Dec 17, 2013

Շնորհավոր Ծնունդդ, Սիրելի՛ Հայրիկ



Մեր տան պատվո սուրբ կնիք,
Հայր իմ, դու կես հայրենիք:

Հովհաննես Շիրազ

Իմ սիրելի հայրիկ` Ռուբիկ Աշոտի Թովմասյան, Սասուն աշխարհի զավակ, Խաբլջոզի Մանուկի թոռ, Թալինի շրջանի Աշնակ գյուղում ծնված ու մեծացած, Թովմասյան գերդաստանի պարծանք ու հպարտություն...
Դու պատվով ես անցել կյանքի մի դժվարին ուղի` լի բազում փորձություններով, խոչընդոտներով ու արգելքներով, վերելքներով ու վայէջքներով, պատված ամեն տեսակ քարերով ու տատասկներով: Քո ապրածն ու տեսածն անգին է, խորն ու անմատչելի: Մաքառման, անսպառ ուժի ու եռանդի, պայքարի ու հաղթահարման շնորհիվ դու տոնել ես հաղթանակներ, կերտել հարուստ կենսագրություն, նվաճել տարիների պատիվ ու բերկրանք, ձեռք բերել խորիմաստ կենսափորձ ու գիտելիքների հսկայական պաշար: Ես հպարտ եմ քեզնով, քո մեծագին ներուժով, քո հասած բարձունքներով, կատարած անգնահատելի աշխատանքով ու վաստակով:
Դու իմ խելացի ու իմաստուն, հայրենասեր ու ավանդապաշտ, հեռատես ու շրջահայաց, ազնիվ ու շիտակախոս, խիստ ու արդար, զգայուն ու նրբանկատ, բարեհոգի ու պարկեշտ, խստապահանջ, աշխատասեր, պարտաճանաչ ու պատասխանատու, սերունդներ կրթած ու դաստիարակած վաստակաշատ գիտնական, պերճախոս հռետոր ու սեղանների անփոխարինելի թամադա, բազմաթիվ հոդվածերի ու գրքերի հեղինակ, նվիրված ամուսին, հոգատար ու սիրող հայր, Լանա և Ռուբեն թոռնիկների սիրառատ պապիկ, բարեխիղճ տնօրեն, հավատարիմ ընկեր, շախմատի փորձառու վարպետ, հայորդի ու ՄԵԾ ՄԱՐԴ...
Պարո՛ն Թովմասյան` այսպես են դիմում քեզ ամենուրեք հանդիպող ծանոթներդ ու նախկին ուսանողներդ, խորին հարգանքով մոտենում, ջերմորեն բարևում ու անկեղծ զրուցում: Քո փոխանցածն համակողմանի է, ընդգրկուն ու մեծարժեք: Քո կարդացած հազարավոր գրքերի արտացոլանքն է քո մեջ, դու հարուստ ես քո խոսքով, որն համեմված է մեր մեծերի մեջբերումներով ու հարուստ ժառանգությամբ:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ հայրիկ: Ցանկանում եմ, որ ամուր առողջություն ունենաս, ապրես խաղաղ ու հանգիստ ու շարունակես քո սկսած գործը: Դու մեր տունն ես, մեր տան ամրության պահպանումն ու հույսն ես: Մենք խոստանում ենք միշտ բարձր պահել քո անունն ու պատիվը:
Ես Տիգրան չծնվեցի, բայց... Բայց դժվար թե այդ Տիգրանը քեզ ինձնից շատ սիրեր, չէ՞ որ հայր ու աղջիկ իրար ուրիշ սիրով են սիրում: Ես նման եմ քեզ թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ: Դու միշտ կատարում ես բոլոր ցանկություններս, դու և՛ հայր ես, և՛ եղբայր, և՛ ընկեր: Գիտեմ, որ ինձ և ոչ մի հարցում չես մերժի, միշտ կանգնած կլինես կողքիս, կպաշտպանես ու կաջակցես, կոգևորես ու կուղղորդես:
Սիրում եմ, երբ մեզ միասին տեսնելիս բոլորը միանգամից բացականչում են, որ նման եմ քեզ, ու դու հպարտ ժպտում ես: Քո կերպարը շատ վաղուց է արմատացած իմ մեջ` քո ուժի ու բարության, քո ներքին ու արտաքին հատկանիշների ամբողջության մարմնացումը: Ես հպարտ եմ, որ Թովմասյան եմ ու հենց քո դուստրն եմ:
Սասունցու արմատներից երբեք չշեղվող հայրենի գյուղի սրտացավ զավակ, քո խորհրդով ու խրատով, քո պատրաստակամությամբ ու օժանդակությամբ դու կանգնած ես համագյուղացիներիդ կողքին թե՛ ուրախության, և թե՛ տխրության պահին` լինեն մեծ, թե փոքր: Սրտատեր ամեն ծառ ու ճյուղի, բերք ու բարիքի հանդեպ` քո մեջ սասունցու ուժն է ու ոգին: 
Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ հայրիկ: «Պապայի աղջիկը» սիրում է քեզ անսահման, անեզր ու անափ: Ես քեզ գարնան ջերմությամբ բացվող բերկրաշատ օրեր եմ մաղթում, պայծառ արևի շողով ողողված հարատև ընթացք, քաջառողջություն ու երկար-երկար տարիների լույս... 

18.12.2015 թ.

Nov 25, 2013

Ձմեռային


Հետաքրքիր մարդ ես, գիտես: Սառն ես թվում, իսկ ներսումդ կրակ դարձած այրվում ես, բորբոքվում ու հրաբուխի նման ժայթքում սիրուց: Թվում ես այնքա՜ն անտարբեր... Բայց ես գիտեմ, որ վաղուց ես խորասուզվել ու խորտակվել իմ մեջ, վարարել, դուրս եկել ափերից ու էլի խաղաղվել: Երկաթ ու քար ես թվում, բայց ներքուստ շատ նրբազգաց ու խորն ես, շատ փխրուն ու քնքուշ...
Ասում են` մեծամիտի մեկն ես, եսապաշտ ինքնագոհ... Բայց ես գիտեմ, որ վաղուց ես հանձնվել ու հասկացել` կյանքի աստառն այլ կողմ ունի` գեղեցիկ ու արտասովոր, մի աշխարհ, որտեղ ամեն ինչ այլ է, որտեղ չիրականացած երազանքներ չեն մնում, որտեղից ելք չկա...
Ասում են` մի օր ինձ դատի ես տալու ու դատը շահելու ես: Բայց ինձ դու վաղուց ես պարտվել... Իսկ թղթի կտորները ոչինչ չարժեն, ոչինչ...
Ասում են` տարիներ անց ես քեզ ժպիտը դեմքիս եմ հիշելու, ծիծաղելու եմ երեխայական արարքներիս վրա, իսկ դու... Դու ինձ սառած աչքերով ես հիշելու, քարացած կանգնելու ես մի պահ ու չես հավատալու, որ եղել եմ... Ես կմնամ այնտեղ` ամենաներսում, քո աչքերի խորքում...
Տեսե՞լ ես քեզ կողքից... Փակվել ես ինքդ քո մեջ ու լռում ես... Եթե վերացարկեմ չասածներդ, տակը գիտե՞ս, թե ինչ կմնա: Եթե լռությունդ բառերի վերածեմ, գիտե՞ս, թե ինչ կստացվի: Մի տանջվիր, ես դա վաղուց եմ արել...
Ես ընկնող աստղի նման անցել եմ քո կյանքով, նոր էջ եմ բացել, փոխել եմ քեզ, աչքերիդ մեջ նոր գարուններ եմ բացել...
Հոգնել եմ...
Հոգնել եմ ինձ քո մեջ կորցնելուց, ինձ քո մեջ փնտրելուց, հոգնել եմ քո գոռոզությունից, քո մեծամտությունից, քո եսապաշտությունից, քո սառնությունից... Մեկ է արդեն, թե ինչ ես զգում, թե որքան ես ընկղմվում իմ վարդագույն աշխարհի մեջ ու անընդհատություն աղերսում...
Ասում են` ճակատագրական սխալ եմ գործում... Իսկ ես վաղուց եմ թքել ճակատագրի վրա...
Դու դառնում ես կյանքիս երկրորդ ձմեռը... Իսկ ես միայն գարուն եմ սիրում...

Nov 11, 2013

Ես էլի կսիրահարվեի քեզ...



Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, ապրեինք միևնույն բակում, խաղայինք միասին, վազեինք, չարաճճիություններ անեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ֆուտբոլ խաղում, վերանորոգում տիկնիկիս մարմնի մասերը, ինձ համար ավազից դղյակ կառուցում, վիճում ինձ նեղացնող տղաների հետ ու պաշտպանում ինձ:
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն դասարանում, կռվեինք, հաշտվեինք, դպրոցի պատերին գրեինք մեր անունների սկզբնատառերը: Դու կօգնեիր ինձ լուծել հանրահաշվի ու երկրաչափության անիմաստ խնդիրները, ես էլ տետրիս վերջին էջում մեծ տառերով կգրեի անունդ, տակը սրտիկ կնկարեի, կներկեի կարմիր մատիտով ու միշտ հիացմունքով կնայեի քեզ, երբ դու գրատախտակի մոտ կանգնած շփոթված պատասխանեիր ուսուցիչների հարցերին:
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, սովորած լինեինք միևնույն կուրսում: Ես կտեսնեի, թե ինչպես է տասնյոթամյա տղան ձևավորվում որպես հասուն, կայուն ու վճռական, ուժեղ ու գեղեցիկ տղամարդ: Ես կտեսնեի, թե ինչպես ես պարապում քննությունների համար, ինչպես ես տղաների հետ վերջին շարքում նստած շաղակրատում, դասի գալիս բոլոր առարկաների համար նախատեսված մի տետրով, ինչպես ես առիթ փնտրում մեր տուն զանգահարելու ու մի անմիտ բան հարցնելու...
Ես էլի կսիրահարվեի քեզ...
Ասում եմ` հետաքրքիր կլիներ, որ հասակակիցներ լինեինք, միասին աշխատեինք, միասին որևէ ծրագրի վրա մտածեինք, գրեինք, ջնջեինք: Ես կտեսնեի, թե ինչպես ես ինձ գաղտնի հետևում համակարգչիդ հետևում նստած, կտեսնեի, թե ինչպես ես գերազանցում բոլորին, հասնում նպատակներիդ ու նորերը կառուցում:
Բայց մենք հասակակիցներ չենք... Ու ես սիրահարվեցի քեզ... Ասում եմ` հետաքրքիր կլիներ ժամանակը առաջ տալ ու... Չէ, երևի պետք չէ... Մեկ է` ես էլի սիրահարվելու եմ քեզ...

Nov 6, 2013

Սիրո Լեզու



Նման ես այն լեզվին, որի բառապաշարն ու քերականությունը յուրացրել եմ, անգիր արել, խոսել ցավոք չի ստացվում: Որոշել չեմ կարողանում` մեռա՞ծ լեզու ես, թե՞ դեռ կենդանի, թե՞ դեռ կարող եմ ապրեցնել ու շունչ տալ գոյությանդ: Չէ, բարդ լեզվի հետ գործ ունեմ...
Ասում են` երբեք հնարավորություն չեմ ունենա խոնարհել ու հոլովել քեզ... Բայց դե ես սովորություն չունեմ լսելու, թե ինչ ես ասում ուրիշները... Չէ՞ որ նրանք ուրիշ են, չգիտեն, թե որքան երկար եմ ուսումնասիրել լեզվիդ ողջ կառուցվածքը: Իսկ հետազոտությունս չեմ պատրաստվում ջուրը գցել...
Նման ես այն օտար լեզվին, որը երկար լսելուց հետո դառնում է սիրելի, անհրաժեշտ... Ուզում եմ անվերջ ունկնդրել լեզվիդ մեղմ հնչյունները, դառնալ քո միակ օգտատերն ու ստեղծագործել քեզ...
Իսկ մայրենիս չե՞ս դառնալու, հիմարիկ...
Սպասիր մտածեմ, թե ինչ անուն կարելի է տալ քեզ... Լավ, անունդ չեմ փոխի, շատ եմ այն սիրում...
Նման ես այն լեզվին, որին շատերն են ցանկանում ու փորձում տիրապետել... Բայց չէ, սիրելիս, լեզվիդ ողջ կանոնները ձեռքումս են, բացառություններն անգամ...
Գիտեմ` ուրիշ եմ, պատկերավորման միջոցներով ներկել եմ քեզ, գունավորել ամենամութ անկյունդ անգամ...
Ու դու նման չես և ոչ մի լեզվի, որը նախկինում լսել եմ... Դու ուրիշ ես, ուրիշ ինձ համար...

Nov 4, 2013

Հիշողություն



Չհամբուրած շուրթերդ վաղուց արդեն ուրիշին են համբուրում, ամուր ձեռքերդ գրկում են այդ ուրիշին, այդ ուրիշն է ամեն առավոտ քեզ համար ձվածեղ պատրաստում ու նայում աստվածային աչքերիդ մեջ, որոնք պաշտել եմ այնքան, այդ ուրիշն է քեզ սեր նվիրում, լսում մեղմ ձայնդ ու ապրում քեզանով...
Դու իմ ամենաթանկ ու ամենատխուր հիշողությունն ես: Ես միշտ քեզ եմ հիշում, երբ որևէ բան այնպես չի լինում:
Երջանի՞կ ես...
Արդեն մի քանի տարի է, ինչ քեզ չեմ տեսել: Ես շատ եմ փոխվել, մեծացել ու հրաշքների այլևս չեմ հավատում:
Ի՞նչ սրտով ինձ երջանկություն ցանկացար...
Նրան նայելի՞ս էլ են խորունկ աչքերդ անսահման սիրո ու նվիրումի փայլով լցվում, այդ աչքերդ, որոնց մեջ վերջին անգամ ինձ տեսնելու հնարավորություն չունեցա...
Իրար սպանեցինք: Ես դուրս թափեցի ներսումս կուտակված ողջ մաղձը, կաթիլ-կաթիլ քամեցի թույնով լցված սիրտս, դատարկեցի հոգիս քո ամեն մի մասնիկից... Մեր սերը տանջամահ եղած ավանդվեց ու սևով պսակվեց...
Ես երդվել եմ գտնել երջանկությունս, բայց ոչ քեզ որևէ բան ապացուցելու համար, ոչ էլ այդ երջանկությունը երեսովդ շպրտելու համար: Մի օր, երբ ես էլ քեզ պես կկանգնեմ խորանի առջև, ապա իմացիր` արդեն երջանիկ եմ...
Դու իմ տխրությունն ես, ամենացավոտ ու դժբախտ հիշողությունս...
Հիմա կտայի ամեն ինչ, որ երբեք քեզ տեսած չլինեի, որ զգացած չլինեի այն, ինչ քո հանդեպ եմ զգացել... Անիծյալ լինի այսպիսի սերը...
Տեղդ թափուր է մնացել... Փորձել եմ սիրել, բայց հիմա ավելի է ցավում...
Երջանի՞կ ես...
Միշտ քեզ եմ հիշում, երբ տխուր եմ լինում, երբ ուզում եմ ուղղակի շրջվել ու հեռանալ այս աշխարհից... Այս կյանքը մեզ համար չէր...
Ես երդվել եմ գտնել երջանկությունս, այն բաժինը, որը մեզ վիճակված չէր կիսել...
Քո սև աչքերը, որոնք սիրել եմ այնքան, վաղուց արդեն այդ ուրիշինն են...

Nov 3, 2013

Ինձ չես մոռանա...



Ես վերևից ընկա քո կյանք, ներխուժեցի քո ծանրաբեռնված առօրյա: Անվանիր դա ինչպես կուզես` պատիժ, երջանիկ պատահականություն, բախտի խաղ, ճակատագրի նվեր...
Մի օր գուցե տխուր հիշողություն դառնամ, որովհետև դու ինձ չես մոռանա...
Դու չես լսի, թե ես ինչպես եմ ժամերով բարձրաձայն ծիծաղում, չես խմի իմ պատրաստած համեղ սուրճը, չես սփոփի ինձ, երբ ես ինչ-որ չնչին բանի պատճառով լաց կլինեմ, չես գրկի ու համբուրի ինձ, երբ կբղավեմ, որ էլ քեզ չեմ սիրում, նուրբ մատներդ չեն սեղմի մատներս, դու երբեք չես տեսնի, թե ինչպես են մանկական դիմագծերս փոխվում, չես լինի ճակատագրիս գրքի հերոսը...
Դու էլ պատահաբար հայտնվեցիր... Ու ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար...
Ինձ երբեք չես հասկանա... Ես կմնամ կյանքիդ այն կողմում, որը, թե շատ ցանկանաս էլ, երբեք չես համարձակվի ապրել...
Ներիր, որ խառնվեցի կյանքիդ, ակամա ստացվեց, ճիշտ կլիներ, եթե լռեի ու չտանջեի ոչ քեզ, ոչ էլ ինձ... Տողերիս համար էլ ներիր...
Ես տխուր հիշողություն կմնամ, գուցե տարիներ անց հաճախ հիշես ինձ, ժպտաս ու լռես, որ եղել եմ ու չեմ եղել, որ սիրել եմ ու հետո շատ խորը զղջացել ու սպանել եմ սերս, որ չխեղդվեմ... Դու ինձ չես մոռանա...
Ես վերևից ընկա, վստահ բացեցի կյանքիդ դուռն ու ներս մտա... Ինքս էլ մի օր նույն դռնով կհեռանամ...
Դու կգտնես երջանկությունդ: Նա քեզ երևի շատ կսիրի, շատ ավելի, քան ես... Որովհետև ես մահու չափ վախենում եմ սիրելուց...
Արցունքներս ողողել են թղթերս, ամեն ինչ դարձել է այնքան անիմաստ...
Ես կմնամ քո չապրած տարիներում, քո մտացածին կյանքում որպես մի երազանք, անիրական հեքիաթ` անհամապատասխան սահմանածդ և բոլոր կետերին:
Դու կգտնես երջանկությունդ, վստահ եմ: Նա ինձ պես խենթ չի լինի, չի ապրի սին հույսերով ու երազներով... 
Իսկ ես կմնամ լոկ մի տխուր հիշողություն... Որովհետև դու ինձ չես մոռանա...

Sep 11, 2013

Դու, թե մեկ ուրիշը...


Կողքիս լինես դու, թե մեկ ուրիշը, նա կսիրի ինձ բռնկուն ու քնքուշ սիրով, կանգնած կլինի կողքիս, երբ մի ողջ աշխարհ երես թեքի ինձնից ու անդունդը գլորել փորձի, կհավատա ուժերիս, անգամ երբ ինքս ինձից հուսալքվեմ ու լինել չուզենամ, կբռնի ձեռքս ու ամուր կգրկի, նա կսիրի անիմաստ թախիծս, խենթ ծիծաղս, կսիրի ինձ անգամ թե շպարված չլինեմ, առանց իմ բարձրակրունկ կոշիկների, կսիրի հենց այնպես, ուղղակի, որ կամ...
Կողքիս լինես դու, թե մեկ ուրիշը, նա չի ընկրկի և ոչ մի արգելքից, չի վարանի, չի նվաղի, սյուն կդառնա ու ամուր հիմքեր կգցի, ուղիներ կհարթի ու կհաղթանակի, արդար ու վեհ կլինի, քանի որ նրա կողքին կլինեմ ես...
Կողքիս լինես դու, թե ուրիշ մեկը, նա կվախենա կորցնել գեթ մի սիրավառ հայացքս, կսարսափի, թե գուցե մի օր սերս մարի, կդողա ինձ ուղղված ամեն այլ հայացքից ու աննշան խոսքից, նա կփայփայի, կխնամի մեր սերը, չի թողնի, որ անիծյալ մոլախոտերը արմատախիլ անեն հաստաբուն ծառը մեր սիրո...
Կողքիս լինես դու, թե ուրիշ մեկը, նա անպայման իմ սրտից է ունենալու` բարի ու օվկիանոսի նման շատ խորը, նա իմ հույսն ու լույսն է լինելու, իմ մեծ ուժն ու թուլությունը, կյանքս իմաստափոխած իմ մեծագույն սերն ու միաբանությունը...
Կողքիս լինես դու, թե ուրիշ մեկը, ա՜խ, բայց նա այնքան օտար է թվալու, այնքան խորթ հոգուս, այնքան ոչ դու...
Ուրիշը նվաճի ու գերի ինձ, թե դու, նա կսրբի այտս ի վար սահող արցունքը, կմաքրի հոգիս կեղծ սիրո մնացորդներից, կպաշտպանի ինձ, կփրկի ինքս ինձնից ու ճշմարիտը կմատնանշի: Նա գուցե բացահայտ չխոսի իր սիրո մասին, ջերմ ու փաղաքուշ խոսքերով չբարձրաձայնի այն, ինչը շշնջում են միայն... Բայց մի՞թե դա է կարևոր...
Անծանոթ այդ մեկն ինձ սիրի, թե դու, կարևոր չէ`  բարձրահասակ կլինի, թե ոչ, ինչ գույնի մազեր կամ աչքեր կունենա, գեր կլինի, թե նիհար, բանվոր կլինի, թե խոհարար, թանկարժեք մեքենա կունենա, թե մետրո կնստի, բայց նա մարդ կլինի` մարդ բառիս բոլոր շեշտերով ու բանություններով...
Իսկ ես... Քեզ կսիրեմ, թե այն բախտավորին, որ դեռ նոր է գալու... Իսկ դու վաղուց գիտես, թե ես ինչպես եմ սիրելու...

Sep 3, 2013

Խոստանում եմ․․․


  1. Խոստանում եմ արդուկել շորերդ, բայց հետո հնարավոր է ստիպված լինես ինձ այրվածքաբանության կենտրոն տանել:
  2. Խոստանում եմ երգել քեզ համար, ես լավ եմ երգում:
  3. Խոստանում եմ չծիծաղել հասարակական վայրերում:
  4. Խոստանում եմ երբեք չհիշեցնել մեր առաջին հանդիպման 409-րդ և 618-րդ օրերը, ինքս էլ դժվար հիշեմ:
  5. Խոստանում եմ համբուրել սիրելի աչքերդ, երբ դու քնած լինես: Բայց եթե հանկարծ այդ պահին արթնանաս, խուճապահար չլինես:
  6. Խոստանում եմ ճաշ պատրաստել քեզ համար, բայց վստահ չեմ, որ դրանից հետո ի վիճակի կլինեմ կատարել մյուս խոստումներս: 
  7. Խոստանում եմ հավատարիմ լինել` ինձ անհանգստացնող ու երջանկացնող ամեն մանրուք հենց քեզ պատմել ու սեր բառը լսելիս քեզ հիշել:
  8. Խոստանում եմ ծիծաղեցնել քեզ, երբ խիստ ու լուրջ հայացքով ինձ նայես:
  9. Խոստանում եմ խանգարել քեզ հեռախոսով խոսելիս:
  10. Խոստանում եմ երբեք չիջնել երկնքից ու քեզ վերև բարձրացնել:
  11. Խոստանում եմ խաղալ քո նուրբ մատների հետ:
  12. Խոստանում եմ երբեք ուրիշների ներկայությամբ չխոսել թերություններիդ մասին:
  13. Խոստանում եմ չխնդրել սուրճ մատուցել ինձ անկողնում, կամ ընթրիք կազմակերպել մոմերի լույսի ներքո, զզվում եմ նման բաներից:
  14. Խոստանում եմ գրել քեզ համար:
  15. Խոստանում եմ չստել, երբեք և ոչ մի պարագայում: 
  16. Խոստանում եմ չարթնացնել քեզ որևէ անեկդոտ պատմելու համար:
  17. Խոստանում եմ հարգել ու սիրել ծնողներիդ:
  18. Խոստանում եմ միշտ նույնքան լուսավոր մնալ:
  19. Խոստանում եմ չվիճել, չբողոքել, չտրտնջալ: Դրանք չեն աշխատում, ավելի խելամիտ մեթոդներ է պետք մտածել:
  20. Խոստանում եմ քեզ ավելի լավը դարձնել:
  21. Խոստանում եմ միշտ ստիպել քեզ ժպտալ, ինչպես հենց հիմա արեցի...

Sep 1, 2013

Ձե՛զ, Տիկին Բաբայան


Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ Տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կդյութեք,
Կստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ շոյել գիտեք
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չգովել
Ու չերգել Ձեզ, օ Տիկին...
             
Վահան Տերյան

Մի պահ կանգնեցնում եմ ժամանակը, շրջվում ետ ու կարոտով դիտում անջնջելի դարձած հիշողությունները: Տարիները ետ են սահում ու հառնում աչքերիս առջև, միայն ընկալումս է հիմա տարբեր` ավելի հասուն: Խորին հարգանքով ու չմարող երախտագիտության զգացումով կրկին մտովի անդրադառնում եմ Ձե՛զ, Տիկին Բաբայան: Ձեր ազդեցությունն ու նշանակությունն իմ կյանքում ամենաարժեքավորներից է:
Կարծես երեկ լիներ, երբ դեռ 15-16 տարեկան էի ու շտապում էի Ձեր տուն` հայոց լեզվի և գրականության պարապմունքին: Դիմորդին ոչ հարիր անհոգությամբ սերտում էի Ձեր անփոխարինելի պատգամները: Ձեր կենսափորձի ու գիտելիքների, հմտությունների ու մայրական խորհուրդների դրոշմը հավերժ կրելու եմ իմ ամենանվիրական խորքերում: Հանդիպում էինք երեքշաբթի և ուրբաթ օրերին` 15:30, Ձեր տանը` մեր մշտական սենյակում (Ա՜խ, որքան եմ պաշտում այդ սուրբ սենյակը): Փափուկ բազմոցը, մեր սեղանը, իմ աթոռը, մեր մտերմիկ զրույցները, հայ գրականության գանձերը, Ձեր հոգատարությունը, կարմիր մանիկյուրը... Երանի հնարավորություն ունենայի կրկին ապրելու այդ տարիները...
Մեծահոգի, բարեսիրտ, խաղաղասեր, զգացմունքային, անհատնում մաքրությամբ ու աստվածային լույսով օժտված իմ պաշտելի Տիկին Բաբայան, միտքս փորձում է բառեր գտնել Ձեր ողջ էությունը նկարագրելու համար: Երևի ինքս պետք է մի բառ հորինեմ ու նվիրեմ Ձեզ:
Որքան արագ ու հաճելի էին անցնում մեր պարապմունքները: Հիշում եմ, որ հենց առաջին օրը տետրիս առաջին էջին Ձեր մարգարտյա ձեռագրով գրեցիք` «Կրկնությունը գիտության մայրն է»: Հիշում եմ Ձեր քեռու ասած բոլոր ճշմարտությունները կյանքի վերաբերյալ, հիշում եմ Ձեր զվարթ ծիծաղը, հիշում եմ, թե ինչպես մի օր միասին հուզվեցինք ու լաց եղանք, հիշում եմ, երբ ըմբոստանում էի ու կիսվում Ձեզ հետ ամեն ինչի մասին, Դուք լսում էիք ինձ, խարհուրդներ տալիս: Հիշում եմ, որ խոստացել եմ մի գեղեցիկ օր ծանոթացնել Ձեզ իմ սիրտը գրաված երիտասարդի հետ: Ձեր արածը անչափելի է, անմեկնելի, անդին աշխարհիս երեսին բոլոր օրենքներից ու կանոններից:
Կողքիս նստում էր ընկերուհիս` Ադան` մեղմ, բարի ու նուրբ մի աղջիկ, որի հետ մինչև օրս շարունակում ենք կիսվել տպավորություններով ու քաղցր հուշերով: Իսկ երբ մենք ծիծաղում էինք... Ես բռնկվում էի տենդագին ու վարակիչ խինդով և կարող էի մի ողջ ժամ քրքջալ... Իսկապես անզուսպ կարոտել եմ այդ օրերը...
Այսօր սեպտեմբերի մեկն է` գիտելիքի օրը: Այսօր Ձեր տոնն է, Տիկի՛ն Բաբայան: 
Ձեզ անսպառ եռանդ ու քաջառողջություն եմ մաղթում, խելացի ու կայտառ թոռնիկներ, ներդաշնակություն, արիություն ու հանգստություն: Սիրում եմ և հիանում Ձեզնով սրտիս ողջ ծավալով մեկ, Դուք կատարելության իմ կերպարն եք...

Aug 24, 2013

Սիրո և պաշտամունքի նախարարություն



Պահանջում եմ ստեղծել նոր նախարարություն` Սիրո և պաշտամունքի: Այն կլինի Հայաստանի Հանրապետության լավագույն և ամենաքնքուշ կառույցը: Շենքը կլինի վարդագույն և կգտնվի Անձնուրացության փողոցում: Նախարարությունը կունենա կառուցվածքային ստորաբաժանումներ` վարչություններ և բաժիններ: Կլինեն Ծնողական և որդիական սիրո, Հայրենասիրության, Ծանոթություն հաստատելու և խնամախոսության, Հարաբերությունների անվտանգության, Անպատասխան սիրո, Կոտրված սրտերի, Առաջին սիրո, Ամուսնության, Ընտանեկան պաշտպանության, Հավատարմության, Վեճերի հարթման և հաշտեցման վարչություններ, որոնք իրենց հերթին կունենան մի քանի բաժիններ:
Նախարարության հիմնական գործառույթները կլինեն հետևյալը` 1. Կազմակերպել սրտերի հանդիպում և բարեխոսում, 2. Նվազեցնել հնարավոր երկրորդ կեսերի ցուցակը և օգնել ճիշտ ընտրություն կատարելու հարցում, 3. Սերմանել սիրո, հարգանքի և բարեբախտության տարրեր, 4. Բուժել կոտրված սրտերը և բերել նախկին ռիթմին, 5. Չար աչքերից հեռու պահել սիրող զույգերին և նրանց հավերժ շղթայել միմյանց, և այլն:
Պետք է մշակել և իրականացնել սիրո և պաշտամունքի քաղաքականություն, սիրո և գորովանքի հայեցակարգ, խանդաղատանքի և հրայրքի ռազմավարական ծրագրեր: Սիրո ոլորտում պետական քաղաքականությունը կիրականացվի սիրո մասին ՀՀ օրենքի համաձայն: Նախարարության անձնակազմը բաղկացած կլինի միայն բարեհոգի և առաքինի մարդկանցից: Պատգամախոսները կընտրվեն մանրազնին քննության արդյունքում: Սահմանված կլինի հատուկ համազգեստ` աղջիկները կկրեն գունագեղ կիսաշրջազգեստներ` սրտիկներով և ծաղիկներով զարդարված, իսկ տղաները կկրեն ասպետական կոստյումներ: Շենքում միշտ կհնչի մեղմ երաժշտության հոգեզվարթ դայլայլը, կտիրի եթերային ու ջերմաշունչ տրամադրություն: Կկազմակերպվի բաց դռների օր միայնակ սրտերի համար...
Նախարարը կլինեմ ես... Կունենամ տեղակալներ, օգնականներ, խորհրդականներ, աշխատակազմի ղեկավար, մամուլի քարտուղար, սիրո բարեխոսներ, պահապան հրեշտակների մի ողջ բույլ, ծաղիկներ բաժանողներ, սերենադա նվագողներ, հարսանյաց հանդեսների կազմակերպիչներ...
Ես բարեխղճորեն կկատարեմ պարտականություններս... Խոստանում եմ...

Aug 14, 2013

Մի գավաթ սուրճ



Կոֆեինի` սովորություն ու անհրաժեշտություն դարձած հերթական չափաբաժին, որն իր խթանիչ կարողությամբ վերակենդանացնում է մարդկային թմրած ու սպառված մարտկոցները: Կես թեյի գդալ շաքարավազի, մեկ թեյի գդալ սև սուրճի և մեկ գավաթ ջրի համամասնությունը հրաշքներ է գործում, բարձրացնում աշխատունակությունն ու էներգիա հաղորդում: Չպետք է մոռանալ այս ամենին միախառնել մի գդալ սեր ու բարձր տրամադրություն:
Սուրճը տարրալուծվում է ջրում, բարձրացող պղպջակները գնալով ավելի ուժգին են բլթբլթում, ևս մի քանի վայրկյան, ու այս ազդեցիկ ըմպելիքը պատրաստ է:
Զգլխիչ բույրը տարածվել է շուրջբոլորը, բարձրացող գոլորշին դեմքիս է փչում թմրանյութ թվացող, բայց անվնաս բուրմունքը:
Մի գավաթ սուրճ ու մի ամբողջ փիլիսոփայություն: Զանազան կոնֆետներ` շոկոլադե, կաթնային, ջնարակապատ, մրգային միջուկով, վաֆլե լցոնով, հրուշակեղեն, քաղցրեղեն, մարմելադ, թխվածքաբլիթներ, խմորեղեններ, տորթեր, մրգեր, պաղպաղակ:
Տաք հեղուկը կայծակնային արագությամբ գործի է դնում իր հմտությունները: Չեմ հասցնում աչքս էլ թարթել, երբ արդեն լցվում եմ կենարար ու կենսական ճառագայթումներով:
Շրջում եմ գավաթը... Մրուրը հաճախ ճշմարիտ է լինում: Յուրովի մոտեցումներ ու մեկնաբանություններ, զարմանահրաշ ու միայն ինձ հայտնի բացահայտումներ ուրիշի շուրթերից ու անսպառ ծիծաղ:
Ընդամենը մի գավաթ սուրճ... բայց մի ամբողջ ստեղծարար արվեստ...

Aug 13, 2013

Ինչ կարող ենք սովորել 1 տարեկան փոքրիկից


Անուշիկ, համով, փափուկ, հրեշտակային փոքրիկ արարածներ, որոնք կարող են անխղճորեն տակնուվրա անել ձեր ողջ տունը: Մանկական հագուստ` այնքան պստլիկ, որ ամեն անգամ տեսնելիս սիրտս ճմլվում է հրճվանքից, խաղալիքներ` զնգզնգուն ու գունավոր, որ կարող ես տան ցանկացած հատվածում գտնել: Քանդված դարակներ, շուռ տված սփռոցներ, թափթփված սենյակներ, ամեն հնարավոր ու անհնար իրերից գոյացած կույտեր: Այո, մեր ցմփորիկ ավազակները ժամանակը զուր չեն վատնում: Չես հասցնում կարգի բերել սենյակը, երբ այն կրկին նույն վիճակում է հայտնվում: Մի պահ բարկանում ես, բայց նա այնքան անմեղորեն է նայում քեզ իր պայծառ աչուկներով, որ միայն գրկում ես ու ուժեղ համբուրում:
Որքան են փոխում ու կյանքով լցնում մեզ այդ երկնային մանկիկները: Նրանք ներկում են մեր հոգու ամեն անկյունն ու, ինչու չէ, պատերի պաստառները:
Նա վազվզում է, ծիծաղում, հարցեր տալիս, կծում, թոթովում, ցատկում, սրբում հատակի փոշին, փորձում ձեռք տալ ամեն ինչին: Կանոններ չկան, ու աշխարհն էլ արդեն ոչ թե յոթ հրաշալիք ունի, այլ` յոթ միլիոն:
Նա քնում է: Անդորր, լռություն: Բայց դա երկար չի տևի, չէ՞ որ նա երկար քնել չի սիրում: Եվ ինչպե՞ս կարող է նա քնել, երբ արթուն են բոլորը:
Որքան քնքշանք կա յուրաքանչյուր չարաճճիության մեջ, որքան վառվռուն եռանդ կա այդ մի քանի կիլոգրամների մեջ:
Երանի մենք` մեծերս էլ կարողանանք նույնքան զվարթ ու արթուն լինել: Չէ, մենք սովորելու շատ բաներ ունենք 1 տարեկան փոքրիկից, դե օրինակ ինչպես մեկ վայրկյանում անջատել ու միացնել լույսը, էլի անջատել ու միացնել, հետո էլի անջատել ու միացնել: Պետք է սովորենք նրանց նման անհոգ լինել, ուրախանալ ամեն ակնթարթով ու աշխարհին նայել ոչ թե վարդագույն ակնոցով, այլ` կարմիր:
Երբ հոգնած ես, երբ արդեն անգիր ես արել մուլտֆիլմի բոլոր սերիաները, երբ չկա ժամանակ, երբ սկսել ես փողոցում էլ խոսել նրա լեզվով, երբ պայուսակից բացակայում է շրթներկը, որն հավանաբար մահճակալի տակ է... Բայց դու երջանիկ ես...

Aug 11, 2013

Թե լռելու ես



Թե լռելու ես, լռիր այնպես, որ մոլեգնող տարերք դարձած չարձագանքես ու չզարնվես սրտիս մորմոքող պատերին: Լռիր այնպես, որ քնած թե արթմնի քեզնով չապրեմ, չերկրպագեմ շունչդ ու հոգիդ: Լռիր այնպես, որ գիշերային լռության մեջ չլսեմ շշուկդ, մտասույզ հառաչդ, քեզ տանջող ու փորձող պատիժ դարձած պարգևդ: Թե լռելու ես, լռիր այնպես, որ հավիտյան, որ անտրտունջ, որ անվերադարձ, անողոք ու աներևույթ...
Իսկ թե ուզես սիրել, սիրիր այնպես ուժգին, որ քեզնով հարբեմ ու լիանամ, սիրիր այնպես վեհանձնորեն ու ինքնամոռաց, անդավաճան ու անմնացորդ, որ սիրուդ առաջ աստվածներն անգամ ծնկի գան, սիրիր այնպես իրական, այնպես խենթացած, ինչպես երբեք չես սիրել...
Թե ուզես սիրել, սիրիր անգթորեն, աննկուն, առանց ետ նայելու` այրելով ամեն կամուրջ ու ջարդուփշուր անելով ամեն պատնեշ, սիրիր այնպես, որ հիանամ, որ ապշեմ ու սքանչանամ, այնպես, որ շնչահեղձ լինեմ ու վերստին քեզ երազեմ...
Թե ուզես հեռանալ ու մոռանալ, գնա այնպես, որ սրտումս հետք չթողնես, որ ամեն վայրկյանը չնզովեմ, չանիծեմ ու հուշարձան սիրուս չողբամ, գնա այնպես, որ աննկատ, որ անաղմուկ, այնպես, որ կորչես ու հառնես, հեռու-հեռու...
Իսկ թե ուզես մնալ, մնա այնպես, որ օրս քաղցրանա, մեղմով հյուսվի ու վեհանա, մնա այնպես, որ աղոթեմ գոյությունդ, շնչեմ, հալչեմ ու ամուր փարվեմ քո թևերին, մնա այնպես, որ կեսս դառնաս, ինձնով լցվես ու ամբողջանաս, մնա այնպես, որ չգնաս...
Ու թե շարունակելու ես լռել, ապա լռելու ես ընդմիշտ...
Իսկ թե սիրելու ես, ապա սիրելու ես ինձ պես...

Aug 2, 2013

Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ


Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Հովհաննես Շիրազ

Եթե ինձ հարցնեին, թե որ բառն է իր հնչերանգով, բովանդակ էությամբ ու շարահյուսական պաշտոնով ամենանշանակալիցն ու քաղցրն իմ սրտում, ես առանց մի պահ վարանելու կասեի` «Մամա»:
Ինձ կյանք պարգևած ու լույս աշխարհ բերած, ինձ քո մեջ կրած ու անունիդ թարգմանությունը տված իմ անգին մամա, աշխարհիս երեսին և ոչ մի բառ չի կարողանա նկարագրել ու պատկերել իմ անսահման սիրո դրսևորումներն իրենց ողջ խորությամբ, լայնքով ու երկայնքով:
Իմ բարեսիրտ, կամեցող, ազնիվ ու անկեղծ, ջինջ ու մաքուր, ծայրահեղության հասնող հոգատար և ուշադիր, համբերատար, նվիրվող, մեծահոգի, զգացմունքային, հանդուրժող ու ամեն ինչ ներող, հեռատես ու զգույշ, արդարամիտ, խորունկ սիրով ու անհատնում ջերմությամբ լեցուն...
Դու ողջ կյանքդ ես մեզ նվիրել, ու, ցավոք, բազում զոհողությունների գնացել հանուն մեզ: Դժվարին պայմաններում մեկ սենյականոց բնակարանում երեք երեխա մեծացնել ու դաստիարակել, սովորեցնել ու օրինակ ծառայել, բայց երբեք չտրտնջալ... Դու և հայրս պատվով ու հետևողական պատասխանատվությամբ եք կատարել ձեր առաքելությունը:
Քո տված մայրական խորհուրդներն ու խրատները միշտ շատ ճշմարիտ են, քո` երբեմն խիստ տոնով ասված, բայց հորդացող սիրո ճառագայթներ պարունակող խոսքերը չափից դուրս իրական են ու կազդուրիչ: Իմ զվարճալի հարցերին էլ ավելի զվարճալի պատասխաններ գտնող, ինձ իրապես սիրող, երազային էությունս հասկացող ու ընդունող, ինձ պաշտպանող ու աջակցող, կողքիս կանգնած իմ պահապան հրեշտակ, դու իմ լույսն ես...
Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ... Ես ՔԵԶ նման մայր եմ ուզում լինել...
Ներիր, որ երբեմն բարկացնում եմ քեզ: Ներիր չմտածված խոսքերիս ու արարքներիս համար, ներիր, եթե երբևէ տխրեցրել եմ քեզ:
Ես երբեք էլ չեմ կարողանա քեզ արժանին փոխհատուցել, քո տվածը` հոգուս թևեր ու կյանքիս իմաստ հաղորդած անչափելի, անշոշափելի ու անմեկնելի մի վիթխարի կարողություն է: 
Սիրում եմ քեզ, իմ թանկագին Մամա: Ու չնայած որ ես արտաքնապես ավելի շատ հայրիկին եմ նման ու «Պապայի աղջիկն» եմ, ներքուստ ես քո կերպարն եմ կրում իմ մեջ` հայ կնոջ ու անձնազոհ մոր հավաքական կերպարը...
Դու այնքան ես անհանգստանում յուրաքանչյուրիս համար, մեզ հետ միասին տխրում, մեզ հետ միասին ուրախանում ու հպարտանում մեր ձեռքբերումներով: Քեզնից անհնար է որևէ բան թաքցնել, դու միշտ նկատում ես ամեն ինչ` ժպիտի տակ քողարկված տխրություն, չարտասանված մտքեր, ոչինչ չասող, բայց քեզ համար պերճախոս հայացք: Հա, մամ, քո սերը սահմաններ չունի...
«Զգույշ կլինես»«քաղցած չե՞ս»«դուռը ոչ մեկի առաջ չբացես»«մի բան հագիր, որ չմրսես»«շուտ կգաս, չուշանաս»«հենց տեղ հասնես, զանգիր» ու մի շարք նման արտահայտություններ անբաժան են մեզնից: Քո պատրաստած անմահական, ախորժելի ու անուշահամ ուտեստները անտարբեն չեն թողնում և ոչ ոքի: Դու, երբեմն անսալով իմ` «Մամ, սուրճիս բաժակը նայիր էլի» թախանձանքին, չնայած բնավ չտիրապետելով այդ «գիտությանը», ճշմարտանման ու լուսավոր խոսքեր ես շռայլում և ուրախությամբ լցնում բոլորիս:
Շնորհավոր Ծնունդդ, իմ աստվածային էակ... Ուզում եմ, որ քեզ երբևէ բաժին հասած խնդիրներն իբրև պարգև բազմապատկված փոխհատուցվեն: Ես աղոթում եմ, որ դու երկաթյա առողջություն ունենաս, ապրես անհոգ ու հանգիստ: Ուզում եմ, որ միշտ ժպտաս, ես էլ ամուր փարվեմ քեզ ու միշտ ինձ քո փոքրիկ աղջիկը զգամ... Աստված քեզ պահապան...
Քո ներկայությամբ մեզ ամբողջացնող ու լիարժեք դարձնող իմ պայծառ առավոտ, դու մեր տան մշտավառ լույսն ես, մեր տան անխախտ սյունն ես, մեր ջերմաշունչ ու կաթոգին գոյությունն ես: 
Ամեն վայրկյան արթուն մեզ քաջալերելու, ապաքինելու ու փրկելու` թեկուզ միայն մի բառով կամ էլ հայացքով...
Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ... Ես քեզ կափ-կանաչ գարուններ եմ մաղթում, բերկրալից ու ծաղկալից բազում պահեր, ժիր ու կայտառ թոռնիկներ, հեշտ ու խաղաղ կյանք...


02.08.2013