ լինելու ինձ փոխանցած գիտելիքների ու աշխարհաճանաչողության հմտությունների համար, շտեմարաններ, անգլերենի, հայոց լեզվի և գրականության դասագրքեր, թեստեր, երկարատև պարապմունքներ` համեմված դիմորդիս անհամբերությամբ ու պատասխանատվությամբ: Միասնական քննություններ, երբ բոլորն անհանգստանում էին ինձ համար, բացի ինձնից...
Աստված իմ, որքա՜ն արագ անցան այս չորս տարիները...
Տասնյոթամյա աղջնակից գրեթե ոչինչ չի մնացել... Ես շատ մեծացա, փոխվեցի, սկսեցի ամբողջովին ճանաչել մարդկային էությունն ու խուսափեցի շատերից...
Առաջին կուրս... 2009 թվական... Ես այնքան մոլորված էի, ու եթե անկեղծ ասեմ, շատ հոգնած ու տանջված անընդմեջ պարապմունքներից: Հիշում եմ, որ մի ողջ ամիս չէի կարողանում հարմարվել դասերի ռիթմին: Սեպտեմբերի երկուսին կորցրի իմ սիրելի թևնոցը: Հիմա ամեն անգամ ԼՄՀ միջանցքներով անցնելիս հիշում եմ, թե որքան երկար փնտրեցի, բայց այդպես էլ չգտա, ու թե որքան արտասվեցի:
Լսարանների անվերջանալի փնտրտուք, ՕԼՖ 1-15, ապա` 1-8, առաջին մոդուլներ, ՕԼՖ-ԼՄՀ միջանցք, որտեղ երբեք ասեղ գցելու տեղ չի լինում, հին ու նոր խումբ, անցաքարտ, բուֆետ, ԼՄՀ բակ, ՕԼՖ առաջին հարկ, դեկանատ, լավ ու հավատարիմ ընկերուհիներ, որոնց շատ սիրում եմ, արտահայտություններ, որոնք հաճախ կրկնում էինք, գոթերեն, որն ատում եմ մինչև հոգուս ամենախորքը, ու մի միջանցք, որն, ինչպես հետո հիշեցի, տարիներ առաջ տեսել էի երազումս:
Երկրորդ կուրս... ոգևորված, աշխատասեր ու տարեվերջում` ուժասպառ... Ռոմանագերմանական բանահյուսության ներածություն, որը մինչև օրս հայտնվում է իմ մղձավանջներում, գերմաներեն ու գերմաներենի լավագույն դասախոս Տիկին Պապոյան, որոնց պաշտելու եմ միշտ:
Երրորդ կուրս, որն իբրև թե համարվում է ամենադժվարը: Ստում էին, ամենահեշտն էր... Կամ էլ ես էի չափազանց անտարբեր... ու չափազանց հիասթափված...
Չորրորդ կուրս... ամենահասուն, ուրախ ու զվարթ տարին: Դիպլոմային ու սիրելի ղեկավար` Միսս Բեջանյան, ու վերջում կարմիր դիպլոմ` երկար սպասված...
Ասում են` ուսանողական տարիները լավագույնն են: Ցավոք, ստիպված եմ չհամաձայնվել...
Չորս` երկարուձիգ, բազում լավ ու վատ իրադարձություններով հագեցած, ժպիտներով ու ծիծաղով, բայց նաև արցունքներով ու հիասթափություններով լի տարիներ...
Որպես ուսանող ես երբեք էլ ակտիվ չեմ եղել: Վերջին շարքում նստող, երբեք ձեռք չբարձրացնող, բայց միշտ պատրաստ, երբեմն անպատշաճության հասնող ուրախ ու բարձրաձայն ծիծաղով առանձնացող, երբեմն էլ երազկոտ հայացքով 7-րդ երկնքի օդերում սավառնող, մատյանի 1-ին, ապա` խումբը փոխելու պատճառով 22-րդ համարը, լավ սովորող, բայց ոչ «գիրք կրծող»` չնայած ականջիս հասած շշուկներին:
Շատերը լեզվաբանությունը լուրջ մասնագիտություն չեն համարում, բայց իրականում լեզվաբան լինել չի նշանակում լավ տիրապետել որևէ լեզվի կամ լեզվաբանություն առարկային: Լեզվաբանը տարիների փորձի, հմտության, գիտելիքների հանրագումարի ու լեզու-խոսք արվեստին տիրապետող վարպետն է:
Այս չորս տարիների ընթացքում մեր համալսարանում շատ բաներ փոխվեցին: Դե, նախ փոխվեց ՕԼՖ առաջին հարկի` իմ շատ սիրելի ջահը, դասամիջոցի ավանդական զանգին փոխարինելու եկավ ինչ-որ երաժշտություն, փոխվեց բուհիս ռեկտորը...
Չեմ մոռանա մեր ցույցերը, երբեք, չեմ մոռանա մեր հավատն ու հույսը, մեր ուժը, մեր միասնականությունը...
Իսկ իրականում ես պաշտում եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Հավատացեք, Հայաստանի Հանրապետությունում այն լավագույնն է: Բուհում տիրող արդարությունը սեփական մաշկիս վրա եմ զգացել, առանց որևէ միջնորդության ընդունվել, չորս տարի սովորել անվճար համակարգում, ավարտել գերազանցությամբ ու ընդունվել մագիստրատուրա: Խորապես շնորհակալ եմ, թանկագին Բրյուսով:
Ես արդեն կարոտում եմ մեր լուսավոր լսարանները, մեր բարեխիղճ ու փորձառու դասախոսներին, 80 րոպե` երբեմն կիսամեռ, երբեմն մի ակնթարթ թվացող դասաժամերը: Հիմա մի անկյունում կանգնած հետևում եմ ինձ անծանոթ ուսանողուհիներին, որոնք իմ ճանապարհն են անցնում:
Հպարտ եմ, որ Բրյուսովցի եմ: Սրտումս վիթխարի տեղ զբաղեցնող իմ մի մասնիկ, ախր այս ամենը բառերով չես պատմի...
Ես քեզ հրաժեշտ չեմ տալիս ու չգիտեմ էլ` կկարողանամ երբևէ հեռանալ ու բաժանել դեպի քեզ եկող, քեզնով ապրող ու տարիներ կիսած ուղին...
Սիրում եմ քեզ, իմ Բրյուսով...

Jul 9, 2013

Լանայիս


Ողջո՜ւյն, իմ լուսե հրեշտակ...
Ուղիղ մեկ տարի առաջ, հուլիսի տասին, առավոտյան ժամը 10:55... դու լույս աշխարհ եկար:
4.150 գրամանոց, 56 սանտիմետրանոց երջանկություն` աղջիկ...
Ա՜խ, անուշի՛կս, չես էլ կարողանա պատկերացնել, թե որքան ես փոխել ու լցրել մեր կյանքը: Դու մի ողջ նոր անհայտ աշխարհ ես բացել` հրաշքներով ու փայլերով լեցուն:
Պաշտում եմ կարմրաթուշիկներդ, համով մռութիկդ, մոխրագույն աչուկներդ, փամփլիկ թաթիկներդ, ցմփորիկդ, խելքահան անող բույրդ ու քո քաղցրիկ լեզուն:
Լանա, իմ անփոխարինելի, իմ մանչուկ, իմ գանձատուփիկ, սիրում եմ քեզ աշխարհում բոլորից ու ամեն ինչից առավել:
Հետաքրքրասեր, զգույշ, ինքնուրույն, համառ, տզտզան ու բողոք արտահայտող հայացքով, երբ որևէ բան սրտովդ չի լինում:
Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ: Ես քեզ անսպառ լույս եմ ցանկանում, մշտադալար ու կանաչ ուղիներ, անամպ ու կապույտ երկինք, հորիզոնում վառվող կենսատու արև: Թող մանկությունդ հեքիաթի նման լինի, իմ արքայադուստր: Բախտավոր լինես, ու երջանկությունդ էլ թող երբևէ սահման չճանաչի:
Շողա, իմ արեգակ...
Երբեմն թվում է` կխելագարվեմ քո փափկությունից: Կարոտում եմ քեզ ամեն վայրկյան ու ակնթարթ, անգամ երբ գրկումս ամուր սեղմում եմ քեզ:
Հրճվում եմ ամեն անգամ քո արտաբերած որևէ հնչյուն կամ բառ լսելիս, ու հարցիս` «Լան, ինչքա՞ն ես սիրում ինձ», երբ դու տարածում ես թաթիկներդ ու ծիծաղում, հոգիս լցվում է մի անասելի բերկրանքով:
«Մամամամա՜, պապապապա՜, տիտիտի, դոդոդո, տատ, հա, ծէ, տիտե, նյանյա, անյա» ու մի շարք նման թոթովանքներ լցնում են ու գունավորում մեր առօրյան:
Փոքրիկս, դու երկնային մեծ պարգև ես, մի իսկական հարստություն...
Սիրում եմ, երբ ծափիկ-ծափիկ կամ ծիվ-ծիվ ես անում, երբ պարում ես, երբ քո նուրբ մատիկով ցույց ես տալիս, որ արդեն մեկ տարեկան ես, երբ դեմքիդ որևէ բան ես պահում, ապա «ծիկ» անում, երբ համակարգչի ստեղնաշարն ես ջարդուփշուր անում, երբ բարևում ես, երբ կոնֆետներով ես խաղում, երբ փորձում ես վարսերս կամ ականջօղերս քաշել, երբ առավոտյան 7.30 արդեն անուշ երգում ես ու արթնացնում բոլորիս, երբ ճաշիկ ուտելիս ինձ էլ ես երբեմն ճաշիկ անում, երբ ուզում ես քո սիրած տեսահոլովակը դիտել կամ էլ հեռախոսով խաղալ, երբ տզտզում ես ու բողոքում, երբ փչում ես, երբ ծաղկից հոտ ես քաշում, երբ աստիճան ես բարձրանում, երբ դաշնամուր ես նվագում, երբ ժպտում ես ու ծիծաղում...
Ատամհատիկիդ օրը քեզ վիճակված բազում մասնագիտություններից ու իրերից քո «պատմաբան, փիլիսոփա ու արձակագիր», «մկրատ, մատիտ, հեռախոս ու փող» ընտրությունը հաստատեց, որ խելացի փոքրիկ ես:
Լա՛նա, քո ծնողները, քո տատիկ-պապիկները, քո հորաքույրերն ու մորաքույրը, քո քեռին խենթանում են քեզ համար...
Շնորհավոր ծնունդդ, իմ գեղեցկուհի: Քեզ փթթող գարուններ, բողբոջող ու սիրառատ ապագա, ջերմացնող ու զվարթ մանկություն...